Ի՞նչ է ձեզ հայտնի կախարդության մասին
ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ... Ի՞նչ է հիշեցնում ձեզ այս բառը։
Շատերի համար կախարդությունը ֆանտազիա է ու սնոտիապաշտություն, որին պետք չէ լրջորեն վերաբերվել։ Շատերն իրենց երևակայության մեջ «կախարդ» ասելով պատկերացնում են թիկնոցով ծածկված մի չար վհուկի, որը, եռացող կաթսայի կողքին կանգնած, ինչ–որ կախարդանքներ է մտմտում, մարդկանց վեր է ածում գորտերի, կամ էլ ցախավելի վրա նստած թռչում է երկնքում ու հետն էլ չարախնդորեն հռհռում։
Մինչդեռ ոմանց համար կախարդությունը ծիծաղի առարկա չէ։ Մի շարք հետազոտողներ եկել են այն եզրակացության, որ աշխարհի բնակչության կեսից ավելին հավատում է իրականության մեջ կախարդների գոյությանը, և որ նրանք իսկապես ազդեցություն են թողնում մարդու կյանքի վրա։ Միլիոնավոր մարդիկ հավատացած են, որ կախարդությունը չարություն է, վտանգավոր է և սաստիկ վախազդու է։ Օրինակ՝ աֆրիկյան կրոնների մասին մի գրքում ասվում է. «Հավատն այն մասին, որ կախարդությունը, սև մոգությունը և հմայությունը գործուն են ու վտանգավոր, խորապես արմատավորված է աֆրիկացիների կյանքում։ ....Կախարդներն ու հմայողները նրանց համար ամենաատելի մարդիկ են։ Նույնիսկ մեր օրերում, որոշ վայրերում նրանց ծեծելով սպանում են»։
Իսկ Արևմուտքում կախարդությունը պատկառանք ներշնչող մի նոր դիմակ է հագնում։ Գրքերը, հեռուստատեսությունը և ֆիլմերը ամեն ճիգ գործադրում են՝ փորձելով նվազեցնել կախարդության հանդեպ ունեցած վախը։ Զվարճալի ծրագրերի մեկնաբան Դեյվիդ Դեյվիսը նշում է. «Կախարդներն այսօր ավելի երիտասարդ ու գրավիչ են դարձել, այո՛, նրանք բավականին գրավիչ են։ «Հոլիվուդը» պահը բաց չի թողնում՝ ակնթարթորեն կողմնորոշվելով, թե ինչպես պետք է հրապուրել հանդիսատեսին։ ....Կախարդներին ավելի հրապուրիչ ու փափագելի ներկայացնելու շնորհիվ՝ նրանք կարողանում են հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավել, այդ թվում նաև՝ կանանց ու երեխաների»։ «Հոլիվուդը» գիտի, թե ինչպես կարելի է ամեն մի տենդենց դարձնել եկամտի աղբյուր։
Ոմանք էլ այն կարծիքին են, որ կախարդությունը դարձել է Միացյալ Նահանգներում արագորեն աճող հոգևոր ուղղություններից մեկը։ Աշխարհի բոլոր զարգացած երկրներում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք, գտնվելով ֆեմինիստական հոսանքների ազդեցության տակ և հիասթափված լինելով իրենց ավանդական կրոններից, հոգևորի հանդեպ ունեցած քաղցը փորձում են հագեցնել կախարդության զանազան ձևերի մեջ։ Իրականում կախարդության տեսակներն այնքան բազմազան են, որ մարդիկ նույնիսկ չեն ընդունում «կախարդ» բառն իր բուն նշանակությամբ։ Բայց, իրականում, կատարելագործված կախարդներն առնչվում են «Վիկկա» կոչվող կրոնական հոսանքի հետ։ Մի բառարանի բնորոշմամբ «այն հեթանոսական հավատալիք է՝ ուղղված բնության ուժերին, որի արմատները գալիս են նախաքրիստոնեական Արևմտյան Եվրոպայից, իսկ վերածնունդը նկատվում է 20–րդ դարում»։ Այդ իսկ պատճառով, շատերն այսօր իրենց համարում են հեթանոսներ կամ նեոհեթանոսներ։
Մարդկային պատմության ողջ ընթացքում կախարդներին ատել են, հալածել, տանջել, նույնիսկ՝ սպանել։ Եվ զարմանալի չէ, որ մեր օրերում կախարդությամբ զբաղվող անհատները ամեն կերպ ձգտում են իրենց հեղինակությունն ավելի բարձրացնել։ Մի հեռուստահաղորդման ժամանակ կախարդների մի մեծ խմբի հարց տրվեց, թե հատկապես ինչի՞ մասին կուզեին նրանք մարդկանց հաղորդել։ Ուսումնասիրող Մարգո Ադլերը նրանց պատասխաններն այսպես է ամփոփում. «Մենք չարամիտ չենք։ Մենք Սատանային չենք պաշտում։ Չենք վնասում և չենք գայթակղում մարդկանց։ Մենք վտանգավոր անձինք չենք, այլ ձեզ նման հասարակ մարդիկ ենք։ Ունենք ընտանիք, աշխատանք, հույսեր և երազներ։ Մենք աղանդ չենք. ոչ էլ տարօրինակ ենք։ ....Մի՛ վախեցեք մեզանից։ ....Նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ենք ձեզ նման»։
Ժամանակի ընթացքում նման պատկերացումներն աստիճանաբար ընդունվեցին հասարակության կողմից։ Բայց մի՞թե դա խոսում է այն մասին, որ բոլորովին հարկ չկա անհանգստանալու կախարդների գործունեությունից։ Այս հարցը կքննարկվի հաջորդ հոդվածում։