ՀԱՎԱՏՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հավատուրացություն» թարգմանված հունարեն ապոստասիա գոյականը ծագում է աֆիստեմի բայից, որը բառացի նշանակում է «հետ կանգնել»։ Այդ գոյականն ունի թողնելու, հեռանալու, հրաժարվելու կամ ըմբոստանալու իմաստ (Գրծ 21։21, ծնթ., Rbi8-E)։ Դասական հունարենում ապոստասիա գոյականը օգտագործվում էր պետական դավաճանության իմաստ արտահայտելու համար։ Ակներևաբար այդ նույն իմաստն է կրում նաև Գործեր 5։37-ում գործածված ապեստեսե բայը (աֆիստեմի բայի ձևերից)։ Համարում խոսվում է գալիլեացի Հուդայի մասին, ով մի խումբ մարդկանց իր հետևից «տարավ»։ Հունարեն «Յոթանասնից»-ում այդ բայը գործածվում է Ծննդոց 14։4-ում, որտեղ խոսքը նմանատիպ ըմբոստության մասին է։ Սակայն Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում այն գլխավորապես գործածվում է կրոնադրժության, այսինքն՝ ճշմարտությունից, Աստծուն պաշտելուց և ծառայելուց հրաժարվելու իմաստով, ինչի հետևանքով մարդը թողնում է նախկին դավանանքը, ամբողջությամբ հրաժարվում է իր սկզբունքներից կամ հավատից։ Երուսաղեմի կրոնական առաջնորդները Պողոսին մեղադրեցին հավատուրացության մեջ՝ պնդելով, թե նա երես է թեքել Մովսիսական օրենքից։
Իրավամբ կարելի է ասել, որ առաջին հավատուրացը Աստծու հակառակորդն է, ինչը երևում է նրա անունից՝ Սատանա։ Նա հավատուրացության դրդեց առաջին մարդկային զույգին (Ծն 3։1-15; Հվ 8։44)։ Ջրհեղեղից հետո՝ Նոյի օրերում, մարդիկ ըմբոստացան Աստծու դեմ (Ծն 11։1-9)։ Հետագայում Հոբը ստիպված էր պաշտպանվել, երբ երեք կեղծ մխիթարիչներն իրեն մեղադրեցին հավատուրացության մեջ (Հոբ 8։13; 15։34; 20։5)։ Ի պաշտպանություն իրեն՝ Հոբն ասաց, որ Աստված թույլ չի տա հավատուրացին կանգնել իր առաջ (Հոբ 13։16, ծնթ.)։ Նա նաև նշեց, որ հավատուրացը անհույս վիճակում է, քանի որ Աստված կործանելու է նրան (Հոբ 27։8, ծնթ.; հմմտ. Եղիուսի խոսքերի հետ՝ գրված 34։30 և 36։13 համարներում)։ Այս համարներում գործածվել է եբրայերեն խանեֆ գոյականը, որը նշանակում է «Աստծուց օտարացած [մարդ]», այսինքն՝ հավատուրաց։ Իսկ խանեֆ բայը նշանակում է «Աստծու առաջ ճիշտ դիրքից հեռացած լինել» կամ «պղծել, տանել հավատուրացության» (L. Koehler, W. Baumgartner, Lexicon in Veteris Testamenti Libros, Leiden, 1958, էջ 317)։
Հավատուրացությունը Իսրայելում։ Օրենքի առաջին երկու պատվիրանները դատապարտում էին հավատուրացության ցանկացած դրսևորում (Ելք 20։3-6)։ Նախքան իսրայելացիները կմտնեին Խոստացված երկիր, Աստված նախազգուշացրեց, որ այդ երկրի բնակիչների հետ ամուսնությունը նրանց կկանգնեցներ հավատուրացության լուրջ վտանգի առաջ (2Օր 7։3, 4)։ Նույնիսկ եթե մարդուն հավատուրացության դրդողը նրա մոտ ազգականն էր կամ կողակիցը, նա պետք է մահվան մատնվեր, քանի որ «դրդել էր ըմբոստանալ իր Աստված Եհովայի դեմ» (2Օր 13։1-15)։ Երբ Ռուբենի, Գադի ու Մանասեի ցեղերը զոհասեղան շինելու պատճառով մեղադրվեցին հավատուրացության մեջ, նրանք անհապաղ հերքեցին այդ մեղադրանքը (Հս 22։21-29)։
Իսրայելի և Հուդայի թագավորներից շատերը հավատուրացության ուղին բռնեցին։ Նրանցից էին Սավուղը (1Սմ 15։11; 28։6, 7), Հերոբովամը (1Թգ 12։28-32), Աքաաբը (1Թգ 16։30-33), Օքոզիան (1Թգ 22։51-53), Հովրամը (2Տգ 21։6-15), Աքազը (2Տգ 28։1-4) և Ամոնը (2Տգ 33։22, 23)։ Ժամանակի ընթացքում ողջ ազգը մխրճվեց հավատուրացության մեջ, քանի որ ժողովուրդը լսում էր հավատուրաց քահանաներին ու մարգարեներին (Եր 23։11, 15) և այլ անսկզբունքային մարդկանց։ Այդ մարդիկ շողոքորթ ու կեղծ խոսքերով դրդում էին ժողովրդին ամոթալի վարմունք ունենալ, անբարոյականություն գործել և թողնել Եհովային՝ «կենդանի ջրի աղբյուրին» (Ես 10։6; 32։6, 7; Եր 3։1; 17։13)։ Համաձայն Եսայիա 24։5-ի՝ նույնիսկ երկիրն էին «ապականել [խանեֆա] այնտեղ բնակվողները, քանի որ նրանք շրջանցում էին օրենքները, փոխում էին կանոնները, դրժում էին հարատև ուխտը»։ Մարգարեացված կործանման ժամանակ նրանց հանդեպ գթասրտություն չէր դրսևորվելու (Ես 9։17; 33։11-14; Սփ 1։4-6)։
Ինչո՞վ են հավատուրացները տարբերվում ճշմարիտ քրիստոնյաներից
2 Թեսաղոնիկեցիներ 2։3-ում Պողոս առաքյալն ասաց, որ հավատուրացություն էր առաջ գալու։ Ավելի ուշ նա նույնիսկ նշեց հավատուրացներից ոմանց անունները՝ Հիմենեոս, Ալեքսանդրոս և Ֆիլետոս (1Տմ 1։19, 20; 2Տմ 2։16-19)։ Առաքյալները խոսեցին հավատուրացության տարբեր պատճառների մասին՝ անհավատություն (Եբ 3։12), հալածանքի ներքո դիմացկունության պակաս (Եբ 10։32-39), բարոյական բարձր չափանիշների մերժում (2Պտ 2։15-22), կեղծ ուսուցիչների «մոլորեցնող խոսքերին» ուշադրություն դարձնելը, «որոնք իբր թե Աստծու ներշնչմամբ են տրված» (1Տմ 4։1-3; 2Տմ 2։16-19; 2Պտ 2։1-3; հմմտ. Առ 11։9), ինչպես նաև Օրենքի միջոցով «արդար հայտարարվելու» փորձ անելը (Գղ 5։2-4)։ Հավատուրացները գուցե պնդեն, թե հավատում են Աստծու Խոսքին, սակայն միևնույն ժամանակ դադարեն ծառայել Աստծուն՝ անկարևոր համարելով քարոզչությունը և ուսուցանելու գործը, որ նա հանձնարարել է Հիսուս Քրիստոսի հետևորդներին (Ղկ 6։46; Մթ 24։14; 28։19, 20)։ Նրանք գուցե նաև պնդեն, թե ծառայում են Աստծուն, բայց մերժեն նրա ներկայացուցիչներին՝ նրա կազմակերպության տեսանելի մասը (Հդ 8, 11; Թվ 16։19-21)։ Հավատուրացները հաճախ ձգտում են իրենց կողմը քաշել ուրիշներին (Գրծ 20։30; 2Պտ 2։1, 3)։ Այդ մարդիկ, գիտակցաբար հեռանալով քրիստոնեական ժողովից, դառնում են «հակաքրիստոսի» մի մասը (1Հվ 2։18, 19)։ Ինչպես որ հավատուրաց իսրայելացիները կործանվեցին, այնպես էլ քրիստոնեական ժողովից հեռացող և հավատուրաց դարձող մարդկանց է կործանում սպասում (2Պտ 2։1; Եբ 6։4-8; տես ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ)։
Այն ժամանակներում, երբ Հռոմեական կայսրությունը հալածում էր քրիստոնյաներին, երբեմն ստիպում էր նրանց հրաժարվել Քրիստոսի աշակերտը լինելուց։ Ովքեր տեղի էին տալիս ճնշմանը, պետք է խունկ ծխեին ինչ-որ հեթանոս աստծու առաջ կամ բացեիբաց անարգեին Քրիստոսի անունը՝ այդպիսով ցույց տալով, որ ուրացել են իրենց հավատը։
Պարզ է, որ հստակ տարբերություն կա ճշմարտության ճանապարհին թուլության պատճառով ընկնելու և այդ ճանապարհից հեռանալու միջև։ Հեռանալու դեպքում մարդն ինքնակամ թողնում է իր արդար ընթացքը, ինչը հավատուրացություն է (1Հվ 3։4-8; 5։16, 17)։ Ինչպիսին էլ լինի դրա պատճառը՝ մտային, բարոյական, թե հոգևոր, հավատուրացն ըմբոստանում է Աստծու դեմ և մերժում է նրա Խոսքը, որը ճշմարտություն է (2Թղ 2։3, 4; տես ԱՆՕՐԵՆ ՄԱՐԴ)։