Ինչո՞ւ են Եհովայի վկաները շարունակում այցելել
ԱՄԲՈՂՋ աշխարհում մարդկանց հայտնի է, թե ինչ հաստատակամությամբ են Եհովայի վկաները կատարում իրենց տնից տուն ծառայությունը։ Որոշ մարդկանց մեջ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Վկաները շարունակում այցելել իրենց, մանավանդ երբ իրենք նախկինում առանձնակի հետաքրքրություն ցույց չեն տվել նրանց հայտնած լուրի առնչությամբ։ Երկու նամակներ, որ ստացվել են Ռուսաստանից, օգնում են պատասխանել այդ հարցին։
«Անկեղծ ասած, նախկինում ամեն կերպ խուսափում էի Եհովայի վկաներից»,— ասում է Մաշան՝ 19–ամյա մի աղջիկ, որն ապրում է Խաբարովսկ քաղաքում։ Վկաների հրատարակած պարբերագրերից մի քանիսը կարդալուց հետո նա, այնուամենայնիվ, փոխեց իր վերաբերմունքը։ «Այն, ինչ ես կարդացի, շատ հետաքրքիր էր ու ուսանելի,— գրում է Մաշան,— բայց որ ամենակարևորն է, դրանք օգնում են այլ կերպ նայել աշխարհին։ Կամաց–կամաց սկսեցի հասկանալ, թե ինչ իմաստ ունի մարդու կյանքը»։
Սվետլանան, որ ապրում է Վլադիվոստոկից գրեթե 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ուսուրիսկ քաղաքում, գրել է. «Բոլորովին վերջերս եմ սկսել կարդալ «Դիտարանն» ու «Արթնացե՛ք»–ը։ Մեր ժամանակներում այդ պարբերագրերը իսկ և իսկ անհրաժեշտություն են։ Ես հաճույքով ընթերցում եմ բոլոր հոդվածները։ Դրանք շատ հետաքրքիր են, տեղեկություններով հարուստ ու ուսանելի։ Շնորհակալությո՛ւն, շա՛տ շնորհակալություն, որ դուք կաք այս աշխարհում և այդքան բարի ու կարևոր գործ եք կատարում»։
Ողջ աշխարհի Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում Պողոս առաքյալի՝ խորհելու առիթ տվող հետևյալ հարցին. «Ի՞նչպէս լսեն [մարդիկ] առանց քարոզողի» (Հռովմայեցիս 10։14)։ Ինչո՞ւ մի քանի րոպե ժամանակ չհատկացնեք՝ լսելու Վկաներին, երբ նրանք հաջորդ անգամ այցելեն ձեզ։ Հավանաբար, ձեզ ևս բավականություն կպատճառի այն մխիթարող լուրը, որ նրանք հայտնում են Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից։