Ինչո՞ւ են նրանք թողնում կրոնը
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ դարի կեսերի համար իրոք որ չլսված բան էր, եթե Պրուսիայի (ներկայիս Գերմանիայի հյուսիսային մասը) քաղաքացին ասեր, որ նա ոչ մի կրոնի չի պատկանում։ Իրականում, պետական կրոնը թողնելն ու աղանդավորական եկեղեցուն միանալը նրա համար պարզապես կնշանակեր ոստիկանական հսկողության տակ ընկնել։ Ինչպե՜ս են փոխվել ժամանակները։
Այսօր մեծ թվով գերմանացիներ հեռանում են եկեղեցիներից։ Համաձայն հաշվետվության՝ յուրաքանչյուր 4 բնակչից 1–ը մերժում է որևէ կրոնին պատկանելը։ Նմանատիպ տենդենց է նկատվում նաև Ավստրիայում և Շվեյցարիայում։ Եթե անդամագրությունը կրոնի համար արյան պես անհրաժեշտ բան է, ապա, ինչպես արտահայտվեց գերմանացի գրող Ռայմեր Գրոնեմայերը, «Եվրոպայի եկեղեցիներն արնաքամ են լինում»։
Ինչո՞ւ են նրանք մերժում կրոնը
Շատերն ինչո՞ւ են մերժում ընդունված կրոնը. հաճախ ֆինանսական պատճառներով, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ եկեղեցու անդամները պարտավորված են հարկ վճարել։ Նրանք այսպես են մտածում. «Ինչո՞ւ պիտի իմ ծանր աշխատանքի վաստակը գնա եկեղեցուն»։ Ոմանց էլ վանում է եկեղեցու հսկայական հարստությունն ու իշխողությունը։ Այդ անհատները գուցե համամիտ են Գերմանիայի Քյոլն քաղաքի կարդինալ Իոախիմ Մայսների հետ, որն այն կարծիքին է, թե եկեղեցիների հարստությունը, հավանաբար, ավելի շատ նպաստել է նյութական բաների վրա չափազանց ուշադրություն դարձնելուն և «ոչ թե անկեղծությամբ Քրիստոսին հավատալուն»։
Մյուսներն էլ լքում են իրենց եկեղեցին, որովհետև գտնում են, որ այն տաղտկալի, անհետաքրքիր վայր է և իրենց հոգեվոր քաղցը բավարարելու անկարող է։ Ինչպես նախագուշակեց Ամովս մարգարեն, այդ մարդիկ տառապում են սովից. «Ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու» (Ամովս 8։11)։ Իրենց կրոնից անբավարար հոգևոր սնունդ ստանալու պատճառով նրանք թողնում են այն։
Սակայն երբ տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ են առաջ գալիս, ճիշտ հակազդեցություն կլինի՞ բոլոր կրոնները թողնելը։ Պատկերացրեք մի քաղցած մարդու, որը հացի բոքոն է տեսնում, բայց երբ փորձում է, պարզվում է, որ այն թեփից է պատրաստված։ Կվանի՞ արդյոք նա իրենից ուտելու և հագենալու փափագը։ Ո՛չ, նա կփնտրի իսկականը։ Նմանապես, եթե կրոնը չի բավարարում իր անդամների հոգևոր քաղցը, կլքե՞ն արդյոք նրանք կրոնն առհասարակ. թե՞ ավելի իմաստուն կգտնվեն և մի ելք կփնտրեն իրենց հոգևոր քաղցը հագեցնելու համար։ Ինչպես ցույց է տալիս հաջորդ հոդվածը, շատերը հենց այդպես էլ վարվում են։