Արդյոք խոհե՞մ ես
ԻՍՐԱՅԵԼԻ վրա դատավորներ կարգելիս Մովսեսը փորձեց գտնել «իմաստուն, խոհեմ ու շրջահայեաց [«փորձառու», ՆԱ] մարդկանց» (Բ Օրինաց 1։13, ԷԹ)։ Փորձառությունը, որը ձեռք էր բերվում տարիների ընթացքում, դեռևս բավական չէր։ Կարևոր դեր էին խաղում նաև մարդու իմաստությունն ու խոհեմությունը։
Խոհեմ մարդը մի բան ասելուց կամ անելուց առաջ նախ մտածում է։ Ըստ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի՝ «խոհեմ» բառը նշանակում է «խելացի, խոհական, շրջահայաց»։ Կա «խօսելու ժամանակ», կա և «լռելու ժամանակ», ու խոհեմ մարդը կարողանում է տարբերել, թե երբ է հարկավոր խոսել, իսկ երբ՝ լռել (Ժողովող 3։7)։ Քիչ չեն այն դեպքերը, երբ ծանրակշիռ հիմքեր ունենք լուռ մնալու. չէ՞ որ Աստվածաշունչն ասում է. «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է» (Առակաց 10։19)։
Քրիստոնյաները չեն մոռանում, որ միմյանց հետ հաղորդակցվելիս հարկավոր է խոհեմություն դրսևորել։ Բոլորից շատ կամ համոզիչ կերպով խոսող մարդը միշտ չէ, որ ամենագլխավորն է կամ անփոխարինելի։ Հիշենք, որ Մովսեսը «զօրաւոր էր իր խօսքերով», սակայն նրան թույլ չտրվեց Իսրայել ազգին առաջնորդել, մինչև որ նա չմշակեց համբերություն, խոնարհություն և ինքնատիրապետում (Գործք 7։22)։ Հետևաբար, պիտի ձգտեն խոնարհություն և խոհեմություն դրսևորել հատկապես նրանք, ում իշխանություն է վստահված՝ առաջնորդելու ուրիշներին (Առակաց 11։2)։
Նրանք, ում Հիսուսը վստահել է «իր ամբողջ ունեցուածքը», Աստծո Խոսքում բնորոշվում են որպես «հաւատարիմ եւ իմաստուն [«խոհեմ», ՆԱ]» (Մատթէոս 24։45–47)։ Նրանք անհամեստ կերպով Եհովայից առաջ չեն անցնում և ըստ իրենց քմահաճույքի չեն վարվում, ոչ էլ դանդաղում են, երբ Աստծո առաջնորդությունը որևէ հարցի առնչությամբ հստակ է։ Նրանք գիտեն, թե երբ է խոսելու ժամանակը և երբ՝ լուռ սպասելու հետագա պարզաբանումներին։ Հարկավոր է, որ բոլոր քրիստոնյաները ոչ միայն ‘հետևեն նրանց հավատին’, այլև ծառա դասակարգի պես խոհեմ լինեն (Եբրայեցիս 13։7)։