Պատերազմի վերքերը բուժվում են
Աբրահամը 20 տարի շարունակ ծառայում էր պարտիզանական բանակումa։ Բայց այժմ նա դադարել է կռվել և այլևս պատերազմելու չի գնում։ Իրականում, իր նախկին թշնամիներից մի քանիսն այսօր իր ամենամտերիմ ընկերներն են։ Ի՞նչը փոխեց նրա կյանքը. Աստվածաշունչը։ Այն Աբրահամին հույս տվեց և օժտեց խորաթափանցությամբ՝ օգնելով նրան մարդկային ընդհարումներին նայել Աստծո տեսանկյունից։ Աստվածաշունչն ի չիք դարձրեց պատերազմելու նրա ցանկությունը, ու նա սկսեց բուժվել իր վշտերից, ցավերից, ատելության զգացումից ու հոգեկան տառապանքներից։ Նա հասկացավ, որ Աստծո Խոսքն ամենազորեղ դեղամիջոցն է սրտի համար։
Աստվածաշունչն ինչպե՞ս է օգնում մարդուն՝ բուժվելու էմոցիոնալ վերքերից։ Ճիշտ է, Աբրահամը չէր կարող փոխել իր անցյալը, բայց Աստծո Խոսքը կարդալով ու խորհելով՝ նա սկսեց իր մտածելակերպը ներդաշնակեցնել Արարչի մտածողության հետ։ Այժմ նա ունի ապագայի հույս, և նոր հեռանկարներ են սպասում նրան։ Այն, ինչը կարևոր է երևում Աստծո աչքին, նշանակություն է ստացել նաև իր համար։ Այս ամենի հետ զուգահեռ՝ իր սրտի վերքերը սկսեցին բուժվել։ Ահա թե ինչպես Աբրահամին օգնության ձեռք մեկնվեց, և նա փոխվեց։
Մխրճված՝ քաղաքացիական պատերազմի մեջ
Աբրահամը ծնվել էր 1930–ական թ.–ին Աֆրիկայում։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո նրա հայրենիքը գտնվում էր հզոր հարևաններից մեկի տիրապետության տակ, բայց Աբրահամի հայրենակիցներից շատերը անկախության էին ձգտում։ 1961 թ.–ին մյուսների հետ նա էլ միացավ անկախության շարժմանը, որը պարտիզանական պայքար էր մղում այդ հզոր հարևանի դեմ։
«Նրանք մեր թշնամիներն էին։ Նրանք ծրագրել էին սպանել մեզ, ուստի մենք էլ որոշում ընդունեցինք նրանց սպանել»,— պատմում է Աբրահամը։
Աբրահամի կյանքը հաճախ էր վտանգների ենթարկվում, ուստի 1982 թ.–ին՝ 20 տարի զինված պայքար մղելուց հետո, նա փախավ Եվրոպա։ Երբ մոտ 50 տարեկան էր, Աբրահամը ետադարձ հայացք նետեց իր ապրած տարիներին. ո՞ւր մնացին իր երազները, ի՞նչ է բերելու ապագան։ Ապա նա հանդիպեց Եհովայի մի քանի վկաների ու սկսեց հաճախել նրանց ժողովի հանդիպումներին։ Նա հիշեց, որ տարիներ առաջ՝ Աֆրիկայում, կարդացել էր Վկաների կողմից իրեն տրված մի թերթիկ։ Այնտեղ նկարագրված էր գալիք երկրային դրախտը և երկնային այն կառավարությունը, որն իշխելու է ամբողջ մարդկության վրա։ Մի՞թե դա իսկապես ճիշտ էր։
Աբրահամը պատմում է. «Աստվածաշունչն ուսումնասիրելիս ես հասկացա, որ պատերազմի մեջ անցկացրած բոլոր տարիներս իզուր էին։ Աստծո Թագավորությունն է այն միակ կառավարությունը, որը արդարացիորեն է վարվելու յուրաքանչյուր մարդու հետ»։
Աբրահամի մկրտվելուց և Եհովայի վկա դառնալուց կարճ ժամանակ անց Ռոբերտ անունով մի մարդ Աֆրիկայից փախավ հենց այն եվրոպական երկիրը, որտեղ ապրում էր Աբրահամը։ Ռոբերտն ու Աբրահամը կռվել էին նույն պատերազմում, սակայն՝ իրար հակառակորդ բանակներում։ Ռոբերտը հաճախ էր խորհել կյանքի իմաստի շուրջ։ Նա հավատ ունեցող մարդ էր ու որոշ հատվածներ էր կարդացել Աստվածաշնչից. գիտեր, որ Աստծո անունը Եհովա է։ Երբ այն ժողովի Վկաները, ուր հաճախում էր Աբրահամը, առաջարկեցին օգնել Ռոբերտին խորացնել աստվածաշնչյան իր գիտելիքները, նա պատրաստակամորեն համաձայնվեց։
Ռոբերտը պատմում է. «Հենց սկզբից ինձ տպավորեց, թե Վկաներն ինչպես են օգտագործում Եհովայի և Հիսուսի անունները՝ ընդունելով, որ նրանք երկու տարբեր անձեր են։ Սա հենց այն էր, ինչն ինձ արդեն հայտնի էր Աստվածաշնչից։ Բացի այդ, Վկաները կոկիկ էին հագնվում ու բարեհամբույր էին ուրիշ ազգերի մարդկանց նկատմամբ։ Այս ամենը խորը տպավորություն թողեց ինձ վրա»։
Թշնամիները բարեկամանում են
Երբեմնի թշնամիներ Ռոբերտն ու Աբրահամը այժմ մտերիմ բարեկամներ են։ Նրանք ծառայում են Եհովայի վկաների նույն ժողովում որպես լիաժամ քարոզիչներ։ «Պատերազմի ընթացքում ես հաճախ զարմանում էի, թե ինչպես է հնարավոր, որ երկու հարևան երկրների բնակիչները, որոնցից շատերը պատկանում էին նույն կրոնին, ատեն մեկը մյուսին,— բացատրում է Աբրահամը։— Ես և Ռոբերտը միևնույն եկեղեցու անդամներ էինք, մինչդեռ գնում էինք կռվելու իրար դեմ։ Այսօր երկուսս էլ Եհովայի վկաներ ենք, ու մեր հավատն է, որ միացրել է մեզ»։
«Տարբերությունը նրանում է,— ավելացնում է Ռոբերտը,— որ մենք այժմ մի այնպիսի հավատի մեջ ենք, որը մեզ անկեղծ եղբայրության մի մասնիկն է դարձնում։ Մենք այլևս չենք կռվելու»։ Աստվածաշունչն իր զորեղ ազդեցությունն է թողել այս նախկին թշնամիների սրտերի վրա։ Ատելությունն ու վիշտը աստիճանաբար իրենց տեղը զիջել են վստահությանն ու բարեկամությանը։
Երբ Աբրահամն ու Ռոբերտը պատերազմում էին, այդ նույն ժամանակ մեկ այլ կոնֆլիկտային իրավիճակի մեջ էին գտնվում հարևան երկրների երկու երիտասարդ տղամարդիկ ևս։ Տեսնենք, թե Աստվածաշունչը զորավոր դեղամիջոցի նման ինչպես ազդեց նաև նրանց սրտերին։
Սպանել, հետո մեռնել հերոսի մահով
Գաբրիելին, որը մեծացել էր աստվածապաշտ ընտանիքում, սովորեցրել էին, որ իր հայրենիքում սուրբ պատերազմ է մղվում։ Հետևաբար, երբ նա դարձավ 19 տարեկան, կամավոր գրվեց զինվորական բանակ և խնդրեց իրեն ռազմաճակատ ուղարկել։ Տասներեք ամիս շարունակ նա կատաղի կռիվների մեջ էր, պատահում էր, որ թշնամուց ընդամենը մեկ ու կես կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ «Իմ մեջ հատկապես մի դեպք է տպավորվել,— պատմում է նա։— Մեր հրամանատարը հայտարարեց, որ այդ գիշեր թշնամին հարձակում է գործելու։ Մենք այնքան լարված էինք, որ ամբողջ գիշեր ականանետերից արկեր էինք արձակում»։ Հարևան երկրի ժողովրդի հանդեպ Գաբրիելը վերաբերվում էր ինչպես թշնամիների, որոնք մահվան էին արժանի։ «Նպատակս էր որքան հնարավոր է ավելի շատ մարդ սպանել, որից հետո իմ ընկերներից շատերի նման ուզում էի մեռնել հերոսի մահով»։
Սակայն, ժամանակի ընթացքում Գաբրիելը հիասթափություն ապրեց։ Նա փախավ լեռները, գաղտագողի անցավ սահմանը և գնաց մի չեզոք պետություն. իսկ այնտեղից ճանապարհ ընկավ Եվրոպա։ Նա շարունակ դիմում էր Աստծուն և ուզում էր իմանալ՝ ինչո՞ւ է կյանքն այդքան դաժան, արդյո՞ք դժվարությունները Աստծո տված պատիժն են։ Ապա նա ծանոթանում է Եհովայի վկաների հետ, որոնք նրան Աստվածաշնչում ցույց են տալիս այն խոսքերը, թե ինչու է այսօրվա կյանքը պրոբլեմներով լի (Մատթէոս 24։3–14; Բ Տիմոթէոս 3։1–5)։
Գաբրիելը որքան ավելի շատ բան էր իմանում Աստվածաշնչից, այնքան ավելի էր համոզվում, որ այն ճշմարտությունն է։ «Ես իմացա, որ կարող ենք հավիտյան ապրել դրախտ–երկրում։ Միանգամայն զարմանալի է, որ դա փափագել եմ վաղուց՝ դեռ մանուկ հասակից»։ Աստվածաշունչը մխիթարեց Գաբրիելին և սփոփեց նրա տառապած սիրտը։ Նա սկսեց ապաքինվել էմոցիոնալ ծանր վերքերից։ Ուստի, երբ մի օր Գաբրիելը հանդիպեց Դանիելին՝ իր նախկին թշնամուն, ատելության ոչ մի զգացում արդեն չուներ նրա հանդեպ։ Սակայն ի՞նչն էր դրդել Դանիելին մեկնել Եվրոպա։
«Եթե իրոք դու կաս, օգնի՛ր ինձ, խնդրում եմ»
Դանիելը մեծացել էր կաթոլիկների ընտանիքում և 18 տարեկան հասակում զորակոչվել բանակ։ Նրան ուղարկել էին կռվելու հենց նույն պատերազմում, ուր Գաբրիելն էր, միայն թե՝ հակառակորդի կողմում։ Ռազմաճակատում նա տանկ էր քշում, երբ այն հանկարծակի ռմբակոծվեց։ Ընկերները մահացան, իսկ նա լուրջ վնասվածքներ ստացավ. այնուհետև գերի ընկավ։ Դանիելն ամիսներ անցկացրեց հիվանդանոցում, իսկ հետո՝ ճամբարներից մեկում, ապա արտաքսվեց մի չեզոք երկիր։ Մնալով միայնակ ու թշվառ կացության մեջ՝ նա որոշեց ինքնասպանության դիմել։ Հենց այդ ժամանակ էլ Դանիելը աղոթքով դիմեց Աստծուն. «Եթե դու իրոք կաս, օգնի՛ր ինձ, խնդրում եմ»։ Հաջորդ օրը ևեթ Եհովայի վկաներն այցելեցին նրան և պատասխանեցին նրա մի շարք հարցերին։ Ի վերջո, նա փախստականի կարգավիճակով ճանապարհ ընկավ դեպի Եվրոպա։ Դանիելը վերականգնեց կապը Եհովայի վկաների հետ ու սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Իր սովորած բաները թեթևացրին նրա անհանգստությունն ու վիշտը։
Այսօր Դանիելն ու Գաբրիելը լավ բարեկամներ են՝ միացած մեկ հոգևոր եղբայրության մեջ՝ որպես Եհովայի վկաներ։ «Աստվածաշնչի գիտելիքները և Եհովայի հանդեպ ունեցած իմ սերը օգնեցին հասկանալ, թե նա ինչ է արել մեզ համար։ Դանիելն այլևս իմ թշնամին չէ։ Տարիներ առաջ ես առանց վարանելու կսպանեի նրան։ Բայց Աստվածաշունչն ինձ սովորեցրեց ճիշտ հակառակը՝ պատրաստ լինել մինչև անգամ մեռնելու նրա համար»,— պատմում է Գաբրիելը։
«Ես տեսնում էի, թե ինչպես են տարբեր կրոնների ու ազգությունների մարդիկ սպանում իրար,— հիշում է Դանիելը։— Պատերազմի հակամարտող կողմերում կռվող միևնույն կրոնին պատկանող մարդիկ նույնպես սպանում էին միմյանց։ Այդ ամենը տեսնելով՝ Աստծուն էի մեղադրում։ Այժմ ես գիտեմ, որ Սատանան է կանգնած այդ պատերազմների ետևում։ Ես ու Գաբրիելն այսօր հավատակիցներ ենք։ Մենք այլևս չենք կռվելու»։
«Կենդանի է Աստծու խօսքը, ազդու»
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Աբրահամը, Ռոբերտը, Գաբրիելն ու Դանիելը աչքառու փոփոխություններ կատարեցին իրենց կյանքում։ Ինչպե՞ս նրանց հաջողվեց իրենց սրտերից դուրս վանել խորը արմատավորված ատելությունն ու վիշտը։
Այս մարդկանցից յուրաքանչյուրը կարդաց, խորհեց Աստվածաշնչի շուրջ ու սովորեց այն ճշմարտությունը, որը ‘կենդանի է և ազդու’ (Եբրայեցիս 4։12)։ Աստծո Խոսքի հեղինակը մարդկության Ստեղծիչն է, որը գիտի, թե ինչպես կարելի է լավագույն ձևով հասնել այն մարդու սրտին, ով ուզում է լսել և սովորել։ «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար»։ Մեկ անգամ ընդմիշտ թույլ տալով, որ Աստվածաշունչն իրեն առաջնորդի՝ այն կարդացողը ձեռք է բերում նոր արժեքներ ու չափանիշներ։ Նա սկսում է ծանոթանալ Եհովայի տեսակետի հետ։ Իսկ դա նրան մեծ օգուտներ է բերում, ինչպես նաև՝ ապաքինում պատերազմի հասցրած վերքերը (Բ Տիմոթէոս 3։16)։
Աստծո Խոսքում բացատրվում է, որ ազգային, ռասայական կամ էթնիկական ոչ մի խումբ մյուսից առավելություն չունի։ «Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան»։ Այս խոսքերը կարդացողին և ընդունողին օգնության ձեռք է մեկնվում, որպեսզի նա կարողանա աստիճանաբար հաղթահարել ռասայական և ազգային հողի վրա առաջացած ատելության զգացումները (Գործք 10։34, 35)։
Աստվածաշնչի մարգարեությունները ցույց են տալիս, որ Աստված շուտով մարդկային կառավարման ներկա համակարգը փոխարինելու է Աստծո Մեսիական թագավորությամբ։ Իր կառավարության միջոցով է, որ Աստված «դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը»։ Պատերազմներին նպաստող և ժողովուրդներին իրար դեմ կռվի հրահրող բոլոր հաստատությունները վերացվելու են։ Պատերազմներին զոհ գնացած բոլոր մարդիկ հարություն են առնելու, և նրանց հնարավորություն է տրվելու ապրել դրախտ–երկրում։ Այլևս ստիպված չենք լինելու փախչել պատերազմի ինչ–որ սադրիչի կամ հարստահարիչի ձեռքից (Սաղմոս 46։9; Դանիէլ 2։44; Գործք 24։15)։
Այն ժամանակ ապրող մարդկանց մասին Աստվածաշունչը գրում է. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ.... Նրանք պիտի դարտարկ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար»։ Անբուժելի վերքերը կամ վիրավորանքները անցյալի գիրկն են անցնելու։ Նման կյանքի հանդեպ հավատ դրսևորելը աստիճանաբար մարդկանց սրտերից դուրս է հանում վիշտն ու ցավը (Եսայիա 65։21–23)։
Աստծո Խոսքն իրոք որ ամենաազդու դեղամիջոցն է մարդկանց սրտերի համար։ Նրա ուսուցումներն արդեն իսկ բուժում են պատերազմի հասցրած վերքերը։ Նախկին թշնամիները միանում են համաշխարհային եղբայրության մեջ։ Այս բուժումը կշարունակվի նաև Աստծո կառավարման նոր համակարգում, մինչև որ ատելությունն ու հոգեկան ցավը, տառապանքն ու վիշտը մեկընդմիշտ անհետանան մարդկանց սրտերից։ Արարիչն ինքն է խոստանում, որ «առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան» (Եսայիա 65։17)։
[ծանոթագրություն]
a Հոդվածում որոշ անուններ փոխված են։
[մեջբերում 4–րդ էջի վրա]
«Աստվածաշունչն ուսումնասիրելով ես հասկացա, որ պատերազմների մեջ անցկացրած բոլոր տարիներս իզուր էին»։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Աստվածաշունչն ի զորու է փոխել մարդկանց սրտերը, որոնք նախկինում թշնամիներ են եղել։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Ատելությունն ու վիշտը աստիճանաբար իրենց տեղը զիջում են վստահությանն ու բարեկամությանը։
[մեջբերում 6–րդ էջի վրա]
Մեկ անգամ ընդմիշտ թույլ տալով, որ Աստվածաշունչն իրեն առաջնորդի, այն կարդացողը ձեռք է բերում նոր արժեքներ ու չափանիշներ։
[նկար 7–րդ էջի վրա]
Նախկին թշնամիներն այսօր միացած են միջազգային եղբայրության մեջ։
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Փախստականների ճամբար. UN PHOTO 186811/J. Isaac