Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 2/1 էջ 29–31
  • Տեսագետի ցանած սերմը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տեսագետի ցանած սերմը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Պահպանեցեք ձեր ուրախությունը՝ ծառայելով Եհովային
    2001 Դիտարան
  • «Ես ոչինչ էլ չէի փոխի»
    2002 Դիտարան
  • «Պատմությունը չի ստում»
    2012 Դիտարան
  • Տեսնո՞ւմ ես «Նրան, ով անտեսանելի է»
    2014 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 2/1 էջ 29–31

Տեսագետի ցանած սերմը

Ինչպե՞ս Ուկրաինայի Լվով քաղաքում ապրող տեսագետի ջանքերն օգնեցին Իսրայելի Հայֆա քաղաքի Եհովայի վկաների ռուսալեզու ժողովի կազմավորմանը. քաղաքներ, որոնք գտնվում են իրարից մոտ 2 000 կմ հեռավորության վրա, ինչպես ասում են՝ յոթ սարից այն կողմ։ Սա մի պատմություն է, որը հաստատում է Ժողովող 11։6–ում արձանագրված խոսքերի ճշմարտացիությունը. «Առաւոտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու»։

Այս դեպքը տեղի է ունեցել 1990 թ.–ին, երբ Էլլան՝ ազգությամբ հրեա մի կին, ապրում էր Լվով քաղաքում։ Էլլան ընտանիքի հետ միասին պատրաստվում էր արտագաղթել Իսրայել։ Նախքան մեկնելը Էլլան հանդիպեց մի տեսագետի, որը Եհովայի վկա էր։ Այդ ժամանակ Եհովայի վկաների գործունեությունն արգելված էր Ուկրաինայում։ Այնուհանդերձ, տեսագետը, առիթը բաց չթողնելով, սուրբգրային ճշմարտությունը հայտնեց Էլլային։ Վերջինս զարմացած էր մնացել՝ իմանալով, որ Աստված անուն ունի։ Հետաքրքրությունից մղված՝ Էլլան Աստվածաշնչի վերաբերյալ հոյակապ զրույց ունեցավ նրա հետ։

Էլլային այն աստիճանի տպավորեց այդ զրույցը, որ նա խնդրեց հաջորդ շաբաթ ևս հանդիպել. այսպես նրանց հանդիպումները շարունակվեցին։ Նրա հետաքրքրասիրությունը գնալով աճում էր, սակայն նա մի խնդիր ուներ. արագորեն մոտենում էր այն ժամանակը, երբ ընտանիքը պիտի մեկներ Իսրայել։ Իսկ Էլլան դեռ այնքա՜ն բաներ ուներ սովորելու։ Նախքան իր մեկնելը, մնացած ժամանակը լավագույն ձևով օգտագործելու նպատակով նա ցանկություն էր հայտնել ամեն օր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ Էլլան եկավ Իսրայել, թեպետ իսկույնևեթ ուսումնասիրությունը չվերսկսեց, սակայն ճշմարտության սերմերի արմատները դեռ մնացել էին նրա սրտում։ Հետևաբար, այդ տարվա վերջում նա նորից սկսեց լրջորեն Աստվածաշունչը ուսումնասիրել։

Պարսից ծոցում պատերազմ բռնկվեց. Իրաքը հրթիռներ էր արձակում Իսրայելի վրա։ Այդ իրավիճակը շատերին էր մտահոգում։ Օրերից մի օր խանութում Էլլան պատահաբար ռուսերեն լեզվով խոսակցություն լսեց. պարզվեց, որ դա մի ընտանիք էր, որը վերջերս էր Իսրայել ներգաղթել։ Թեև Էլլան դեռ նոր էր ուսումնասիրում Աստվածաշունչը, բայց, մոտենալով այդ ընտանիքին, հայտնեց նրանց խաղաղ աշխարհի մասին Աստվածաշնչում արձանագրված խոստումը։ Արդյունքում՝ այդ ընտանիքի անդամներից տատիկը՝ Գալինան, մայրը՝ Նատաշան, նրա որդի Սաշան (Արիելը) ու դուստրը՝ Իլանան, միանալով Էլլային, սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։

Չնայած իր բազմաթիվ փորձություններին՝ ընտանիքի անդամներից Սաշան առաջինն էր, որ մկրտվեց։ Թեև գերազանցիկ աշակերտ էր, բայց հեռացվեց դպրոցից այն պատճառով, որ քրիստոնեական իր խիղճը թույլ չէր տվել մասնակցել դպրոցական ծրագրով պարտադիր կերպով անցկացվող ռազմագիտության դասերին (Եսայիա 2։2–4)։ Սաշայի հարցը հասավ մինչև Երուսաղեմում գտնվող Իսրայելի գերագույն դատարան, որի համաձայնությամբ որոշվեց Սաշայի իրավունքները վերականգնել, որպեսզի նա կարողանար դպրոցն ավարտել։ Այդ դեպքը հայտնի դարձավ ողջ երկրով մեկ, և, արդյունքում, շատերը տեղեկացան Եհովայի վկաների հավատալիքների մասինa։

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Սաշան Եհովայի վկաների հետ միասին անցավ լիաժամ ծառայության։ Այսօր նա ծառայում է որպես հատուկ ռահվիրա և ժողովի երեց։ Սաշայի քույրը՝ Իլանան, միացել է նրան լիաժամ ծառայության մեջ։ Նրանց մայրն ու տատը, երկուսն էլ Վկաներ են։ Բայց տեսագետի ցանած սերմը ուրիշ պտուղներ էլ բերեց։

Այդ ընթացքում Էլլան հոգևոր առաջխաղացումներ ունեցավ և կարճ ժամանակ անց սկսեց տնետուն ծառայության մասնակցել։ Իր թակած հենց առաջին դռան մոտ Էլլան հանդիպեց Ֆաինային, որը վերջերս էր տեղափոխվել Ուկրաինայից։ Ֆաինան տառապում էր դեպրեսիայով։ Ավելի ուշ Էլլան իմացավ, որ նախքան իր դուռը թակելը, վշտացած կինը աղոթել էր Աստծուն. «Ես քեզ չեմ ճանաչում, սակայն եթե լսում ես, օգնիր ինձ»։ Ֆաինան և Էլլան ոգևորիչ զրույց ունեցան։ Ֆաինան շատ հարցեր էր տալիս և ուշադրությամբ մտածում իրեն տրված պատասխանների շուրջ։ Ժամանակի ընթացքում նա համոզվեց, որ Եհովայի վկաները սուրբգրային ճշմարտությունն են ուսուցանում։ Նա սովորում էր համալսարանում, բայց այնպես արեց, որ կարողանար ժողովին ու քարոզչությանը հնարավորին չափ ավելի շատ ժամանակ տրամադրել։ 1994 թ. մայիսին Ֆաինան մկրտվեց։ Ապա ռահվիրայական ծառայություն սկսեց՝ իր գոյությունն ապահովելու համար անցնելով կեսդրույքային աշխատանքի՝ համակարգիչների վրա։

1994 թ. նոյեմբերին Էլլան ծառայության ընթացքում հանկարծ իրեն վատ զգաց։ Հիվանդանոցում անալիզները ի հայտ բերեցին աղիքային խոցի արյունահոսություն։ Մինչև երեկո նրա հեմոգլոբինի տոկոսն իջավ մինչև 7,2–ի։ Իր հաճախած ժողովի երեցներից մեկը, որը Հիվանդանոցային կապի կոմիտեի նախագահն էր (ՀԿԿ), բժիշկներին տեղեկացրեց բուժման տարբեր մեթոդների մասին, որոնց ընթացքում արյան օգտագործման կարիք չի զգացվում։b Վիրահատությունը բարեհաջող կերպով կատարվեց առանց արյան ներարկման, և Էլլան ամբողջովին ապաքինվեց (Գործք 15։28, 29)։

Այս դեպքը մեծ ազդեցություն թողեց Էլլային բուժող գինեկոլոգի՝ Կառլի վրա, որը Գերմանիայում ծնված հրեա էր։ Նա մտաբերեց, որ Հոլոքոստից վերապրած իր ծնողները գիտեին Եհովայի վկաներին դեռևս համակենտրոնացման ճամբարներից։ Կառլը բազմաթիվ հարցեր տվեց Էլլային։ Թեև չափազանց զբաղված էր իր բժշկական գործերով, սակայն նա ժամանակ գտավ կանոնավորաբար ուսումնասիրելու համար Աստվածաշունչը։ Դրա հաջորդ տարին նա արդեն հաճախում էր քրիստոնեական ժողովներին։

Ուրեմն ի՞նչ պտուղներ բերեց տեսագետի ցանած սերմը։ Արդեն իմացանք, թե ինչ պատահեց Սաշայի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Ինչ վերաբերում է Էլլային, նա հատուկ ռահվիրայական ծառայության մեջ է։ Դուստրը՝ Ինան, որը վերջերս է ավարտել դպրոցը, ծառայում է որպես ռահվիրա։ Ֆաինան նույնպես հատուկ ռահվիրա է։ Իսկ Էլլային բուժող բժիշկը՝ Կառլը, այժմ Վկա է ու ծառայում է որպես ծառայողական օգնական և սուրբգրային զորեղ ճշմարտությունը պատմում է իր հիվանդներին և ուրիշներին։

Ռուսախոս էմիգրանտներից բաղկացած փոքրիկ խումբը, որը սկզբում պատկանում էր Հայֆայի իսրայելական ժողովին, այսօր դարձել է ռուսական եռանդուն ժողով՝ բաղկացած Թագավորության 120 քարոզիչներից։ Իսկ նման աճն իր հերթին արդյունք է այն բանի, որ տեսագետը սերմեր ցանելու մեջ ստեղծված առիթը բաց չթողեց։

[ծանոթագրություններ]

a Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Արթնացե՛ք»–ի 1994 թ. նոյեմբերի 8–ի համարը, էջ 12–15, ռուս.։

b Հիվանդանոցային կապի կոմիտեները, որոնք կազմակերպված են Եհովայի վկաների կողմից ու գործում են ողջ աշխարհով մեկ, օգնում են հիվանդին ու բուժանձնակազմին համաձայնության գալ։ Դրա հետ մեկտեղ՝ նրանք տեղեկություններ են տալիս բուժման այլընտրանքային մեթոդների մասին՝ հիմնված բժշկական վերջին հետազոտությունների արդյունքների վրա։

[քարտեզ 29–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ՈՒկրաինա

Իսրայել

[թույլտվությամբ]

Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.

[նկարներ 30–րդ էջի վրա]

Էլլան իր դստեր՝ Ինայի հետ

[նկար 31–րդ էջի վրա]

Հայֆայի ռուսախոս Վկաների երջանիկ խումբը. ձախից աջ՝ Սաշան, Իլանան, Նատաշան, Գալինան, Ֆաինան, Էլլան, Ինան ու Կառլը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը