Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Հարբեցողություն»
  • Հարբեցողություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարբեցողություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Մի՞թե հարբելն այդքան վատ բան է
    2004 Արթնացե՛ք
  • Հավասարակշռված տեսակետ ունեցիր ալկոհոլի օգտագործման հարցում
    2004 Դիտարան
  • Ալկոհոլ
    2013 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ալկոհոլի մասին։ Արդյո՞ք ալկոհոլ օգտագործելը մեղք է։
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Աստվածաշնչի ըմբռնում
it «Հարբեցողություն»

ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Ալկոհոլային խմիչքի կանոնավոր և չափից շատ գործածություն։ Հարբեցողը այն մարդն է, ով սովորություն ունի չարաշահել ոգելից խմիչքը։

Աստվածաշնչյան ժամանակներում մեծ տարածում ունեին խաղողից պատրաստված գինին (2Օր 32։14) և հացահատիկից պատրաստված ալկոհոլային խմիչքները (Ես 1։22)։ «Գինին, որ ուրախացնում է մարդու սիրտը», Եհովայի պարգևն է, և նա չի արգելում այդ և այլ ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը (Սղ 104։14, 15; տես ԳԱՐԵՋՈՒՐ; ԳԻՆԻ ԵՎ ԱՅԼ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ)։

Դատապարտվում է Աստվածաշնչում։ Աստվածաշունչը խստորեն դատապարտում է ոգելից խմիչքները հարբելու աստիճան օգտագործելը։ «Առակներ» գիրքը շատ պատկերավոր և գիտականորեն ճշգրիտ կերպով նկարագրում է ալկոհոլային խմիչքների չարաշահման հետևանքները։ Այնտեղ կարդում ենք. «Ո՞ւմն է վայը։ Ո՞ւմն է անհանգստությունը։ Ո՞ւմն են վեճերը։ Ո՞ւմն են բողոքները։ Ո՞ւմն են առանց պատճառի ստացված վերքերը։ Ո՞ւմն են խամրած աչքերը։ Նրանցն են, ովքեր ժամերով նստում, գինի են խմում, ովքեր թունդ գինի են փնտրում։ Մի՛ հմայվիր գինու կարմիր գույնով, նրանով, թե այն ինչպես է գավաթի մեջ պսպղում [ինչ գրավիչ, պսպղուն տեսք ունի] և թե որքան փափուկ է խմվում [հեշտ ու հանգիստ ցած է իջնում կոկորդով]։ Վերջում այն օձի պես կխայթի և իժի պես թույն կարձակի [կարող է վնասել ֆիզիկապես (առաջացնելով, օրինակ, լյարդի ցիռոզ) ու մտային առումով (առաջացնելով հարբեցատենդ) և նույնիսկ կարող է մահվան պատճառ դառնալ]։ Աչքերդ տարօրինակ բաներ կտեսնեն [ալկոհոլը ընկճում է ուղեղի նյարդային կենտրոնների աշխատանքը, մարդը այլևս չի վերահսկում իր խոսքերն ու գործերը, ի հայտ են գալիս տեսողական ու լսողական ցնորքներ, ինչպես նաև հիշողության մթագնումներ, որոնք անհատը լրացնում է իրեն միանգամայն իրական թվացող զառանցանքներով, հարբածը սանձարձակ վարք է դրսևորում], և սիրտդ ապականված բաներ կխոսի [մարդը սկսում է անզուսպ արտահայտել այն մտքերն ու ցանկությունները, որ առաջ ճնշում էր]» (Առ 23։29-33; Օս 4։11; Մթ 15։18, 19)։

«Առակներ» գիրքը շարունակում է նկարագրել հարբեցողի վիճակը. «Դու ծովի մեջտեղում պառկողի պես կլինես [խեղդվողի պես՝ խառնաշփոթ վիճակում է հայտնվում, մինչև որ լրիվ կորցնում է գիտակցությունը], կայմի վերևում պառկողի պես [նավի այդ մասում գտնվողը ամենից շատ է զգում նավաճոճքը և լուրջ սպառնալիքի տակ է. նմանապես հարբեցողի կյանքն է վտանգի տակ, քանի որ նա կարող է ենթարկվել պատահարի, կաթված ստանալ, ներքաշվել կռիվների մեջ և այլն]։ Դու կասես. «Ինձ խփել են, բայց ցավ չեմ զգացել, ծեծել են, բայց չեմ հիշում դա [ինքն իրեն ասում է հարբեցողը. նա չի զգացել, թե ինչ է կատարվում, և թե ինչպես է տուժել]։ Ե՞րբ եմ զարթնելու։ Էլի խմել եմ ուզում [նա պետք է քնի, որ խելքի գա, բայց ալկոհոլի գերին է և անհամբեր սպասում է, թե երբ է նորից խմելու]»»։ Խմելու վրա ծախսելով իր ողջ գումարը՝ նա կաղքատանա և անհուսալի ու անաշխատունակ մարդ կդառնա (Առ 23։20, 21, 34, 35)։

Արգելված է քրիստոնեական ժողովում։ Հարբած մարդը հաճախ անկառավարելի է, կոպիտ, աղմկոտ և անհեթեթ բաներ է անում՝ խայտառակելով իրեն (Առ 20։1; Սղ 107։27; Ես 19։14)։ Ուստի հարբեցողությունը չի հանդուրժվում քրիստոնեական ժողովում։ Հարբեցողության վերաբերյալ Աստծու տեսակետը հստակ արտացոլված է իսրայելացիներին նրա տված Օրենքում։ Ըմբոստ ու համառ որդին, ով որկրամոլ էր ու հարբեցող, պետք է քարկոծվելով սպանվեր (2Օր 21։18-21)։ Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնեական ժողովից հեռացնել չզղջացող հարբեցողներին (1Կթ 5։11-13)։ «Մարմնական ցանկություններից բխող» գործերից են «հարբեցողությունը, սանձարձակ խրախճանքները», որոնք տարածված են աշխարհի մարդկանց մեջ։ Եթե քրիստոնյան դադարում է այդպիսի գործեր անել ու սրբագործվում է, բայց հետո կրկին սկսում է նույն բաներն անել ու չի զղջում, նա չի մտնի Աստծու թագավորություն (1Կթ 6։9-11)։ Նա այլևս չպետք է կատարի ազգերի կամքը՝ տրվելով չափից շատ խմելուն և մասնակցելով խմելու մրցումների (1Պտ 4։3)։ Փոխարենը պետք է իր ողջ ուժը ներդնի, որ զարգացնի ոգու առաջ բերած պտուղը (Գղ 5։19-24)։

Ողջամիտ և սովորությունների մեջ չափավոր լինելը պահանջ է քրիստոնյա վերակացուների (1Տմ 3։1-3; Տիտ 1։7), ծառայող օգնականների (1Տմ 3։8), տարեց տղամարդկանց ու կանանց (Տիտ 2։2, 3), երիտասարդ տղամարդկանց ու կանանց (Տիտ 2։4-8), ինչպես նաև երեխաների համար, հատկապես եթե նրանց հայրը վերակացու է (Տիտ 1։6)։

Կորնթացի քրիստոնյաներին գրած նամակում Պողոս առաքյալը խստիվ դատապարտեց Տիրոջ ընթրիքի ժամանակ նրանց դրսևորած անպատշաճ վարքը։ Բանն այն է, որ նրանցից ոմանք խմիչք և ուտելիք էին բերում ժողովի հանդիպման վայր։ Թեև նրանք ամեն ինչ առատությամբ ունեին, սակայն իրենց ունեցածը չէին կիսում չունևոր եղբայրների հետ՝ այդպիսով անհարմար դրության մեջ դնելով նրանց։ Ուստի երբ գալիս էր Տիրոջ ընթրիքը նշելու ժամանակը, ոմանք ի վիճակի չէին դա անել, քանի որ չափից շատ էին կերել ու խմել, իսկ մյուսները սոված էին։ Այդ պատճառով Պողոսն ասաց. «Ստացվում է, որ մեկը հարբած է լինում, մինչդեռ մյուսը՝ քաղցած» (1Կթ 11։20-22)։

Հատկանշական է նաև, որ Օրենքը քահանաներին արգելում էր ոգելից խմիչք օգտագործել, երբ նրանք պետք է կատարեին իրենց ծառայությունը։ Եթե քահանաներն իրենց պարտականությունները կատարելիս խմեին գինի կամ ուրիշ ոգելից խմիչք, կմեռնեին (Ղև 10։8-11)։

Ինչո՞ւ է Աստվածաշնչում գրված այնպիսի մարդկանց հարբելու մասին, ինչպիսիք էին Նոյն ու Ղովտը

Աստվածաշնչում արձանագրված են հարբելու մի քանի դեպքեր, որոնց նպատակն է՝ լույս սփռել որոշ կարևոր իրադարձությունների վրա։ Օրինակ՝ այնտեղ գրված է, որ Ջրհեղեղից հետո Նոյը խաղողի այգի տնկեց։ Մի անգամ, «երբ նա խմեց դրա գինուց, հարբեց»։ Այս դեպքը գրի է առնվել Աստվածաշնչում, որպեսզի պարզ լինի, թե Նոյն ինչու անիծեց Քանանին (Ծն 9։20-27)։ Սուրբ Գրքում նաև կարդում ենք, որ Ղովտի երկու աղջիկները երկու գիշեր շատ գինի խմեցրին իրենց հորը, այնպես որ նա հարբեց, և կենակցեցին նրա հետ (Ծն 19։30-38)։ Այս պատմությունից իմանում ենք մովաբացիների ու ամմոնացիների ծագման մասին, և թե նրանք ինչ կապ ունեին իսրայելացիների հետ։ Ակներևաբար Ղովտը այնքան էր հարբել, որ կորցրել էր սթափ դատողությունը, բայց միևնույն ժամանակ այն աստիճան չէր խմել, որ չկարողանար սեռական հարաբերություն ունենալ։ Քանի որ Աստծու Խոսքը խստիվ դատապարտում է հարբեցողությունը, կարող ենք վստահ լինել, որ այս արդար մարդիկ ո՛չ չափից շատ խմելու սովորություն ունեին, ո՛չ էլ հարբեցող էին։ Այս դեպքերը փաստում են, թե Աստվածաշունչը որքան անկեղծ ու ազնիվ է ներկայացնում իրողությունները. տարբեր մարդկանց մասին պատմելիս այն չի թաքցնում ճշմարտությունը։ Հարբելու այլ դեպքեր արձանագրված են 1 Սամուել 25։36-38-ում, 2 Սամուել 11։13-ում և 1 Թագավորներ 20։15-21-ում։

Սխալ ենթադրություն։ Երբ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց Քրիստոսի աշակերտների վրա, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ոմանք ասացին. «Գինի են խմել ու հարբել»։ Սակայն Պետրոսը բացատրեց. «Այս մարդիկ ամենևին էլ հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, որովհետև մոտավորապես ժամը ինն է [արևածագից՝ մոտ ժամը 6։00-ից հաշված]» (Գրծ 2։1-4, 13-15)։ Պենտեկոստեին եկածները ունեին Եսայիայի մարգարեության գիրքը, որտեղ գրված է. «Վա՜յ նրանց, ովքեր առավոտ կանուխ վեր են կենում ու ոգելից խմիչք խմում» (Ես 5։11)։ Ավելին՝ այդ ժամանակներում ընդունված չէր այդպիսի վաղ ժամին խնջույք կամ ճաշկերույթ անել, և անհավանական էր, որ 120 հոգի առավոտից հավաքվեր՝ խմելու։ Պողոսը հստակ նշեց, որ «հարբողները գիշերն են հարբած» (1Թղ 5։7)։

Փոխաբերական հարբեցողություն։ Իսրայելի տասցեղ թագավորության (դրա ամենաազդեցիկ ցեղը Եփրեմի ցեղն էր) առաջնորդները հոգևոր առումով «գինուց» հարբած էին։ Նրանք հիվանդագին ձգտում էին քաղաքականապես անկախ լինել Հուդայի թագավորությունից և դաշնակցել դրա թշնամիների հետ՝ հաշվի չառնելով, որ Հուդայի թագավորները «Եհովայի գահին» էին նստում (1Տգ 29։23)։ Այդ մարդիկ, անկասկած, բառացիորեն էլ էին մասնակցում գինարբուքների։ Նրանք, ուխտի մեջ լինելով Եհովա Աստծու հետ, հարբածներին հատուկ հանդգնությամբ դրժում էին այդ ուխտը և անարգում էին Աստծուն (Ես 28։1-4)։

Հուդայի քահանաներն ու առաջնորդները փոխաբերական իմաստով նույնպես հարբած էին։ Այդ կրոնական առաջնորդները Օրենքին ավելացնում էին մարդկային ավանդույթներ, կեղծ տեսիլքներ էին տեսնում Աստծու սուրբ ազգի մասին և սուտ տեղեկություններ էին հայտնում նրանց։ Աստծուց օգնություն խնդրելու փոխարեն նրանք Ասորեստանին էին դիմում օգնության համար (Ես 29։1, 9-14; 2Թգ 16։5-9)։ Ինչպես և կանխագուշակվել էր, «հարբած» Իսրայելը մ.թ.ա. 740 թ.-ին գերեվարվեց Ասորեստան։ Հետագայում Եհովայի ցասման բաժակից խմեց նաև Հուդայի հավատուրաց թագավորությունը. այն մ.թ.ա. 607 թ.-ին երերալով գերության գնաց Բաբելոն (Ես 51։17-23)։ Աստծու ժողովրդի հանդեպ դրսևորած վատ վերաբերմունքի պատճառով Բաբելոնը («Սիսակի թագավորը») 68 տարի անց նույնպես խմեց այդ բաժակից (Եր 25։15-29)։

Խորհրդանշական «Մեծ Բաբելոնը» Աստվածաշնչում ներկայացված է որպես հարբած մարմնավաճառ, որի ձեռքին «գարշանքով ու նրա անբարոյականության անմաքուր բաներով» լի ոսկե բաժակ կա։ Երկրի բնակիչները «հարբել են նրա անբարոյականության գինով», իսկ ինքը «հարբած է սրբերի արյունով և Հիսուսի վկաների արյունով»։ Հարբեցողության ու անբարոյականության պատճառով Մեծ Բաբելոնը առհավետ կկործանվի (Հտն 17։1-6, 16; 14։8; 18։8; տես ՄԵԾ ԲԱԲԵԼՈՆ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը