Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 10/15 էջ 19–21
  • Ուրախության ժամանակներ Բալկաններում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուրախության ժամանակներ Բալկաններում
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Հոգևոր աճը Բալկաններում
  • Եհովայի ժողովուրդը ուրախ լինելու շատ պատճառներ ունի
  • Յուրահատուկ ծրագիր
  • Մեծ ցնծության օր
2002 Դիտարան
w02 10/15 էջ 19–21

Ուրախության ժամանակներ Բալկաններում

Հազար ինը հարյուր քսաներկու թվականն էր։ Ավստրիայի Ինսբրուք քաղաքում անցկացվում էր Աստվածաշունչն ուսումնասիրողների (այդպես էին կոչվում Եհովայի վկաներն այն ժամանակ) ժողովը։ Ներկաների թվում կար Ֆրանց Բրանդ անունով մի երիտասարդ Վոյեվոդինա ինքնավար երկրամասի Ապատին քաղաքից (Սերբիա)։ Այն պահին, երբ հռետորը իր ելույթում հիշատակեց Աստծո Եհովա անունը, մեծ աղմուկ բարձրացավ. նա այլևս չկարողացավ շարունակել. հանդիպումը ընդհատվեց։ Սակայն երիտասարդ Ֆրանցի վրա մեծ տպավորություն էր գործել իր լսածը, ուստի նա սկսեց տարածել Թագավորության բարի լուրը մասին։ Հենց այդպես բալկանյան երկրներից մեկում սկիզբ դրվեց հրաշալի հոգևոր աճին։

Շատերն այսօր Հարավսլավիա անունը լսելիս պատկերացնում են միայն պատերազմ ու արյունահեղություն։ Նրանց միտքն են գալիս դաժան ջարդերի տխուր պատկերներ, հուսահատ փախստականներ, քարուքանդ տներ և տառապյալ որբ երեխաներ։ Բառերով հնարավոր չէ փոխանցել այն ցավն ու տառապանքը, որ պատճառեց 1991–95 թթ. պատերազմը, որը ցնցեց Բալկանյան թերակղզին և փլուզեց մարդկանց հույսերը անհոգ ու պայծառ ապագայի վերաբերյալ։ Պատերազմի հետևանքով նախկին Հարավսլավիայի բնակիչները ներկայումս կանգնած են աղքատության ու տնտեսական խնդիրների առջև։a

Իմանալով այդ տառապանքների մասին՝ հազիվ թե ակնկալենք երկրի այդ հատվածում կենսուրախ մարդկանց հանդիպել։ Թերևս զարմանալի լինի, սակայն իրականում կա՛ն այդպիսի անհատներ։ 20–րդ դարի վերջին այդ մարդիկ յուրահատուկ ցնծության օր ապրեցին։ Ի՞նչ բաժին էր բերել այդ հարցում Ֆրանց Բրանդը՝ հոդվածի սկզբում հիշատակված երիտասարդը։

Հոգևոր աճը Բալկաններում

Նոր լսած ճշմարտությունները հուզել էին Ֆրանց Բրանդի սիրտը, ուստի նա հասկանում էր, որ պետք է տարածի այդ բարի լուրը։ Մարիբորում (քաղաք Սլովենիայում՝ Ավստրիայի սահմանի մոտ) նա ընդունվեց աշխատանքի մի վարսավիրանոցում և սկսեց քարոզել իր հաճախորդներին, որոնք սովորաբար նստում էին ու լուռ լսում, մինչև Ֆրանցը կսափրեր իրենց։ Նրա ջանքերի շնորհիվ 1920–ականների վերջերին Մարիբորում կազմվեց Թագավորության քարոզիչների փոքր խումբ։ Խմբի անդամները աստվածաշնչյան թեմաներով ելույթները ներկայացնում էին մի ռեստորանում, որը հետագայում կոչվեց ծովամթերքների «Նովի սվետ» (Նոր աշխարհ) ռեստորան։

Որոշ ժամանակ անց բարի լուրը հասավ երկրի ծայրերը։ Այս գործին մեծապես նպաստեց «Արարչության լուսադրաման» (8 ժամյա ներկայացում՝ ֆիլմերով, սլայդներով և ձայնագրությամբ)։ Երբ 1930–ականներին Գերմանիայում Եհովայի վկաները դաժան հալածանքների ենթարկվեցին, մի շարք գերմանացի ռահվիրաներ լքեցին իրենց հայրենիքը և մեծ աջակցություն եղան Հարավսլավիայում ծառայող Վկաների համար։ Զոհելով իրենց անձնական հանգիստն ու հարմարությունը՝ նրանք ձգտում էին հասնել այս լեռնային երկրի ամենահեռու տարածքները, որպեսզի վկայություն տային։ Սկզբում թվում էր, թե նրանց հաղորդած պատգամն անպատասխան է մնում։ 1940–ականների սկզբին քարոզչական ծառայության հաշվետվություն էր հանձնում միայն 150 քարոզիչ։

1941 թ.–ին դաժան հալածանքը դեռ շարունակվում էր և տևեց մինչև 1952 թ.։ Ի՜նչ մեծ ցնծություն էր, երբ ի վերջո 1953 թ.–ին՝ գլխավոր հրամանատար Տիտոյի կոմունիստական ռեժիմի ժամանակներում, Եհովայի վկաները պետականորեն գրանցվեցին։ Այդ տարի Հարավսլավիայում կար բարի լուրի 914 քարոզիչ. այդ թիվն արագորեն աճում էր։ 1991 թ.–ին քարոզիչների թիվը հասավ 7 420–ի, իսկ Հիշատակի երեկոյին այդ տարի ներկա էր 16 072 հոգի։

1991 թ. օգոստոսի 16–18-ը Զագրեբ (Խորվաթիա) քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Եհովայի Վկաների միջազգային համաժողովը։ Հանրապետությունից ու մոտակա երկրներից ներկա էր 14 684 հոգի։ Այս անմոռանալի համաժողովի ծրագիրը Եհովայի ժողովրդին նախապատրաստեց առջևում սպասվող փորձություններին։ Խորվաթիայի և Սերբիայի սահմանագծի մոտ գտնվող ստուգման կետով անցնող վերջին փոխադրամիջոցները եղան այն ավտոբուսները, որոնք տուն էին տանում Սերբիայից եկած պատվիրակներին։ Երբ ստուգման կետից անցավ վերջին ավտոբուսը, սահմանը փակվեց և պատերազմ սկսվեց։

Եհովայի ժողովուրդը ուրախ լինելու շատ պատճառներ ունի

Պատերազմի տարիները Եհովայի վկաների համար ծանր փորձության ժամանակներ էին։ Այդուհանդերձ, նրանք ուրախ լինելու շատ պատճառներ ունեին, քանի որ Եհովան այդ տեղանքում օրհնում էր իր ժողովրդին հրաշալի աճով։ 1991 թ.–ից սկսած՝ Թագավորության քարոզիչների թիվը նախկին Հարավսլավիայի տարածքում աճել է ավելի քան 80 տոկոսով։ 2001 թ. ծառայողական տարում գրանցվեց քարոզիչների բարձրագույն թիվը՝ 13 472։

Զագրեբ և Բելգրադ (Սերբիա) քաղաքներում գործող գրասենյակները հսկում էին Եհովայի վկաների գործունեությունը նախկին Հարավսլավիայի բոլոր երկրներում։ Քաղաքական ասպարեզում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև մեծ աճի պատճառով անհրաժեշտություն առաջացավ Լյուբլյանայում (Սլովենիա) և Սկոպիեում (Մակեդոնիա) նոր գրասենյակներ բացել, իսկ Բելգրադում և Զագրեբում ուրիշ գրասենյակներ էլ հիմնել։ Բոլոր այդ գրասենյակներում միասին վերցրած աշխատում է 140 հոգի։ Նրանց մեծ մասը երիտասարդ են, եռանդուն, Եհովայի հանդեպ սիրով լի։ Շատերը մասնակցում են Աստվածաշնչի ուսումնասիրության օժանդակ գրականությունը խորվաթերեն, մակեդոներեն, սերբերեն և սլովեներեն լեզուներով թարգմանելու գործին։ Ի՜նչ մեծ օրհնություն է Եհովայի վկաների գրականության մեծ մասը այդ լեզուներով հրատարակելը՝ անգլերեն հրատարակությունների հետ միաժամանակ։ Այս գրականությունը օգնում է շատերին սփոփանք և հույս գտնել։

Ուրախ լինելու մեկ այլ պատճառ է ուրիշ երկրներից ժամանած լիաժամ ծառաների օգնությունը. նրանք անձնազոհ ծառայություն են մատուցում այս տարածքում։ Վերջին տարիներին կառուցվել են մի շարք հրաշալի Թագավորության սրահներ, ինչը նույնպես ուրախ լինելու պատճառ է ժողովների համար։ Սակայն ավելի մեծ ուրախություն էր սպասում նրանց։ Ինչպե՞ս։

Յուրահատուկ ծրագիր

Քարոզիչներից շատերը հաճախ հարցնում էին. «Մենք երբևիցե «Նոր աշխարհ թարգմանություն» կունենա՞նք»։ Նրանք տարեցտարի հույս էին փայփայում այդ մասին հայտարարություն լսել մարզային համաժողովին։ Բայց ինչպե՞ս էր հնարավոր իրականցնել այդպիսի բարդ ծրագիրը. չէ՞ որ այդ լեզուների թարգմանչական խմբերը կազմվել էին միայն մի քանի տարի առաջ և համեմատաբար քիչ թարգմանիչներ կային այդ խմբերում։

Բոլոր հանգամանքները քննելուց հետո Կառավարիչ մարմինը հավանություն տվեց միավորելու խորվաթական, մակեդոնական, սերբական թարգմանչական խմբերը՝ գործելու մեկ ընդհանուր ծրագրով, որպեսզի նրանք կարողանային սերտորեն համագործակցել միմյանց հետ, այդպիսով փոխադարձաբար օգտավետ լինել և խորհուրդներ տալ միմյանց։ Խորվաթական խումբը նշանակվեց որպես պատասխանատու խումբ։

Մեծ ցնծության օր

Բալկաններում ապրող Եհովայի վկաները երբեք չեն մոռանա 1999 թ. հուլիսի 23–ը։ Բելգրադում, Սարաեվոյում (Բոսնիա–Հերցեգովինա), Սկոպիեում և Զագրեբում միաժամանակ անցկացվեց «Աստծո մարգարեական Խոսքը» մարզային համաժողովը։ Դրանից կարճ ժամանակ առաջ անհայտ էր, թե Բելգրադում համաժողով կանցկացվեր, թե՝ ոչ, քանի որ ՆԱՏՕ–ի ռմբակոծությունների ժամանակ հանրային հանդիպումներն արգելված էին։ Ի՜նչ մեծ ուրախություն էր եղբայրների համար իմանալ, որ ամիսներ շարունակ անորոշության մեջ լինելուց հետո այժմ կարող էին համագործակցել միմյանց հետ՝ ներկա լինելով մարզային համաժողովին։ Սակայն համաժողովին տեղի ունեցածը գերազանցեց նրանց սպասումները։

Ուրբաթ օրը՝ կեսօրին, բոլոր չորս համաժողովներին հնչեց հատուկ հայտարարություն։ 13 497 պատվիրակներ քար լռությամբ սպասում էին, թե ինչ է լինելու։ Վերջապես հռետորը հայտարարեց, որ լույս է տեսել «Քրիստոնեական Գրությունների Նոր աշխարհ թարգմանությունը» խորվաթերեն և սերբերեն լեզուներով, իսկ մակեդոներենով թարգմանությունը ընթացքի մեջ է. ներկաներն այլևս չկարողացան զսպել իրենց հույզերը։ Հազարավոր անհատների ծափահարությունները թույլ չէին տալիս հռետորին ավարտել հայտարարությունը։ Իսկ Սարաեվոյի համաժողովում անակնկալ հայտարարությունից հանկարծ լռություն տիրեց։ Ապա բուռն ու երկարատև ծափահարություններ պոռթկացին։ Բելգրադի համաժողովի պատվիրակների այտերը թրջվեցին ուրախության արցունքներով, իսկ հռետորի խոսքն ընհատվում էր ծափահարություններից։ Ի՜նչ ուրախություն էր դա յուրաքանչյուրի համար։

Նրանց ստացած այդ պարգևն ավելի արժեքավոր էր դարձրել այն, որ Եհովայի վկաները արտոնություն էին ստացել տպագրելու Աստվածաշնչի թարգմանությունը և՛ խորվաթերեն, և՛ սերբերեն լեզուներով։ Այդ երկու լեզուներով «Հունարեն Գրությունների Նոր աշխարհ թարգմանությունը» միացվել էր յուրաքանչյուր լեզվով Եբրայերեն Գրությունների մի թարգմանության։ Դեռ ավելին, սերբերեն Աստվածաշունչը տպագրվել էր թե՛ լատինական այբուբենով, թե՛ կիրիլիցայով։

Իրենց ստացած առաջնորդության և այս բոլոր օրհնությունների համար երախտապարտ՝ Բալկաններում բնակվող Աստծո ժողովուրդը լիովին համամիտ է Դավիթ թագավորի հետ, որն ասաց. «Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու [Եհովա] ինձ հետ ես»։ Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնք շարունակում են դիմագրավել՝ նրանք վճռել են «Տիրոջ ուրախութիւնը [իրենց] զօրութիւն[ը]» դարձնել (Սաղմոս 23։4; Նէեմիա 8։10)։

[ծանոթագրություն]

a Նախկին Հարավսլավիայի կազմի մեջ էին մտնում վեց հանրապետություններ՝ Բոսնիան ու Հերցեգովինան, Խորվաթիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Սլովենիան։

[նկար 20–րդ էջի վրա]

Մարիբորից (Սլովենիա) եկած քարոզիչների առաջին խումբը վկայություն է տալիս հեռավոր տարածքում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը