«Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում»
«Ազատություն, սիրված ազատություն». այս խոսքերը վերցված են Ֆրանսիայի «Մարսելյեզ» անվանումը կրող պետական հիմնից։ Ինչ խոսք, ազատությունը մեծ արժեք ունի։ Այնուհանդերձ, վերջին ժամանակներս Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության տեղիք են տվել, քանի որ մարդկանց ազատությունը սպառնալիքի տակ է դրվել։ Այդ իսկ պատճառով 2000 թ. նոյեմբերի 3–ին տասնյակ հազարավոր Եհովայի վկաներ ընդհանուր հաշվով 12 մլն օրինակ հատուկ թերթիկ տարածեցին, որի վերնագիրն էր՝ «Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում։ Ազատությունը սպառնալիքի տա՞կ»։
Արդեն մի քանի տարի է, ինչ Եհովայի վկաները Ֆրանսիայում ճնշումների են ենթարկվում քաղաքական և հակաաղանդավորական տարբեր խմբավորումների կողմից։ Սա դժվարությունների դուռ է բացել Եհովայի վկաների առջև որպես առանձին վերցված անձնավորությունների, որպես ժողովի և որպես երկրի քաղաքացիների։ Մինչդեռ 2000 թ. հունիսի 23–ին Ֆրանսիայի վարչական բարձրագույն դատարանը՝ Պետական խորհուրդը («Conseil d’État»), մի նշանակալից որոշում կայացրեց, որը հաստատվել էր 31 ցածրագույն ինստանցիաների մեծամասնության կողմից ավելի քան 1 100 դատավարությունների ժամանակ։ Բարձրագույն դատարանը ընդունեց, որ Եհովայի վկաների երկրպագությունն ընդհանուր առմամբ չի հակասում Ֆրանսիայի օրենսդրությանը, և որ մյուս կրոնական կազմակերպությունների նման, նրանք էլ ազատված են ֆինանսական հարկերից։
Բայց և այնպես անտեսելով այս որոշումը՝ Ֆրանսիայի Ֆինանսների նախարարությունը համառորեն մերժում է Եհովայի վկաներին ազատել հարկերից, որոնցից, ըստ օրենքի, ազատված են մյուս կրոնական կազմակերպությունները։ Նախարարությունը ամեն կերպ ուզում է գանձել 1 500 ժողովներ հաճախող Վկաների և նրանց հետ հաղորդակցվող անհատների կատարած նվիրատվությունների 60 տոկոսը։ Այս հարցը ներկայումս դատական քննության առարկա է։
Վերոհիշյալ քարոզարշավի նպատակն էր՝ երևան հանել այս պարադոքսը և ցույց տալ այսպիսի կամայական հարկապահանջության ու առաջադրված օրենքների ետևում թաքնված վտանգները։ Այդ կարգն ու օրենքները կաշկանդում են բոլորի կրոնական ազատությունը։a
Երկարատև օր
Որոշ ժողովներ գիշերվա ժամը երկուսից սկսեցին տարածել թերթիկները երկաթուղային կայարանների ու հիմնարկությունների մոտակայքում, ապա՝ օդանավակայաններում։ Ժամը 6–ին արթնանում է Փարիզը։ Մոտ 6 000 կամավորներ ուղևորվեցին դեպի հատկապես մարդաշատ վայրեր, որպեսզի աշխատանքի գնացող մարդկանց թերթիկ առաջարկեն։ Մի երիտասարդ կին ասում է. «Կրոնի ազատության համար ձեր կատարած աշխատանքը գովասանքի է արժանի։ Դա չի վերաբերում միայն Վկաներին»։ Մարսելում ավելի քան 350 Վկաներ թերթիկի օրինակներ բաժանեցին մետրոպոլիտենի կայաններում և փողոցներում։ Մեկ ժամ էլ դեռ չէր անցել, երբ կենտրոնական ռադիոկայանը հայտարարեց այս միջոցառման մասին և նախազգուշացրեց ունկնդիրներին չզարմանալ, երբ նրանց մոտենան Եհովայի վկաները։ Ստրասբուրգի (որտեղ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը) կենտրոնական կայարանում ուղևորները հերթ էին կանգնել ու համբերատարությամբ սպասում էին թերթիկի օրինակ ստանալուն։ Մի իրավաբան նշում է, որ, չնայած նա չի ընդունում Եհովայի վկաների համոզմունքները, բայց հետաքրքրությամբ հետևում է դատական գործին, քանի որ նրանք կարևոր և արդար պայքար են մղում։
Ժամը 8–ին թվով 507 Վկաներ Ալպերում գտնվող Գրենոբլ քաղաքում, չնայելով տեղացող հորդառատ անձրևին, թերթիկն առաջարկում էին փողոցներում կամ գցում էին փոստարկղերը։ Ավտոմեքենաների և տրամվայների վարորդները, նկատելով, որ ինչ–որ բան է տեղի ունենում փողոցներում, կանգնեցնում էին իրենց ավտոմեքենաները և թերթիկի օրինակ խնդրում։ Ժամը 9–ին երկրի արևմտյան մասում գտնվող Պուատիե քաղաք գնացքով ժամանած ուղևորները թերթիկը ստացել էին դեռ իրենց մեկնելու վայրում։ Մյուլուզում՝ Գերմանիայի սահմանագծի մոտ գտնվող քաղաքում, թերթիկի 40 000 օրինակ էր արդեն տարածվել։
Առավոտյան մոտավորապես ժամը 10–ին շատ ժողովներ արդեն տարածել էին իրենց թերթիկների մեծ մասը։ Օրն աստիճանաբար բացվում էր, մինչդեռ միայն քչերն էին մերժում վերցնել թերթիկը։ Բազմաթիվ հետաքրքիր զրույցներ տեղի ունեցան։ Բեզանսոնում՝ Շվեյցարիայի սահմանագծից 80 կմ հեռավորության վրա, մի մարդ հետաքրքրություն էր ցույց տվել Աստվածաշնչի նկատմամբ և հարցրել, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքը։ Վկան առաջարկել էր նրան զրույցը շարունակել մոտակա Թագավորության սրահում, որտեղ էլ անմիջապես Աստվածաշնչի ուսումնասիրություն էր սկսվել «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկով։
Շատ Վկաներ իրենց ընդմիջման ժամին մեկ կամ երկու ժամ տրամադրեցին քարոզչությանը։ Ճաշից հետո շարունակվում էր թերթիկների տարածումը. շատ ժողովներ իրենց հատկացված տարածքն ավարտեցին ժամը 3–ին կամ 4–ին։ Ռեյմսում՝ շամպայն–գինիների պատրաստման հայտնի կենտրոնում, ոմանք, որ մի ժամանակ ուսումնասիրել կամ ինչ–որ ձևով հաղորդակցվել էին Եհովայի վկաների հետ, ցանկություն հայտնեցին վերականգնել իրենց կապը ժողովի հետ։ Բորդոյում Աստվածաշնչի երեք տնային ուսումնասիրություն սկսվեց։ Նույն քաղաքում Վկաներից մեկը մտավ խանութ՝ թերթ գնելու, և անկյունում մի կապ թերթիկ նկատեց։ Պարզվեց՝ վաճառողը, որը նախկինում Վկա է եղել, թերթիկի մի օրինակ է ստացել , ապա, գիտակցելով նրա կարևորությունը, պատճենահանել է այն ու տարածել։
Հավրում (Նորմանդիա), բողոքականությանը կողմնակից մի կին մեծ զարմանք է ապրում, երբ ռադիոյով լսում է, որ Եհովայի վկաների նվիրատվություններից հարկ է պահանջվում։ Նա հաճույքով վերցնում է թերթիկը և ողջունում Վկաների ջանքերը՝ նման անարդարության դեմ խոսելու կապակցությամբ։ Ժամը 19։20–ին Լիոնի տեղական հեռուստատեսությունը լուրերի թողարկման ժամանակ տեղեկացրեց թերթիկի տարածման մասին՝ ասելով. «Այսօր առավոտյան ավելի հեշտ էր պաշտպանվել անձրևից, քան հրաժարվել Եհովայի վկաների տարածած թերթիկից»։ Երկու Վկաների հետ հարցազրույց անցկացվեց, որոնք բացատրեցին միջոցառման նպատակը։
Այն Վկաները, որոնք ցանկանում էին մասնակցել արշավին աշխատանքից հետո, թերթիկի օրինակներ առաջարկեցին աշխատանքից տուն վերադարձողներին և փոստարկղերը գցեցին։ Այնպիսի քաղաքներում, ինչպիսին են՝ Բրեստն ու Լիմոժը (հայտնի են ճենապակու արտադրությամբ), ժամը 23–ին կինոթատրոնից դուրս եկողներն այդ օրը թերթիկներ ստացողներից վերջիններն էին։ Թերթիկների մնացած մասը հավաքվեց և տարածվեց հաջորդ առավոտյան։
Արդյունքները
Մի Վկա գրում է. «Մեր հակառակորդները կարծում են, թե մեզ թուլացնում են։ Իրականում, ճիշտ հակառակն է տեղի ունենում»։ Ժողովների մեծ մասում այդ օրն քարոզարշավին մասնակցեց Վկաների 75 տոկոսից ավելին. ոմանք 10, 12 կամ 14 ժամ են հատկացրել այդ գործին։ Էմում՝ Ֆրանսիայի հյուսիսային մասում գտնվող քաղաքում, մի Վկա գիշերային հերթափոխից հետո առավոտյան ժամը 5–ից մինչև կեսօր՝ ժամը 3–ը, թերթիկ էր տարածել։ Այդտեղից ոչ հեռու՝ Դենենում, որտեղ 1906 թ.–ից ի վեր ժողով է գործում, թվով 75 Վկաներ ընդհանուր հաշվով 200 ժամ հատկացրեցին ուրբաթ օրը թերթիկը տարածելուն։ Մյուսները, չնայած իրենց տարիքին, վատառողջությանը և անբարենպաստ եղանակին, նույպես մասնակցություն ունեցան։ Լը Մանում, օրինակ, մոտ 80–ամյա երեք քույրեր երկու ժամ հատկացրեցին թերթիկները փոստարկղերը գցելուն։ Իսկ մի հաշմանդամ Վկա անվասայլակի վրա թերթիկներ էր տարածում երկաթուղային կայարանում։ Որքա՜ն քաջալերական էր տեսնել բազմաթիվ այն Վկաներին, որոնք մի ժամանակ լինելով ոչ ակտիվ, մասնակցում էին այս հատուկ միջոցառմանը։
Անկասկած, այս գործունեությամբ մեծ վկայություն տրվեց։ Տարբեր խավի ներկայացուցիչներ, որոնց նախկինում հազիվ թե հնարավոր լիներ տանը գտնել, թերթիկի օրինակ ստացան։ Շատ–շատերը հասկացան, որ այս քարոզարշավը շատ ավելին էր նշանակում, քան պարզապես Վկաների շահերը պաշտպանելը։ Մեծ թվով անհատներ այն համարեցին Ֆրանսիայի ողջ բնակչության խղճի և երկրպագության ազատության պաշտպանություն։ Դա էր վկայում այն իրողությունը, որ մարդիկ իրենց ընկերների, աշխատակիցների կամ բարեկամների համար էլ էին թերթիկի օրինակներ խնդրում։
Այո՛, ֆրանսիացի Եհովայի վկաները հպարտ են Եհովայի անունը հռչակելու և Թագավորության շահերը պաշտպանելու համար (Ա Պետրոս 3։15)։ Նրանք անկեղծ հույս են փայփայում, որ կարող են շարունակել ‘խաղաղությամբ և հանդարտությամբ վարել իրենց կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ’, և որ դեռ հազարավոր մարդիկ կմիանան իրենց՝ երկնային Հորը՝ Եհովային փառաբանելու (Ա Տիմոթէոս 2։2)։
[ծանոթագրություն]
a Նույնանման քարոզարշավ տեղի է ունեցել 1999 թ. հունվարին, որով բողոք է ներկայացվել կրոնական խտրականության դեմ։ Տես «Դիտարան», 1999 թ., օգոստոսի 1, էջ 9, ռուս., ինչպես նաև «Եհովայի վկաների 2000 թ. տարեգիրքը», էջ 24–26, ռուս.։