Մարդիկ որքա՜ն շատ են զգում մխիթարության կարիքը
«Ահա զրկուածների արտասուք կար, բայց մխիթարող չ’ունէին. եւ նորանց զրկողների ձեռքից բռնութիւն կար, բայց իրանք մխիթարող չ’ունէին» (ԺՈՂՈՎՈՂ 4։1)։
ԶԳՈ՞ՒՄ եք մխիթարության կարիք։ Արդյո՞ք անհամբերությամբ սպասում եք այն պահին, երբ կարեկցանքի շողը, հուսահատության գորշ ամպերը ճեղքելով, ճառագի նրանց միջից։ Փորձում եք գեթ մի կաթիլ սփոփա՞նք գտնել դառնությամբ ու տառապանքով լի ձեր կյանքը փոքր–ինչ քաղցրացնելու համար...
Քիչ չեն մարդու կյանքը դառնացնող պատճառները, և լինում են պահեր, երբ բոլորս էլ մխիթարության ու կարեկցության խիստ անհրաժեշտություն ենք զգում։ Այո, անժխտելի է, որ բոլորս էլ ապահովության, ջերմության ու գուրգուրանքի կարիք ունենք։ Մեզանից ոմանք ծերացել են, և դա էլ, իր հերթին, տխրության առիթ է։ Ուրիշները խորը հուսահատություն են ապրում այն բանի գիտակցումից, որ իրենց կյանքն այնպես չի դասավորվել, ինչպես որ իրենք կցանկանային։ Մեկ ուրիշի համար էլ մեծ հարված է եղել, երբ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել իր հիվանդության ախտորոշումը։
Ակներևաբար, ներկայումս քչերը կժխտեն, որ հատկապես մեր ժամանակներում մարդիկ հույսի ու մխիթարության կարիքն ունեն։ Միայն անցած հարյուրամյակում տեղի ունեցած պատերազմների ընթացքում ավելի քան հարյուր միլիոն մարդ է զոհվել՝ թողնելով վշտի մեջ իրենց հարազատներին.a չէ՞ որ այդ զոհվածներից գրեթե բոլորն էլ ծնողներ են ունեցել, քույրեր ու եղբայրներ, կանայք ու երեխաներ, որոնք իրենց հուսահատ վիճակում մխիթարության կարիք ունեին։ Ավելի քան մեկ միլիարդ մարդ այսօր ծայրահեղ չքավորության մեջ է ապրում։ Աշխարհի բնակչության գրեթե կեսը բժշկական օգնություն ստանալու և ամենաանհրաժեշտ դեղորայքը գնելու հնարավորություն հաճախ չի ունենում։ Շրջապատի աղտոտման զոհ դարձած մեծ քաղաքների փողոցներում հնարավոր չէ չտեսնել միլիոնավոր լքված երեխաների թափառելիս, որոնցից շատերը թմրադեղեր են ընդունում և զբաղվում մարմնավաճառությամբ։ Իսկ գաղթականների ճամբարներում միլիոնավոր փախստականներ տառապում են տիրող նողկալի պայմաններից։
Այնուամենայնիվ վիճակագրությունը, որքան էլ որ այն համոզիչ թվա, չի կարող արտահայտել այն վիշտն ու ցավը, որ ոմանք կրել են իրենց անձնական կյանքում։ Բերենք Սվետլանայի՝ Բալկաններում ապրող մի երիտասարդուհու օրինակը։ Սվետլանան ծնվել էր կատարյալ չքավորության մեջ։b «Փողի համար,— պատմում է նա,— ծնողներս ինձ ուղարկում էին կա՛մ մուրացկանություն, կա՛մ էլ գողություն անելու։ Ընտանիքում փոխհարաբերություններն այն աստիճանի ապականվեցին, որ արյունապղծության զոհ դարձա։ Հետագայում մատուցողուհու աշխատանք գտա։ Մայրս վերցնում էր վաստակածս ողջ գումարը ու հայտարարում, որ, եթե աշխատանքս կորցնեմ, ինքնասպան կլինի։ Այս ամենն ինձ պոռնկության շեմին կանգնեցրեց։ Այդ ժամանակ ընդամենը տասներեք տարեկան էի։ Հետո հղիացա, բայց դիմեցի արհեստական վիժման։ Տասնհինգ տարեկան հասակում ինձ տեսնողը երեսունից պակաս չէր տա»։
Լատվիայից Լայմանիս անունով մի երիտասարդ պատմում է իր հոգին փոթորկող անցյալի դառը հիշողություններից, և այն մասին, թե որքան է զգացել մխիթարության կարիքը։ Ավտովթարի հետևանքով քսանինը տարեկանում գոտկատեղից ներքև անդամալուծվելով՝ հուսահատ երիտասարդն իրեն տալիս է խմիչքին։ Հինգ տարի անց նա արդեն խորտակված մարդ էր՝ անդամալույծ հարբեցող՝ ապագայից գրեթե հույսը կտրած մեկը։ Որտե՞ղ կարող էր նա մխիթարություն գտնել։
Իսկ ի՞նչ էր պատահել Էնջիի հետ։ Նրա ամուսինը ուղեղի երեք ծանր վիրահատություն էր տարել, որից հետո մասամբ անդամալուծվել էր։ Վերջին վիրահատությունից հինգ տարի անց նա լուրջ վթարի է ենթարկվում և միայն հրաշքով կենդանի է մնում։ Մտնելով շտապ օգնության պալատն ու տեսնելով ամուսնուն գլխի ծանր տրավմայից կոմայի մեջ ընկած՝ Էնջին հասկանում է, որ ողբերգությունն անխուսափելի է։ Պարզ էր, որ իրեն ու իր ընտանիքին ապագայում հեշտ կյանք չէր սպասվում։ Ո՞վ նրան թիկունք կկանգներ. որտե՞ղ կարող էր մխիթարություն գտնել։
Փեթ անունով մի երիտասարդ կնոջ համար ձմեռվա օրերից մեկը սկսվել էր սովորականի պես։ Սակայն դրան հաջորդած երեք օրերը կարծես ջնջվել էին նրա հիշողությունից։ Ամուսինը պատմում է, որ այդ օրը Փեթը կրծքավանդակում սուր ցավեր էր զգացել, որից հետո սիրտը սկզբում արագ ու անկայուն բաբախելուց հետո բոլորովին կանգ էր առել։ «Փաստորեն, կլինիկական մահ եմ տարել»,— ասում է Փեթը։ Բայց ողջ էր մնացել։ Վերհիշելով հիվանդանոցում անցկացրած երկար օրերը՝ Փեթը պատմում է. «Վախենում էի բժշկական պրոցեդուրաներից, հատկապես, երբ փորձում էին սիրտս կրկին կանգնեցնել այնպես, ինչպես առաջին անգամ էր պատահել»։ Ի՞նչը կարող էր նրա համար մխիթարություն ու սփոփանք լինել այդ ծանր օրերին։
Ջոուի ու Ռեբեկայի տասնիննամյա որդին զոհվել է ավտովթարից։ «Նման վիշտ չէինք ունեցել,— ասում են նրանք,— թեև նախկինում շատ է պատահել, որ ցավակցել ենք նրանց, ովքեր հարազատ են կորցրել, բայց այժմյան ցավը ոչնչի հետ համեմատել չի կարելի»։ Ի՞նչը կարող է թեկուզ աննշան չափով ամոքել հարազատի կորստի պատճառած ցավը։
Վերը հիշատակված անհատներից բոլորը, ինչպես նաև միլիոնավոր ուրիշներ մխիթարություն ու ամոքում են գտել կյանքում։ Թե որտեղ կարելի է գտնել այդ մխիթարությունը, պատմվում է հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Պատերազմների ընթացքում՝ այդ թվում նաև խաղաղ բնակչությունից զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Ահա թե ինչ է ասվում Համաշխարհային երկրորդ պատերազմի զոհերի մասին 1998–ին հրատարակված «Փաստեր ամերիկյան պատերազմներից» գրքում. «Ըստ համապատասխան աղբյուրների մեծամասնության տվյալների՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում զոհվածների (զինվորականների և քաղաքացիների) ընդհանուր թիվը կազմում է 50 միլիոն, սակայն հարցը մանրամասն ուսումնասիրողներից շատերն այն կարծիքի են, որ այդ թիվը իրականում գրեթե երկու անգամ ավելի մեծ է («Facts About the American Wars»)։
b Անունը փոխված է։
[նկարներ 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
UNITED NATIONS/PHOTO BY J. K. ISAAC
UN PHOTO 146150 BY O. MONSEN