Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ո՞ր հարցերում է Հռութը հիանալի օրինակ հանդիսանում։
Նա օրինակելի էր Եհովայի հանդեպ իր սիրով, Նոեմիի հանդեպ հավատարմությամբ ու նվիրվածությամբ, իր աշխատասիրությամբ ու խոնարհությամբ։ Մարդիկ հիմքեր ունեին նրան «առաքինի կին» համարելու (Հռութ 3։11), (15. 04 էջ 23–26)։
• Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան հոգ է տանում հասարակ մարդկանց մասին։
Իսրայելացիներին, որոնց հետ Եգիպտոսում դաժանորեն էին վերաբերվել, Եհովան պատվիրեց վատ չվերաբերվել հասարակ մարդկանց (Ելից 22։21–24)։ Հիսուսը, որն ընդօրինակում էր իր Հորը, մեծ հետաքրքրություն ցուցաբերեց հասարակ մարդկանց հանդեպ, և նա որպես առաքյալներ ընտրեց մարդկանց, որոնք «պարզ և անուս» էին (Գործք 4։13, ԱՆԹ; Մատթէոս 9։36)։ Մենք կարող ենք ընդօրինակել Աստծուն՝ հետաքրքրություն ցուցաբերելով մարդկանց հանդեպ, այդ թվում երիտասարդների (15. 04 էջ 28–31)։
• Ի՞նչ հիմք ունենք հավատալու, որ Եհովան նկատում է այն, ինչ անում ենք։
Աստվածաշնչյան արձանագրությունները ցույց են տալիս, որ Եհովան նկատում է մարդկանց արածները։ Նա նկատեց Աբելի մատուցած զոհը, և նա նկատում է մեր ‘օրհնության պատարագները՝ շրթունքների պտուղը’ (Եբրայեցիս 13։15)։ Եհովան գիտեր, որ Ենովքը ձգտում էր հաճեցնել իրեն՝ ապրելով մաքուր, բարոյական կյանքով։ Աստված տեսավ, թե ինչպես Սարեփթայում ապրող ոչ իսրայելացի այրին կիսեց իր ունեցած աղքատիկ կերակուրը Եղիա մարգարեի հետ։ Եհովան նաև նկատում է հավատի մեր գործերը (01. 05 էջ 28–31)։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ մ.թ. 33 թ.–ի Պենտեկոստեից հետո հրեաները, որոնք դարձան քրիստոնյաներ, պետք է անձամբ նվիրվեին Աստծուն։
Մ.թ.ա. 1513թ.–ին հին Իսրայելը Եհովայի հետ առանձնահատուկ փոխհարաբերության մեջ մտավ (Ելից 19։3–8)։ Սկսած այդ ժամանակից՝ հրեաները ծնվում էին արդեն Եհովային նվիրված այդ ազգի մեջ, որը գտնվում էր Օրենքի ուխտի տակ։ Բայց Եհովան մ.թ. 33 թ.–ին Քրիստոսի մահով վերացրեց Օրենքի ուխտը (Կողոսացիս 2։14)։ Դրանից հետո այն հրեաները, ովքեր ուզում էին Աստծուն ընդունելի կերպով ծառայել, պետք է անձամբ նվիրվեին նրան և մկրտվեին Հիսուս Քրիստոսի անունով (15. 05 էջ 30,31)։
• Խնկարկությունը տեղ ունի՞ այսօր ճշմարիտ երկրպագության մեջ։
Հին Իսրայելում խունկի գործածումը ճշմարիտ երկրպագության մաս էր կազմում (Ելից 30։37, 38; Ղեւտացոց 16։12, 13)։ Բայց Օրենքի ուխտին, որի մեջ մտնում էր խունկի գործածումը, վերջ դրվեց Քրիստոսի մահով։ Քրիստոնյաները կարող են որոշել՝ օգտագործե՞լ խունկ ոչ կրոնական նպատակներով, թե՞ ոչ։ Բայց այսօր դա ճշմարիտ երկրպագության մաս չի կազմում։ Ուրիշների զգացմունքները ևս պետք է հաշվի առնվեն, որպեսզի գայթակղության առիթ չտանք (01. 06 էջ 28–30)։
• Վերջերս լրագրերում ի՞նչ իրի մասին նշվեց, որը մղեց շատերին ավելի շատ խորհել այն մասին, որ Հիսուսն իրականում ապրել է երկրի վրա։
Հասարակության լայն շրջանների ուշադրությունը գրավեց Իսրայելում գտնված մի արկղ՝ աճյունատուփ։ Կարծիք կա, որ այն մեզ է հասել առաջին դարից։ Նրա վրա կա հետևյալ մակագրությունը. «Հակոբոս, Հովսեփի որդին, Հիսուսի եղբայրը»։ Ոմանք կարծում են, որ սա Աստվածաշնչից դուրս գտնվող «ամենահին հնագիտական ապացույցն» է, որ փաստում է Հիսուսի գոյության մասին (15. 06 էջ 3,4)։
• Ինչպե՞ս է մարդը սիրել սովորում։
Մարդիկ սիրել են սովորում նախ իրենց ծնողների օրինակից և տված դաստիարակությունից։ Երբ ամուսինն ու կինը սեր ու հարգանք են դրսևորում մեկը մյուսի հանդեպ, երեխաները դրանից կարող են սիրել սովորել (Եփեսացիս 5։28; Տիտոս 2։4)։ Եթե նույնիսկ անհատը մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ սեր չի տեսել, նա կարող է սիրել սովորել՝ ընդունելով Եհովայի հայրական առաջնորդությունը, ստանալով սուրբ ոգու օգնությունը և օգուտ քաղելով քրիստոնեական եղբայրության ջերմ աջակցությունից (01. 07 էջ 4–7)։
• Ո՞վ էր Եվսեբիոսը և ինչ դաս կարող ենք քաղել նրա կյանքից։
Եվսեբիոսը հնում ապրած պատմիչներից է եղել։ Մ.թ. 324թ. նա վերջացրել է տաս հատորից բաղկացած իր աշխատությունը, որի վերնագիրն էր՝ «Եկեղեցական պատմություն»։ Թեպետ նա հավատում էր, որ Հայրը գոյություն է ունեցել Որդուց առաջ, սակայն Նիկիայի տիեզերական ժողովում այլ տեսակետ ընդունեց։ Ակնհայտ է, որ նա անտեսեց Հիսուսի այն պատվերը, ըստ որի՝ նրա հետևորդները «աշխարհից չեն» (Յովհաննէս 17։16), (15. 07 էջ 29–31)։
• Արդյո՞ք Եհովան փոխել է բազմակնության վերաբերյալ իր տեսակետը։
Ո՛չ, Եհովան չի փոխել բազմակնության վերաբերյալ իր տեսակետը (Մաղաքիա 3։6)։ Առաջին մարդու համար Աստված նախատեսել էր, որ նա «յարի իր կնոջը», և մեկ մարմին դառնա նրա հետ (Ծննդոց 2։24)։ Հիսուսն ասաց, որ առանց պոռնկության պատճառի ամուսնալուծվելը և կրկին ամուսնանալը շնացող է դարձնում մարդուն (Մատթէոս 19։4–6, 9)։ Սկսած այն պահից, երբ կազմավորվեց քրիստոնեական ժողովը, Եհովան այլևս չի հանդուրժում բազմակնությունը (01. 08 էջ 28)։