«Խաղաղութեան ժամանակը» մոտ է
«Ամէն բանի ժամանակ կայ.... պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ» (Ժողովող 3։1, 8)։
1. Պատերազմի ու խաղաղության հարցում ի՞նչն է զարմանալին 20–րդ դարում։
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ բոլոր մարդիկ ձգտում են խաղաղության, սակայն 20–րդ դարում առավել, քան երբևէ, մարդկությունը շատ քիչ է խաղաղություն վայելել։ Դա տարօրինակ կարող է թվալ, քանի որ անցյալում երբեք այդքան շատ քայլեր չեն ձեռնարկվել խաղաղության համար, որքան մեր դարաշրջանում։ 1920–ին հիմնվեց Ազգերի Լիգան։ 1928–ին կնքվեց Կելլոգ–Բրիան պակտը, որը մի տեղեկատվական գրքում ներկայացվել էր որպես «Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղություն հաստատելու ամենավիթխարի նախաձեռնությունը»։ Վերջինս ընդգրկել էր «աշխարհի գրեթե բոլոր ազգերին.... որոնք համաձայնվել էին մերժել պատերազմը՝ որպես քաղաքական խնդիրներ լուծելու միջոց»։ Այնուհետև՝ 1945–ին, հիմնվեց Միավորված Ազգերի Կազմակերպությունը, որը փոխարինեց այդ ժամանակ արդեն չգործող Ազգերի Լիգային։
2. Ինչո՞ւմն է կայանում ՄԱԿ–ի բացահայտ նպատակը, և վերջինս ինչպիսի՞ հաջողությունների է հասել այդ հարցում։
2 Ինչպես անցյալում Ազգերի Լիգայի, այնպես էլ այժմյան ՄԱԿ–ի պաշտոնապես հայտարարված նպատակն է համաշխարհային խաղաղության ապահովումը, սակայն, կարելի ասել, որ այդ հարցում վերջինիս հաջողությունները չնչին են։ Ու թեև այժմ աշխարհում չեն մղվում այնպիսի պայքարներ, որոնք իրենց մասշտաբներով նման լինեն համաշխարհային երկու պատերազմներին, սակայն, իրենց հերթին, անհամար փոքր ընդհարումները հարյուր հազարավոր մարդկանց զրկում են հոգեկան անդորրից, տնից, իսկ հաճախ նաև՝ կյանքից։ Համարձակություն ունե՞նք արդյոք հուսալու, որ ՄԱԿ–ը կարող է 21–րդ դարը դարձնել «խաղաղութեան ժամանակ»։
Իսկական խաղաղություն հուսալու հիմքեր
3. Ինչո՞ւ է անհնարին, որ իսկական խաղաղությունը գոյատևի ատելության կողքին։
3 Միայն հանդուրժողականությունը բավական չէ մարդկանց և ընդհանրապես ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար։ Մի՞թե մարդ կարող է խաղաղություն ունենալ մեկի հետ, քանի դեռ նրան ատում է։ Ա Յովհաննէս 3։15–ում կարդում ենք. «Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է»։ Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված իրադարձությունները, խորը ատելությունը հեշտությամբ բռնության է վերածվում։
4. Միայն ովքե՞ր կարող են խաղաղություն վայելել և ինչո՞ւ։
4 Քանի որ Եհովան «խաղաղութեան Աստուած» է, ուստի խաղաղ կարող են լինել միայն այն մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն և խորը հարգանք ունեն նրա արդար սկզբունքների հանդեպ։ Պարզ է, որ ոչ բոլորին է հասանելի այդ խաղաղությունը։ «Խաղաղութիւն չ’կայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար», որովհետև ամբարիշտները չեն ցանկանում առաջնորդվել Աստծո սուրբ հոգով, որի պտուղն է խաղաղությունը (Հռովմայեցիս 15։33; Եսայիա 57։21; Գաղատացիս 5։22)։
5. Ի՞նչն է աներևակայելի ճշմարիտ քրիստոնյաների համար։
5 Պատերազմ հասկացողությունը բացարձակապես անընդունելի է ճշմարիտ քրիստոնյաների համար, մինչդեռ այն, հատկապես 20–րդ դարում, շարունակ դրսևորվում է քրիստոնեական կոչված շրջանակներում (Յակոբոս 4։1—4)։ Ճիշտ է, ճշմարիտ քրիստոնյաները պայքար են մղում այն ուսմունքների դեմ, որոնք սխալ են ներկայացնում Աստծուն, սակայն նրանց ջանքերն ուղղված են մարդկանց ոչ թե վնասելու, այլ՝ օգնելու համար։ Անառարկելի է, որ կրոնական կամ ազգային տարբերությունների պատճառով մարդկանց հետապնդելը, երբեմն նույնիսկ ֆիզիկական վնասներ հասցնելը իրականում ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ ճշմարիտ քրիստոնեության հետ։ «Ինչ չափով հնարաւոր է ձեզ համար,— խրատեց Պողոսը Հռոմում գտնվող քրիստոնյաներին,— բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք» (Հռովմայեցիս 12։17—19; Բ Տիմոթէոս 2։24, 25)։
6. Միայն որտե՞ղ կարելի է իսկական խաղաղություն գտնել։
6 Աստվածատուր խաղաղություն այսօր տիրում է միայն Եհովա Աստծո ճշմարիտ երկրպագուների միջև (Սաղմոս 119։165; Եսայիա 48։18)։ Քաղաքական տարաձայնությունները չեն խանգարում նրանց միությանը, քանի որ նրանք չեզոք են քաղաքականությանը վերաբերող հարցերում (Յովհաննէս 15։19; 17։14)։ Եվ որովհետև նրանք հաստատ են «նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ», ուստի ոչ մի կրոնական տարբերություն չի սպառնում այդ խաղաղությանը (Ա Կորնթացիս 1։10)։ Մեր ժամանակների համար իրոք դա մի հրաշք է, որն Աստված արել է համաձայն իր խոստումի՝ «խաղաղութիւն եմ տալու քո իշխաններին, եւ քո վերակացուներին՝ արդարութիւն» (Եսայիա 60։17; Եբրայեցիս 8։10)։
Ինչո՞ւ է «պատերազմի ժամանակ»
7, 8. ա) Չնայած խաղաղության հարցում իրենց բռնած հաստատուն դիրքին, ինչպե՞ս են Եհովայի վկաները նկատում ներկա ժամանակները։ բ) Ո՞րն է պայքարի զենքերից ամենակարևորը։
7 Խաղաղության հարցում հաստատուն դիրք գրաված լինելով հանդերձ՝ Եհովայի վկաները ներկա ժամանակները նկատում են որպես «պատերազմի ժամանակ»։ Խոսքը այլաբանական իմաստով պատերազմի մասին է, քանի որ Աստվածաշնչի լուրը ուրիշներին բռնությամբ մատուցելը կհակասեր Աստծո հրավերին՝ «թող գայ.... ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի» (Յայտնութիւն 22։17)։ Բռնությամբ դավանափոխության մասին այստեղ խոսք անգամ լինել չի կարող։ Այն պատերազմը, որ մղում են Եհովայի վկաները, միմիայն հոգևոր պատերազմ է։ Պողոսը գրեց. «Պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները» (Բ Կորնթացիս 10։4; Ա Տիմոթէոս 1։18)։
8 ‘Պայքարելու զենքերի’ մեջ ամենակարևորը «հոգու սուսեր[ն է], որ է Աստծու խօսքը» (Եփեսացիս 6։17)։ Այն շատ զորավոր է։ «Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները»,— կարդում ենք Եբրայեցիս 4։12–ում։ Այդ սուսերի օգնությամբ քրիստոնյաները «քանդում [են] գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում» (Բ Կորնթացիս 10։5)։ Այն նրանց հնարավորություն է տալիս մերկացնելու բոլոր կեղծ ուսմունքները, վնասակար սովորություններն ու մարդկային, և ոչ թե աստվածային իմաստությունից բխող փիլիսոփայությունները (Ա Կորնթացիս 2։6—8; Եփեսացիս 6։11—13)։
9. Ինչո՞ւ է հարկավոր մշտապես ու անդադար պայքարել մեղավոր մարմնական հակումների դեմ։
9 Քրիստոնյաների կողմից մղվում է նաև մեկ այլ հոգևոր պատերազմ՝ ուղղված մեղավոր մարմնական հակումների դեմ։ Այդ հարցում նրանք հետևում են Պողոսի օրինակին։ Ահա թե նա ինչ է գրել. «Ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպէսզի գուցէ ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» (Ա Կորնթացիս 9։27)։ Իսկ կողոսացի քրիստոնյաներին հետևյալ խորհուրդը տրվեց. «Սպանեցէ՛ք ուրեմն ձեր երկրաւոր ցանկութիւնները. դէ՛ն գցեցէք պոռնկութիւն, պղծութիւն, յոռի կրքեր, չար ցանկութիւն եւ ագահութիւն, որ կռապաշտութիւն է» (Կողոսացիս 3։5)։ Հուդան քրիստոնյաներին հորդորեց պայքարել «հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին» (Յուդա 3)։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Այս հարցին պատասխանում է Պողոս առաքյալը. «Որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կʼապրէք» (Հռովմայեցիս 8։13)։ Նկատի ունենալով այս պարզ նախազգուշացումը՝ անհրաժեշտ է առանց դադարի պայքարել վատ հակումների դեմ։
10. Ի՞նչ կատարվեց 1914–ին, և հետագա ի՞նչ իրադարձությունների այն առաջնորդեց։
10 Մեր օրերը որպես «պատերազմի ժամանակ» նկատելու մեկ այլ պատճառն էլ այն է, որ «Տիրոջ վրէժխնդրութեան օրը» մոտ է (Եսայիա 61։1, 2)։ 1914–ին վրա հասավ այն ժամանակը, որը Եհովան սահմանել էր Մեսիական թագավորությունը հաստատելու և Սատանայի ներկա համակարգի դեմ պատերազմ սկսելու իրավունքով Մեսիային լիազորելու համար։ Լրացավ նաև այն ժամանակը, որը տրվել էր մարդկանց Աստծո միջամտությունից հեռու, մարդկային տարբեր կառավարություններ փորձելու համար։ Մարդկանց մեծամասնությունը Աստծո Մեսիական իշխանին մերժում է, ինչպես որ էր առաջին դարում (Գործք 28։27)։ Ու որպես արդյունք Թագավորության հանդեպ դրսևորված հակառակության՝ Քրիստոսը հրահանգ ստացավ ‘տիրապետելու իր թշնամիների միջև’ (Սաղմոս 110։2)։ Որքան ուրախալի է Յայտնութիւն 6։2–ում նշված տեղեկությունն այն մասին, որ նա պետք է հաղթի։ Այդ հաղթանակը նա կտանի «Ամենակարող Աստուծոյ մեծ օրուայ պատերազմի» ժամանակ, «որ Եբրայեցերէն Արմագեդոն է կոչվում» (Յայտնութիւն 16։14, 16, ԱԹ)։
Հիմա է «խօսելու ժամանակը»
11. Ինչո՞ւ է Եհովան ծայրաստիճան համբերատար գտնվել, սակայն ի՞նչ է ի վերջո պատահելու։
11 Մարդկային պատմության շրջադարձային ժամանակներից՝ 1914–ից ի վեր, անցել է 85 տարի։ Եհովան, շարունակելով ծայրաստիճան համբերատար գտնվել մարդկանց նկատմամբ, իր Վկաներին բավարար չափով տեղեկացրել է, թե այդ օրհասական ժամանակներում ի՛նչն է անհետաձգելի։ Միլիոնավոր կյանքեր այսօր վտանգի տակ են։ Հարկավոր է զգուշացնել նրանց բոլորին, քանի որ Եհովան «չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։ Այնուամենայնիվ, այդ օրը ի վերջո կգա, «երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով՝ կրակի վրէժ լուծելու համար նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։6—9)։
12. ա) Ինչո՞ւ է անիմաստ ենթադրություններ անել, թե ե՛րբ է սկսվելու մեծ նեղությունը։ բ) Այս առումով ի՞նչ վտանգի մասին նախազգուշացրեց Հիսուսը։
12 Իսկ ե՞րբ է վերջապես լցվելու Եհովայի համբերության բաժակը։ Իմաստ չունի ենթադրություններ անել, թե ե՛րբ է սկսվելու «մեծ նեղութիւնը». Հիսուսը պարզ ասաց. «Այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ»։ Դրանից հետո նա նախազգուշացրեց. «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը.... պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ» (Մատթէոս 24։21, 36, 42, 44)։ Արթուն լինելն այստեղ նշանակում է ի վիճակի լինել տեսնելու աշխարհում տիրող իրավիճակը և նկատելու մեծ նեղության ժայթքումը (Ա Թեսաղոնիկեցիս 5։1—5)։ Որքա՜ն վտանգավոր է դանդաղեցնել մեր ընթացքը՝ ապրելով կյանքի առօրյա ձգտումներով ու սպասելով, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի»,— ասել է Հիսուսը (Ղուկաս 21։34, 35)։ Մի բան հաստատ է. Եհովայի «չորս հրեշտակները» հավիտյան չեն պահելու «Յայտնութիւն» գրքում նկարագրված կործանման «չորս հողմերը» (Յայտնութիւն 7։1—3)։
13. Ի՞նչ են գիտակցում շուրջ վեց միլիոն Եհովայի վկաներ։
13 Հաշվեհարդարի այս մոտալուտ օրը նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ Սողոմոնի նշած «խօսելու ժամանակ» խոսքերը մեր օրերում հատուկ իմաստ են ստանում (Ժողովող 3։7)։ Հասկանալով, որ հիմա է խոսելու ժամանակը՝ շուրջ վեց միլիոն Եհովայի վկաներ ջանք չեն խնայում պատմելու մարդկանց Աստծո Թագավորության փառքի և զգուշացնելու նրա վրեժխնդրության օրվա մասին։ Նրանք պատրաստ են Քրիստոսի «զորութեան օրը» (Սաղմոս 110։3; 145։10—12)։
«Խաղաղութիւն է՝ կ’ըսեն, երբ խաղաղութիւն չկայ»
14. Ովքե՞ր էին մ.թ.ա. յոթերորդ դարում սուտ մարգարեություններ անում։
14 Մ.թ.ա. յոթերորդ դարում Աստծո մարգարեներ Երեմիան և Եզեկիելը ժողովրդին ազդարարում էին, որ Երուսաղեմն իր քմահաճ ընթացքի պատճառով պիտի արժանանա Աստծո գալիք դատաստանին։ Չնայած այն ժամանակվա հայտնի և ազդեցիկ կրոնական առաջնորդները մերժում էին Աստծո այս բանբերների նախազգուշացումը, սակայն այդ ավերումը մ.թ.ա. 607 թ.–ին իրոք վրա հասավ։ Այդ առաջնորդները «անզգամ մարգարէներ» էին, որոնք ‘մոլորեցնում էին Աստծո ժողովրդին և ասում՝ խաղաղություն է, երբ խաղաղություն չկար’ (Եզեկիէլ 13։1—16, Արևմտ. Աստ.; Երեմիա 6։14, 15; 8։8—12)։
15. Կա՞ն արդյոք այդպիսի կեղծ մարգարեներ այսօր։ Բացատրեցե՛ք, թե ովքեր են նրանք։
15 Ինչպես այն ժամանակների «անզգամ մարգարէները», այսօր էլ կրոնական առաջնորդների մեծամասնությունը զլանում է մարդկանց զգուշացնել Աստծո մոտալուտ դատաստանի մասին։ Փոխարենը՝ նրանք դրական մի պատկեր են ներկայացնում, թե ինչպես քաղաքական խմբավորումները կհասնեն խաղաղության ու ապահովության։ Առավել մտահոգված լինելով մարդկանց գոհացնելու, քան թե Աստծուն՝ նրանք իրենց ծխականներին պատմում են բաներ, որոնք հաճելի են հնչում նրանց ականջներին։ Մինչդեռ մարդկանց հարկավոր է բացատրել, որ Աստծո Մեսիական թագավորությունը հաստատվել է, և Մեսիական թագավորը շուտով նշանավորելու է իր հաղթանակը (Դանիէլ 2։44; Բ Տիմոթէոս 4։3, 4; Յայտնութիւն 6։2)։ Այն կեղծ մարգարեների նման, որոնք խաղաղության մասին էին խոսում, «երբ խաղաղութիւն չկայ», նրանց այդ համոզվածությունը շուտով կվերածվի հանկարծահաս սարսափի, երբ դեմ առ դեմ բախվեն Աստծո բարկության հետ. նրա, որին այդքան ժամանակ սխալ են ներկայացրել և որի անվան վրա սարսափելի նախատինքներ են բերել։ Աստվածաշնչում որպես անբարոյական կին ներկայացված կեղծ կրոնի համաշխարհային կայսրության առաջնորդները շնչահեղձ են լինելու խաղաղության մասին մոլորեցնող իրենց աղաղակներից (Յայտնութիւն 18։7, 8)։
16. ա) Ինչո՞վ են հայտնի Եհովայի վկաները։ բ) Ինչո՞վ են նրանք տարբերվում նրանցից, ովքեր խաղաղություն են աղաղակում, «երբ խաղաղութիւն չկայ»։
16 Հայտնի և ազդեցիկ առաջնորդների խաղաղության մասին անվերջանալի կեղծավոր խոստումները չեն կարող սասանել Աստծո խոստացած իսկական խաղաղության հանդեպ վստահություն ունեցող անհատների հավատը։ Եհովայի վկաները մեկ հարյուրամյակից ավելի է, ինչ հայտնի են նրանով, որ հավատարմորեն պաշտպանում են Աստծո Խոսքը՝ մերկացնելով կեղծ կրոնը և վճռականորեն ջատագովելով Աստծո Թագավորությունը։ Մարդիկ խաղաղության մասին քաղցրաձայն օրորոցային երգերի կարիքը չէ, որ ունեն այսօր։ Հարկավոր է արթնացնել նրանց, բացել մարդկանց առջև իրականության հստակ պատկերը, բացատրել, որ այսօր խաղաղության ժամանակ չէ (Եսայիա 56։10—12; Հռովմայեցիս 13։11, 12; Ա Թեսաղոնիկեցիս 5։6)։
Եհովան ընդհատում է տիրող լռությունը
17. Ի՞նչ է նշանակում այն, որ Եհովան շուտով կընդհատի իր լռությունը։
17 Սողոմոնը նաև ասել է. «Արդարին եւ ամբարշտին Աստուած է դատում. որովհետեւ ամեն ձեռնարկութեան ժամանակ կայ» (Ժողովող 3։17)։ Այո՛, Եհովան ժամանակ է սահմանել կեղծ կրոնի և երկրի թագավորների դեմ դատաստան անելու՝ նրանց, որոնք «վեր են կենում.... Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ» (Սաղմոս 2։1—6; Յայտնութիւն 16։13—16)։ Այդ ժամանակը հասնելուն պես կավարտվի Եհովայի «լռելու» ժամանակը (Սաղմոս 83։1; Եսայիա 62։1; Երեմիա 47։6, 7)։ Գահակալված Մեսիական թագավոր Հիսուս Քրիստոսի միջոցով նա իր հակառակորդների հետ կվարվի ըստ արժանվույն. «Տէրը դուրս է գալու հզօրի պէս. պատերազմի մարդի պէս գրգռելու է իր նախանձը. աղաղակելու ու նաեւ բարձրաձայն գոչելու է, եւ յաղթող է հանդիսանալու իր թշնամիների վերայ։ Ես վաղուց է լռել եմ, հանդարտ էի եւ ինձ զսպել էի. բայց հիմա ծննդկանի պէս պիտի գոռամ, շունչ պիտի առնեմ եւ շնչեմ էլ։ Աւերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, եւ նորանց բոլոր խոտը պիտի չորացնեմ, եւ գետերը կղզիների պէս ցամաք պիտի շինեմ. եւ լիճերը պիտի ցամաքեցնեմ։ Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չ’գիտեցած ճանապարհովը, նորանց չ’գիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չ’ձգեմ» (Եսայիա 42։13—16)։
18. Ի՞նչ առումով Աստծո ժողովուրդը շուտով «կլռի»։
18 Երբ Եհովան կսկսի «խոսել» ի պաշտպանություն իր իշխանության, նրա ժողովրդի համար այլևս ինքնապաշտպանության խոսքերի կարիք չի զգացվի, և նրանց համար կգա «լռելու ժամանակը»։ Ինչպես անցյալում պատահեց Աստծո ծառաների հետ, այնպես էլ այժմ կիրականանան հետևյալ խոսքերը. «Դուք չէք պատերազմելու այս անգամ. դուք կացէք, կանգնեցէք եւ կ’տեսնէք Տիրոջ փրկութիւնը ձեզ հետ» (Բ Մնացորդաց 20։17)։
19. Ի՞նչ առանձնաշնորհման շուտով կարժանանան Քրիստոսի հոգևոր եղբայրները։
19 Ինչպիսի՜ ջախջախում է դա լինելու Սատանայի և իր կազմակերպության համար։ Համաձայն խոստումի՝ արդարության հաստատման համար մղվող այդ պատերազմին կմասնակցեն նաև Քրիստոսի փառավորված եղբայրները. «Խաղաղութեան Աստուածը շուտով պիտի խորտակի Սատանային ձեր ոտքերի տակ» (Հռովմայեցիս 16։20)։ Կարող ենք վստահությամբ ասել, որ այնքան փափագելի խաղաղության ժամանակն արդեն շատ մոտ է։
20. Ինչի՞ ժամանակը շուտով վրա կհասնի մարդկության համար։
20 Օրհնյալ են նրանք, ովքեր երկրի վրա կլինեն, երբ Եհովայի զորության այդ ահեղ օրվանից վերապրեն։ Այնուհետև, շատ չանցած, նրանք կմիանան անցյալում ապրած հավատարիմ մարդկանց, որոնց հարության ժամանակը լրացած կլինի։ Քրիստոսի Հազարամյա թագավորության օրոք իրոք վրա կհասնի «տնկելու.... բժշկելու.... շինելու.... ծիծաղելու.... պարելու.... գրկելու.... և սիրելու ժամանակը»։ Այո՛, վերջապես կգա հավիտենական «խաղաղութեան ժամանակը» (Ժողովող 3։1—8; Սաղմոս 29։11; 37։11; 72։7)։
Ո՞րն է ձեր պատասխանը
◻ Ո՞րն է հարատև խաղաղության հիմքը։
◻ Ինչո՞ւ են Եհովայի վկաները ներկա ժամանակները «պատերազմի ժամանակ» համարում։
◻ Ե՞րբ է Աստծո ժողովրդի «խոսելու» և «լռելու» ժամանակը։
◻ Ե՞րբ և ինչպե՞ս է Եհովան ընդհատելու իր լռությունը։
[շրջանակ/նկարներ 23–րդ էջի վրա]
Եհովան ժամանակ է սահմանել
◻ երբ Գոգը կհարձակվի իր ժողովրդի վրա (Եզեկիէլ 38։3, 4, 10—12)
◻ երբ մարդկային իշխանությունների սրտերում ցանկություն կդնի՝ Մեծն Բաբելոնը կործանելու (Յայտնութիւն 17։15—17; 19։2)
◻ Գառան հարսանիքի համար (Յայտնութիւն 19։6, 7)
◻ Արմագեդոնի պատերազմը սկսելու (Յայտնութիւն 19։11—16, 19—21)
◻ Սատանային կապելու և Քրիստոսի Հազարամյա թագավորությանը սկիզբ դնելու (Յայտնութիւն 20։1—3)
Այս իրադարձությունները թվարկված են այն հերթականությամբ, որով բերվում են Աստվածաշնչում։ Կարող ենք վստահ լինել, որ բոլոր հինգն էլ կկատարվեն այն կարգով, որով Եհովան սահմանել է և, իհարկե, իր որոշած ժամանակին։
[նկարներ 25–րդ էջի վրա]
Քրիստոսի Հազարամյա թագավորությունը իսկապես կլինի...
ծիծաղելու...
գրկելու...
սիրելու...
տնկելու...
պարելու...
շինելու... ժամանակ