Եհովայի խոսքը ճախրում է «Արծվի երկրում»
«ԱՐԾՎԻ երկիր»։ Ալբանացիներն այսպես են կոչում իրենց երկիրը իրենց լեզվով։ Այս երկիրը գտնվում է Ադրիատիկ ծովի ափին՝ Բալկանյան թերակղզում՝ Հունաստանի և նախկին Հարավսլավիայի միջև։ Թեև բազմաթիվ տեսակետներ են շրջում ալբանացիների ծագման մասին, շատ պատմաբաններ ընդունում են, որ ալբանացիներն ու նրանց լեզուն առաջացել են վաղեմի իլլիրիացիներից, որոնց մշակույթը, ըստ «Բրիտանական հանրագիտարանի», թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականին։
Ալբանիայի բնությունը գեղեցիկ է. հյուսիսում սրագագաթ լեռներն են, իսկ հարավում՝ Ադրիատիկ ծովի երկար, սպիտակ ավազոտ ափերն են։ Սակայն ամենամեծ գեղեցկությունը մարդիկ են։ Նրանք ջերմ են ու հյուրասեր, աշխույժ են ու ազատորեն արտահայտվող, ընդունակ սովորողներ են, որ իրենց կարծիքը արտահայտում են ոգևորությամբ և ժեստերով։
Հանրաճանաչ միսիոների այցը
Այս երկրի բնակիչների գրավիչ խառնվածքը և սքանչելի բնությունը աննկատ չմնացին դարեր առաջ ապրած մի յուրահատուկ անձնավորության համար, որը շատ էր ճանապարհորդում։ Դա Պողոս առաքյալն էր։ Մոտավորապես մ.թ. 56–ին նա գրեց. «Մինչեւ Լիւրիկացիների կողմերը [կամ՝ Իլլիրիայի կողմերը] Քրիստոսի աւետարանովը լցրել եմ» (Հռովմայեցիս 15։19)։ Իլլիրիայի հարավային հատվածը համապատասխանում է ժամանակակից Ալբանիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներին։ Պողոսն իր նամակը գրեց Կորնթոսից՝ Հունաստանից՝ Իլլիրիայից հարավ։ Այն, որ նա գրում է, թե հիմնովին վկայություն է տվել Իլլիրիայի կողմերում, ցույց է տալիս, որ նա կամ գնացել է դեպի վեր՝ Իլլիրիայի սահմանը, կամ հենց երկիր է մտել։ Ամեն դեպքում, նա պետք է որ քարոզած լինի այն վայրում, որն այժմ Ալբանիայի հարավային հատվածն է։ Ուստի կարելի է ասել, որ Թագավորության քարոզչությունը Ալբանիայում ամենաառաջինը սկսել է Պողոսը։
Անցել են դարեր։ Կայսրություններ են առաջ եկել և անկում ապրել։ Օտարերկրյա տարբեր ուժեր են եկել ու գնացել Եվրոպայի այս փոքրիկ անկյունում, մինչև որ 1912–ին Ալբանիան դարձավ անկախ պետություն։ Մոտավորապես տասը տարի անց Եհովայի Թագավորության մասին լուրը կրկին լսվեց Ալբանիայում։
Հուզումնալից սկիզբ մեր օրերում
1920–ականներին մի քանի ալբանացի ներգաղթյալներ վերադարձան Միացյալ Նահանգներից (որտեղ նրանք հաղորդակցվել էին Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների հետ, ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները) որպեսզի իրենց սովորածի մասին պատմեին հայրենիքում։ Նրանց թվում էր Նաշո Իդրիզին։ Ոմանք քարոզչությանը դրականորեն արձագանքեցին։ Քանի որ գնալով ավելի շատ մարդիկ էին հետաքրքրություն ցույց տալիս, 1924–ին Ռումինիայի գրասենյակը նշանակվեց վերահսկելու Ալբանիայում կատարվող քարոզչական գործը։
Թանաս Դուլին (Աթան Դուլիսը) այն անհատների թվում է, որոնք Եհովայի մասին լսել են այդ տարիներին Ալբանիայում։ Նա հիշում է. «1925 թ.–ին Ալբանիայում երեք գործող ժողով կար, ինչպես նաև երկրի տարբեր մասերում կային Աստվածաշունչ ուսումնասիրողներ և հետաքրքրություն ցույց տվող անհատներ։ Միմյանց հանդեպ ունեցած սիրով նրանք շատ էին տարբերվում .... իրենց շուրջը գտնվող մարդկանցից»։a
Լավ ճանապարհներ չլինելու պատճառով ճանապարհորդելը չափազանց դժվար էր։ Այնուամենայնիվ, նախանձախնդիր քարոզիչները հանձն առան այդ դժվարին գործը։ Քննենք Արետի Փինա անունով մի քրոջ օրինակը, որն ապրում էր Ալբանիայի հարավում գտնվող ծովափնյա Վլյորա քաղաքում։ Նա մկրտվել է 1928 թ.–ին՝ 18 տարեկան հասակում։ Նա խորդուբորդ լեռներով բարձրանում և ցած էր իջնում՝ քարոզելով՝ Աստվածաշունչը ձեռքին։ Նա 1930–ականների սկզբին Վլյորայում գործող մի ամուր ժողովի քարոզիչներից էր։
1930–ին Ալբանիայում քարոզչական գործը վերահսկում էր Աթենքի (Հունաստան) մասնաճյուղի գրասենյակը։ 1932–ին Հունաստանից շրջագայող վերակացուներ եկան Ալբանիա, որպեսզի քաջալերեն և զորացնեն եղբայրներին։ Աստվածաշնչի ճշմարտությունն ուսումնասիրողների մեծամասնությունը այդ ժամանակ երկնային կյանքի հույս ուներ։ Ամենուրեք մարդիկ խոր հարգանք էին ցույց տալիս նրանց հանդեպ, քանի որ նրանք մաքուր ու արդար մարդկանց համբավ ունեին։ Այս հավատարիմ եղբայրների աշխատանքը շատ պտուղներ բերեց։ Ինչպես 1935–ին, այնպես էլ 1936–ին Ալբանիայում մոտավորապես 6 500 օրինակ աստվածաշնչյան գրականություն է տարածվել։
Մի օր Վլյորայի կենտրոնում Նաշո Իդրիզին գրամոֆոնի վրա միացրել էր Ջ.Ֆ. Ռադերֆորդի ելույթներից մեկը։ Մարդիկ թողեցին իրենց աշխատանքը և եկան լսելու ելույթը, որը եղբայր Իդրիզին թարգմանում էր ալբաներեն։ Աստվածաշնչի այդ վաղ տարիների անխոնջ ուսուցանողների եռանդուն ջանքերն օրհնվեցին։ 1940 թ.–ին Ալբանիայում արդեն 50 Վկաներ կային։
Աթեիստական երկրում
1939 թ.–ին իտալացի ֆաշիստները գրավեցին երկիրը։ Եհովայի վկաների օրինական ճանաչումը չեղյալ հայտարարվեց, և նրանց քարոզչական գործունեությունը արգելվեց։ Շուտով այդ դեպքերից հետո գերմանական զորքերը գրավեցին երկիրը։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց, երևան եկավ մի ազդեցիկ առաջնորդ՝ զինված ուժերի հրամանատար Էնվեր Խոջան։ 1946 թ.–ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նրա առաջնորդած կոմունիստական կուսակցությունը հաղթեց ընտրություններում, և նա դարձավ երկրի գլխավոր քարտուղարը։ Դրան հաջորդող տարիները կոչվեցին ազատագրման ժամանակներ, սակայն Եհովայի վկաների համար դրանք լրիվ հակառակ իմաստն էին կրում։
Աստիճանաբար կառավարությունը կրոնի նկատմամբ դառնում էր ավելի ու ավելի քիչ հանդուրժողական։ Համաձայն իրենց բռնած չեզոք դիրքի՝ Ալբանիայում Եհովայի վկաները հրաժարվեցին զենք վերցնել և ներգրավվել քաղաքականության մեջ (Եսայիա 2։2–4; Յովհաննէս 15։17–19)։ Շատերը բանտարկվեցին և չունեին սնունդ կամ կյանքի համար ամենաանհրաժեշտ բաները։ Շատ անգամ ազատության մեջ եղող նրանց հոգևոր քույրերն էին լվանում նրանց հագուստը և ուտելիք պատրաստում նրանց համար։
Անվախ՝ չնայած հալածանքներին
1940–ականների սկզբին Ֆրոսինա Ջական, որն այդ ժամանակ պատանեկության տարիքի աղջնակ էր և ապրում էր Պերմետիի շրջանին մոտ գտնվող մի գյուղում, լսեց, թե ինչ էին իր ավագ եղբայրները սովորում Նաշո Դորի անունով մի Վկա կոշկակարից։b Եհովայի վկաների դեմ իշխանությունները խիստ միջոցներ էին ձեռնարկում, սակայն Ֆրոսինայի հավատը, չնայած նրա ծնողների դժգոհությանը, ավելի էր զորանում։ «Նրանք թաքցնում էին կոշիկներս և ծեծում էին ինձ, երբ գնում էի քրիստոնեական հանդիպումների։ Նրանք փորձեցին ինձ ամուսնացնել անհավատի հետ։ Երբ ես հրաժարվեցի, նրանք ինձ տնից դուրս վռնդեցին։ Այդ օրը ձյուն էր գալիս։ Նաշո Դորին խնդրեց եղբայր Գոլի Ֆլոկոյին, որն ապրում էր Գիրոկաստրայում, որ նա օգներ ինձ։ Նրանք միջոցներ ձեռնարկեցին, որ ես ապրեմ նրա ընտանիքի հետ։ Եղբայրներս երկու տարի բանտում անցկացրեցին իրենց չեզոք դիրքի պատճառով։ Երբ նրանք ազատ արձակվեցին, ես տեղափոխվեցի Վլյորա նրանց հետ ապրելու։
Ոստիկանները փորձում էին ստիպել ինձ, որ մասնակցեմ քաղաքականությանը։ Ես հրաժարվեցի։ Նրանք ինձ ձերբակալեցին, տարան մի սենյակ և շրջապատեցին ինձ։ Նրանցից մեկը սպառնաց. «Գիտե՞ս, թե ինչ կարող ենք անել քեզ հետ»։ Ես պատասխանեցի. «Դուք միայն կարող եք անել այն, ինչ Եհովան ձեզ թույլ տա անելու»։ Նա կտրուկ պատասխանեց. «Դու խելագա՛ր ես։ Դո՛ւրս այստեղից»»։
Նույն հավատարմության ոգին բնորոշ է եղել այդ տարիներին ապրած ալբանացի եղբայրներին։ Մոտավորապես 1957 թ.–ին քարոզիչների բարձրագույն թիվը հասավ յոթանասունհինգի։ 1960–ականների սկզբին Եհովայի վկաների գլխավոր վարչությունը միջոցներ ձեռնարկեց, որ Ջոն Մարքսը, որը Միացյալ Նահանգներում ապրող ալբանացի ներգաղթյալ էր, մեկներ Տիրանա, որպեսզի օգնություն ցույց տար քարոզչական գործը կազմակերպելու մեջ։c Սակայն շուտով Լուչի Ջական, Միխել Սվեսին, Լեոնիթա Փոպեն և ուրիշ պատասխանատու եղբայրների ուղարկեցին աշխատանքային գաղութներ։
Թունելի վերջում լույս է երևում
1967–ից առաջ Ալբանիայում բոլոր կրոնների վրա արգելք դրվեց։ Այլևս ոչ մի հանդուրժողականություն չկար։ Ոչ մի կաթոլիկ, ուղղափառ կամ մահմեդական քահանա չէր կարող ծիսական ծառայություններ կատարել։ Եկեղեցիներն ու մզկիթները փակվեցին կամ վերածվեցին գիմնազիաների, թանգարանների կամ շուկաների։ Ոչ ոքի թույլ չէր տրվում Աստվածաշունչ ունենալ։ Աստծու հանդեպ հավատ ունենալու մասին խոսել անգամ չէր կարելի։
Գրեթե անհնար էր քարոզել կամ հանդիպումներ անցկացնել։ Առանձին Վկաներ իրենց ձեռքից եկած ամեն բան անում էին Եհովային ծառայելու համար, չնայած որ դա անում էին միմյանցից անջատ։ 1960–ականներից մինչև 1980–ականները Վկաների թիվն անչափ նվազեց։ Սակայն նրանք հոգևորապես ամուր էին։
1980–ականների վերջերին Ալբանիայում աստիճանաբար փոփոխություններ սկսեցին տեղի ունենալ քաղաքական ասպարեզում։ Սնունդն ու հագուստը չէր բավականացնում։ Մարդիկ ուրախ չէին։ Արևելյան Եվրոպայի արագընթաց ռեֆորմները Ալբանիա հասան 1990–ականների սկզբին։ 45 տարիների բռնատիրական վարչակարգից հետո նոր կառավարությունը նորից կրոնի ազատության իրավունք ընդունեց։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի առաջնորդությամբ Ավստրիայի և Հունաստանի մասնաճյուղերը շատ շուտով կապ հաստատեցին Ալբանիայում ծառայող եղբայրների հետ։ Հույն եղբայրները, որ տիրապետում էին ալբաներենին, Աստվածաշնչի վրա հիմնված նորերս լույս տեսած հրատարակություններ բերեցին Տիրանա և Բերատ։ Մի ժամանակ միմյանցից մեկուսացած ալբանացի եղբայրների սրտերը ուրախությամբ լցվեցին, երբ նրանք երկար տարիներ անց առաջին անգամ հանդիպեցին արտասահմանից եկած Վկաների։
Օտարերկրացի եռանդուն ռահվիրաներն առաջնորդություն են վերցնում քարոզչական գործում
1992 թ. սկզբներին Կառավարիչ մարմնի նախաձեռնությամբ Մայքլ և Լինդա ԴիԳրեգորիոները՝ ծագումով ալբանացի միսիոներական մի զույգ, տեղափոխվեցին Ալբանիա։ Նրանք կապ հաստատեցին տարեց հավատարիմ ծառաների հետ և օգնեցին նրանց նորից դառնալ միջազգային հոգևոր ընտանիքի մի մասը։ 16 հոգուց բաղկացած իտալացի ջանասեր հատուկ ռահվիրաների (կամ՝ լիաժամ քարոզիչների) մի խումբ չորս հույն ռահվիրաների հետ միասին նոյեմբերին եկավ Ալբանիա։ Որպեսզի ռահվիրաները սովորեին տեղի լեզուն, լեզվի դասընթաց կազմակերպվեց։
Կյանքը այս արտասահմանցի ռահվիրաների համար ծանր էր։ Էլեկտրականությունը կանոնավոր չէր մատակարարվում։ Ձմեռը ցուրտ էր ու խոնավ։ Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում մթերքներ և կյանքի համար անհրաժեշտ այլ բաներ ձեռք բերելու համար։ Սակայն ամենամեծ խնդիրը, որի հետ բախվում էին եղբայրները, բավականաչափ մեծ շինություններ գտնելն էր, որտեղ նրանք կարող էին հանդիպումներ կազմակերպել ճշմարտությանն արձագանքող մեծ թվով մարդկանց հետ։
Շուտով ռահվիրաները հասկացան, որ ալբաներենին տիրապետելը միայն բավական չէ։ Աստվածաշնչի մի փորձառու ուսուցիչ այսպիսի խոսքեր ասաց նրանց. «Մենք կարիք չունենք կատարելապես իմանալու բայի խոնարհումը, որպեսզի ջերմորեն ժպտանք մեր եղբայրներին կամ ողջագուրվենք նրանց հետ։ Ալբանացիները կարձագանքեն ձեր սրտից եկած սիրուն և ոչ թե լավ քերականություն իմանալուն։ Մի՛ մտահոգվեք, նրանք կհասկանան ձեզ»։
Լեզվի առաջին դասընթացից հետո ռահվիրաները սկսեցին քարոզել Բերատում, Դուրեսում, Գիրոկաստրայում, Շկոդերում, Տիրանայում և Վլյորայում։ Շուտով այդ քաղաքներում ժողովներ հիմնվեցին։ Արետի Փինան, որն այդ ժամանակ 80 տարեկան էր և վատառողջ էր, դեռ Վլյորայում էր։ Երկու հատուկ ռահվիրաներ ուղարկվեցին այնտեղ՝ Արետիի հետ քարոզելու։ Մարդիկ ապշում էին՝ տեսնելով, որ օտարերկրացիներն ալբաներեն են խոսում. «Երբ մենք ցանկանում ենք որևէ բան սովորել, ուրիշ կրոնական խմբերի միսիոներները հորդորում են մեզ, որ անգլերեն կամ իտալերեն սովորենք։ Քանի որ դուք ալբաներեն եք սովորել, ուրեմն իրոք սիրում եք մեզ և պետք է որ կարևոր բան ունենաք մեզ հայտնելու»։ Արետին հավատարմորեն ծառայեց մինչև իր երկրային կյանքի վերջը՝ 1994 թ. հունվար ամիսը՝ ակտիվորեն մասնակցելով քարոզչական գործին ընդհուպ մինչև վերջին ամիսը։ Արետիի և ռահվիրաների եռանդուն ջանքերն օրհնվեցին։ 1995–ին Վլյորայում դարձյալ ժողով հիմնվեց։ Այսօր այդ նավահանգստային քաղաքում երեք ծաղկուն ժողովներ զբաղված են քարոզչական գործով։
Ողջ երկրում մարդիկ հոգևոր ծարավ էին զգում և կրոնական նախապաշարում գրեթե չունեին։ Նրանք սիրով վերցնում և ընթերցում էին Աստվածաշնչի վրա հիմնված ցանկացած գրականություն, որ առաջարկում էին Վկաները։ Շատ երիտասարդներ սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը և արագորեն առաջադիմեցին։
Ավելի քան 90 ժողովներ և խմբեր շարունակում են հավատով հաստատվել և ամբողջ երկրով մեկ օրեցօր թվով ավելանալ (Գործք 16։5)։ Ալբանիայում ծառայող թվով 3 513 Վկաները դեռ շատ գործ ունեն անելու։ 2005 թ. մարտին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա եղավ 10 144 հոգի։ Քարոզչական ծառայության ժամանակ հյուրասեր ալբանացիների հետ զրույցների արդյունքում 6 000–ից ավելի Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվել։ Անշուշտ, հազարավորներ դեռ օգուտներ կքաղեն «Նոր աշխարհ թարգմանությունից», որ վերջերս լույս տեսավ ալբաներեն լեզվով։ Իսկապես Եհովայի խոսքը ճախրում է «Արծվի երկրում» և փառք բերում Եհովային։
[ծանոթագրություններ]
a Թանաս Դուլիի կենսագրությունը կարելի է գտնել «Դիտարանի» 1968 թ. դեկտեմբերի 1–ի համարում (անգլ.)։
b Նաշո Դորիի կենսագրությունը կարելի է գտնել «Դիտարանի» 1996 թ. հունվարի 1–ի համարում (ռուս.)։
c Ջոն Մարքսի կնոջ՝ Հելենի կենսագրությունը կարող եք գտնել «Դիտարանի» 2002 թ. հունվարի 1–ի համարում։
[շրջանակ 20–րդ էջի վրա]
ԷԹՆԻԿԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ՉՔԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՍՈՎՈՅԻՑ
1990–ականների վերջերին Կոսովո բառը բոլորի շուրթերին էր, երբ հողերի վերաբերյալ վեճերն ու խոր արմատներ գցած ազգային ատելությունը պատերազմի ու միջազգային միջամտության պատճառ եղան։
Բալկաններում տեղի ունեցած այդ պատերազմի ժամանակ շատ Վկաներ ստիպված եղան փախչել հարևան երկրներ։ Պատերազմը ավարտվելուց հետո Վկաների մի փոքրիկ խումբ վերադարձավ Կոսովո և պատրաստ էր քարոզելու։ Ալբանացի և իտալացի հատուկ ռահվիրաները ցանկություն հայտնեցին օգնելու նպատակով մեկնել Կոսովո, որտեղ 2 350 000 մարդ է բնակվում։ Այժմ չորս ժողովներ ու 6 ակտիվ խմբեր, որոնցում կա ընդհանուր հաշվով մոտավորապես 130 քարոզիչ, ծառայում են Եհովային այս տարածքում։
2003–ի գարնանը Պրիշտինայում տեղի ունեցավ մեկօրյա հատուկ համաժողով, որին ներկա էր 252 մարդ։ Նրանց մեջ կային ալբանական, գերմանական, իտալական, գնչուական և սերբական ծագում ունեցող մարդիկ։ Մկրտության ելույթի վերջում հռետորը երկու հարց տվեց։ Երեք հոգի կանգնեցին՝ իրենց հստակ պատասխանները տալու. նրանցից մեկը ազգությամբ ալբանացի էր, մյուսը՝ գնչու, և երրորդը սերբ էր։
Հնչեցին բուռն ծափահարություններ և մկրտության երեք թեկնածուները միաժամանակ բարձր ձայնով ասացին՝ «վա՛», «դա՛» և «փո՛»։ Նրանք գրկախառնվեցին։ Նրանք գտել էին լուծումը խոր արմատներ գցած ազգամիջյան այն խնդիրների, որոնք հեղեղել էին իրենց երկիրը։
[Քարտեզ 17–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)
Միջերկրական ծով
ԻՏԱԼԻԱ
ԱԼԲԱՆԻԱ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
[նկար 18–րդ էջի վրա]
Երիտասարդ Վկաները ընդօրինակում են տարեցների եռանդը
[նկար 18–րդ էջի վրա]
Արետի Փինան հավատարմորեն ծառայել է 1928 թ.–ից մինչև իր մահը՝ 1994 թ.
[նկար 19–րդ էջի վրա]
Օտարերկրացի ռահվիրաների առաջին խումբը՝ լեզվի դասընթացներից մեկի ժամանակ
[նկար 16–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Eagle: © Brian K. Wheeler/VIREO