Համաշխարհային ընկերակցություն, որտեղ հոգ են տանում մեկմեկու
Համատարած մարդկային բազմություն... կան ծերեր՝ ոմանք տկարությունից կքած ու հազիվ քայլող, կան հղի կանայք, երիտասարդ զույգեր՝ իրենց մանկիկների հետ։ Տղամարդ, կին թե երեխա՝ նրանք բոլորը քաղաքացիական պատերազմի, բնական աղետի կամ ուրիշ հանգամանքների թելադրանքով իրենց հայրենի օջախից զրկված փախստականներ են, ովքեր ապաստան են փնտրում հարևան երկրում։ Նրանց մեջ կան և այնպիսիները, որոնց կյանքում սա առաջին դեպքը չէ, երբ ստիպված են լինում լքել իրենց բնակության վայրը։ Բնական աղետի կամ քաղաքական վիճակի անկայունության սկզբնական նշանները երևալուն պես՝ նրանք իսկույն վերցնում են կենցաղային մի քանի իրեր, հավաքում են իրենց երեխաներին և ուղղություն վերցնում դեպի հյուրընկալ ափեր։ Հետագայում, երբ իրավիճակը կայունանում է, փախստականներից շատերը ետ են գալիս՝ վերականգնելու իրենց տները և ամեն ինչ սկսելու նորից։
Տարիներ շարունակ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության դռները բաց են եղել մի շարք երկրներից եկած փախստականների առջև։ Վերջերս, պատերազմական օջախի վերածված Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունից հազարավոր մարդիկ՝ այդ թվում նաև Եհովայի վկաներ, ստիպված եղան փախչել դեպի համեմատաբար ավելի ապահով Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն։
Եղբայրներն հասնում են օգնության
Տեղի Վկաները սիրով ձեռնամուխ եղան փախստականների համար հումանիտար օգնություն կազմակերպելու գործին։ Նրանք հոգ տարան իրենց երկիրը եկած քրիստոնյա եղբայրներին օթևանով ապահովելու մասին։ Սկզբում ապրելու տեղեր էին փնտրվում մասնավոր տներում, բայց անհրաժեշտ եղավ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել, քանի որ փախստականների թիվը գնալով աճում էր։ Թագավորության սրահներից մի քանիսը վերածվեցին իջևանատների։ Որպեսզի այնտեղ բնակվելը հարմար լիներ, տեղի Վկաները իսկույն գործի անցան. էլեկտրական հոսանքի ու ջրամատակարարման լրացուցիչ գծեր անցկացրին, ցեմենտապատեցին հատակը։ Փախստականներն իրենք էլ տեղի եղբայրների հետ կողք կողքի մասնակցում էին ժամանակավոր կացարանների ստեղծման այդ աշխատանքներին։ Սկսեցին լինգալա լեզվով անցկացվել քրիստոնեական ժողովի հանդիպումներ, որպեսզի ներգաղթածներն ապահովված լինեն կենսականորեն անհրաժեշտ հոգևոր կերակուրով։ Սերտ համագործակցությունը տեղի Վկաների և նրանց հյուր եկածների միջև հերթական վկայությունն էր այն բանի, որ իսկապես գոյություն ունի միջազգային եղբայրություն։
Միշտ չէ, որ փախստականների ընտանիքներին հաջողվում էր միասին տեղ հասնել։ Պատահում էր նաև, որ նրանք ստիպված էին լինում տարբեր խմբերով գալ ու միմյանց գտնել իրենց ճանապարհի վերջնակետում։ Թագավորության սրահներից յուրաքանչյուրում պահպանվում էին բարեհաջող տեղ հասած անձնավորությունների ցուցակները։ Միջոցներ էին ձեռնարկվում՝ գտնելու նրանց, ովքեր տեղ չէին հասել։ Երկրում Եհովայի վկաների գործունեությունը ապահովող մասնաճյուղը օրական երեք մեքենա էր ուղարկում՝ կորածներին փնտրելու, ինչպես նաև՝ դեռևս ճանապարհին գտնվողներին պետք եղած օգնությունը ցույց տալու համար։ Այդ մեքենաներն իսկույն կարելի էր ճանաչել, քանի որ նրանց վրա խոշոր տառերով գրված էր՝ «ԴԻՏԱՐԱՆ—Եհովայի վկաներ»։
Պատկերացրեք՝ ի՜նչ ուրախություն ապրեցին ծնողներից զատված յոթ փախստական երեխաներ՝ տեսնելով Եհովայի վկաներին պատկանող բեռնատարը։ Նրանք իսկույն վազեցին դեպի մեքենան և հայտնեցին իրենց ով լինելը։ Եղբայրները նրանց օգնեցին բարձրանալ ու տեղավորվել մեքենայում, ապա բերեցին Թագավորության սրահ, որտեղ և նրանք վերջապես միացան իրենց ընտանիքի մյուս անդամներին։
Ի՞նչն է այս անկեղծ քրիստոնյաներին օգնում հաղթահարել նման իրավիճակները, և այն էլ՝ բազմակի անգամներ. նրանք խորապես համոզված են, որ ներկայումս ապրում ենք Սուրբ գրություններում նշված վերջին օրերում (Բ Տիմոթէոս 3։1–5; Յայտնութիւն 6։3–8)։
Այդ իսկ պատճառով նրանք վստահ են նաև, որ շուտով Եհովան վերջ կդնի պատերազմներին, ատելությանը, բռնությանն ու անհաշտությանը։ Փախստականների պրոբլեմները անցյալի գիրկը կգնան։ Իսկ նախքան դա տեղի կունենա, վարվելով Ա Կորնթացիս 12։14–26–ում Պողոս առաքյալի ասածին ներդաշնակ՝ Եհովայի վկաները ջանում են ամեն կերպ հոգ տանել իրար։ Չնայած այն բանին, որ նրանց իրարից անջատում են բազում գետեր, սահմաններ, լեզուներ ու տարածքներ, միևնույն է, դա չի կարող արգելք հանդիսանալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանք իսկույն օգնության հասնեն կարիքի մեջ հայտնվածին (Յակոբոս 1։22–27)։
[քարտեզ 30–րդ էջի վրա]
(Աբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱՖՐԻԿԱ
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն
Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն
[նկար 30–րդ էջի վրա]
Թագավորության սրահներ՝ վերածված ընդունման կենտրոնի
[թույլտվությամբ]
Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկար 31–րդ էջի վրա]
Շտապ կարգով տեղադրվեցին խոհանոցային հարմարություններ
[նկար 31–րդ էջի վրա]
Փախստականների թիվը գնալով աճում էր
[նկար 31–րդ էջի վրա]
Նոր ծնված, բայց արդեն՝ փախստական