Գոյություն ունի՞ Բանսարկու
Քրիստոնեական եկեղեցու պատմության մեջ կար մի ժամանակ, երբ բանսարկուն՝ Բեեղզեբուղը կամ Սատանան, ամեն չարության թագավորը, այնպիսի մի իրական և զորեղ կերպար էր, ինչպիսին որ նվազող թվով մարդկանց համար այսօր «Աստվածն» է. այն հորինվածքն էր հրեաների և վաղ քրիստոնյաների, որոնք իրենց շուրջը տեսնվող չարությունը մարմնավորեցին՝ տալով նրան կես–մարդկային և կես–անասնական կերպարանք։ Ավելի ուշ քրիստոնյաները ընդունեցին, որ դա երևակայական կերպար է եղել և իրականում ոչ մի հիմք չունի, ու անաղմուկ մերժեցին նրա գոյությունը։
(«All in the Mind—A Farewell to God», Լյուդովիկ Քենեդի)
Ըստ գրող և հաղորդավար Լյուդովիկ Քենեդիի խոսքերի՝ դարեր շարունակ քրիստոնեական աշխարհում ոչ մեկ չի կասկածել Բանսարկու Սատանայի իրականություն լինելու մեջ։ Դեռ ավելին, պրոֆեսոր Նորման Քոնը գրում է, որ քրիստոնյաները ժամանակ առ ժամանակ «ընկնում էին Սատանայի և նրա դևերի ազդեցության տակ» («Europe’s Inner Demons»)։ Դա չէր սահմանափակվում հասարակ, անուսում մարդկանցով։ Պրոֆեսոր Քոնը ասում է, որ օրինակ այն պատկերացումը, թե Սատանան, կենդանու կերպարանք ընդունելով, ղեկավարում է հանցավոր և գարշելի ծեսերը, «ծնունդ էր առել ոչ թե հասարակ ժողովրդի երևակայության մեջ, այլ ընդհակառակը՝ մտավորական խավի շրջանում»։ Այս «մտավորական խավը», ներառյալ ուսյալ հոգևորականները, պատասխանատու էր 15–ից մինչև 17–րդ դդ. Եվրոպայում տեղի ունեցած կախարդների հետապնդման համար, երբ եկեղեցու և քաղաքացիական իշխանությունների կողմից տանջանքի ենթարկվեցին և սպանվեցին մոտավորապես 50 000 մարդ, որոնք մեղադրվում էին կախարդության մեջ։
Բոլորովին էլ զարմանալի չէ, որ շատերը մերժեցին Սատանայի մասին պատկերացումները, որոնք նրանք համարում էին անհեթեթ և սնոտի։ Նույնիսկ դեռևս 1726 թ.–ին Դանիել Դեֆոն ծաղրեց մարդկանց այն հավատը, թե Սատանան սարսափելի մի հրեշ է՝ «չղջիկի թևերով, կոտոշներով, կճղակավոր ոտքերով, երկար պոչով, ճեղքված լեզվով և այլն»։ Նա ասաց, որ այսպիսի գաղափարները «անհեթեթություն» են՝ հորինված «սատանայի մասին պատկերացումներ կազմողների» կողմից, ովքեր «խաբեցին անտեղյակ աշխարհին իրենց իսկ հորինած սատանայով»։
Ձեր տեսակետն է՞լ այսպիսին է։ Դո՞ւք էլ եք կարծում, թե «սատանային իրականում մարդն ինքն է հորինել՝ բացատրելու համար իր իսկ մեղավոր բնությունը»։ Այս հայտարարությունը գտնվում է «Զոնդերվանի՝ Աստվածաշնչի պատկերազարդ համայնագիտարանում», և շատերը, ովքեր քրիստոնեություն են դավանում, այդպես են մտածում («The Zondervan Pictorial Encyclopedia of the Bible»)։ Ջեֆրի Բարթոն Ռասելը ասում է, որ քրիստոնեության աստվածաբանները ընդհանրապես «մերժել են Սատանայի և դևերի գոյությունը՝ որպես սնոտիապաշտության մնացուկների»։
Սակայն ոմանց համար Սատանան բոլորովին իրական է։ Նրանք բացատրում են, թե հաճախակի կատարվող չարիքների ետևում, որով հագեցված է մարդկության պատմությունը, պետք է որ գերմարդկային, չարակամ մի ուժ կանգնած լինի։ Ռասելն ասում է, որ քսաներորդ դարում տեղի ունեցած սարսափելի դեպքերը պատճառ դարձան այն բանի, որ Սատանայի գոյության մասին հավատը արագ թափով կրկին վերածնվի, որը երկար ժամանակ բացակայել էր։ Ըստ գրող Դոն Լյուիսի՝ որոշ ժամանակակից, կրթված մարդիկ, ովքեր քմծիծաղով են վերաբերվել իրենց հայրերի սնոտիապաշտությանը, այսօր իրենք են հետաքրքրվում գերբնական առեղծվածներով («Religious Superstition Through the Ages»)։
Սակայն ո՞րն է ճշմարտությունը։ Սատանան պարզապես սնոտի պատկերացման արդյո՞ւնք է, թե՞ այնպիսի մի էակ, ում գոյությանը պետք է լրջորեն վերաբերվենք նույնիսկ 21–րդ դարում։
[նկար 4–րդ էջի վրա]
Գուստավ Դորեի պատկերաքանդակում, համաձայն հին սնոտիապաշտության, Սատանան պատկերված է որպես կես–մարդկային, կես–անասնական մի արարած
[թույլտվությամբ]
The Judecca—Lucifer/The Doré Illustrations For Dante’s Divine Comedy/Dover Publications Inc.