Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 2/15 էջ 10–11
  • Մագլցում ենք Սաբայի «Հատակը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մագլցում ենք Սաբայի «Հատակը»
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Այցելություն Սաբա
  • Տնետուն՝ Սաբայում
2005 Դիտարան
w05 2/15 էջ 10–11

Մագլցում ենք Սաբայի «Հատակը»

ՆԻԴԵՌԼԱՆԴԱԿԱՆ Սաբա կղզին մի ժամանակ ապաստան էր ծովահենների համար, որոնք նավարկում էին Կարիբյան ծովում՝ ավար գտնելու հույսով։ Այսօր այս փոքրիկ կղզում, որ գտնվում է Պուերտո Ռիկոյից 240 կիլոմետր դեպի արևելք, բնակվում է 1 600 մարդ, որոնցից 5–ը Եհովայի վկաներ են։ Սակայն այս անվեհեր ծառայողները ոչ թե ավար են փնտրում, այլ ավելի արժեքավոր բան։ Նրանք ջանասիրաբար ձգտում են գտնել այնպիսի մարդկանց, որոնք «հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ [են] տրամադրված» (Գործք 13։48, ՆԱ)։

Աստծու Թագավորության բարի լուրը առաջին անգամ այս կղզի է հասել 1952 թ. հունիսի 22–ին, երբ 18 մետրանոց «Սիբիա» առագաստանավը, որի մեջ Վկաներ էին գտնվում, խարիսխ գցեց Սաբայի ափին (Մատթէոս 24։14)։ Միսիոներներ Գաստ Մակին և Ստենլի Քարտերը բարձրացան 500 աստիճան ունեցող քարե սանդուղքով դեպի Սաբայի կենտրոնը՝ «Հատակ» գյուղը։a Դարեր շարունակ այս նեղ արահետը կղզեբնակներին հասնելու միակ ճանապարհն է եղել։

Սաբայում քարոզչական գործի մասին առաջին պաշտոնական հաշվետվությունը տպագրվել է 1966 թ. «Եհովայի վկաների տարեգրքում»։ Համաձայն այդ հաշվետվության՝ կղզում միայն մեկ ակտիվ Վկա կար։ Հետագայում Կանադայից մի ընտանիք մի քանի տարի անցկացրեց այնտեղ՝ քարոզելով բարի լուրը։ Վերջերս Միացյալ Նահանգներից Ռասելն ու Քեթին՝ թոշակառու ամուսիններ, գնացին Սաբա՝ քարոզելու։ Եկեք ծանոթանանք նրանց պատմությանը։

Այցելություն Սաբա

Ես ու կինս ինքնաթիռով գնում ենք հյուր Ռոնալդին, որը 1990–ական թվականներին կղզու միակ Վկան է եղել։ Մեր հյուրընկալը օդանավակայանում սպասում է մեզ։ Նա ուրախանում է՝ տեսնելով, որ մեկ արկղ բանջարեղեն ենք նվեր բերել. կղզու բնակիչները չեն զբաղվում գյուղատնտեսական մթերքների վաճառքով։ Նստելով մի փոքրիկ բեռնատար՝ մենք դանդաղորեն գնում ենք զիգզագաձև ճանապարհով դեպի Սիների լեռան գագաթը։ Ժամանակին այս լեռը գործող հրաբուխ է եղել։

Մենք կանգ ենք առնում «Հելս Գեյթ» («Դժոխքի դարպասներ») գյուղում, և Ռոնալդը ստուգում է, թե արդյոք բնակիչների համար նախատեսված հայտարարությունների տախտակի վրա փակցված է կիրակի օրը կայանալիք հանրային ելույթի հրավիրատոմսը։ Մենք ուրախանում ենք՝ տեսնելով, որ հրավիրատոմսն այնտեղ է։ Նա կրկին ցատկում է բեռնատարի մեջ, և մենք շարունակում ենք ճանապարհը դեպի կղզու ամենամեծ գյուղը՝ Վինդվարդսայդ («Քամոտ կողմ»)։ Ինչպես ցույց է տալիս անունը, այս գեղատեսիլ գյուղը կղզու քամոտ կողմում է գտնվում և ծովի մակարդակից բարձր է 400 մետր։ Ռոնի տան բակը մտնելիս ճակատամուտքի վրա տեսնում ենք վառ գույնի մի ցուցանակ, որի վրա գրված է, թե սա Եհովայի վկաների Թագավորության սրահն է։

Ճաշի ընթացքում ես նրան տալիս եմ այն հարցը, որը մղել էր մեզ այցելելու Սաբա. «Ինչպե՞ս եկար այստեղ ծառայելու»։

Ռոնը պատմում է. «Երբ 1993 թ.–ին Պուերտո Ռիկոյի մասնաճյուղի շինարարությունն ավարտվեց, ես ու կինս ցանկացանք մնալ օտարերկրյա նշանակման մեջ։ Դրանից որոշ ժամանակ առաջ մի ռահվիրա զույգի հետ միասին այցելել էինք Սաբա և տեղեկացել, որ կղզում ապրում է 1 400 մարդ, բայց ոչ մի Վկա չկա։ Ուստի հայտնեցինք Պուերտո Ռիկոյի մասնաճյուղի կոմիտեին, որ կցանկանայինք տեղափոխվել Սաբա։

Իրադարձությունները բարեհաջող զարգացան, և ի վերջո մեզ թույլ տվեցին տեղափոխվել այնտեղ։ Ցավոք, երկու տարի անց կինս ծանր հիվանդացավ, և մենք վերադարձանք Կալիֆորնիա։ Նրա մահից հետո ես կրկին եկա Սաբա։ Պարզապես, չեմ սիրում որևէ գործ ձեռնարկել և չհասցնել իր ավարտին»։

Տնետուն՝ Սաբայում

Ռոնի հարյուրամյա տան հյուրասենյակը նաև ծառայում է որպես Թագավորության սրահ։b Մինչ նախաճաշում ենք և պատրաստվում ծառայության, բացօթյա խոհանոցի վրա սկսում է անձրև մաղել։ Նախաճաշից հետո ամպերը ցրվում են, և մենք գնում ենք «Հատակ»՝ տնետուն ծառայելու։ Յուրաքանչյուր տանտիրոջը Ռոնը ողջունում է անունով։ Մենք սկսում ենք զրուցել կղզում վերջերս տեղի ունեցած ինչ–որ իրադարձության շուրջ։ Բնակիչների մեծ մասը ծանոթ է Ռոնին ու նրա կատարած ծառայությանը, և շատերը պատրաստակամորեն աստվածաշնչյան գրականություն են վերցնում։

Թագավորության պատգամով հետաքրքրվող անձանց մասին գրառումներ անելը կարող է դժվար լինել, եթե ծանոթ չլինես գյուղի բնակիչներին։ Ինչո՞ւ։ Քանի որ «ըստ օրենքի՝ բոլոր տներն էլ պետք է ներկված լինեն միևնույն գույնով»,— ասում է Ռոնը։ Իսկապես, շուրջս նայելով տեսնում եմ, որ Սաբայում կառուցված բոլոր տները սպիտակ են ներկված և կարմիր տանիք ունեն։

Աստվածաշնչի թեմայով մեր զրույցի ավարտին տանտիրոջը հրավիրում ենք ներկա լինել Թագավորության սրահում կիրակի օրը անցկացվող հանրային ելույթին։ Երբ Ռոնը կղզում է, նա ամեն շաբաթ հանրային ելույթ է ունենում։ Ներկայումս Սաբայում Աստվածաշնչի 17 ուսումնասիրություն է անցկացվում։ 2004 թ. Հիշատակի երեկոյին ներկա է եղել 20 մարդ։ Գուցե թվա, թե դա փոքր թիվ է, սակայն այն կազմում է Սաբայի բնակչության 1 տոկոսը։

Իսկապես, Եհովայի վկաները ոչ մի ջանք չեն խնայել՝ Աստծու փրկարար պատգամը հասցնելու որքան հնարավոր է շատ մարդկանց։ Եհովայի վկաները հավատարմորեն կատարում են «բոլոր ազգերը աշակերտե[լու]» հրահանգը թե՛ փոքրիկ կղզիներում, ինչպիսին Սաբան է, թե՛ մեծ մայրցամաքներում (Մատթէոս 28։19)։

Ցավոք, մեր այցելությունը ավարտվում է։ Նստելով ինքնաթիռ՝ հրաժեշտ ենք տալիս կղզուն։ Մենք միշտ կհիշենք Սաբա կատարած մեր ուղևորությունը, և թե ինչպես մագլցեցինք «Հատակը»։

[ծանոթագրություններ]

a Կարծիք կա, որ ծովահեններն այս գյուղը «Հատակ» են անվանել, որովհետև մտածել են, թե այն գտնվել է հրաբխային խառնարանի հատակում։

b 2003 թ. սեպտեմբերի 28–ին ԱՄՆ–ի Ֆլորիդա նահանգից մի քանի կամավորներ գնացին Սաբա և վերակառուցեցին նրա տանից ոչ հեռու գտնվող շինությունը, որն այժմ ծառայում է որպես Թագավորության սրահ։

[Maps on page 10]

(For fully formatted text, see publication)

ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ

[թույլտվությամբ]

Background: www.sabatourism.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը