Օգնության ճիչ
«ԱՍՏՎԱԾ ինձ մոռացե՜լ է»,— աղաղակեց բրազիլացի մի կին։ Ամուսնու հանկարծամահ լինելուց հետո նա զգում էր, որ իր կյանքն այլևս ոչ մի իմաստ չունի։ Երբևէ փորձե՞լ եք մխիթարել մեկին, որը նման հուսահատ վիճակում է եղել և որը, գուցե, օգնություն է կանչել։
Ոմանց, այդ թվում նաև որոշ երիտասարդների, հուսահատությունն այն աստիճանի է հասցրել, որ վերջ են տվել իրենց կյանքին։ Ըստ պարբերագրերից մեկի հաղորդագրության՝ Բրազիլիայում անցկացված մի հետազոտություն ցույց է տալիս, որ «ինքնասպանությունը երիտասարդների մեջ ավելացել է 26 տոկոսով» («Folha de S. Paulo»)։ Նկատի առնենք Վոլթերիa՝ Սան Պաուլույում ապրող մի երիտասարդի օրինակը։ Նա ո՛չ ծնողներ ուներ, ո՛չ տուն, ո՛չ անձնական կյանք, ո՛չ էլ ընկերներ, որոնց կարող էր վստահել։ Իր տառապանքներին վերջ դնելու համար Վոլթերը որոշեց կամրջից ցած նետվել։
Էդնա անունով մի միայնակ մայր արդեն երկու երեխաների տեր էր, երբ հանդիպեց մի տղամարդու։ Ծանոթանալուց ընդամենը մեկ ամիս հետո նրանք սկսեցին համատեղ կյանքով ապրել այդ տղամարդու մոր տանը, որը հետաքրքրվում էր ոգեհարցությամբ ու ալկոհոլիկ էր։ Էդնան մի երեխա էլ ունեցավ, սկսեց չարաշահել խմիչքը և, ի վերջո, այնքան ընկճվեց, որ փորձեց ինքնասպանություն գործել։ Արդյունքում նա զրկվեց իր երեխայի խնամակալը լինելուց։
Իսկ ի՞նչ կարելի է ասել տարեցների մասին։ Մարիան կատակախոս ու զրուցասեր մի կին էր։ Քանի որ գնալով տարիքն իրեն զգացնել էր տալիս, սկսեց մտահոգվել որպես բուժքույր իր մասնագիտությամբ աշխատելու մասին, որովհետև վախենում էր աշխատանքի պրոցեսում սխալներ թույլ տալ։ Այդ մտքից նա դեպրեսիայի մեջ ընկավ։ Ինքնաբուժման փորձ կատարելուց հետո սկսեց բժիշկների օգնությանը դիմել ու առաջարկված բուժումը նրան օգտակար թվաց։ Բայց երբ 57 տարեկանում կորցրեց աշխատանքը, դեպրեսիան դարձյալ նրան այն աստիճան ընկճեց, որ նա արդեն ոչ մի ելք չէր տեսնում։ Մարիան սկսեց ինքնասպանության մասին մտածել։
«Դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց 10 տոկոսն ինքնասպանություն է գործում,— ասում է Սան Պաուլուի համալսարանի պրոֆեսոր Ժուզե Ալբերտու դել Պորտուն։ Իսկ Միացյալ Նահանգների զինվորական բժիշկ Դեյվիդ Սաթչերը տեղեկագրում է. «Դժվար է հավատալ, բայց փաստն այն է, որ ինքնասպանության քայլի դիմելուց ավելի շատ մարդ է մահացել, քան մարդասպանությունից»։
Ըստ էության, ինքնասպանության փորձ կատարելը երբեմն օգնության ճիչ է։ Ինչ խոսք, ընտանիքի անդամներն ու ընկերները ցանկանում են իրենց ձեռքից եկած ամեն բան անել իր հույսը կորցրած մարդու համար։ Անշուշտ, ոչ մի օգուտ չեն տա այնպիսի խոսքերը, ինչպիսիք են. «Հերի՛ք է ինքդ քեզ խղճաս»։ «Շատերը քեզանից ավելի վատ վիճակում են գտնվում»։ «Այսօր բոլորիս համար էլ երբեմն դժվար է»։ Այսպես արտահայտվելու փոխարեն՝ ինչո՞ւ չլինել իսկական ընկեր և ուշադիր լսող։ Այո՛, փորձեք օգնել հուսահատված մարդուն հասկանալ, որ կյանքն արժեք ունի։
Ֆրանսիացի բանաստեղծ Վոլտերը գրել է. «Այն մարդը, որը հուսալքության պահին ինքնասպանության է դիմում, չէր ուզենա մեռնել, եթե իր այդ վիճակից հետո մի շաբաթ էլ սպասեր»։ Ուրեմն՝ հուսահատված մարդիկ ինչպե՞ս կարող են իմանալ, որ կյանքն իմաստ ունի։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 3–րդ էջի վրա]
Գնալով աճում է այն պատանիների և տարեց մարդկանց թիվը, ովքեր ինքնասպանության են դիմում։
[նկար 4–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող եք օգնել հուսահատված մարդուն։