Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 12/15 էջ 12–13
  • Ինչո՞ւ ես ծառայում Աստծուն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ես ծառայում Աստծուն
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խորհրդածիր ստացածդ օրհնությունների շուրջ
  • Կարող են օգնել ժողովի հանդիպումները
  • Դու թանկ ես Եհովայի համար
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երիտասարդնե՛ր, ծառայեք Եհովային
    2008 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային
    2015 Դիտարան
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 12/15 էջ 12–13

Ինչո՞ւ ես ծառայում Աստծուն

Աստվածավախ մի թագավոր խորհուրդ տվեց իր որդուն մի առիթով. «Ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով» (Ա Մնացորդաց 28։9)։ Հստակ է, որ Եհովան ցանկանում է, որպեսզի իր ծառաները երախտագիտությամբ և գնահատանքով լի սրտով մատուցեն իրենց ծառայությունը։

ՄԵՆՔ՝ Եհովայի վկաներս, առանց վարանելու կարող ենք ասել, որ, երբ առաջին անգամ մեզ բացատրեցին Աստվածաշնչի խոստումները, մեր սրտերը լցվեցին երախտագիտության զգացումով։ Ամեն օր մենք մի նոր բան էինք ավելացնում Աստծո նպատակների վերաբերյալ մեր գիտելիքներին։ Որքան շատ էինք սովորում Եհովայի մասին, այնքան ավելի էր մեծանում «կատարեալ սրտով եւ յօժար կամքով» նրան ծառայելու մեր ցանկությունը։

Շատերը, դառնալով Եհովայի վկաներ, շարունակում են անսահման ուրախությամբ ծառայել Եհովային տարիներ շարունակ։ Այնուհանդերձ, որոշ քրիստոնյաներ, նախապես լավ ընթացք ունենալով հանդերձ, ժամանակի ընթացքում մոռանում են, թե ինչից մղված են սկսել ծառայել Աստծուն։ Այդպիսի բան պատահե՞լ է քեզ։ Եթե այո, մի՛ հուսահատվիր։ Կորցրած սերը հնարավո՛ր է վերագտնել։ Ինչպե՞ս։

Խորհրդածիր ստացածդ օրհնությունների շուրջ

Նախ՝ խորհիր այն օրհնությունների շուրջ, որոնք ստանում ես Աստծուց ամեն օր։ Կարող ես խորհրդածել Եհովայի պարգևած բարիքների շուրջը. նրա արարչագործության զանազան պտուղները, որոնք մատչելի են բոլորին՝ անկախ իրենց սոցիալական կամ տնտեսական վիճակից, բնության միջոցով հայթայթած կերակուրն ու ջուրը, հարաբերական առողջությունը, որ ունես, Աստվածաշնչի ճշմարտության մասին գիտությունը և, ամենակարևորը՝ նվիրաբերությունն իր Որդու, որի մահով մեզ համար ճանապարհ է բացվել, որպեսզի մաքուր խղճով ծառայենք Աստծուն (Յովհաննէս 3։16; Յակոբոս 1։17)։ Որքան շատ խորհես Եհովայի բարության շուրջ, այնքան ավելի կբազմապատկվի քո գնահատանքը նրա հանդեպ։ Այդ ժամանակ սրտանց կմղվես ծառայել նրան՝ իր արած բոլոր բաների համար երախտագետ լինելով։ Անկասկած, նորից կվերապրես այնպիսի զգացումներ, ինչպիսիք սաղմոսերգուն ուներ։ Նա գրում է. «Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ. ....[հրաշքներդ և խորհուրդներդ] համարից շատ են» (Սաղմոս 40։5)։

Այս խոսքերն արձանագրել է Դավիթը. մի մարդ, որի կյանքը զերծ չէր խնդիրներից։ Դեռ երիտասարդ հասակում նա թափառական կյանքով էր ապրում, քանի որ չարակամ Սավուղ թագավորը և նրա թիկնապահները փորձում էին սպանել նրան (Ա Թագաւորաց 23։7, 8, 19–23)։ Դավիթը նաև անձնական թուլություններ ուներ, որոնց դեմ պետք էր պայքարել։ Դրա մասին նա նշում է 40–րդ սաղմոսում. «Անթիվ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. աւելի շատ են իմ գլխի մազերիցը» (Սաղմոս 40։12)։ Այո, Դավիթը դժվարություններ էր կրում, սակայն նա ամբողջությամբ չէր կլանվում դրանցով։ Նա, փոխանակ իր դժվարությունների վրա կենտրոնանալու, ուշադրությունը կենտրոնացրել էր Եհովայից ստացած օրհնությունների վրա և տեսնում էր, որ դրանք գերակշռում են։

Երբ զգում ես, որ քեզ կլանում են անձնական դժվարությունները կամ թերարժեքության զգացումը, կանգ առ մի պահ և, ինչպես Դավիթը, խորհրդածիր ստացածդ օրհնությունների շուրջ։ Անշուշտ, այդ օրհնությունների համար երախտագիտությունն է, որ մղել է քեզ նվիրվելու Եհովային. դրանց շուրջ խորհրդածելը նաև կօգնի վերագտնել կորցրած ուրախությունդ և գնահատանքով լի սրտով ծառայել Աստծուն։

Կարող են օգնել ժողովի հանդիպումները

Եհովայի օրհնությունների շուրջ խորհրդածելուց բացի՝ մենք նաև կարիք ունենք քրիստոնյա հավատակիցների հետ հաղորդակցվելու։ Քաջալերական է կանոնավորաբար հանդիպել այնպիսի անձանց, ովքեր՝ կին, տղամարդ թե երիտասարդ, սիրում են Եհովային և ծառայում նրան հաստատակամորեն։ Նրանց օրինակը կարող է ոգևորել մեզ, որպեսզի ամբողջ հոգով մասնակցենք Եհովայի ծառայությանը։ Թագավորության սրահում մեր ներկայությունն էլ կարող է քաջալերական լինել նրանց համար։

Երբ տուն ենք վերադառնում ծանր աշխատանքից հետո կամ հուսահատված վիճակում ենք լինում որոշակի խնդիրների պատճառով, հնարավոր է՝ հեշտ չլինի մտածել Թագավորության սրահ գնալու մասին։ Այդպիսի դեպքերում գուցե մեր նկատմամբ խիստ լինելու, այսպես ասած, մեր ‘մարմինը ճնշելու’ անհրաժեշտություն առաջանա, որպեսզի հնազանդվենք մեր հավատակիցների հետ հավաքվելու պատվերին (Ա Կորնթացիս 9։26, 27, ԱԹ; Եբրայեցիս 10։23–25)։

Եթե այդպես վարվելու անհրաժեշտություն առաջանա, պե՞տք է արդյոք եզրակացնել, թե անկեղծ չէ մեր սերը Եհովայի հանդեպ։ Երբե՛ք։ Վաղեմի հասուն քրիստոնյաները, որոնք անսահման սեր էին տածում Աստծո հանդեպ, մեծ ջանքեր էին գործադրում նրա կամքը կատարելու համար (Ղուկաս 13։24)։ Պողոս առաքյալը այդպիսի քրիստոնյաներից մեկն էր։ Նա անկեղծորեն արտահայտեց իր զգացումները՝ ասելով. «Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակւում իմ մէջ, այսինքն՝ իմ մարմնի մէջ, որովհետեւ կամենալը կար իմ մէջ, իսկ բարին գործելը՝ ոչ. որովհետեւ ոչ թէ անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմ կամենում» (Հռովմայեցիս 7։18, 19)։ Նա նաև ասաց կորնթացիներին. «Եթէ աւետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտաւորութիւն է դրուած իմ վրայ։ ....Եթէ կամովին եմ անում այդ, վարձ կայ ինձ համար, իսկ եթէ՝ ակամայ [«կամքիս հակառակ, միևնույն է», ՆԱ] ծանր պարտականութիւն է ինձ յանձնուած» (Ա Կորնթացիս 9։16, 17)։

Մեզանից շատերի նման՝ Պողոսը մեղավոր հակումներ ուներ, որոնք հակառակ էին ճիշտը գործելու իր ցանկությանը։ Այնուամենայնիվ, նա ուժեղ պայքար էր մղում այդ հակումների դեմ և հիմնականում հաջողության էր հասնում։ Իհարկե, Պողոսն այդ ամենը իր ուժերով չէ, որ կարողանում էր անել։ Նա գրում է. «Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։13)։ Եհովան՝ Պողոսին ուժ տվողը, քեզ նույնպես կզորացնի, եթե ճիշտը անելու համար խնդրես նրա օգնությունը (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Այսպիսով՝ ‘պայքարիր հավատի համար’, և Եհովան կօրհնի քեզ (Յուդա 3)։

Այդ պայքարում դու մենակ չես։ Եհովայի վկաների ժողովի քրիստոնյա հասուն երեցները, որոնք շարունակ ‘պայքարում են հավատի համար’, պատրաստ են քեզ օգնելու։ Օգնության համար նրանցից որևէ մեկին դիմելով՝ դու քաջալերություն կստանաս (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Նա ամեն կերպ կձգտի գործել «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս» (Եսայիա 32։2)։

«Աստուած սէր է», և նա կամենում է, որ մենք էլ սիրուց մղված ծառայենք իրեն (Ա Յովհաննէս 4։8)։ Եթե զգում ես, որ Աստծո հանդեպ սերդ հարկավոր է բոցավառել, ապա անհրաժեշտ քայլեր ձեռնարկիր՝ գործելով վերևում տրված խորհուրդներին համապատասխան։ Այդպես վարվելով՝ երբեք չես զղջա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը