Քառագիրը և «Յոթանասնից» թարգմանությունը
Աստծո «Եհովա» անունը ներկայացվում է քառագրով՝ չորս եբրայերեն տառերով՝ יהוה (ՅՀՎՀ)։ Երկար ժամանակ այն կարծիքն էր տարածված, թե Եբրայերեն Գրությունների հին հունարեն «Յոթանասնից» թարգմանության ձեռագրերում չի պարունակվում քառագիրը։ Ուստի ոմանք պնդում էին, թե Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները Եբրայերեն Գրություններից մեջբերումներ կատարելիս չէին կարող օգտագործել Աստծո անունը։
Վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում մի շարք հայտնագործություններից պարզվեց, որ Աստծո անունն իսկապես գրված է «Յոթանասնից» թարգմանության մեջ։ Մի աղբյուրում ասվում է. «Հելլենախոս հրեաներն այնքան շատ էին ցանկանում անձեռնմխելի պահել Աստծո սուրբ անունը, որ երբ եբրայերեն Աստվածաշունչը թարգմանում էին հունարենի, քառագիրը հենց եբրայերեն լեզվով փոխադրեցին հունարեն տեքստի մեջ»։
Մինչև մեր օրերը պահպանվել են մի քանի պապիրուսներ, և ձախ նկարում պատկերված է մի հատված դրանցից մեկից։ Այս կտորը, որին տրվեց 3522 համարը, գտնվել է Եգիպտոսում՝ Ոկսիրինքոսի ավերակներում։ Այն թվագրվում է մ.թ. առաջին դարով։a Նրա երկարությունը 10,5 սմ է, լայնությունը՝ 7 սմ։ Այս հատվածում գրված են Յոբ 42։11, 12 համարները։ Շրջանակի մեջ եբրայերեն տառերով գրված է քառագիրը։b
Եվ այսպես, եղե՞լ է Աստծո անունը վաղ Քրիստոնեական Հունարեն Գրությունների ձեռագրերում։ Գիտնական Ջորջ Հովարդն ասում է. «Քանի որ քառագիրը գոյություն ուներ հունարեն Աստվածաշնչում [«Յոթանասնիցում»], որից և օգտվում էր վաղ եկեղեցին, տրամաբանական է ենթադրել, որ Նոր Կտակարանի գրողները Գրություններից մեջբերումներ անելիս քառագիրն էլ էին փոխանցում տեքստի մեջ»։ Հավանական է, որ դրանից կարճ ժամանակ անց գրագիրները Աստծո անունը փոխարինեցին ուրիշ բառերով, ինչպես՝ «Կիրիոս» (Տեր) և «Թեոս» (Աստված)։
[ծանոթագրություններ]
a Ոկսիրինքոսում հայտնաբերված պապիրուսի մասին ավելի մանրամասն գրված է 1992 թ. փետրվարի 15–ի «Դիտարանում» (ռուս., էջ 26–28) և 1992 թ. հունիսի 1–ի «Դիտարանում» (արևմտ., էջ 26–28)։
b Լրացուցիչ օրինակներ այն մասին, որ Աստծո անունը հայտնվում է հին հունարեն թարգմանություններում, տե՛ս «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանություն» ծանոթագրություններով հրատարակությունում (հավելված 1C)։
[նկար 30–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Courtesy of the Egypt Exploration Society