Ընթերցողների հարցերը
Պարտադի՞ր է, որ անհատն ամբողջությամբ ընկղմվի ջուրը, եթե նա ցանկանում է մկրտվել, բայց լուրջ արատ կամ շատ թույլ առողջություն ունի, ինչը կարող է դժվարություններ ստեղծել նրա մկրտվելու համար։
«Մկրտվել» բառը հունարեն «վապտո» բայի թարգմանությունն է, որը նշանակում է «ընկղմվել»։ Աստվածաշնչում «մկրտվել» բառը իմաստով նույնն է, ինչ «ընկղմվելը»։ Անգլերեն լեզվով հրատարակված Աստվածաշնչերից մեկը հետևյալ կերպ է ներկայացնում Փիլիպպոսի կողմից եթովպացի ներքինու մկրտվելու դրվագը. «Նրանք երկուսով մտան ջուրը, և՛ Փիլիպպոսը, և՛ ներքինին, ու նա ընկղմեց նրան» (Գործք 8։38, «The Emphasised Bible», by Rotherham)։ Այսպիսով՝ մկրտվող անձնավորությունը բառի ուղղակի իմաստով ընկղմվում է ջուրը (Մատթէոս 3։16; Մարկոս 1։10)։
Հիսուսը պատվիրեց իր աշակերտներին. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք» (Մատթէոս 28։19, 20)։ Այդ պատճառով էլ Եհովայի վկաները մկրտությունները կատարում են լճակներում, գետերում և ուրիշ այնպիսի տեղերում, որտեղ բավական ջուր կա ամբողջությամբ ընկղմվելու համար։ Քանի որ ամբողջական ընկղմումը սուրբգրային պահանջ է, ապա մարդկանցից ոչ մեկը իրավունք չունի որևէ մեկին ազատելու մկրտությունից։ Անհատի մկրտությունը պետք է կայանա, նույնիսկ եթե նրա կացությունը ստիպում է այդ նպատակով ոչ սովորական քայլերի դիմել։ Օրինակ՝ տարեց կամ վատառողջ մարդկանց համար շատ ավելի հարմար է եղել մեծ լոգարանում մկրտվելը։ Ջուրը կարող է տաք լինել, և մկրտության թեկնածուին կարելի է ջուրը մտցնել աստիճանաբար ու, երբ վերջինս հարմարվի ջրին, ընկղմումով մկրտել։
Նույնիսկ շատ լուրջ արատներ ունեցող մարդիկ կարողացել են մկրտվել, օրինակ՝ շնչափողահատման ենթարկված անհատները, որոնց կոկորդում վիրահատությունից հետո անցք է մնում, կամ նրանք, ովքեր օգտագործում են արհեստական շնչառության սարք։ Անշուշտ, նման մկրտություններին հարկավոր է հանգամանորեն պատրաստվել։ Խելացի կլիներ, որ մկրտությանը ներկա լիներ բուժքույր կամ հնարավորության դեպքում՝ բժիշկ։ Եթե նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում, ապա գրեթե բոլոր դեպքերում նման անհատներին հնարավոր է մկրտել։ Ուստի, ողջամտության սահմաններում պետք է ամեն ինչ անել, որպեսզի անհատը մկրտվի, եթե նա իսկապես ցանկանում է մկրտվել ու պատրաստ է դիմագրավել դրա հետ կապված վտանգները։