ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
[«մարդու պաշտպան»]։
Ալեքսանդր Մեծ՝ Փիլիպոս II Մակեդոնացու և նրա կին Օլիմպիադայի որդին։ Ալեքսանդրը ծնվել է Պելլայում մ.թ.ա. 356 թ.-ին։ Թեև Աստվածաշնչում նա անունով հիշատակված չէ, սակայն նրա ծննդից երկու դար առաջ այնտեղ գրվել էր, որ նա իշխելու էր հինգերորդ աշխարհակալ տերության վրա (Դն 8:5-7, 20, 21)։
Մեդալ, որի վրա ենթադրաբար պատկերված է Ալեքսանդր Մակեդոնացին
Ալեքսանդրը գահ բարձրացավ իր հոր սպանվելուց հետո։ Երկու տարի անց, երբ նա 20-ն անց էր, սկսեց նվաճել աշխարհը (Դն 8:5)։ Ավյունով լի այդ հմուտ ռազմավարը կատարելագործեց «փաղանգ» կոչվող (ծանրազեն հետևակի գծային հոծ զորաշարք) մարտավարությունը, որն ի սկզբանե մշակել էր իր հայրը։ Այդ մարտավարության շնորհիվ թշնամուն քանակապես զիջող իր զորքը բարձր մարտունակություն ձեռք բերեց։
Ալեքսանդրը Փոքր Ասիայում պարսիկների դեմ երկու վճռորոշ հաղթանակ տարավ (մեկը՝ Գրանիկոն գետի մոտ, մյուսը՝ Իսոս քաղաքի մոտ, որտեղ կես միլիոնանոց պարսկական զորքը ջախջախիչ պարտություն կրեց)։ Սակայն փախուստի դիմած թշնամուն հետապնդելու փոխարեն նա ուղևորվեց դեպի Տյուրոս քաղաք-կղզի։ Դրանից մի քանի հարյուրամյակ առաջ մարգարեացվել էր, որ Տյուրոսի պարիսպները, աշտարակները, տները և նույնիսկ հողը ծովն էին գցվելու (Եզկ 26:4, 12)։ Ուստի ուշագրավ է, որ Ալեքսանդրը, օգտագործելով Տյուրոս քաղաքի մայրցամաքային հատվածի ավերակները (քաղաքը նախկինում ոչնչացրել էր Նաբուգոդոնոսորը), 800 մետր (0,5 մղոն) երկարությամբ ճանապարհ գցեց դեպի քաղաքի կղզային հատվածը։ Մ.թ.ա. 332 թ. հուլիսին նրա նավատորմն ու ռազմական մեքենաները կործանեցին ծովի այդ հպարտ տիրուհուն։
Երուսաղեմը, սակայն, բացեց իր դարպասները և ինքնակամ հանձնվեց։ Ըստ Հովսեպոսի «Հրեական հնախոսության» (Jewish Antiquities, XI, 337 [viii, 5])՝ Ալեքսանդրին ցույց տվեցին Դանիելի մարգարեական գիրքը, հավանաբար 8-րդ գլուխը, որտեղ ասվում է, որ հույն հզոր մի թագավոր կնվաճի Պարսկական կայսրությունը և կհպատակեցնի այն։ Այդ պատճառով Ալեքսանդրը խնայեց Երուսաղեմը։ Դրանից հետո նա շարժվեց դեպի հարավ՝ Եգիպտոս, որտեղ նրան դիմավորեցին որպես ազատագրողի։ Այնտեղ նա հիմնեց Ալեքսանդրիա քաղաքը, որը կրթության կենտրոն դարձավ, և որտեղ ստեղծվեց հունարեն «Յոթանասնից» թարգմանությունը։ Ցանկանալով շարունակել իր նվաճողական արշավանքը արևելքում՝ Ալեքսանդրը հեռացավ Եգիպտոսից և անցնելով Պաղեստինի միջով՝ Գավգամելայի մոտ 47 000-անոց զորքով պարտության մատնեց պարսկական վերակազմավորված ահռելի զորքին։ Շատ չանցած՝ պարսից թագավոր Դարեհ III-ը սպանվեց իր նախկին ընկերների ձեռքով, Բաբելոնը հանձնվեց, իսկ Ալեքսանդրը, շարունակելով իր ռազմերթը, գրավեց Շոշ և Պերսեպոլիս քաղաքները։ Այնտեղից նա արշավեց Հնդկաստանի վրա, ապա վերադարձավ արևմուտք։
Նվաճումներին հաջորդող իրադարձությունները։ Ալեքսանդրը Բաբելոնը վերակառուցելու և այն իր թագավորության մայրաքաղաքը դարձնելու մեծ ծրագրեր ուներ, սակայն դրանք երբեք չիրականացան։ Ինչպես և Դանիելը մարգարեացել էր, երբ Ալեքսանդրը «հզոր դարձավ»՝ հասավ իր փառքի գագաթնակետին, վախճանվեց (Դն 8:8)։ Մ.թ.ա. 323 թ.-ին նա իր կյանքի ծաղկուն շրջանում՝ 32 տարեկանում, անսպասելի մահացավ հավանաբար մալարիայի պատճառով, որը բարդացել էր նրա անխոհեմ ապրելակերպի հետևանքով։ Այսպիսով՝ Բաբելոնի հետ կապված Ալեքսանդրի փառասիրական նպատակները այդպես էլ չիրականացան։ Նրան զմռսեցին ու թաղեցին Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։
Ալեքսանդրը իր կարճատև կյանքի ընթացքում երկու կին է ունեցել՝ Ռոքսանան, որն իր կողմից պարտության մատնված բակտրիացի թագավորի դուստրն էր, և Ստատիրան՝ պարսից Դարեհ III թագավորի դուստրը։ Նա Ռոքսանայից մի որդի ուներ, որի անունը Ալեքսանդր էր, նաև Հերակլես անունով ապօրինի զավակ ուներ՝ ծնված ոմն Բարսինայից։ Սակայն Դանիելի մարգարեության մեջ ասվել էր, որ թագավորի կայսրությունը «չի տրվի նրա սերունդներին» (Դն 11:3, 4)։ Այդպես էլ եղավ։ Ալեքսանդրի մահից որոշ ժամանակ անց նրա ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ նրա ժառանգները, սպանվեցին։ Մարգարեության մեջ նաև ասվել էր. «Այն, որ եղջյուրը կոտրվեց ու դրա փոխարեն չորսը դուրս եկան, նշանակում է, որ չորս թագավորություն է դուրս գալու նրա ազգից, սակայն դրանք նրա պես հզոր չեն լինելու» (Դն 8:22)։ Ուստի պատահական չէ, որ Ալեքսանդրի կայսրությունը բաժանվեց նրա չորս զորավարների միջև։ Սելևկոս I-ին Նիկատորի տիրապետության տակ անցան Միջագետքն ու Ասորիքը, Կասանդրոսը ստացավ Մակեդոնիան և Հունաստանը, Պտղոմեոս Լագոսը՝ Եգիպտոսն ու Պաղեստինը, իսկ Լիսիմաքոսին բաժին ընկան Թրակիան և Փոքր Ասիան։
Ալեքսանդրի նվաճումները անջնջելի հետք թողեցին պատմության էջերում. դրանց շնորհիվ լայնորեն տարածվեցին հունարենը և հունական մշակույթը։ Համահունական լեզուն (կոյնե) միջազգային լեզու դարձավ։ Դա է պատճառը, որ Աստվածաշնչի երկրորդ մասը գրվեց հենց այդ լեզվով և ոչ թե եբրայերենով։