Կյանք. անգի՞ն, թե՞ գին չունեցող
«Քանի որ մարդը ստեղծված է Աստծու պատկերով, նրան կյանքից զրկել՝ նշանակում է կործանել աշխարհի ամենաթանկ և ամենասուրբ բանը»
(Ուիլյամ Բարքլի, «The Plain Man’s Guide to Ethics»)։
ԱՇԽԱՐՀԻ ամենաթանկ բանը։ Դուք նո՞ւյնպես այդ կարծիքին եք։ Շատերն իրենց վարքով ցույց են տալիս, որ համամիտ չեն վերոհիշյալ գրողի հետ։ Եսասիրական նպատակներ հետապնդող բռնի մարդիկ անխղճորեն խլում են միլիոնավոր անհատների կյանքը և մի փոքր նշանակություն անգամ չեն տալիս իրենց մերձավորի բարօրությանը (Ժողովող 8։9)։
Շահագործման առարկա
Այս բանի տիպիկ օրինակն է Առաջին աշխարհամարտը։ Ինչպես նշում է պատմաբան Է. Թեյլորը, այդ սարսափելի ջարդի ժամանակ բազմիցս «իզուր տեղը մարդիկ էին զոհաբերվում»։ Հեղինակության և փառքի հասնելու նպատակով զինվորական ղեկավարներն իրենց զինվորների հետ վարվում էին իբրև անարժեք գործիքների, որոնց կարելի էր անխնա օգտագործել ու սպառել։ Միայն Վերդենի ճակատամարտում (Ֆրանսիա) զոհվեց ավելի քան կես միլիոն մարդ։ «[Ռազմավարական նշանակության] որևէ նվաճում կամ պարտություն չէր լինելու [այնտեղ],— գրում է Թեյլորը,— միայն մարդիկ էին սպանվելու և փառք էր ձեռք բերվելու» («The First World War»)։
Կյանքի հանդեպ նման անհարգալից վերաբերմունքը տարածված է նաև այսօր։ Գիտնական Քևին Բեյլսը նշում է, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ «մարդկանց շահագործումը ողողել է աշխատանքի համաշխարհային շուկան՝ իր միլիոնավոր աղքատ և անպաշտպան անհատներով»։ Նրանք ստիպված են մինչև իրենց կյանքի վերջը գոյության պայքար մղել կեղեքիչ կոմերցիոն համակարգում, որտեղ «կյանքը դառնում է էժանագին մի բան»։ Բեյլսի խոսքերով՝ այդ մարդկանց շահագործող անձինք նրանց վերաբերվում են ինչպես ստրուկների, որոնց կարելի է «անխնա օգտագործել փող աշխատելու նպատակով» («Disposable People»)։
«Քամիի աշխատանք»
Մարդիկ իրենց անօգնական ու հուսալքված են զգում բազմաթիվ այլ պատճառներով ևս։ Նրանց թվում է, թե ոչ ոքի իրականում չի հուզում ո՛չ իրենց ապրելը և ո՛չ էլ մեռնելը։ Պատերազմից ու անարդարությունից բացի, երաշտը, հիվանդությունները, ծանր կորուստը և անհամար այլ խնդիրներ պատուհաս են դարձել ողջ մարդկության համար, ինչի հետևանքով շատերն իրենց այսպիսի հարց են տալիս. «Կյանքն ընդհանրապես արժեք ունի՞» (Ժողովող 1։8, 14)։
Իհարկե, բոլորը չէ, որ իրենց կյանքում ծանր զրկանքներ ու դառնություն են կրում։ Բայց նույնիսկ այն մարդիկ, ում հաջողվում է խուսափել կեղեքումից, հաճախ համաձայնվում են հին Իսրայելի Սողոմոն թագավորի հետևյալ խոսքերին. «Ի՞նչ է մնում մարդիս համար իր բոլոր աշխատանքիցը, եւ իր սրտի տանջանքիցը, որ նա աշխատեց արեգակի տակին»։ Այս ամենի շուրջ խորհելով՝ շատերը գալիս են այն համոզման, որ նրանց կատարած գործերի մեծ մասը արդյունքում ‘ունայն’ է և «քամիի»՝ զուր աշխատանք (Ժողովող 2։22, 26)։
«Սա՞ էր կյանքը»,— հարցնում են մարդիկ՝ հետադարձ հայացք նետելով իրենց անցյալին։ Եվ իրոք, քանի՞սն են ‘իրենց օրերից կշտացած’ մահացել, ինչպես որ նահապետ Աբրահամը (Ծննդոց 25։8)։ Մեծամասամբ, մարդկանց չի լքում դատարկության զգացումը։ Բայց կյանքը չպետք է անիմաստ անցնի։ Աստված թանկ է գնահատում յուրաքանչյուր անհատի և ցանկանում է, որ բոլորս էլ ապրենք լիարժեք, բովանդակալից կյանքով։ Ինչպե՞ս դա կարող է իրականություն դառնալ։ Տեսնենք, թե այս հարցի վերաբերյալ ինչ է ասում հաջորդ հոդվածը։