Նա սիրում էր բարություն
ՄԻԼԹՈՆ ՀԵՆՇԵԼԸ, որ երկար տարիներ ծառայում էր որպես Եհովայի վկաների կազմակերպության Կառավարիչ մարմնի անդամ, 2003 թ.–ի մարտի 22–ին՝ կիրակի օրը, ավարտեց իր երկրային կյանքը 82 տարեկան հասակում։
Միլթոն Հենշելը Եհովայի վկաների գլխավոր վարչությունում ծառայության է անցել երիտասարդ հասակում և հավատարմորեն ծառայել է ավելի քան 60 տարիներ։ Նա կարճ ժամանակում հայտնի դարձավ իր խորաթափանցությամբ ու Թագավորության քարոզչության գործով անկեղծ հետաքրքրվածությամբ։ 1939 թ.–ին նա դարձավ Ն. Նորի քարտուղարը։ Վերջինս այն ժամանակ Եհովայի վկաների՝ Բրուքլինում գործող տպարանի վերակացուն էր։ Երբ 1942 թ.–ին եղբայր Նորը նշանակվեց ղեկավարելու Վկաների համաշխարհային գործունեությունը, նա եղբայր Հենշելին պահեց իրեն օգնական։ 1956 թ.–ին եղբայր Հենշելն ամուսնացավ Լուսիլ Բենետի հետ, և նրանք սկսեցին կիսել կյանքի ուրախություններն ու դժվարությունները։
Եղբայր Հենշելը սերտորեն համագործակցեց եղբայր Նորի հետ ընդհուպ մինչև վերջինիս մահը 1977 թ.–ին։ Նա՝ հաճախ եղբայր Նորի հետ միասին, շրջել է ավելի քան 150 երկրներ՝ այցելելու և քաջալերելու համար իր հավատակիցներից հատկապես նրանց, ովքեր միսիոներական ծառայության մեջ էին կամ աշխատում էին մասնաճյուղի գրասենյակներում։ Երբեմն այդ ուղևորությունները մեծ ջանքեր էին պահանջում և նույնիսկ հղի էին վտանգներով։ 1963 թ.–ին, երբ եղբայր Հենշելը գնաց Լիբերիա՝ համաժողովի, նրա դեմ դաժան հալածանքներ սկսվեցին այն պատճառով, որ նա մերժեց մասնակցել հայրենասիրական մի արարողության։a Դրանից ընդամենը մի քանի ամիս անց եղբայր Հենշելը անվախորեն վերադարձավ Լիբերիա՝ հանդիպելու երկրի պրեզիդենտի հետ և քննարկելու այդ երկրում Եհովայի վկաների գործունեության ազատությանն առնչվող հարցեր։
Դժվարլուծելի խնդիրների առջև կամ դժվար իրավիճակներում հայտնվելիս եղբայր Հենշելը աչքի էր ընկնում իր գործնական, ճկուն ու ողջախոհ մոտեցումով։ Նրա համագործակիցները հատկապես գնահատում էին նրա կարգապահությունը, համեստությունը, հումորի զգացումը։ Օժտված լինելով հիանալի հիշողությամբ՝ նա հաճելի անակնկալ էր մատուցում աշխարհի տարբեր երկրներում ծառայող շատ միսիոներների՝ իսկույն հիշելով նրանց անունը. նաև մեկ–երկու արտահայտություն էր ասում տվյալ երկրի լեզվով կամ բառախաղերով սրամտում՝ չարաճճի փայլն աչքերում։
Միքիա 6։8 համարը հիշեցնում է, որ Եհովա Աստված մեզանից ակնկալում է «ողորմութիւն [«բարություն», ՆԱ] սիրել»։ Միլթոն Հենշելը մեր հիշողության մեջ կմնա որպես այդպիսի մարդու օրինակ։ Չնայած իր ունեցած պատասխանատվությունների ծանր բեռին՝ նա մնում էր պարզ ու մատչելի, սիրալիր ու բարի։ Նա սիրում էր ասել. «Երբ չգիտես՝ ինչպես վարվել, հիշիր, որ ճիշտը բարությամբ վարվելն է»։ Թեև մեզ ցավ է պատճառում մեր սիրելի եղբոր կորուստը, սակայն ուրախ ենք, որ նա Եհովային մինչև վերջ հավատարիմ մնաց ու վստահ, որ ստանալու է իր վարձը՝ «կեանքի պսակը» (Յայտնութիւն 2։10)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների տարեգիրքը» (1977 թ., էջ 171–177, անգլ.)։
[նկար 31–րդ էջի վրա]
Մ. Հենշելը և Ն. Նորը
[նկար 31–րդ էջի վրա]
Իր կնոջ՝ Լուսիլի հետ