Ծառեր, որոնք դիմանում են ժամանակի փորձությանը
Ժայռերը ամենևին էլ իդեալական վայրեր չեն բնակության համար, հատկապես, եթե դրանք գտնվում են բարձր լեռներում։ սակայն, չնայած առերեվույթ անբարենպաստ պայմաններին, որոշ ալպիական ծառեր ամուր կառչած են այդպիսի ժայռերին՝ դիմագրավելով ձմռան սառնամանիքն ու ամռան երաշտը։
Սովորաբար այս դիմացկուն ծառերն այնքան էլ մեծ չեն, որքան որ հարթավայրերում աճող նրանց մյուս տեսակները։ Նրանց բունը կարող է լինել խիլավոր և ծուռումուռ, և այդ ծառերը բավականին կարճահասակ են։ Դրանց մի մասը նույնիսկ ասես գաճաճ ծառեր լինեն՝ ձևավորված և խուզված խիստ կլիմայի և անբերրի հողի պատճառով։
Քանի որ այս ծառերը գտնվում են երկրի չափազանց անհյուրընկալ մի միջավայրում, գուցե մտածեք, թե նրանց կյանքի տևողությունը կարճ է։ Սակայն իրողությունը միանգամայն հակառակն է։ Ոմանք պնդում են, թե Մաթուսաղան (երկարակյաց մի սոճի), որն աճում է 3 000 մետր բարձրության վրա՝ Կալիֆոռնիայի Ուայթ Մաունթինս լեռներում, 4 700 տարեկան է։ 1997 թ.–ին Գինեսի գրքում գրանցվեց ծառի այս նմուշը՝ որպես Երկրի վրա գոյություն ունեցող ամենահին ծառը։ Էդմունդ Շուլմենը, որը հետազոտել է այսպիսի հինավուրց ծառեր, բացատրում է. «Թվում է, թե այս երկարակյաց սոճիներն այդքան երկար են ապրում՝ շնորհիվ անբարենպաստ պայմանների։ Ուայթ Մաունթինս լեռներում հին սոճիները հանդիպում են մոտ 3 000 մետր բարձրության վրա՝ չոր, քարքարոտ վայրերում»։ Շուլմենը նաև հայտնաբերել է, որ սոճիների ուրիշ տեսակների ամենահին նմուշները նույնպես աճում են անհաջող պայմաններում։
Թեև նրանց հարկավոր է հաղթահարել անբարենպաստ պայմանները, այս դիմացկուն ծառերը մեծագույն օգուտ են քաղում իրենց ունեցած երկու առավելությունից։ Այն ամայի վայրում, որտեղ նրանք աճում են, բուսականությունը նոսր է, ինչը պահպանում է հրդեհից՝ հասուն ծառին սպառնացող ամենամեծ վտանգից։ Եվ նրանց արմատներն այնքան ամուր են կառչած ժայռին, որ միայն երկրաշարժի դեպքում կարող են տեղաշարժվել։
Աստվածաշնչում Աստծո հավատարիմ ծառաները համեմատվում են ծառերի հետ (Սաղմոս 1։1–3; Երեմիա 17։7, 8)։ Նրանք էլ են անբարենպաստ պայմանների դիմադրում այն հանգամանքների պատճառով, որոնցում որ գտնվում են։ Հալածանքները, վատառողջությունը, ճնշող չքավորությունը կարող են նրանց հավատը խիստ փորձության ենթարկել, հատկապես երբ դրանք շարունակվում են տարիներ։ Այնուամենայնիվ, Արարիչը, որը ծառերին այնպես է ստեղծել, որ դիմանան անբարենպաստ պայմաններին, հավաստիացնում է իր երկրպագուներին, որ կպաշտպանի նրանց։ Աստվածաշունչը խոստանում է, որ նրանց, ովքեր իրենց հավատի մեջ հաստատ են մնում, Աստված «պիտի կազդուրէ, զօրացնէ եւ ամուր հիմերու վրայ հաստատէ» (Ա Պետրոս 5։9, 10, ՆԿ–ի ՆԱԹ)։
Հունարեն այն բառը, որն Աստվածաշնչում հաճախ թարգմանված է «համբերել», իր մեջ «հաստատուն մնալու, դիմանալու կամ տոկալու» իմաստն է կրում։ Ինչ վերաբերում է ալպիական ծառերին, ապա նրանց լավ արմատավորման շնորհիվ է, որ նրանք այդքան դիմացկուն են։ Քրիստոնյաները նույնպես պետք է լավ արմատավորված լինեն Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի հաստատ կանգնած մնան։ «Ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը,— գրել է Պողոսը,— այնպէս էլ ընթացէ՛ք նրանով՝ արմատաւորուած եւ կառուցուած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք նրա մէջ գոհութեամբ» (Կողոսացիս 2։6, 7)։
Պողոսը հասկանում էր հոգևոր ամուր արմատների առկայության անհրաժեշտությունը։ Նա ինքը պայքարում էր «մարմնի խայթի» դեմ և իր ծառայության ընթացքում համբերում էր դաժան հալածանքների (Բ Կորնթացիս 11։23–27; 12։7)։ Բայց նա համոզվեց, որ Աստծո ուժով կարող էր տոկալ բոլոր փորձություններին։ «Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց».— գրեց Պողոսը (Փիլիպպեցիս 4։13)։
Ինչպես երևում է Պողոսի կյանքի օրինակից, քրիստոնյայի տոկունությունը կախված չէ բարենպաստ պայմաններից։ Ալպիական ծառերի նման, որոնց հաջողվում է դարեր շարունակ դիմանալ խիստ կլիմային, մենք էլ կարող ենք հավատի մեջ անսասան մնալ, եթե արմատավորված ենք Քրիստոսի վրա և ապավինում ենք այն զորությանը, որը տալիս է Աստված։ Դեռ ավելին, եթե մինչև վերջ համբերենք, ինքներս կտեսնենք, թե ինչպես մեր վրա կիրագործվի Աստծո մեկ այլ խոստում՝ «իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն» (Եսայիա 65։22; Մատթէոս 24։13)։