Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 9/15 էջ 21–23
  • Ալրաղացներ, որ հաց են դնում մեր սեղանին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ալրաղացներ, որ հաց են դնում մեր սեղանին
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ առաջացավ ալրաղացների կարիքը
  • Ալրաղացներ, որ գործում էին մարդու ուժով
  • Պտտական աղացները հեշտացնում են գործը
  • Ջրի կամ քամու օգնությամբ աշխատող աղացներ
  • «Մեր ամեն օրուայ հացը»
  • Գիտեի՞ք արդյոք
    2015 Դիտարան
  • Ճաշակե՞լ ես կյանքի հացը
    2014 Դիտարան
2004 Դիտարան
w04 9/15 էջ 21–23

Ալրաղացներ, որ հաց են դնում մեր սեղանին

ԱՅՆ կոչել են «կյանքի նեցուկ», «ուտելիքների ուտելիքը», «անհիշելի ժամանակներից մարդուն մշտապես ուժ տվողն ու հենարանը»։ Այո՛, հնուց ի վեր հացը եղել է ամենագլխավոր ուտելիքը։ Իրականում՝ մարդու ամենաանհրաժեշտ կարիքներից մեկն է եղել օրվա հացը վաստակելը։

Հացի հիմնական բաղադրամասը ալյուրն է, կամ՝ հացահատիկը, որը ստանում ենք աղալու միջոցով։ Հետևաբար, աղալը հին արհեստ է։ Առանց մեքենայացված հարմարությունների՝ հացահատիկը ալյուրի վերածելը պետք է որ շատ տաժանակիր աշխատանք լիներ։ Աստվածաշնչյան ժամանակներում երկանքի ձայնը կապակցվում էր բնականոն, խաղաղ պայմանների հետ, իսկ դրա բացակայությունը ամայության հետ (Երեմիա 25։10, 11)։

Ի՞նչ պատմություն ունի աղալու աշխատանքը։ Որո՞նք են այն կերպերից ու սարքերից մի քանիսը, որ օգտագործվել են հացահատիկը աղալու համար։ Եվ ինչպիսի՞ ալրաղացներ են հաց դնում ձեր սեղանին։

Ինչո՞ւ առաջացավ ալրաղացների կարիքը

Մարդկային առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, Եհովան ասաց. «Ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վերայ եւ ամեն ծառ՝ որի մէջ կայ սերմ տուող ծառի պտուղ, ձեզ տուի որ ձեզ համար կերակուր լինի» (Ծննդոց 1։29)։ Եհովա Աստծո տված ուտելիքի մեջ էին մտնում հացազգի բույսերի սերմերը։ Նման սննդամթերքը անհրաժեշտ էր մարդու գոյության համար, քանի որ բոլոր հացաբույսերը, այդ թվում ցորենը, գարին, աշորան, վարսակը, բրինձը, կորեկը, սորգոն և եգիպտացորենը պարունակում են օսլայով հարուստ ածխաջրածին, որը օրգանիզմում վերածվում է հիմնական «վառելանյութի»՝ գլյուկոզայի։

Մարդկանց համար բավականին դժվար է մարսել չմշակված, հում հացահատիկը։ Այն ավելի հեշտ է մարսվում, երբ վերածվում է ալյուրի և ապա թխվում։ Հացահատիկը ալյուրի վերածելու ամենապարզ եղանակը սանդի մեջ ծեծելն է, երկու քարերի արանքում փշրելը, կամ այս երկու գործողությունները միասին կատարելը։

Ալրաղացներ, որ գործում էին մարդու ուժով

Հին եգիպտական դամբարաններում հայտնաբերված արձանիկները ցույց են տալիս, թե ինչպիսին է եղել առաջին աղացներից մեկը՝ թամբ–​աղացը։ Այն այդպես է կոչվել, քանի որ իր կառուցվածքով նման է թամբի։ Այս աղացը կազմված էր երկու քարերից. մի քիչ փոս ընկած և թեք քարը ներքևում, իսկ մյուս՝ ավելի փոքր քարը վերևում։ Այն գործածողը, որը սովորաբար կին էր, ծնկների վրա նստում էր գործիքի ետնամասում և երկու ձեռքերով բռնում վերևի քարը։ Այնուհետև իր մարմնի ողջ ծանրությամբ հենվում էր դրա վրա և վերևի քարը ետ ու առաջ տանելով՝ փշրում հացահատիկը երկու քարերի արանքում։ Ինչպիսի՜ պարզ և արդյունավետ սարք։

Սակայն ժամեր շարունակ ծնկելը իր գործն էր անում։ Աղացի վերևի քարը այս ծայրից այն ծայրը հրելը շարունակ լարված վիճակում էր պահում աշխատողի մեջքը, թևերը, ազդրերը, ծնկները և ոտքերի մատները։ Հին Սիրիայում հայտնաբերված կմախքների ոսկրային ձևախախտումները ուսումնասիրելով՝ հնագետները եկել են այն եզրակացության, որ նմանատիպ ալրաղացներ օգտագործելու պատճառով երիտասարդ կանայք անընդհատ վնասվածքներ էին ստանում՝ փոս էին ընկնում ծնկները, վնասվում էին մեջքի ողները, ոտքերի մեծ մատերում սուր ոսկրահոդաբորբ էր առաջանում։ Այնպես է թվում, որ հին Եգիպտոսում երկանքը աղախիններն էին աղում (Ելից 11։5)։a Որոշ գիտնականների կարծիքով՝ երբ իսրայելացիները Եգիպտոսից հեռացան նրանք իրենց հետ էին վերցրել թամբ–աղացներ։

Աղալու գործիքները հետագայում կատարելագործվեցին. արտադրողականությունը բարձրացնելու նպատակով երկու քարերի վրա էլ ճեղքեր արվեցին։ Վերևի քարի վրա ձագարաձև անցք անելը թույլ տվեց, որ աշխատողը հացահատիկը լցնի այնտեղ, որտեղից էլ այն ինքնաբերաբար լցվում էր քարերի արանքը։ Մ.թ.ա. IV–V դարերում Հունաստանում պատրաստվեց առաջին աղաց–մեքենան։ Նրա վերևի քարին հորիզոնական դիրքով ամրացված էր մի բռնակ։ Այս բռնակի ազատ ծայրը մի փոքր ետ ու առաջ տանելու արդյունքում վերևի քարը, որի մեջ լցվում էր հացահատիկը, շփման մեջ էր մտնում ներքևի քարի հետ։

Վերոհիշյալ բոլոր աղացներն էլ լուրջ թերություններ ունեին։ Դրանք պետք է ետ ու առաջ տարվեին, և ոչ մի կենդանու հնարավոր չէր վարժեցնել կատարելու այդ աշխատանքը։ Ուստի նման ալրաղացները կարող էին միայն գործի դրվել մարդու մկանների հաշվին։ Հետագայում առաջ եկավ տեխնիկապես ավելի կատարելագործված՝ պտտական աղացը։ Այժմ աշխատանքը կարելի էր անել կենդանիների օգնությամբ։

Պտտական աղացները հեշտացնում են գործը

Ամենայն հավանականությամբ պտտական ալրաղացը ստեղծվել է մ.թ.ա. մոտավորապես II դարում Միջերկրական ծովի շրջաններում։ Մ.թ. I դարում Պաղեստինում ապրող հրեաները լավ ծանոթ էին այդպիսի աղացին, քանի որ Հիսուսը խոսեց «էշի մի երկանաքար[ի]» մասին (Մարկոս 9։41, ԷԹ)։

Կենդանիների ուժով աշխատեցվող աղացները օգտագործվել են Հռոմում և Հռոմեական կայսրության բազմաթիվ շրջաններում։ Պոմպեյում մինչև այժմ էլ պահպանվել են նման աղացներ։ Դրանք բաղկացած են ավազե ժամացույցի ձև ունեցող վերին քարից, որը ձագարի դեր է կատարում և ներքևի կոնաձև քարից։ Երբ վերևի քարը պտտվում էր ներքևի քարի վրա, հացահատիկը լցնում էին երկու քարերի արանքը և այն դառնում էր փոշի։ Այս տեսակ աղացների վերևի քարերը չափսերով տարբերվում էին՝ ունենալով 45–ից մինչև 90 սանտիմետր տրամագիծ։ Նման աղացները հասնում էին մինչև 180 սանտիմետր բարձրության։

Արդյոք ձեռքի աղացներն են առաջացել կենդանու ուժով աշխատեցվող աղացներից, թե հակառակը՝ հայտնի չէ։ Համենայն դեպս ձեռքի աղացները ունեին առավելություններ. դրանք հեշտ էր օգտագործել և մի տեղից մյուսը փոխադրել։ Ձեռքի ալրաղացը կազմված էր երկու շրջանաձև քարերից՝ թերևս 30–60 սանտիմետր տրամագծով։ Ներքևի քարի վերին մասը մի քիչ ուռուցիկ էր, իսկ վերևի քարի ներքևի մասը մի փոքր փոս ընկած, որպեսզի հարմար ձևով տեղադրվեր ներքևի քարի վրա։ Վերևի քարը դրվում էր կենտրոնում՝ պտտման հենակետում և պտտեցվում փայտե բռնակի օգնությամբ։ Սովորաբար երկու կին նստում էին դեմ դիմաց և յուրաքանչյուրը մի ձեռքով բռնում էր վերևի քարը պտտեցնելու բռնակը (Ղուկաս 17։35)։ Կանանցից մեկը իր ազատ ձեռքով շարունակաբար քիչ քանակությամբ հացահատիկ էր լցնում վերևի քարի անցքի մեջ, իսկ մյուսը քարերի եզրերից թափված ալյուրը հավաքում էր այն սկուտեղի միջից կամ շորի վրայից, որը դրված էր երկանքի տակ։ Այսպիսի ալրաղացը բավարարում էր այն զինվորների, ծովայինների, կամ փոքր ընտանիքների կարիքները, որոնք հեռու էին ապրում մեծ ալրաղացներից։

Ջրի կամ քամու օգնությամբ աշխատող աղացներ

Մ.թ.ա. մոտ 27 թ.–ին հռոմեացի ինժեներ Վիտրուվիոսը նկարագրել է իր օրերի ջրաղացները։ Հոսող ջուրը հրում էր ուղղահայաց թափանիվի փայտե ոտնակները, որոնք ամրացված էին հորիզոնական սռնակի վրա՝ այդպիսով պտտեցնելով թափանիվը։ Ատամնավոր անիվը իր հերթին շարժման մեջ էր դնում ուղղահայաց լիսեռը, որն էլ շարժում էր վերին ջրաղացքարը։

Որքանո՞վ էր ջրաղացը արդյունավետ՝ համեմատած մյուս աղացների հետ։ Ըստ հաշվարկների՝ ձեռքի աղացները մեկ ժամում աղում էին մոտավորապես 10 կիլոգրամ հացահատիկ, իսկ կենդանու օգնությամբ աշխատող ամենաարդյունավետ աղացը՝ մինչև 50 կիլոգրամ։ Սակայն Վիտրուվիոսի ջրաղացը՝ կարող էր աղալ մոտ 150–200 կիլոգրամ։ Վիտրուվիոսից հետո դարեր շարունակ, ջրաղացների հմուտ մասնագետները՝ բազմաթիվ տարբերություններով և բարեփոխումներով շարունակեցին կիրառության մեջ դնել նրա նկարագրած հիմնական սկզբունքը։

Աղացքարերը գործի դնելու համար էներգիայի միակ աղբյուրը հոսող ջուրը չէր։ Եթե թափանիվները փոխարինվեին հողմաղացների առագաստներով, նորից կարելի էր հասնել նույն արդյունքներին։ Հողմաղացները սկսեցին օգտագործվել Եվրոպայում մ.թ. XII դարում և լայն կիրառություն գտան Բելգիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և այլ վայրերում։ Այդ աղացները օգտագործվեցին մինչև այն ժամանակ, երբ ջրի գոլորշու և էներգիայի այլ աղբյուրների միջոցով աշխատող աղացները աստիճանաբար գործածությունից դուրս հանեցին դրանք։

«Մեր ամեն օրուայ հացը»

Չնայած առաջընթացին՝ երկրագնդի տարբեր մասերում դեռ գործում են աղալու՝ անցյալում կիրառված շատ մեթոդներ։ Սանդն ու սանդաթակը մինչև այժմ էլ օգտագործվում են Աֆրիկայում և Օվկիանիայում։ Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում տորտիլյայի համար թամբ–աղացներ են օգտագործվում եգիպտացորեն աղալու համար։ Իսկ տարբեր տեղերում էլ դեռևս գործում են ջրաղացներ և հողմաղացներ։

Սակայն աշխարհում այսօր հաց պատրաստելու համար օգտագործվող ալյուրը մեծ մասամբ արտադրվում է ամբողջությամբ մեքենայացված և ավտոմատ կերպով աշխատող աղացներում։ Հացաբույսերի հատիկները աստիճանաբար վերածվում են ալյուրի, երբ մի քանի անգամ անցնում են ճեղքեր ունեցող պողպատյա զույգ գլանների միջով, որոնք պտտվում են տարբեր արագություններով։ Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է դառնում չնչին ծախսերով տարբեր տեսակի ալյուր արտադրել։

Կերակուր պատրաստելու համար ալյուր ձեռք բերելը իհարկե այլևս այնպիսի տքնաջան աշխատանք չէ, ինչպես որ նախկինում էր։ Այնուամենայնիվ մենք կարող ենք երախտապարտ լինել մեր Արարչին, որ մեզ տվել է թե՛ հացահատիկ, և թե՛ հնարամտություն, որպեսզի այդ բարիքը վերածենք «մեր ամեն օրուայ հաց[ի]» (Մատթէոս 6։11)։

[ծանոթագրություն]

a Աստվածաշնչյան ժամանակներում գերի տարված թշնամիներին, ինչպիսին էին Սամսոնը և այլ իսրայելացիներ, աշխատեցնում էին աղացների վրա (Դատաւորաց 16։21; Երեմիայի Ողբերը 5։13)։ Ազատ կանայք հացահատիկն աղում էին իրենց ընտանիքների համար (Յոբ 31։10)։

[նկար 23–րդ էջի վրա]

Կենդանու միջոցով գործող աղացում ձեթ ստանալու համար ձիթապտուղ էին ճզմում

[թույլտվությամբ]

Soprintendenza Archeologica per la Toscana, Firenze

[նկար 23–րդ էջի վրա]

Եգիպտական թամբ–աղաց

[նկար 22–րդ էջի վրա. թույլտվությամբ]

From the Self-Pronouncing Edition of the Holy Bible, containing the King James and the Revised versions

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը