«Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ»
Ուշագրավ աճ՝ լայնածավալ շինարարություն
«ԵԿԵՔ ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ»,— ասաց Հիսուս Քրիստոսը (Մատթէոս 11։28, ՆԱ)։ Ի՜նչ սքանչելի հրավեր քրիստոնեական ժողովի Գլխի կողմից (Եփեսացիս 5։23)։ Այս խոսքերի շուրջ խորհրդածելն օգնում է ավելի բարձր գնահատել մեր հոգևոր եղբայրների ու քույրերի հետ շփումը, որը մեզ հոգևորապես թարմացնում է քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Հիրավի, մենք կհամաձայնվենք սաղմոսերգուի հետ. «Ահա ո՜րչափ բարի ու ո՜րչափ վայելուչ է որ եղբայրները իրարու հետ միաբանութեամբ բնակին» (Սաղմոս 133։1, Արևմտ. Աստ.)։
Իսկապես, այն մարդիկ, ում հետ հավաքվում ենք երկրպագության, մեր ամենալավ ընկերներն են։ Այդ հավաքույթներում հաճելի հոգևոր մթնոլորտ է տիրում, որը ներկաներին ապահովության զգացում է ներշնչում։ Այդ է պատճառը, որ մի երիտասարդ քրիստոնյա ասաց. «Ամբողջ օրը գտնվելով դպրոցում՝ ես ուժասպառ եմ լինում։ Բայց հանդիպումները օազիսի պես են, որտեղ թարմանում եմ ու նոր լիցք ստանում հաջորդ օրը դպրոց գնալու համար»։ Իսկ մի նիգերիացի երիտասարդ նշեց. «Ես նկատել եմ, որ մտերմություն անելով Եհովային սիրողների հետ, ինքս ավելի եմ մտերմանում հենց Եհովայի հետ»։
Եհովայի վկաների Թագավորության սրահները ճշմարիտ երկրպագության կենտրոններ են։ Գրեթե ամենուրեք Թագավորության սրահներում շաբաթական առնվազն երկու հանդիպում է անցկացվում, և Վկաները քաջալերում են Աստվածաշունչ ուսումնասիրողներին հնարավորին չափ շուտ սկսել հաճախել հանդիպումներին, որպեսզի այնտեղ, շփվելով հավատակիցների հետ, թարմություն գտնեն (Եբրայեցիս 10։24, 25)։
Մեծ կարիք
Սակայն բոլոր Եհովայի վկաները չէ, որ ունեն հարմարավետ Թագավորության սրահներ։ Ներկայումս, համաշխարհային մասշտաբով, Թագավորության քարոզիչների շարքերն ուշագրավ կերպով ստվարանում են, և հարկավոր է կառուցել հազարավոր Թագավորության սրահներ։ Սրահների կարիք առանձնապես զգացվում է զարգացող երկրներում (Եսայիա 54։2; 60։22)։
Օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում 290 ժողովների համար ընդամենը տասը Թագավորության սրահ կա։ Այդ երկրում Սրահների կարիքը մեծ է։ Անգոլայում ժողովների մեծ մասը հանդիպումներն անց է կացնում բաց երկնքի տակ, քանի որ Սրահների թիվը սահմանափակ է։ Նման վիճակ է տիրում նաև շատ այլ երկրներում։
Սկսած 1999 թ.–ից՝ միջոցներ են ձեռք առնվում Թագավորության սրահներ կառուցելու այն երկրներում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են։ Այդ նպատակով շատ փորձառու Վկաներ իրենց օգնությունն են առաջարկել։ Իսկ երբ նրանց ջանքերին գումարվում է տեղի կամավորների պատրաստակամությունը՝ մասնակցելու շինարարությանը, հրաշալի արդյունքներ են ստացվում։ Համատեղ գործունեության շնորհիվ տեղի Վկաները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ։ Այս ամենը նպաստում է, որ տվյալ երկրում Թագավորության սրահների շինարարության ծրագրերը կյանքի կոչվեն։
Թագավորության սրահների կառուցման գործում ճկուն մոտեցում է հանդես բերվում. օգտագործվում են տեղական շինանյութեր ու հաշվի են առնվում տեղի շինարարական մեթոդները։ Նպատակը Թագավորության սրահների մեծ կարիքը բավարարելը չէ միայն։ Հարկավոր է նաև ստեղծել սրահների սպասարկման այնպիսի ծրագիր, որը տեղի պայմաններին համապատասխան կլիներ (Բ Կորնթացիս 8։14, 15)։
Արդյունքները ոգևորում են
Իսկ ի՞նչ արդյունքներ եղան։ 2001 թ. սկզբում Մալավիից հաղորդեցին. «Այն, ինչ արվել է այստեղ, անչափ տպավորիչ է։ Մոտակա երկու ամսում շահագործման կհանձնենք մի քանի նոր Թագավորության սրահներ» (1–ին և 2–րդ լուսանկարներ)։ Տոգոյում վերջին ամիսներին շինարար–կամավորները շահագործման հանձնեցին մի քանի համեստ Թագավորության սրահներ (3–րդ լուսանկար)։ Պատրաստակամ կամավորականների գերազանց աշխատանքի շնորհիվ հարմարավետ Սրահներ կառուցվեցին նաև Մեքսիկայում, Բրազիլիայում և այլ երկրներում։
Ժողովներից հայտնում են, որ տեղացիները, իրենց թաղամասում տեսնելով նորակառույց սրահը, համոզվում են, որ Եհովայի վկաները մտադիր են շարունակել իրենց գործունեությունը տվյալ վայրում։ Շատերը դժկամորեն էին շփվում Եհովայի վկաների հետ, մինչև որ երկրպագության հարմարավետ վայր չստեղծվեց։ «Նաֆիսե» ժողովից (Մալավի) հայտնում են. «Հիմա, որ Թագավորության սրահ ունենք, այս փաստն ինքնին հրաշալի վկայություն է։ Արդյունքում՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելը հեշտացել է»։
«Կրակե» ժողովի (Բենին) անդամներն առաջ շատ էին ծաղրի առարկա դառնում իրենց նախկին Թագավորության սրահի համար, քանի որ այն ուրիշ եկեղեցիների համեմատությամբ պարզունակ տեսք ուներ (4–րդ լուսանկար)։ Այժմ ժողովը մի հրաշալի Թագավորության սրահ ունի, որը ճշմարիտ երկրպագությունը ներկայացնում է թեև համեստ, բայց արժանավայել ձևով (5–րդ լուսանկար)։ Այս ժողովում կա 34 քարոզիչ։ Թագավորության սրահի նվիրմանը ներկա էր 651 մարդ, չնայած որ կիրակնօրյա հանդիպումներին սովորաբար միջին հաշվով 73 մարդ է հաճախում։ Նրանց մեծ մասը քաղաքի այն բնակիչներն էին, ովքեր բարեհաճորեն էին տրամադրվել՝ տեսնելով, որ Վկաները կարող են սրահ կառուցել բավական կարճ ժամակահատվածում։ Զիմբաբվեի մասնաճյուղից էլ են հայտնում, թե այս առումով ինչ փոփոխություններ են նկատվել. «Սովորաբար Թագավորության սրահի շինարարությունից մեկ ամիս անց հաճախելիությունը կրկնակի բարձրանում է» (6–րդ և 7–րդ լուսանկարներ)։
Կասկած չկա՝ նոր Թագավորության սրահները նպաստում են, որ և՛ Աստծուն արդեն նվիրված քրիստոնյաները, և՛ հետաքրքրություն հանդես բերող անձինք հոգևորապես թարմանան հանդիպումների ժամանակ։ «Մենք անչափ ուրախ ենք,— ասաց մի ուկրաինացի Վկա այն բանից հետո, երբ իրենց ժողովը սկսեց հանդիպումներ անցկացնել նորակառույց Թագավորության սրահում։— Մենք սեփական աչքով ենք տեսնում, թե ինչպես է Եհովան օգնում իր ժողովրդին»։
[շրջանակ/նկարներ 10-րդ և 11–րդ էջերի վրա]
Գովելի առատաձեռնություն
Եհովայի վկաները սրտի թրթիռով են դիտում, թե ինչ արագությամբ են աշխարհով մեկ Թագավորության սրահներ կառուցվում։ Զանազան երկրներում Եհովայի երկրպագուների թիվը անշեղորեն աճում է, և հետևաբար ապագայում հարկ կլինի նոր Թագավորության սրահներ կառուցել։ Ինչպե՛ս չկառուցել, երբ 2001 ծառայողական տարում ամեն շաբաթ միջին հաշվով կազմավորվում էին 32 նոր ժողովներ։ Այդ ժողովներին հարկավոր է ապահովել երկրպագության վայրերով։
Կարող է հարց առաջանալ. «Ինչպե՞ս ենք կարողանում ֆինանսավորել Թագավորության սրահների շինարարությունը՝ հատկապես այն երկրներում, որտեղ եղբայրները սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեն»։ Դա կատարվում է երկու բանի շնորհիվ. նախ՝ Աստված թիկունք է կանգնում այդ գործին, և երկրորդ՝ մարդիկ առատաձեռնություն են հանդես բերում։
Համաձայն իր խոստման՝ Եհովան իր սուրբ ոգին թափում է իր ծառաների վրա՝ նրանց հնարավորություն ընձեռելով «բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն.... իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել» (Ա Տիմոթէոս 6։18)։ Աստծո ոգին Եհովայի վկաներին մղում է ամեն կերպ սատար կանգնել Թագավորության քարոզչության գործին՝ քրիստոնեական գործունեությանը նվիրելով իրենց ժամանակը, եռանդը, աշխատանքը և այլ միջոցներ։
Առատաձեռնության ոգին է մղում Վկաներին և այլոց՝ ֆինանսական միջոցներով օժանդակելու շինարարական գործունեությանը։ Բացի այն բանից, որ նրանք իրենց լուման են ներդնում տեղի ժողովի ամենամսյա ծախսերը ծածկելու մեջ, նրանք նաև նվիրատվություններ են կատարում Թագավորության սրահների կառուցման գործին, որ ընթանում է երկրագնդի շատ վայրերում։
Յուրաքանչյուր ժողովում կան արկղիկներ, որոնց վրա գրված է. «Կամավոր նվիրատվություններ Թագավորության համաշխարհային գործին (Մատթէոս 24։14)»։ Այդ արկղիկների մեջ մարդիկ կարող են գցել իրենց նվիրատվությունները (Դ Թագաւորաց 12։9)։ Անկախ այն բանից, թե ինչ չափի են՝ դրանք բոլորն էլ գնահատելի են (Մարկոս 12։42–44)։ Այդ միջոցներն օգտագործվում են ըստ կարիքների՝ ամենատարբեր բնագավառներում, այդ թվում՝ Թագավորության սրահների շինարարության մեջ։ Դրանք չեն օգտագործվում ինչ–որ ղեկավար մարդկանց աշխատավարձ տալու համար, քանի որ Եհովայի վկաների մեջ նման պաշտոններ պարզապես գոյություն չունեն։
Թագավորության համաշխարհային գործին նվիրաբերված գումարները հասնո՞ւմ են արդյոք իրենց նպատակին։ Այո՛։ Լիբերիայի մասնաճյուղից տեղեկացնում են, որ տեղի Վկաների մեծ մասը գործազուրկ է և ֆինանսական դժվարություններ է կրում։ Ինչպե՞ս կարող էին Եհովայի երկրպագուները, ապրելով քաղաքացիական պատերազմից քարուքանդ եղած այս երկրում, կառուցել երկրպագության հարմարավետ վայրեր։ «Մեր արտասահմանցի եղբայրները արել են առատաձեռն նվիրատվություններ, որոնք կօգտագործվեն շինարարության ֆինանսավորման համար,— նշում են մասնաճյուղի եղբայրները։— Ամեն ինչ որքա՜ն իմաստուն և սիրով է արված»։
Տեղացի եղբայրները, չնայած սահմանափակ հնարավորություններին, նույնպես նվիրաբերում են։ Սիեռա Լեոնեից (Աֆրիկա) հայտնում են. «Եղբայրները աջակցում են գործին և ուրախ են անձամբ աշխատելու և հնարավոր ֆինանսական օգնություն ցույց տալու Թագավորության սրահների կառուցման գործին»։
Այս ամենը, վերջին հաշվով, փառք է բերում Եհովային։ Լիբերիացի եղբայրները խանդավառությամբ ասում են. «Երկրպագության հարմարավետ վայրերի շինարարությունը, որ ընթանում է ամբողջ երկրով մեկ, ցույց կտա մարդկանց, որ ճշմարիտ երկրպագությունը միշտ գոյություն է ունենալու այստեղ, վեհացնելու և զարդարելու է Աստծո մեծ անունը»։