Ընթերցողների հարցերը
• Ես այրի եմ, ունեմ երկու անչափահաս երեխա։ Մոտ մեկ տարի առաջ ծանոթացել եմ Աստծո Խոսքում գտնվող ճշմարտությանը։ Պե՞տք է արդյոք պահանջեմ, որ երեխաներս ինձ հետ գան ժողովի հանդիպումներին, նույնիսկ եթե նրանք տրամադրված չեն դա անելու։
Քրիստոնյա ծնողը ճիշտ է վարվում՝ պահանջելով, որ իր երեխաները հաճախեն քրիստոնեական հանդիպումներին։ Աստծո Խոսքը հետևյալ խրատն է տալիս. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին ամեն բանի մէջ. վասն զի այդ հաճոյ է Տիրոջը»։ «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Կողոսացիս 3։20; Առակաց 22։6)։
Այս հարցում առաջադիմելը զգալիորեն կախված է երեխայի տարիքից ու նրա վերաբերմունքից, և ձեզ իմաստություն է հարկավոր՝ որոշելու, թե որքան խիստ միջոցների դիմեք, որպեսզի նա վարվի ձեր պահանջի համաձայն։
Ձեր դեպքում երեխաները մանկուց չեն ‘կրթվել’ ճշմարիտ երկրպագության սկզբունքների համաձայն։ Սակայն, քանի դեռ նրանք ապրում են ձեր տանը, դուք դեռ ժամանակ ունեք օգնելու նրանց այս հարցում։ «Խրատիր որդիիդ քանի որ յոյս կայ»,— ասվում է ներշնչյալ առակում (Առակաց 19։18)։ Երեխայի հանդեպ ֆիզիկական ուժ գործադրելն ու ստիպելը, որ հաճախի հանդիպումներին, մանավանդ նրան, ով արդեն մեծ է, սովորաբար լավագույն միջոցը չէ, և կարող է նույնիսկ հակառակ արդյունքների հանգեցնել։ Իսկ եթե յուրաքանչյուր երեխայի սիրով լի խորհուրդներ տրվեն, միևնույն ժամանակ համբերություն, հասկացողություն ինչպես նաև հաստատակամություն դրսևորվի, հաճախ հնարավոր կլինի հիանալի արդյունքների հասնել։ Երեխաներին դաստիարակելիս մի՛ հանձնվեք, արագորեն մի՛ հիասթափվեք ու ձեր ջանքերը մի՛ թուլացրեք։
Ծնողները կրում են երեխաների ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր կարիքները բավարարելու պատասխանատվությունը։ Երեխաները գուցե չեն ցանկանում դպրոց գնալ։ Սակայն շատ ծնողներ առանց երկմտելու պահանջում են, որ երեխաները դպրոց գնան, քանի որ մտածում են նրանց բարօրության մասին, ինչպես նաև հարգում են «կայսրի» օրենքը, որի համաձայն՝ երեխան պետք է մինչև որոշակի տարիքն ու դասարանը դպրոց հաճախի։ Եթե աշխարհային կրթությունն այդքան կարևոր է, ապա որքան ավելի կարևոր է այն կրթությունը, որը կապված է Եհովայի կենսատու օրենքների հետ։
Բայց հանգամանքները տարբեր են լինում։ Եթե նախքան աստվածաշնչյան սկզբունքներով կրթելը ծնողը երեխաներին մեծ ազատություն է տվել, ապա, հավանաբար, որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի երեխաներն ընտելանան այն բանին, որ այսուհետև ավելի շատ են գտնվելու ծնողի վերահսկողության տակ։ Քրիստոնյա ծնողը թերևս հարմար գտնի նախևառաջ երեխաներին ջերմ տոնով բացատրել, թե տանը ինչ փոփոխություններ են տեղի ունենալու և ինչու դրանց կարիքը կա։ Ընդ որում նա կարող է դա անել քայլ առ քայլ։ Բացատրեք, թե ինչու են աստվածաշնչյան խորհուրդներն ու պահանջները խելամիտ, որ դրանք մնայուն օրհնություններ են բերում, օրինակ՝ հավիտենական կյանք։ Եթե խոստովանեք, որ անցյալում նրանց դաստիարակելիս որոշ հարցերում ճիշտ չեք դատել և որոշակի սխալներ եք թույլ տվել, դա կօգնի երեխաներին տեսնել, որ դուք նույնպես փոփոխություններ եք մտցնում ձեր կյանքում, որպեսզի այն համապատասխանեցնեք Աստծո լավագույն ուղուն։ Այդ դեպքում նրանց հեշտ կլինի հասկանալ, որ դուք չեք ցանկանում քմահաճ կերպով վարվել կամ էլ նմանվել բռնապետի, որ զուտ իր կամքն է պարտադրում։ Ձեր վարվելակերպը նրանց կօգնի, որ Աստծուն ընդունեն որպես Ղեկավարի, և կխրախուսի ավելի մեծ պատրաստակամությամբ ձեզ հետ համագործակցել։ Մինչ աստվածաշնչյան սկզբունքները հետզհետե գործադրում եք ընտանիքում՝ միշտ հիշեք հետևյալ նպատակը. երեխաները պետք է կանոնավորաբար հաճախեն քրիստոնեական հանդիպումներին։ Սակայն եթե միանգամից նպատակ դնեք, որ երեխաներն առանց բացառության այցելեն բոլոր հանդիպումներին, թերևս դա չկարողանաք իրագործել։ Համբերատար եղեք։ Ժամանակ է հարկավոր, որ աստվածաշնչյան խորհուրդը հասնի նրանց սրտերին։ Օգնեք երեխաներին հասկանալ այդ խորհրդի արժեքը և գնահատել ընտանեկան ավելի ջերմ ու մտերիմ փոխհարաբերությունները։ Ձեր վարվելակերպով նրանց համար լավ օրինակ հանդիսացեք։ Եղեք հետևողական։ Օրինակն ավելի բարձր է խոսում, քան խոսքերը։
Որոշ երեխաներ գուցե չեն ցանկանում փոխվել այն պատճառով, որ հարել են որոշակի կրոնի։ Նրանք գուցե չեն ուզում այլ ուսմունքներ ընդունել։ Մի ծաղրեք նրանց, այլ սովորեցրեք այնպես, ինչպես ուրիշներին կսովորեցնեիք աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ինչպես ձեզ հետ են Աստվածաշունչ ուսումնասիրել, այնպես էլ նրանց հետ է հարկավոր ուսումնասիրել։
Իսկ միգուցե նրանք չեն ցանկանում փոխվել, քանի որ չեն ուզում թողնել հին ընկերներին ու փնտրել նորերին։ Ձգտեք լինել նրանց լավագույն ընկերը և խրախուսեք շփվել ժողովի երիտասարդների հետ։
Ծնողները այս ամենը պետք է հաշվի առնեն, քանի որ անձնավորություններն ու հանգամանքները տարբեր են լինում։ Իհարկե, երբեմն հանգամանքները կարող են բարդ լինել ու թերևս ձեզանից նրբանկատություն պահանջվի գտնելու ճիշտ լուծումը։ Սակայն Եհովան կօրհնի ձեր ջանքերը, եթե դուք ձեր երեխաների հավիտենական բարօրության համար ձգտում եք համբերատարությամբ ու հասկացողությամբ նրանց սովորեցնել ճշմարտությունը, որպեսզի դառնան իսկական քրիստոնյաներ։ Ժողովի հանդիպումները քրիստոնեական կյանքի կարևոր մասն են կազմում։ Եհովա Աստծո ոգին այդ հանդիպումների ժամանակ ակնհայտ կերպով գործում է։ Դրանց կանոնավորաբար ներկա գտնվելը զորեղ ազդեցություն է գործում մեր հավատի վրա և օգնում է պահպանել այն։ Հետևաբար ծնողներին հարկավոր է ամեն խելամիտ ջանք ներդնել, հաշվի առնելով վերոհիշյալը, որպեսզի իրենց երեխաների հետ միասին հանդիպումներին որքան հնարավոր է կանոնավորաբար ներկա գտնվեն։