Ի՞նչ են հիշում ոմանց մասին
ՄՈՏ երեք հազար տարի առաջ Դավիթը փախուստի մեջ էր Իսրայելի Սավուղ թագավորից։ Նա մարդիկ ուղարկեց Նաբաղ անունով մի հարուստ հովվի մոտ, որը շատ ոչխարներ ու այծեր ուներ, և ուտելիք ու ջուր խնդրեց։ Իրականում Նաբաղը պարտական էր Դավիթին ու նրա ընկերակիցներին, քանի որ նրանք պաշտպանել էին Նաբաղի հոտերը։ Բայց Նաբաղը մերժեց հյուրասիրություն ցուցաբերել։ Նա նույնիսկ կոպտորեն կշտամբեց Դավիթի մարդկանց։ Նաբաղը կրակի հետ էր խաղում, քանի որ Դավիթն այն մարդը չէր, որի հետ կարելի էր նման ձևով վարվել (Ա Թագաւորաց 25։5, 8, 10, 11, 14)։
Նաբաղի վերաբերմունքը հակասում էր Մերձավոր Արևելքում այցելուներին ու օտարականներին հյուրասիրություն ցույց տալու սովորությանը։ Ինչպիսի՞ համբավ ուներ Նաբաղը։ Աստվածաշունչն ասում է, որ նա «խստաբարոյ եւ չարագործ էր»։ Նրա անվան նշանակությունն է «անզգամ» և նա, անշուշտ, դրսևորել է այդ հատկությունը (Ա Թագաւորաց 25։3, 17, 25)։ Կուզեի՞ք որ ձեզ այդպես հիշեին։ Արդյո՞ք կոպիտ ու անողոք եք ուրիշների հանդեպ՝ հատկապես երբ ակնհայտ է, որ նրանք անբարենպաստ վիճակում են։ Թե՞ բարի եք, հյուրասեր և ուշադիր։
Աբիգեա. խելամիտ կին
Իր կոպիտ վերաբերմունքի պատճառով Նաբաղին անախորժություն էր սպասում։ Դավիթն ու նրա 400 մարդիկ կապել էին իրենց սրերը ու գնում էին Նաբաղին դաս տալու։ Աբիգեան՝ Նաբաղի կինը, լսեց պատահածի մասին։ Նա գիտեր, որ կռիվն անխուսափելի էր։ Ի՞նչ կարող էր անել նա։ Աբիգեան շտապեց առատ սննդամթերք հավաքել ու այլ պատրաստություններ տեսնել և գնաց Դավիթին ու նրա մարդկանց ընդառաջ։ Երբ Աբիգեան հանդիպեց նրանց, աղաչեց Դավիթին, որ նա զուր տեղը արյուն չթափի։ Դավիթի սիրտը փափկեց։ Նա լսեց աղերսանքը և մեղմացավ։ Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց Նաբաղը մահացավ։ Իսկ Դավիթը, տեսնելով Աբիգեայի հիանալի հատկությունները, ամուսնացավ նրա հետ (Ա Թագաւորաց 25։14–42)։
Ինչպիսի՞ անուն վաստակեց Աբիգեան։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «խոհեմամիտ» էր։ Ակնհայտ է, որ նա խելամիտ էր, գործունյա և գիտեր, թե ինչպես և երբ գործի անցնել։ Նա գործեց հավատարմորեն՝ պաշտպանելու դժբախտությունից իր անմիտ ամուսնուն և նրա տան անդամներին։ Իհարկե, Աբիգեան վերջիվերջո մահացավ, բայց խոհեմամիտ կնոջ հիանալի անուն թողեց (Ա Թագաւորաց 25։3)։
Ինչպիսի՞ անուն է թողել Պետրոսը
Եկեք մտովի տեղափոխվենք մ.թ. առաջին դար և խորհենք Հիսուսի 12 առաքյալների մասին։ Անկասկած, ամենաարտահայտիչ ու բուռն անհատականություններից մեկը Պետրոսն էր՝ Կեփասը, որը նախկինում ձկնորս էր եղել Գալիլեայում։ Ակնհայտ է, որ նա եռանդուն անձնավորություն էր և չէր վախենում արտահայտել իր զգացմունքները։ Մի անգամ այնպես եղավ, որ Հիսուսը լվաց իր առաքյալների ոտքերը։ Ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը, երբ իր ոտքերը լվանալու հերթը եկավ։
Պետրոսն ասաց Հիսուսին. «Տէր, դո՞ւ ես իմ ոտները լուանում»։ Հիսուսը պատասխանեց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սորանից յետոյ կ’իմանաս»։ Պետրոսն ասաց. «Դու իմ ոտները չես լուանալ յաւիտեան»։ Նկատեք Պետրոսի բուռն ու անմիջական արձագանքը։ Ի՞նչ պատասխանեց Հիսուսը։
«Եթէ քեզ չ’լուանամ, ինձ հետ բաժին չ’ունիս»,—ասաց նա։ Պետրոսը պատասխանեց. «Տէր, ոչ թէ իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը եւ գլուխն էլ»։ Հիմա էլ Պետրոսը մեկ ուրի՛շ ծայրահեղության մեջ ընկավ։ Բայց միշտ կարելի էր իմանալ, թե ինչ կար Պետրոսի մտքում։ Նա խորամանկ կամ երկերեսանի չէր (Յովհաննէս 13։6–9)։
Պետրոսը նաև հիշվում է իր մարդկային թուլություններով։ Օրինակ՝ նա երեք անգամ ուրացավ Հիսուսին մարդկանց առջև, որոնք մեղադրում էին նրան դատապարտված Հիսուս Նազովրեցու հետևորդ լինելու մեջ։ Երբ Պետրոսը գիտակցեց իր սխալը, նա դառնապես լաց եղավ։ Նա չվախեցավ արտահայտել իր վիշտն ու զղջումը։ Կարևոր է նաև հաշվի առնել այն, որ Պետրոսի՝ Հիսուսին ուրանալու մասին այս պատմությունը արձանագրվել է Ավետարանը գրողների կողմից և շատ հավանական է, որ այդ տեղեկությունները Պետրոսն ինքն է տրամադրել։ Նա այնքան խոնարհ էր, որ ընդունում էր իր սխալները։ Ունե՞ք նման արժանիք (Մատթէոս 26։69–75; Մարկոս 14։66–72; Ղուկաս 22։54–62; Յովհաննէս 18։15–18, 25–27)։
Քրիստոսին ուրանալուց մի քանի շաբաթ անց Պետրոսը՝ սուրբ ոգով լցված, Պենտեկոստեի ժամանակ համարձակորեն քարոզեց հրեաների բազմությանը։ Սա հավաստի նշան էր, որ հարություն առած Հիսուսը վստահում էր նրան (Գործք 2։14–21)։
Մի ուրիշ առիթով Պետրոսը մեկ այլ ծուղակ ընկավ։ Պողոս առաքյալը պատմում է, որ նախքան որոշ հրեա եղբայրների Անտիոք գալը Պետրոսը ազատ շփվում էր իր ոչ հրեա հավատակիցների հետ։ Բայց հետո արդեն նա հեռու էր պահում իրեն այս հավատակիցներից՝ «վախենալով նորանցից որ թլփատութիւնիցն էին», որոնք նոր էին եկել Երուսաղեմից։ Պողոսը բացահայտեց Պետրոսի երկդիմությունը (Գաղատացիս 2։11–14)։
Բայց հիշենք. աշակերտներից ո՞վ համարձակորեն արտահայտվեց այն վճռական պահին, երբ Հիսուսի հետևորդներից շատերը պատրաստ էին լքել նրան։ Դա այն դեպքն էր, երբ Հիսուսը հայտնեց մի նոր բան. իր մարմինն ուտելու և արյունը խմելու կարևորության մասին։ Նա ասաց. «Եթէ մարդի Որդու մարմինը չ’ուտէք եւ նորա արիւնը չ’խմէք, կեանք չ’ունիք ձեր անձերումը»։ Հիսուսի հրեա հետևորդների մեծամասնությունը գայթակղվեց և ասաց. «Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան»։ Ի՞նչ պատահեց այնուհետև. «Սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ» (Յովհաննէս 6։50–67)։
Այդ վճռական պահին Հիսուսը դիմեց 12 առաքյալներին և խորաթափանցորեն հարցրեց. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»։ Պետրոսը պատասխանեց. «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։ Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին» (Յովհաննէս 6։68–70)։
Ինչպիսի՞ անուն վաստակեց Պետրոսը։ Երբ մարդ կարդում է նրա մասին արձանագրությունները, անհնար է, որ չտպավորվի նրա ազնիվ ու անկեղծ անհատականությամբ, հավատարմությամբ և իր թույլ կողմերն ընդունելու պատրաստակամությամբ։ Ի՜նչ բարի անուն է նա թողել։
Ի՞նչ հիշեցին մարդիկ Հիսուսի մասին
Հիսուսի երկրային ծառայությունը տևեց միայն երեք ու կես տարի։ Սակայն ի՞նչ հիշողություններ մնացին նրա մասին իր հետևորդների մոտ։ Նա կատարյալ էր ու առանց մեղքի, բայց արդյո՞ք դա պատճառ եղավ, որ նա գոռոզ լիներ։ Արդյո՞ք նա իշխանություն էր բանեցնում մարդկանց վրա՝ գիտենալով որ Աստծո Որդին է։ Վախեցնո՞ւմ էր ու ստիպում իր հետևորդներին, որ հնազանդ լինեն։ Արդյո՞ք այնքան մտահոգված էր իր հեղինակությամբ, որ հումորի զգացում չէր դրսևորում։ Արդյո՞ք այնքան զբաղված էր, որ ժամանակ չէր տրամադրում թույլ ու հիվանդ մարդկանց կամ երեխաներին։ Բարձրի՞ց էր նայում այլ ռասաների պատկանողներին ու կանանց, ինչպես որ հաճախ վարվում էին այն ժամանակ ապրող տղամարդիկ։ Ի՞նչ է Աստվածաշունչն ասում։
Հիսուսը հետաքրքրություն էր ցուցաբերում մարդկանց հանդեպ։ Երբ ուսումնասիրում ենք նրա ծառայությունը, տեսնում ենք, որ շատ դեպքեր են եղել, երբ նա բուժել է կաղերի ու հիվանդների։ Նա պատրաստակամորեն օգնում էր նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Նա հետաքրքրություն ցուցաբերեց երեխաների հանդեպ, երբ հրահանգ տվեց իր աշակերտներին՝ ասելով. «Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց»։ Հետո Հիսուսը «նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց»։ Ժամանակ տրամադրո՞ւմ եք երեխաներին, թե՞ այնքան զբաղված եք, որ չեք էլ նկատում նրանց ներկայությունը (Մարկոս 10։13–16; Մատթէոս 19։13–15)։
Երբ Հիսուսը երկրի վրա էր, հրեաները բեռնավորված էին կրոնական կարգ ու կանոններով, որ Օրենքի պահանջներից դուրս էին։ Նրանց կրոնական առաջնորդները ծանր բեռներ էին դնում ժողովրդի ուսերին, մինչդեռ իրենք մատով անգամ չէին շարժում դրանք (Մատթէոս 23։4; Ղուկաս 11։46)։ Որքա՜ն էր Հիսուսը տարբերվում նրանցից։ Նա ասաց. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ» (Մատթէոս 11։28–30)։
Մարդիկ թարմություն էին ստանում Հիսուսի հետ շփվելուց։ Նա չէր սպառնում իր աշակերտներին, այնպես որ նրանք վախենային ազատ արտահայտվել։ Ավելին, նա նույնիսկ հարցեր էր տալիս՝ քաջալերելով նրանց արտահայտվել (Մարկոս 8։27–29)։ Քրիստոնյա վերակացուները լավ կլինի իրենց հարց տան. «Թողնո՞ւմ եմ այս նույն տպավորությունը հավատակիցներիս վրա։ Արդյո՞ք ուրիշ երեցներ իսկապես ասում են ինձ իրենց կարծիքները, թե՞ տատանվում են դա անել»։ Որքա՜ն թարմացուցիչ է, երբ վերակացուները մատչելի են, լսում են ուրիշներին և ճկունություն են դրսևորում։ Ողջամտության պակասը միայն խանգարում է անկեղծ ու ազատ քննարկմանը։
Թեև Հիսուսը Աստծո Որդին էր, սակայն նա երբեք չչարաշահեց իր իշխանությունը։ Փոխարենը՝ նա տրամաբանում էր իր լսողների հետ։ Օրինակ՝ նա այդպես վարվեց, երբ փարիսեցիները փորձեցին ծուղակը գցել նրան՝ խորամանկորեն հարցնելով. «Ի՞նչպէս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ»։ Հիսուսն ասաց, որ իրեն մի դրամ ցույց տան և հարցրեց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ Նրանք պատասխանեցին. «Կայսեր»։ Այնուհետև նա ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն» (Մատթէոս 22։15–21)։ Պարզ տրամաբանությունը բավական եղավ։
Ունե՞ր Հիսուսը հումորի զգացում։ Որոշ ընթերցողներ հնարավոր է հումոր նկատեն՝ կարդալով այն հատվածը, որտեղ Հիսուսն ասում է, թե ավելի հեշտ է, որ ուղտն անցնի ասեղի անցքով, քան թե հարուստ մարդը մտնի Աստծո Թագավորությունը (Մատթէոս 19։23, 24)։ Հենց միայն այն միտքը, որ ուղտը փորձում է անցնել բառացի ասեղի անցքի միջով, չափազանցություն է։ Այսպիսի հիպերբոլայի մի այլ օրինակ է եղբոր աչքի միջի շյուղը տեսնելը, այն դեպքում երբ սեփական աչքի միջի գերանը մարդ չի նկատում (Ղուկաս 6։41, 42)։ Հիսուսը խիստ կարգուկանոնի կողմնակից չէր։ Նա ջերմ ու ընկերական անձնավորություն էր։ Քրիստոնյաների համար այսօր հումորի զգացումը կարող է ցրել ստրեսային իրավիճակների մշուշը։
Հիսուսի կարեկցանքը կանանց հանդեպ
Ինչպե՞ս էին կանայք իրենց զգում Հիսուսի ներկայությամբ։ Նրա հավատարիմ հետևորդների թվում, անշուշտ, շատ կանայք կային, այդ թվում նաև իր մայրը՝ Մարիամը (Ղուկաս 8։1–3; 23։55, 56; 24։9, 10)։ Կանայք այնքան ազատ էին զգում իրենց՝ մոտենալու Հիսուսին, որ մի առիթով մի կին, որին ճանաչում էին որպես «մեղաւոր», լվաց նրա ոտքերը իր արտասուքով և անուշահոտ յուղով օծեց (Ղուկաս 7։37, 38)։ Մեկ այլ կին, որ տարիներ շարունակ արյունահոսությամբ էր տառապել, ամբոխի միջով անցավ–հասավ Հիսուսին, որպեսզի դիպչեր նրա հագուստին ու բժշկվեր։ Հիսուսը գովեց նրա հավատը (Մատթէոս 9։20–22)։ Այո՛, կանայք տեսան, որ Հիսուսը մատչելի էր։
Մեկ այլ դեպքում Հիսուսը սամարացի մի կնոջ հետ խոսեց ջրհորի մոտ։ Կինն այնքան զարմացած էր, որ ասաց. «Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ»։ Հրեաները ոչ մի հարաբերություն չունեին սամարացիների հետ։ Հիսուսը սկսեց մի հրաշալի ճշմարտություն ուսուցանել նրան ջրի մասին, որ ‘բխում է հավիտենական կյանք տալու համար’։ Նա անկաշկանդ էր պահում իրեն կանանց հետ։ Հիսուսը չէր կարծում, որ դրանով իր հեղինակությունը հարցականի տակ է դնում (Յովհաննէս 4։7–15)։
Հիսուսին հիշում են մարդկային իր բազմաթիվ հատկությունների, այդ թվում նաև նրա ցուցաբերած անձնազոհության ոգու համար։ Նա աստվածային սիրո մարմնավորումն էր։ Հիսուսն օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են լինել նրա հետևորդները։ Որքանո՞վ եք հետևում նրա օրինակին (Ա Կորնթացիս 13։4–8; Ա Պետրոս 2։21)։
Ի՞նչ անուն են թողնում ժամանակակից քրիստոնյաները
Մեր ժամանակներում հազարավոր հավատարիմ քրիստոնյաներ են մահանում. շատերը ծեր, իսկ ուրիշները համեմատաբար երիտասարդ հասակում։ Բայց նրանք բարի անուն են թողնում իրենցից հետո։ Ոմանք հիշվում են իրենց ջերմությամբ ու սրտաբացությամբ, ինչպես Քրիսթալը, որ մահացել է ծեր հասակում։ Մյուսներն իրենց ուրախ բնավորությամբ և պատրաստակամությամբ, ինչպես օրինակ՝ Դերկը, որ մահացել է մոտ 43 տարեկանում։
Նաև քննարկենք Խոսեի՝ իսպանացի մի քրիստոնիայի օրինակը։ 1960-ական թվականներին, երբ Եհովայի վկաների գործունեությունն արգելված էր Իսպանիայում, Խոսեն ամուսնացած էր և ուներ երեք փոքրիկ աղջիկ։ Նա հուսալի աշխատանք ուներ Բարսելոնում։ Բայց այդ ժամանակ Իսպանիայի հարավում հասուն քրիստոնյա երեցների կարիք կար։ Խոսեն թողեց իր ապահով աշխատանքը և իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Մալագա։ Նրանք դժվար տնտեսական ժամանակներ ապրեցին և հաճախ աշխատանք չունեին։
Սակայն Խոսեին ճանաչում էին ծառայության մեջ նրա թողած հավատարմության, վստահելիության օրինակով, ինչպես նաև իր դուստրերին տված օրինակելի դաստիարակությամբ, որ նրան հաջողվեց կնոջ՝ Կարմելայի օգնությամբ, որը միշտ աջակցում էր նրան։ Երբ քրիստոնեական համաժողովներ կազմակերպելու համար ինչ–որ մեկի կարիքը կար, Խոսեն միշտ պատրաստակամություն էր դրսևորում։ Ցավոք, 50 տարեկան հասակում նա ծանր հիվանդացավ, որի հետևանքով մահացավ։ Սակայն մարդկանց հիշողության մեջ նա մնաց որպես հուսալի, աշխատասեր երեց, սիրող ամուսին և հայր։
Իսկ ինչպե՞ս կհիշեն ձեզ։ Եթե երեկ մահացած լինեիք, մարդիկ այսօր ի՞նչ կասեին ձեր մասին։ Սա մի հարց է, որ կարող է մղել բոլորիս բարելավումներ կատարել մեր վարվելակերպի մեջ։
Ի՞նչ կարող ենք անել լավ համբավ ունենալու համար։ Կարող ենք միշտ բարելավվել սուրբ ոգու պտուղը դրսևորելու մեջ, որոնցից են օրինակ՝ սերը, երկայնամտությունը, բարությունը, հեզությունը և ինքնատիրապետումը (Գաղատացիս 5։22, 23)։ Այո՛, իսկապես «բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը» (Ժողովող 7։1; Մատթէոս 7։12)։
[նկար 5–րդ էջի վրա]
Աբիգեային հիշում են իր խոհեմամտության համար
[նկար 7–րդ էջի վրա]
Պետրոսին հիշում են իր բուռն, բայց միևնույն ժամանակ ազնիվ խառնվածքի համար
[նկար 8–րդ էջի վրա]
Հիսուսը ժամանակ էր հատկացնում երեխաներին