Ունեցեք այնպիսի հավատ, ինչպիսին Աբրահամն ուներ
«Նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբրահամի որդիք» (Գաղատացիս 3։7, ԱԹ)։
1. Ինչպե՞ս ընդունեց Աբրամը իրեն բաժին ընկած նոր փորձությունը Քանանում։
ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈՎ Եհովային՝ Աբրամը հրաժարվեց Ուրի հարմարավետ կյանքից։ Հետագա տարիներին նրան բաժին ընկած նեղություններն ընդամենը ստվերն էին հավատի այն փորձության, որը նա տեսնելու էր Եգիպտոսում։ Աստվածաշնչում ասվում է. «Եւ այն երկրումը սով եղաւ»։ Ստեղծված իրավիճակը հեշտությամբ կարող էր վհատեցնել Աբրամին։ Սակայն, վհատվելու փոխարեն, նա գործնական քայլերի դիմեց ընտանիքի կարիքները հոգալու նպատակով։ «Աբրամն իջաւ Եգիպտոս այն տեղ պանդխտութեամբ բնակուելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրումը»։ Դժվար թե եգիպտացիների աչքից վրիպած լիներ, որ Աբրամը մեծ գերդաստանի տեր էր։ Կկատարե՞ր արդյոք Եհովան իր խոստումները և կպաշտպանե՞ր Աբրամին չարիքից (Ծննդոց 12։10; Ելից 16։2, 3)։
2, 3. ա) Ինչո՞ւ էր Աբրամը ծածկում իր կնոջ ինքնությունը։ բ) Տվյալ իրավիճակում ինչպե՞ս Աբրամը վերաբերվեց իր կնոջը։
2 Ծննդոց 12։11–13-ում կարդում ենք. «Եւ եղաւ երբ որ նա Եգիպտոսը մտնելու մօտեցաւ, իր կնոջը՝ Սարային ասեց. Ահա գիտեմ որ դու մի գեղեցիկ տեսքով կին ես։ Եւ անպատճառ երբ Եգիպտացիք քեզ տեսնեն, ասելու են՝ Սա նորա կինն է. եւ ինձ կ’սպանեն, բայց քեզ ողջ կ’թողեն. Ասիր թէ դու իմ քոյրն ես. որպէս զի քո պատճառովն ինձ համար լաւ լինի, եւ քո պատճառովն իմ անձն ապրի»։ Չնայած Սարան 65–ն անց կին էր, այնուամենայնիվ նա առաջվա պես շատ գեղեցիկ էր։ Այս հանգամանքն Աբրամի կյանքը վտանգի տակ էր դնումa (Ծննդոց 12։4, 5; 17։17)։ Իսկ որ շատ ավելի կարևոր էր, Եհովայի շահերն էին այս իրավիճակում հարցականի տակ դրվում, քանզի նա ասել էր, որ Աբրամի սերնդով են երկրի բոլոր ազգերը օրհնվելու (Ծննդոց 12։2, 3, 7)։ Քանի որ Աբրամը դեռ երեխա չուներ, ապա հույժ կարևոր էր, որ նա ողջ մնար։
3 Աբրամն իր կնոջ հետ նախօրոք պայմանավորվել էր որոշակի տակտիկա բանեցնելու մասին, այն է՝ ասել, որ Սարան իր քույրն է։ Ուշադրություն դարձրեք, որ, չնայած նահապետի հեղինակություն ունենալուն, նա չչարաշահեց իր դիրքը, այլ դիմեց կնոջ աջակցությանն ու պաշտպանությանը (Ծննդոց 12։11–13; 20։13)։ Աբրամը հիանալի օրինակ է թողել այսօրվա ամուսիններին իրենց գլխավորությունը սիրով կատարելու հարցում, իսկ Սարան իր հնազանդությամբ օրինակ է ծառայում մեր օրերի կանանց համար (Եփեսացիս 5։23–28; Կողոսացիս 4։6)։
4. Ինչպե՞ս պետք է վարվեն Աստծո ծառաներն այսօր, երբ իրենց եղբայրների կյանքը վտանգի տակ է լինում։
4 Սարան կարող էր ասել, որ ինքը Աբրամի քույրն է, քանի որ իրոք նրա կես–քույրն էր (Ծննդոց 20։12)։ Բացի այդ, Աբրամը պարտավոր չէր տեղեկություն հայտնել նրանց, ովքեր իրավունք չունեին այն ստանալու (Մատթէոս 7։6)։ Աստծո ներկայիս հավատարիմ ծառաները հետևում են Աստվածաշնչի «ազնիվ լինել» պատվիրանին (Եբրայեցիս 13։18)։ Օրինակ՝ դատարանում երդում տալով՝ նրանք երբեք չեն ստի։ Երբ իրենց եղբայրների ֆիզիկական կամ հոգևոր կյանքին վտանգ է սպառնում, ինչպես օրինակ, հալածանքների կամ քաղաքացիական անկարգությունների ժամանակ, նրանք հետևում են Հիսուսի խորհրդին, այն է՝ «խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման» (Մատթէոս 10։16; տեսեք «Դիտարան», 1997, մարտի 1, էջ 19, պարբ. 19)։
5. Ինչո՞ւ Սարան պատրաստակամորեն հնազանդվեց Աբրամի խնդրանքին։
5 Ինչպե՞ս արձագանքեց Սարան Աբրամի խնդրանքին։ Պետրոս առաքյալը խոսում է Սարայի նման կանանց մասին՝ ասելով, որ նրանք «Աստծու վրայ յոյս դրած» են։ Հետևաբար Սարան կարող էր արժեվորել տվյալ իրավիճակի հետ կապված հոգևոր հարցերը։ Բացի այդ, նա սիրում և հարգում էր իր ամուսնուն։ Այսպիսով՝ նա ցանկացավ ‘հնազանդվել իր մարդուն’ և գաղտնի պահել իր ամուսնացած լինելը (Ա Պետրոս 3։5)։ Իհարկե, նման կերպով վարվելով՝ նա ինքն իրեն վտանգի տակ էր դնում։ «Երբոր Աբրամը Եգիպտոս մտաւ, Եգիպտացիք տեսան այն կինը, որ շատ գեղեցիկ էր։ Եւ Փարաւօնի իշխաններն էլ տեսան նորան եւ գովեցին նորան Փարաւօնի առաջին. եւ կինը տարուեցաւ Փարաւօնի տունը» (Ծննդոց 12։14, 15)։
Եհովան ազատում է
6, 7. Ի՞նչ տագնապալից իրավիճակում հայտնվեցին Աբրամն ու Սարան, և ինչպե՞ս Եհովան ազատեց Սարային։
6 Որքա՜ն տագնապահույզ պետք է լիներ այս իրավիճակն Աբրամի և Սարայի համար։ Ըստ երևույթին, Սարան բռնաբարության վտանգի տակ էր գտնվում։ Դեռ ավելին, փարավոնը, անտեղյակ լինելով Սարայի ամուսնացած լինելու մասին, բազմաթիվ նվերներ տվեց Աբրամին, այնպես որ նա «ոչխարներ ու արջառներ եւ էշեր ու ծառաներ եւ աղախիններ ու էգ էշեր եւ ուղտեր ստացաւ»b (Ծննդոց 12։16, Արևմտ. Աստ.)։ Ինչպիսի՜ քամահրանք էր հավանաբար զգում Աբրամն այս նվերների նկատմամբ։ Որքան էլ որ դրությունը վատթարագույն թվար, Եհովան չէր թողել Աբրամին։
7 «Եւ Եհովան մեծ հարուածներով պատժեց Փարաւօնին եւ նորա տունը Աբրամի կնոջ Սարայի համար» (Ծննդոց 12։17)։ Ինչ–որ անհայտ ձևով այս ‘հարվածների’ պատճառի մասին ճշմարտությունը բացվեց փարավոնին, և նա անմիջապես արձագանքեց. «Փարաւօնը կանչեց Աբրամին, եւ ասեց. Այս ի՞նչ է որ արիր ինձ. ինչո՞ւ ինձ չ’յայտնեցիր, թէ նա քո կինն է։ Ինչո՞ւ համար ասացիր, թէ իմ քոյրն է. եւ ես նորան ինձ համար կին էի առնում. բայց հիմա ահա քո կինը, առ եւ գնա։ Եւ Փարաւօնը մարդկանցը պատուիրեց նորա մասին, եւ նորանք ճանապարհ դրին նորան եւ նորա կնոջը եւ նորա բոլոր ստացուածքը» (Ծննդոց 12։18–20; Սաղմոս 105։14, 15)։
8. Ինչպիսի՞ պաշտպանություն է քրիստոնյաներին խոստանում Եհովան այսօր։
8 Այսօր Եհովան երաշխիք չի տալիս, որ կպաշտպանի մեզ մահից, հանցագործությունից, սովից կամ բնական աղետներից։ Նա խոսք է տվել, որ միշտ կպահպանի մեզ այն ամենից, ինչը կարող է վտանգել մեր հոգևոր վիճակը (Սաղմոս 91։1–4)։ Նա գլխավորապես դա անում է՝ ժամանակին նախազգուշացումներ ապահովելով իր Խոսքի ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով (Մատթէոս 24։45)։ Իսկ ի՞նչ կարելի ասել այն մասին, երբ մեզ հալածում են, և մահվան սպառնալիքի առջև ենք կանգնած։ Թեև Աստված թույլ է տալիս, որ առանձին անհատներ մահանան, նա երբեք թույլ չի տա իր ժողովրդի բնաջնջումը՝ որպես մեկ ամբողջության (Սաղմոս 116։15)։ Եվ եթե մահը խլում էլ է հավատարիմներին, ապա կարող ենք վստահ լինել, որ նրանք հարություն կառնեն (Յովհաննէս 5։28, 29)։
Զոհողություն՝ հանուն խաղաղության
9. Ի՞նչն է ցույց տալիս, որ Աբրամը բնակություն չհաստատեց Քանանում։
9 Հավանաբար սովը Քանանում վերջացել էր, և «Աբրամ իր կնոջ հետ ու իր բոլոր ունեցածներով Եգիպտոսէն դէպի Քանանի հարաւակողմը [«Նեգեբ», ՆԱ; Հուդայի լեռներից հարավ ընկած կիսաչորային շրջան] գնաց ու Ղովտ ալ իրեն հետ։ Աբրամ շատ հարուստ էր անասուններով, արծաթով ու ոսկիով» (Ծննդոց 13։1, 2, Արևմտ. Աստ.)։ Այսպիսով՝ տեղացիները տեսնելու էին, որ նա հարուստ ու ազդեցիկ մարդ է, հզոր իշխան (Ծննդոց 23։6)։ Աբրամը չէր ցանկանում հաստատվել Քանանում և ներգրավվել նրա քաղաքական անցուդարձին, ուստի «իր իջեւաններովը գնաց հարաւային կողմիցը մինչեւ Բեթէլ, այն տեղը ուր որ էր առաջ իր վրանը, Բեթէլի եւ Գայիի մէջտեղը»։ Ինչպես միշտ, Աբրամը, ուր էլ որ գնար, Եհովայի երկրպագությունը առաջին տեղում էր դնում (Ծննդոց 13։3, 4)։
10. Ի՞նչ խնդիր առաջացավ Աբրամի հովիվների և Ղովտի հովիվների միջև, և ինչո՞ւ էր կարևոր, որ այն արագորեն լուծվեր։
10 «Եւ Ղովտն էլ որ Աբրամի հետ գնացել էր, ունէր ոչխարներ եւ արջառներ եւ վրաններ։ Եւ այն երկիրը բաւական չէր նորանց միասին բնակուելու համար. որովհետեւ նորանց ստացուածքը շատ էր եւ չէին կարողանում միասին բնակուել։ Եւ կռիւ եղաւ Աբրամի անասունների հովիւների եւ Ղովտի անասունների հովիւների մէջ. եւ այն ժամանակ Քանանացիները եւ Փերեզացիները բնակվում էին այն երկրի մէջ» (Ծննդոց 13։5–7)։ Այդ երկրում չկային բավականաչափ ջրի պաշարներ և արոտավայրեր, որոնք կբավարարեին և՛ Աբրամի, և՛ Ղովտի հոտերին։ Այդ էր պատճառը, որ հովիվների միջև հարաբերությունները լարվեցին, և նրանք ծանր զգացումներ ունեցան։ Նման վիճաբանությունները վայել չէին ճշմարիտ Աստծո երկրպագուներին։ Եթե այդ խոսքակռիվները շարունակվեին, ապա մեծ խզում կառաջանար նրանց միջև։ Ինչպե՞ս, ուրեմն, պիտի վարվեր Աբրամը այս իրավիճակում։ Ղովտի հոր մահից հետո Աբրամը որդեգրել էր նրան և գուցե պահել–մեծացրել ինչպես հարազատ որդու։ Լինելով տարիքով ավելի մեծ՝ մի՞թե Աբրամը իրավունք չուներ լավագույն բաժինը ձեռք բերելու։
11, 12. Ի՞նչ առաջարկ մեծահոգաբար արեց Աբրամը Ղովտին, և ինչո՞ւ էր վերջինիս կայացրած որոշումն անխոհեմ։
11 Բայց «Աբրամն ասեց Ղովտին. Թող իմ ու քո մէջ եւ իմ հովիւների ու քո հովիւների մէջ կռիւ չ’լինի, ըստ որում մենք եղբարք ենք։ Բոլոր երկիրը առաջիդ չէ՞. բաժանուիր ինձանից. եթէ դու ձախ կողմը գնաս, ես աջ կողմը կ’գնամ, եւ եթէ դու աջ կողմը գնաս, ես ձախ կողմը կ’գնամ»։ Բեթելի շրջակայքը համարվել է «Պաղեստինի գեղեցիկ տեսարաններից մեկը»։ Գուցե հենց այդտեղից «Ղովտն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Յորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորն ջրած էր, Եհովան Սոդոմը եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ Սեգովր Եհովայի դրախտի պէս՝ Եգիպտոսի երկրի պէս էր» (Ծննդոց 13։8–10)։
12 Թեև Աստվածաշունչը Ղովտին համարում է «արդար», չգիտես ինչու, նա հարցի լուծումը չթողեց Աբրամին և, ինչպես երևում է, իրենից ավելի տարեց մարդուց խորհուրդ չհարցրեց (Բ Պետրոս 2։7)։ «Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը ընտրեց իր համար, եւ Ղովտը դէպի արեւելք չուեց. եւ միմիանցից բաժանուեցան։ Աբրամը Քանանի երկրումը բնակուեց. Ղովտն էլ դաշտի քաղաքներումը բնակուեց, եւ իր վրանը Սոդոմի մօտ բացաւ» (Ծննդոց 13։11, 12)։ Սոդոմը բարգավաճ և, նյութական տեսակետից, շահեկան քաղաք էր (Եզեկիէլ 16։49, 50)։ Թեև Ղովտի կատարած ընտրությունը, այդ տեսակետից, իմաստուն է թվում, հոգևոր տեսակետից՝ նա անխոհեմ քայլ կատարեց։ Ինչո՞ւ։ Քանի որ «Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղաւոր էին Եհովային առաջին», ինչպես ասվում է Ծննդոց 13։13–ում։ Ղովտի որոշումը՝ տեղափոխվել այդ վայրը, արդյունքում մեծ ցավեր էր պատճառելու նրա ընտանիքին։
13. Ինչպե՞ս է Աբրամի օրինակն օգնում այն քրիստոնյաներին, ովքեր գուցե ֆինանսական խնդիրներ ունեն հավատակցի հետ։
13 Աբրամն այս հարցում ցույց տվեց իր հավատը Եհովայի այն խոստման հանդեպ, որ ի վերջո իր սերունդներն էին ամբողջությամբ տիրելու այդ երկրին, և նա չսակարկեց մի փոքր հողակտորի համար։ Մեծահոգություն դրսևորելով՝ Աբրամը գործեց համաձայն այն սկզբունքի, որն ավելի ուշ գրվեց Ա Կորնթացիս 10։24–ում. «Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը»։ Սա լավ հիշեցում է նրանց համար, ովքեր գուցե ֆինանսական խնդիրներ ունեն հավատակցի հետ։ Ոմանք, Մատթէոս 18։15–17-ում գրված խորհրդին հետևելու փոխարեն, իրենց եղբայրներին դատարանի առջև են կանգնեցրել (Ա Կորնթացիս 6։1, 7)։ Աբրամի օրինակից երևում է, որ ավելի լավ է ֆինանսական կորուստներ կրել, քան Եհովայի անվանը նախատինք բերել կամ քրիստոնեական ժողովի խաղաղությունը խախտել (Յակոբոս 3։18)։
14. Ինչպե՞ս պիտի օրհնվեր Աբրամն իր մեծահոգության համար։
14 Աբրամին իր մեծահոգության համար օրհնություն էր սպասում։ Աստված հայտարարեց. «Քո սերունդը երկրի փոշու չափ եմ անելու. որ եթէ մէկը երկրի փոշին կարող է համարել, քո սերունդն էլ կ’համարուի»։ Որքա՜ն քաջալերական պիտի լիներ այս հայտնությունն անզավակ Աբրամի համար։ Այնուհետև Աստված պատվիրեց. «Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն» (Ծննդոց 13։16, 17)։ Ո՛չ, Աբրամին թույլ չէր տրվելու հարմարավետ քաղաքային կյանքով ապրել։ Նա պետք է հեռու մնար քանանացիներից։ Նման կերպով քրիստոնյաներն այսօր պետք է հեռու մնան աշխարհից։ Նրանք իրենք իրենց վեր չեն դասում մյուսներից, բայց սերտ հարաբերություններ էլ չեն հաստատում նրանց հետ, ովքեր կարող են իրենց ներքաշել ոչ սուրբգրային գործերի մեջ (Ա Պետրոս 4։3, 4)։
15. ա) Ի՞նչ իմաստ էին, հավանաբար, իրենց մեջ կրում Աբրամի ճանապարհորդությունները։ բ) Ի՞նչ օրինակ է Աբրամը թողել այսօրվա քրիստոնեական ընտանիքներին։
15 Աստվածաշնչյան ժամանակներում անհատը, նախքան որևէ սեփականություն ձեռք բերելը, իրավունք ուներ ստուգելու այն։ Տեղից տեղ շրջելը, հավանաբար, Աբրամին անընդհատ հիշեցնում էր այն մասին, որ մի օր այդ երկիրը իր հետնորդներինն է դառնալու։ Հնազանդություն ցուցաբերելով՝ «Աբրամը չուեց, եւ եկաւ եւ բնակուեց Մամբրէի կաղնիների մէջ, որ Քեբրոնումն է. եւ այն տեղ սեղան շինեց Եհովայի համար» (Ծննդոց 13։18)։ Մեկ անգամ ևս Աբրամը ցույց տվեց, որ առաջնային տեղ է հատկացնում երկրպագությանը։ Իսկ դուք արդյոք ձեր ընտանիքում առաջնայի՞ն տեղ եք հատկացնում ընտանեկան ուսումնասիրությանը, ընտանիքով աղոթելուն և հանդիպումներին հաճախելուն։
Թշնամական հարձակումներ
16. ա) Ինչո՞ւ են Ծննդոց 14։1–ի բացման խոսքերն իրենց մեջ չարագուշակ երանգ պարունակում։ բ) Ո՞րն էր չորս արևելցի թագավորների արշավանքի պատճառը։
16 «Եւ եղաւ Սենաարի Ամարփաղ թագաւորի, Ելլասարի Արիովք թագաւորի, Ելամիc Քոդողագոմոր թագաւորի, եւ Գոյիմի Թադգաղ թագաւորի ժամանակներումը» այն, որ այս թագավորները պատերազմեցին։ Եբրայերեն բնագրում բացման խոսքերը («Եւ եղաւ.... ժամանակներումը») չարագուշակ երանգ են պարունակում, որը մատնանշում է «փորձությունների մի շրջան՝ վերջացած օրհնությամբ» (ՆԱ, ծան.) (Ծննդոց 14։1, 2)։ Փորձությունը սկսվեց նրանով, որ այս չորս արևելցի թագավորներն իրենց բանակներով ավերիչ արշավանք ձեռնարկեցին Քանանի դեմ։ Ո՞րն էր նրանց նպատակը. ճնշել Սոդոմ, Գոմոր, Ադմա, Սեբոյիմ և Բաղա քաղաքների ապստամբությունը։ Կոտրելով այս հինգ քաղաքների դիմադրությունը՝ նրանք «ժողովուեցան Սիդդիմ ձորումը, որ է Աղի ծովը»։ Ղովտն իր ընտանիքով ապրում էր հենց այդ շրջանում (Ծննդոց 14։3–7)։
17. Ինչո՞ւ էր Ղովտի գերի տարվելն Աբրամի համար հավատի փորձություն հանդիսանում։
17 Թեև քանանացի թագավորները կատաղի դիմադրություն ցույց տվեցին զավթիչներին, բայցևայնպես նրանք ստորացուցիչ պարտություն կրեցին։ «Եւ նորանք առին Սոդոմի եւ Գոմորի բոլոր ստացուածքը, եւ նորանց բոլոր պաշարը, եւ գնացին։ Եւ Աբրամի եղբօր որդին Ղովտը եւ սորա բոլոր ստացուածքն էլ առին եւ գնացին, որովհետեւ նա Սոդոմումն էր բնակվում»։ Այս արհավիրքի լուրը շուտով հասավ Աբրամին. «Եւ մի ազատուած եկաւ եւ Եբրայեցի Աբրամին պատմեց եւ նա Եսքողի եղբայր եւ Աների եղբայր Ամօրհացի Մամբրէի կաղնիների մէջ էր բնակվում. որովհետեւ նորանք Աբրամի հետ դաշնակից էին։ Եւ.... Աբրամը լսեց, թե իր եղբայրը գերի տարուեցաւ» (Ծննդոց 14։8–14)։ Հավատի ինչպիսի՜ փորձություն։ Արդյո՞ք ծանր զգացումներ ունեցավ Աբրամն իր եղբորորդու նկատմամբ, որ վերջինս երկրի հենց այդ՝ լավագույն մասն էր ընտրել։ Նաև հիշենք, որ զավթիչները եկել էին իր հայրենիքից՝ Սենաարից։ Գնալ նրանց դեմ՝ կնշանակեր հավիտյան փակել տունդարձի ճանապարհը։ Եվ բացի այդ, ի՞նչ կարող էր անել Աբրամը մի բանակի դեմ, որին Քանանի միացյալ զինված ուժերը չկարողացան դիմադրել։
18, 19. ա) Ինչպե՞ս կարողացավ Աբրամն ազատել Ղովտին։ բ) Ո՞վ արժանացավ այդ հաղթանակի փառքին։
18 Կրկին Աբրամը լիակատար վստահություն է ցույց տալիս Եհովայի հանդեպ։ Նա «իր տանը երեքհարիւր տասնեւութը վարժուած ծառաներին դուրս հանեց ու նորանց ետեւից գնաց մինչեւ Դան։ Եւ ինքն իր ծառաների հետ գիշերը գունդ գունդ նորանց վերայ յարձակուեց եւ յաղթեց նորանց. եւ քշեց նորանց մինչեւ Կոբա, որ Դամասկոսի ձախ կողմն է։ Եւ բոլոր ստացուածքը ետ բերաւ. եւ իր եղբայր Ղովտին էլ, եւ նորա ստացուածքն էլ ետ բերաւ, եւ կնիկներն ու ժողովուրդն էլ» (Ծննդոց 14։14–16)։ Մեծ հավատ դրսևորելով Եհովայի հանդեպ՝ Աբրամը դեպի հաղթանակ առաջնորդեց իր խիստ փոքրաթիվ զորքին՝ փրկելով Ղովտին ու նրա ընտանիքին։ Եվ ետ դարձի ճանապարհին Աբրամը հանդիպեց Մելքիսեդեկին՝ Սաղեմի թագավոր–քահանային։ «Սաղէմի թագաւոր Մելքիսեդեկը հաց եւ գինի դուրս բերաւ, եւ նա Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր։ Եւ օրհնեց նորան եւ ասեց. Օրհնեալ լինի Աբրամը երկնքի եւ երկրի Արարիչ Բարձրեալ Աստուածանից։ Եւ օրհնեալ լինի Բարձրեալ Աստուածը, որ քո թշնամիները քո ձեռքը մատնեց։ Եւ նա ամենիցը տասանորդ տուաւ նորան» (Ծննդոց 14։18–20)։
19 Այո՛, հաղթանակը Եհովայինն է։ Հավատ ցուցաբերելով՝ Աբրամը մեկ անգամ ևս տեսավ Եհովայի տված փրկությունը։ Ճիշտ է, Աստծո ժողովուրդն այսօր բառացի պատերազմներ չի մղում, սակայն ունենում է բազմաթիվ փորձություններ և դժվարություններ։ Մեր հաջորդ հոդվածը ցույց կտա, թե ինչպես կարող է Աբրամի օրինակն օգնել մեզ՝ դրանք հաջողությամբ հաղթահարելու։
[ծանոթագրություններ]
a Համաձայն «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանի (հրատարակել են Եհովայի վկաները, անգլ.)՝ «հնագույն պապիրուսներից մեկում հաղորդվում է մի փարավոնի մասին, որը հրամայել էր զինվորներին մի գեղեցկատես կնոջ խլել իր ամուսնուց, իսկ վերջինիս՝ սպանել»։ Ուստի Աբրամի երկյուղները չափազանցված չէին։
b Հագարը, որն ավելի ուշ դարձավ Աբրամի հարճը, գուցե այն աղախիններից էր, որոնք այդ ժամանակ տրվել էին Աբրամին (Ծննդոց 16։1)։
c Քննադատները պնդել են, թե Ելամը երբեք նման ազդեցություն չի ունեցել Սենաարի վրա, և Քոդողագոմորի հարձակման մասին արձանագրությունը կեղծիք է։ Աստվածաշնչյան արձանագրությանը թիկունք կանգնող հնագիտական փաստերի վերաբերյալ բանավեճի մասին տեսեք «Դիտարանի» 1989–ի դեկտեմբերի 1–ի համարում (էջ 4–7, ռուս.)։
Ուշադրություն դարձրի՞ք
• Ինչպե՞ս Քանանում եղած սովի պատճառով Աբրամի հավատը փորձության ենթարկվեց։
• Ինչպե՞ս են Աբրամն ու Սարան լավ օրինակ թողել ներկայիս ամուսինների ու կանանց համար։
• Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Աբրամը լուծեց իր ծառաների և Ղովտի ծառաների միջև ծագած խնդիրը։
[նկար 22–րդ էջի վրա]
Աբրամը չպնդեց իր իրավունքները, այլ Ղովտի շահերն իր շահերից վեր դասեց
[նկար 24–րդ էջի վրա]
Իր եղբորորդի Ղովտին ազատելու մեջ Աբրամը ապավինեց Եհովային