Կենսագրություն
Ծառայում եմ այնտեղ, որտեղ կարիք կա
Պատմում է Ջեյմս Բերին
1939 թվականն էր։ Կյանքը Միացյալ Նահանգներում տնտեսական ճգնաժամի պատճառով խիստ ծանր էր, իսկ ողջ Եվրոպայի վրա պատերազմի մռայլ ամպեր էին կախված։ Ես ու կրտսեր եղբայրս՝ Բենետը, Միսսիսիպի նահանգից, որտեղ ապրում էինք, մեկնել էինք Հյուսթոն (Տեխաս)՝ աշխատանք փնտրելու։
Մի օր՝ ամռան վերջերին, ռադիոն հազիվ լսելի, խռպոտ ձայնով հայտարարեց, որ Հիտլերի զորքերը մտել են Լեհաստան։ «Արմագեդո՛նն է»,— բացականչեց եղբայրս։ Անմիջապես թողեցինք մեր գործերը ու շտապեցինք մոտակա Թագավորության սրահ։ Դա առաջին հանդիպումն էր, որին ներկա գտնվեցինք։ Բայց ինչո՞ւ հենց Թագավորության սրահ։ Թույլ տվեք պատմել։
Ես ծնվել եմ 1915 թ.–ին Միսսիսիպի նահանգի Հիբրոն քաղաքում։ Մենք ապրում էինք քաղաքամերձ ֆերմայում։ Աստվածաշունչ ուսումնասիրողները (ինչպես այդ ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները) տարին մեկ անգամ գալիս էին մեր կողմերը և որևէ մեկի տանը հանրային ելույթ ունենում։ Այդ այցելություններից ծնողներիս մի շարք աստվածաշնչյան գրականություն էր մնացել։ Ես ու Բենետը ծանոթացել էինք այդ գրականությանը և հասկացել, որ դժոխքը կրակոտ վայր չէ, հոգին մահանում է և արդարները հավիտյան ապրելու են երկրի վրա։ Սակայն դեռ շատ բան ունեինք սովորելու։ Դպրոցն ավարտելուցս կարճ ժամանակ անց ես ու եղբայրս մեկնեցինք Տեխաս՝ աշխատանք որոնելու։
Վկաները, որոնց հետ վերջապես կապ հաստատեցինք Տեխասում, հարցրին, թե արդյոք ռահվիրաներ ենք։ Մենք գաղափար անգամ չունեինք, որ ռահվիրաները Եհովայի վկաների լիաժամ քարոզիչներն էին։ Հետո նրանք հարցրին, թե կցանկանայինք արդյոք քարոզել։ «Իհարկե»,— պատասխանեցինք մենք։ Կարծում էինք՝ որևէ մեկին կկցեն մեզ, որպեսզի ցույց տա, թե ինչպես քարոզել, սակայն, դրա փոխարեն, ձեռքներս տվեցին տեղանքի քարտեզն ու ասացին՝ քարոզեք այստեղ։ Ես ու եղբայրս չգիտեինք, թե ինչպես են քարոզում, իսկ ամոթից կարմրելու միտք անգամ չունեինք։ Այնպես որ՝ տեղանքի քարտեզը փոստով ետ ուղարկեցինք ժողով ու վերադարձանք Միսիսիպի։
Աստվածաշնչի ճշմարտությունը արմատներ է ձգում մեր սրտերում
Տուն վերադառնալուց հետո գրեթե մեկ տարի շարունակ ամեն օր կարդում էինք Եհովայի վկաների գրականությունը։ Տանը էլեկտրականություն չկար, ուստի երեկոները կարդում էինք ճրագի լույսի տակ։ Այն օրերին շրջագայող վերակացուները այցելում էին հեռավոր վայրերում գտնվող Վկաներին՝ նրանց հոգևորապես ամրապնդելու նպատակով։ Մեզ այցելած վերկացուներից մեկը՝ Թեդ Կլեյնը, մեզ հետ տնետուն քարոզի էր դուրս գալիս՝ հաճախ ինձ ու Բենետին իր հետ վերցնելով։ Նա էլ հենց բացատրեց մեզ, թե ինչ է իրենից ներկայացնում ռահվիրայական ծառայությունը։
Որոշ ժամանակ եղբայր Կլեյնի հետ ընկերակցելուց հետո երկուսս էլ սկսեցինք մտածել, թե ինչ անել Աստծուն ավելի շատ ծառայելու համար։ Այսպիսով՝ 1940–ի ապրիլի 18–ին նա մկրտեց ինձ, Բենետին և մեր քրոջը՝ Վելվային։ Մեր ծնողները ներկա էին այդ օրը և իսկապես ուրախ էին մեզ համար։ Երկու տարի անց նրանք նույնպես մկրտվեցին։ Երկուսն էլ մինչև իրենց կյանքի վերջը հավատարիմ մնացին Եհովային։ Հայրս մահացավ 1956–ին, մայրս՝ 1975–ին։
Երբ եղբայր Կլեյնը հարցրեց, թե ինչ եմ մտածում ռահվիրայության մասին, պատասխանեցի, որ շատ կցանկանայի, սակայն ոչ փող ունեմ, ոչ հագուստ, և ընդհանրապես՝ ոչինչ չունեմ։ «Բարի,— պատասխանեց նա։— Այդ մասին ես կհոգամ»։ Այդպես էլ արեց։ Նախ՝ անձամբ ուղարկեց իմ ռահվիրայության դիմումի բլանկը։ Ապա ինձ ուղեկցելով Նոր Օռլեան՝ մեզանից մոտ 300 կմ հեռու, ցույց տվեց Թագավորության սրահի վերնահարկում գտնվող որոշ գեղեցիկ սենյակներ։ Դրանք ռահվիրաների համար էին։ Շատ չանցած արդեն այնտեղ էի գտնվում ու գործի էի անցել։ Նոր Օռլեանի Վկաներն օգնում էին ռահվիրաներին հագուստով, դրամով ու սնունդով։ Այն ժամանակ եղբայրները կերակուրը կա՛մ դնում էին դռան մոտ, կա՛մ էլ՝ անմիջապես սառնարանում։ Իսկ եղբայրներից մեկը, որը մոտակայքում ռեստորան ուներ, ժամանակ առ ժամանակ հրավիրում էր օրվա վերջում մնացած թարմ մթերքները՝ միսը, հացը, չիլին ու կարկանդակները վերցնելու։
Հարձակումների տակ
Շուտով ռահվիրայություն անելու նշանակում ստացա Ջեքսոնում (Միսիսիպի նահանգ)։ Ես ու ծառայակիցս (որն ինձանից տարիքով ավելի փոքր էր) ամբոխի կողմից մի քանի անգամ հարձակումների ենթարկվեցինք, ու տպավորությունն այնպիսին էր, որ կարծես թե տեղի իրավապահ մարմինները հովանավորում են նրանց։ Նույնը պատահեց նաև Միսիսիպիի Կոլումբուս քաղաքում։ Քանի որ քարոզում էինք բոլոր ազգերի ու ռասաների մարդկանց, որոշ սպիտակամորթներ ուղղակի ատում էին մեզ։ Շատերը վստահ էին, որ մենք խռովարարներ ենք։ Այդ կարծիքին էր նաև ծայրաստիճան հայրենասիրական մի կազմակերպության՝ «Ամերիկյան լեգեոնի» տեղական բաժանմունքի պետը։ Մի քանի անգամ նա գազազած ամբոխին մեր դեմ հրահրեց։
Կոլումբուսում առաջին անգամ մեզ վրա հարձակվեցին հենց փողոցում, երբ անցորդներին պարբերագրեր էինք առաջարկում։ Նրանք մեզ դեմ տվեցին խանութի ապակյա ցուցափեղկին։ Մարդիկ հավաքվեցին՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունենալու։ Շուտով ոստիկանությունը վրա հասավ և մեզ դատարան տարավ։ Ամբոխը մեզ հետևեց մինչև դատարանի շենքը և իշխանության այդ ներկայացուցիչների առջև հայտարարեց, որ կաշիներս փրկած կլինենք, եթե քաղաքից հեռանանք մինչև այսինչ օրը։ Հակառակ դեպքում՝ ստիպված կլինեինք առանց կաշվի մնալ։ Որոշեցինք, որ լավ կլինի, եթե միառժամանակ հեռանանք այնտեղից։ Սակայն մի քանի շաբաթ հետո վերադարձանք և կրկին անցանք մեր քարոզչական ծառայությանը։
Այս դեպքերից շատ ժամանակ չանցած՝ ութ տղամարդիկ մեզ ուժով իրենց ավտոմեքենաները նստեցրին ու քաղաքից դուրս տարան։ Անտառում մեզ մերկացրին ու գոտիովս երկուսիս էլ երեսուն հարված հասցրին։ Նրանք զինված էին և նույնիսկ պարաններ ունեին. պետք է ասեմ, որ լավ վախեցած էինք։ Արդեն մտածում էի, որ մեզ կկապեն ու գետը կնետեն։ Մեզ մոտ եղած գրականությունը պատառ–պատառ արեցին, իսկ պատեֆոնը, ծառի բնին հարվածելով, կտորների վերածեցին։
Լավ ծեծ տալուց հետո մեզ հրամայեցին հագնվել ու առանց ետ նայելու քայլել դեպի անտառի խորքը։ Քայլելիս իսկապես մտածում էինք, որ եթե ետ նայենք, ապա անպայման կկրակեն ու ոչ էլ կպատժվեն իրենց արարքի համար։ Բայց մի քանի րոպե անց լսեցինք մեքենաների շարժիչի ձայնը. նրանք հեռացան։
Մեկ ուրիշ անգամ, երբ գազազած ամբոխը կրկին սկսեց հետապնդել մեզ, ստիպված էինք հագուստներս փաթաթել մեր պարանոցներին և լողալով անցնել գետի մյուս ափը։ Այդ դեպքից շատ չանցած՝ ձերբակալվեցինք խռովություն բարձրացնելու մեղանդրանքով։ Նախքան դատական պրոցեսի սկսվելը՝ երեք շաբաթ անցկացրինք բանտում։ Այդ մասին ազդարարվեց ողջ Կոլումբուսով մեկ։ Մոտակա քոլեջի ուսանողներին նույնիսկ թույլատրվեց դասերը շուտ ավարտել՝ դատին ներկա գտնվելու համար։ Դատի օրը դատարանի շենքը լեփ–լեցուն էր մարդկանցով. միայն կանգնելու տեղ կար։ Նահանգի կողմից ցուցմունքներ էին տալու երկու հոգևորական, քաղաքագլուխը և ոստիկանությունը։
Փաստաբան Ջ. Կլարկը, որը Եհովայի վկա էր, և նրա գործընկերը ներկայացնելու էին մեզ երկուսիս։ Նրանք խնդրեցին, որ գործը փակվի խռովության վերաբերյալ բավարար փաստացի ապացույցներ չլինելու պատճառով։ Եղբայր Կլարկի հետ աշխատող փաստաբանը, թեև Եհովայի վկա չէր, մեր օգտին խոսող հզոր փաստեր ներկայացրեց։ «Մարդիկ ասում են,— ասաց նա,— որ Եհովայի վկաները խելագար են։ Խելագա՞ր են՝ ասում եք։ Թոմաս Էդիսոնն էլ էր խելագար»։ Ապա ցուցամատը պարզելով դեպի էլեկտրական լամպը՝ դիմեց ներկաներին. «Բայց նայեցե՛ք այնտեղ»։ Թոմաս Էդիսոնին, որը էլեկտրական լամպի գյուտարարն էր, հավանաբար, ոմանք համարում էին խելագար, սակայն ոչ ոք այսօր չի կարող վիճարկել նրա նվաճումները։
Վկայությունները լսելուց հետո շրջանային դատարանի նախագահող դատավորը, դիմելով դատախազին, հայտարարեց. «Դուք ոչ մի հստակ ապացույց չունեք նրանց խռովության մեջ մեղադրելու։ Իսկ նրանք իրավունք ունեն իրենց գործը շարունակելու։ Եվ քանի դեռ փաստեր չունեք նրանց դեմ, այլևս չբերեք այստեղ, ու մի խլեք ո՛չ նահանգի ժամանակն ու դրամը, ո՛չ էլ իմ ժամանակը»։ Հաղթանակը մերն էր։
Հետո դատավորը մեզ կանչեց իր սենյակը։ Նա հասկանում էր, որ ամբողջ քաղաքը դեմ է իր որոշմանը, ուստի զգուշացրեց մեզ. «Ինչ որ ես ասացի, դա համաձայն օրենքի էր, սակայն իմ խորհուրդը ձեզ՝ հեռացեք այստեղից, քանի դեռ ձեզ չեն սպանել»։ Գիտեինք, որ նա իրավացի է։ Շուտով թողեցինք քաղաքը։
Անմիջապես միացա Բենետին ու Վելվային, որոնք, որպես հատուկ ռահվիրա, ծառայում էին Կլարկսվիլում (Թենեսի)։ Մի քանի ամիս անց մենք երեքով նշանակում ստացանք Քենտուկիի Փարիզ քաղաքում։ Մեկ ու կես տարի հետո, երբ արդեն պատրաստ էինք ժողով կազմավորել այնտեղ, ես ու Բենետը անսպասելի հրավեր ստացանք։
Միսիոներական ծառայությունը
Ստանալով «Դիտարան» ընկերության «Գաղաադ» դպրոցի երկրորդ դասարանում սովորելու հրավերը՝ մեզ մի պահ թվաց, թե եղբայրները սխալվել են։ «Ինչո՞ւ պետք է երկու հասարակ միսիսիպցի տղաների հրավիրեն այդ դպրոց»,— մտածում էինք մենք։ Կարծում էինք, որ նրանց կրթված մարդիկ են պետք, բայց, ամեն դեպքում, մեկնեցինք։ Դասարանը բաղկացած էր հարյուր ուսանողներից, իսկ դասընթացները տևեցին ուղիղ հինգ ամիս։ Ավարտական երեկոն տեղի ունեցավ 1944 թ. հունվարի 31–ին։ Բոլորն էլ պատրաստ էին ծառայելու օտար երկրներում։ Սակայն այն ժամանակ անձնագրերին ու վիզային վերաբերող հարցերը լուծելու համար երկար ժամանակ էր պահանջվում, ուստի ուսանողները ժամանակավորապես նշանակվեցին հենց Միացյալ Նահանգներում։ Որոշ ժամանակ Ալաբամայում ու Ջորջիայում ռահվիրայություն անելուց հետո վերջապես նշանակում ստացանք ծառայելու Վեստ Ինդիայում՝ Բարբադոսում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին, և Եհովայի վկաների գործունեությունն ու գրականությունը շատ վայրերում, նաև Բարբադոսում, արգելված էր։ Մաքսատան ծառայողները, ստուգելով մեր ճամպրուկները, մի քանի կտոր գրականություն գտան, որ թաքցրել էինք մեր իրերի մեջ։ «Վերջներս եկավ»,— մտածեցինք, սակայն աշխատողներից մեկն ասաց. «Ներեցեք, որ ստուգում ենք ձեր ճամպրուկները. այս գրականության մի մասը արգելված է Բարբադոսում»։ Այնուհանդերձ, նա մեզ թույլ տվեց անցկացնել ողջ գրականությունը։ Ավելի ուշ, երբ վկայություն էինք տալիս իշխանություններին, նրանք հայտնեցին, որ չգիտեն, թե ինչու է գրականությունն արգելված։ Մի քանի ամիս հետո գրականության վրայից արգելքը հանվեց։
Բարբադոսում ծառայության մեջ բավականին մեծ հաջողությունների հասանք։ Յուրաքանչյուրս Աստվածաշնչի առնվազն տասնհինգ ուսումնասիրություն ուներ, իսկ ուսումնասիրողների մեծ մասը հոգևորապես լավ առաջադիմում էին։ Ուրախ էինք՝ տեսնելու, թե ինչպես են նրանցից ոմանք հաճախում ժողովի հանդիպումներին։ Բայց քանի որ գրականությունը միառժամանակ արգելված էր, եղբայրները լիարժեք պատկերացում չունեին, թե ինչպես են անցկացվում հանդիպումները։ Կարճ ժամանակի ընթացքում, սակայն, կարողացանք մի քանի ընդունակ եղբայրների օգնել այդ հարցում։ Մեծ բավականություն էր մեզ համար նաև օգնել քրիստոնեական ծառայություն սկսելու նրանց, ում հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, և տեսնել, թե ինչպես է ժողովը գնալով աճում։
Ընտանիքս
Տարիուկես էր, ինչ Բարբադոսում էի, երբ վիրահատության կարիք առաջացավ։ Ստիպված էի վերադառնալ Միացյալ Նահանգներ։ Այնտեղ էր գտնվում Դորոթի անունով մի քույր, որի հետ մինչ այդ նամակագրական կապ էի պաշտպանում։ Նահանգներում եղած ժամանակ մենք ամուսնացանք։ Դորոթիի հետ ռահվիրայություն սկսեցինք Ֆլորիդայի Թալահասի քաղաքում, սակայն վեց ամիս անց տեղափոխվեցինք Լուիսվիլ (Քենտուկի), որտեղ եղբայրներից մեկն ինձ աշխատանք էր առաջարկել։ Բենետը դեռ երկար տարիներ շարունակեց ծառայությունը Բարբադոսում։ Ավելի ուշ՝ ամուսնացավ մի միսիոներ քրոջ հետ, որից հետո շրջագայական ծառայությունը շարունակեց տեղի կղզիներում։ Ժամանակի ընթացքում առողջական խնդիրների պատճառով նրանք տեղափոխվեցին Նահանգներ, որտեղ շարունակեցին շրջագայական ծառայությունը իսպանախոս ժողովներում։ Բենետը մահացավ 1990–ին՝ յոթանասուներեք տարեկան հասակում։
1950–ին ծնվեց Դարելը՝ մեր առաջնեկ աղջիկը։ Հինգ երեխա ունեցանք՝ մեկ աղջիկ ու չորս տղա։ Մեր երկրորդ զավակը՝ Դերիկը, երկուսուկես տարեկանում մահացավ ողնաշարի մենինգիտից։ 1956–ին ծնվեց Լեսլին, 1958–ին՝ Էվերետը։ Ես ու Դորոթին մեր ուժերից եկած ամեն բան արել ենք մեր երեխաներին Աստվածաշնչի ճշմարտության ուղով դաստիարակելու համար։ Աշխատել ենք միշտ ունենալ Աստվածաշնչի շաբաթական ընտանեկան ուսումնասիրության մեր ծրագիրը ու այն հետաքրքիր ձևով անցկացնել երեխաների համար։ Երբ Դարելը, Լեսլին ու Էվերետը փոքր էին, նրանց համար ամեն շաբաթ հարցեր էինք պատրաստում, որոնց պետք է պատասխանեին հաջորդ շաբաթ։ Նաև նրանք ցույց էին տալիս, թե ինչպես կարելի է տնետուն քարոզի ժամանակ զրուցել տանտիրոջ հետ։ Մեկը մտնում էր հագուստի պահարանը ու տանտեր էր ձևանում, իսկ մյուսը կանգնում էր դրսում և թակում դուռը։ Ծիծաղելի բաներ էին անում իրար վախեցնելու համար, բայց այդ ամենը օգնում էր նրանց սիրել քարոզչությունը։ Մենք նրանց հետ նաև կանոնավորաբար քարոզի էինք դուրս գալիս։
Երբ 1973–ին ծնվեց մեր փոքր որդին՝ Էլթոնը, Դորոթին արդեն հիսուն տարեկան էր, իսկ ես՝ գրեթե վաթսուն։ Ժողովում մեզ կոչում էին Աբրահամ ու Սառա (Ծննդոց 17։15–17)։ Մեր ավագ որդիները Էլթոնին հաճախ իրենց հետ ծառայության էին տանում։ Մարդկանց համար մեծ վկայություն էր, երբ տեսնում էին, թե ինչպես են ընտանիքները՝ քույրերն ու եղբայրները, ծնողներն ու երեխաները միասին ծառայում՝ պատմելով ուրիշներին Աստվածաշնչի ճշմարտությունը։ Մեր տղաները իրենց եղբորը հերթով ուսերին էին առնում ու ձեռքը որևէ թերթիկ տալիս։ Հիմնականում մարդիկ հաճույքով էին լսում, երբ, տան դուռը բացելով, տեսնում էին այդ անուշիկ մանկիկին՝ իր մեծ եղբոր ուսերին նստած։ Տղաները սովորեցրել էին Էլթոնին զրույցը ավարտվելուց հետո թերթիկը մեկնել տանտիրոջը և մի քանի խոսք ասել։ Ահա թե ինչպես էր նա սկսել քարոզել։
Այսքան տարիների ընթացքում մենք ի վիճակի ենք եղել շատերին օգնել՝ ճանաչելու Եհովային։ 1970–ի վերջերին Լուիսվիլից տեղափոխվեցինք Շելբայվիլե (Քենտուկի)՝ ծառայելու այն ժողովներից մեկում, որտեղ ավելի մեծ անհրաժեշտություն կար։ Այնտեղ եղած ժամանակ մենք ոչ միայն ականատես դարձանք, թե ինչպես է աճում ու մեծանում ժողովը, այլև օգնեցինք հողակտոր գտնել և Թագավորության սրահ կառուցել։ Ավելի ուշ՝ մեզ խնդրեցին ծառայել ոչ շատ հեռու գտնվող մեկ այլ ժողովում։
Երեխաներն ընտրում են իրենց ճանապարհը
Շատ կուզեի ասել, որ մեր չորս երեխաներն էլ շարունակեցին քայլել Եհովայի ճանապարհով, սակայն դա այդպես չէ։ Երբ արդեն մեծ էին ու տեղափոխվել էին մեկ այլ տեղ ապրելու, նրանցից երեքը թողեցին ճշմարտության ուղին։ Էվերետը, սակայն, հետևեց իմ օրինակին ու լիաժամ ծառայություն սկսեց։ Հետագայում ծառայեց Եհովայի վկաների Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունում, իսկ 1984–ին հրավիրվեց սովորելու «Գաղաադ» դպրոցի 77–րդ դասարանում։ Ավարտելուց հետո նշանակում ստացավ Սիեռա Լեոնեում (Արևմտյան Աֆրիկա)։ 1988–ին Էվերետը ամուսնացավ Մարիան անունով բելգիացի մի ռահվիրա քրոջ հետ։ Մինչև այսօր երկուսն էլ միսիոներներ են։
Ինչ խոսք, ծնողները կհասկանան, թե որքան մեծ ցավ է մեզ պատճառել մեր երեք երեխաներին ճշմարտության ճանապարհից ետ կանգնած տեսնելը. չէ՞ որ այդ ճանապարհով քայլելը մեծ օրհնություններ է բերում ոչ միայն ներկա կյանքում, այլև հրաշալի ապագայի՝ դրախտ–երկրի վրա հավիտենական կյանքի հույս է տալիս։ Լինում են պահեր, երբ ինքս ինձ մեղադրում եմ։ Սակայն հետո մխիթարվում եմ՝ հասկանալով, որ նույնիսկ Եհովայի հոգևոր որդիները դադարեցին ծառայել նրան՝ չնայած Եհովայի սիրով ու բարությամբ տված դաստիարակությանը, և, չնայած այն բանին, որ նա երբեք չի սխալվում (Բ Օրինաց 32։4; Յովհաննէս 8։44; Յայտնութիւն 12։4, 9)։ Դրանից ես մի բան եմ հասկացել. որքան էլ որ ծնողները ջանք թափեն երեխաներին Եհովայի ճանապարհի վրա պահելու և լավագույն աստվածաշնչյան դաստիարակությունը տալու, այնուհանդերձ հնարավոր է, որ ոմանք թողնեն ճշմարտությունը։
Սաստիկ քամիների տակ մեջքը կորացած ծառի նման մենք էլ ենք ստիպված եղել հարմարվելու կյանքի տարբեր դժվարություններին ու խնդիրներին, որոնք ծառացել են մեր ճանապարհին։ Տարիների ընթացքում հասկացել եմ, որ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություններն ու ժողովի հանդիպումներն ինձ ուժ են տվել հոգևորապես կանգուն և առողջ մնալու։ Ետ նայելով անցած–գնացած տարիներին՝ նկատում եմ, թե որքան սխալներ եմ թույլ տվել կյանքում, սակայն փորձում եմ ծիծաղել դրանց վրա։ Ի վերջո, եթե հավատարիմ ենք մնում, նման փորձառությունները միայն նպաստում են մեր հոգևոր առաջադիմությանը։ Կյանքում պատահած ոչ ցանկալի դեպքերը կարող են որոշակի դրական կողմեր ունենալ, եթե աշխատենք դրանցից դաս քաղել (Յակոբոս 1։2, 3)։
Ես ու կինս այսօր այն ուժը չունենք Եհովայի ծառայության մեջ անելու, ինչպես որ առաջ էր։ Անչափ շնորհակալ ենք մեր սիրելի քրիստոնյա եղբայրների ու քույրերի ցուցաբերած օգնության համար։ Գրեթե ամեն հանդիպմանը եղբայրներն ասում են, թե որքան են գնահատում մեր ներկայությունը, օգնում են մեզ ցանկացած հարցում՝ լինի դա տանը, թե՝ դրսում։
Ժամանակ առ ժամանակ ենթառահվիրայություն ենք վերցնում և հետաքրքրվողների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Ամեն անգամ մեզ համար մեծ ուրախություն է, երբ լուր ենք ստանում մեր որդուց։ Հիմա Էվերետը ծառայում է Աֆրիկայում։ Այսօր էլ չենք դադարում անցկացնել մեր ընտանեկան ուսումնասիրությունը, թեև վաղուց արդեն երկուսով ենք մնացել։ Ուրախ ենք, որ մեր տարիներն անց ենք կացրել Եհովայի ծառայության մեջ։ Նա հավաստիացնում է, որ չի մոռանա մեր գործերն ու այն սերը, որ ցույց ենք տվել իր անվան համար (Եբրայեցիս 6։10, ԱԹ)։
[նկար 25–րդ էջի վրա]
Ինձ, Վելվային ու Բենետին մկրտում է Թեդ Կլեյնը (ապրիլի 18, 1940 թ.)։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Ես ու Դորոթին՝ 1940 և 1997 թվականներին
[նկար 27–րդ էջի վրա]
«Խաղաղության Իշխանը» հանրային ելույթի ազդագիրը Բարբադոսի քաղաքային ավտոբուսներից մեկի վրա
[նկար 27–րդ էջի վրա]
Բենետը՝ միսիոներական տան մոտ