Նոր տարվա օրեր. կիրականանա՞ն ձեր ակնկալիքները
«Պետրոս Մեծը պատվիրեց, որ հունվարի 1–ին Նոր տարվա կապակցությամբ բոլոր եկեղեցիներում հատուկ ծառայություններ մատուցվեն։ Բացի այդ, նա կարգադրեց մշտադալար ծառերի ճյուղերով զարդարել տների ներքին սենյակների դռների կողափայտերը, ինչպես նաև հրամայեց, որ բոլոր մոսկվացիները «իրենց ցնծությունն արտահայտեն՝ Նոր տարվա օրը բարձրաձայն շնորհավորանքներ ուղղելով» միմյանց» («Peter the Great—His Life and World»)։
ՆՈՐ ՏԱՐՎԱ տոնական օրերից ի՞նչ եք ակնկալում։ Մարդիկ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից, ասում են, որ այդ ժամանակ իրենք կենտրոնանում են Քրիստոսի ծննդյան ավանդական օրվա վրա, սակայն տոնում են նաև Նոր տարին։ Փաստորեն, տարվա այդ ժամանակը հագեցած է տոներով։ Ըստ ամենայնի, արձակուրդի մեջ են լինում թե՛ ծնողները և թե՛ երեխաները, ու թվում է, որ այդ տոներին իդեալական հնարավորություն է ստեղծվում ընտանիքով միասին ժամանակ անցկացնելու։ Ուրիշները, սակայն, այդ տոները անվանում են «Սուրբ ծնունդ» կամ «Ծննդյան տոներ», քանի որ ցանկանում են տարվա այդ ժամանակ պատվել Քրիստոսին։ Գուցե դուք նույնպես այն կարծիքին եք, որ Հիսուսին պատվելը այդ տոների ամենակարևոր երեսակն է։
Բայց անկախ նրանից՝ այդ տոներին Քրիստոսին կպատվեն, ընտանիքով հաճելի ժամանակ կանցկացնեն կամ թե և՛ դա կանեն, և՛ մյուսը՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր ամուսիններ, կանայք ու երեխաներ մեծ անհամբերությամբ սպասում են տարվա այդ ժամանակին։ Իսկ այս տարի՞։ Կլինի՞ այն առանձնահատուկ ժամանակ ընտանիքի համար։ Իսկ Աստծու համար տարվա այդ ժամանակը առանձնահատո՞ւկ է։ Եթե ընտանիքով հավաքվելու լինեք, ձեր ակնկալիքները կիրականանա՞ն, թե՞ հակառակը՝ հիասթափություն կզգաք։
Շատերը, ովքեր հետաքրքրված են տոնի կրոնական կողմով, նկատում են, որ մարդիկ թե՛ Սուրբ ծնունդը և թե՛ Նոր տարին հաճախ նշում են առանց Քրիստոսին հիշելու։ Ավելին, տոնական օրերը հիմնականում դառնում են նվերներ ստանալու օրեր, ամբողջ ընտանիքով հավաքվելու կամ էլ խնջույք կազմակերպելու առիթ, որի ժամանակ ներկաները գուցե դրսևորեն Քրիստոսին անպատվող վարք։ Շատ անգամ նման հավաքույթների ուրախ մթնոլորտը խաթարվում է այն պատճառով, որ ներկաներից մեկը կամ մի քանիսը չարաշահում են ուտելիքն ու ոգելից խմիչքը, այնուհետև ծագում են վեճեր, որոնք շատ հաճախ հանգեցնում են ընտանեկան բռնության։ Հնարավոր է՝ դուք նույնպես նկատել եք այդ ամենը, կամ հենց ինքներդ եք նման իրավիճակում հայտնվել։
Գուցե մտածում եք, որ շատ քիչ բան է փոխվել ռուսական ցար Պետրոս Մեծի ժամանակներից։ Անհանգստանալով ներկա միտումներից՝ այսօր շատերը ցանկանում են, որ Նոր տարվա օրերը լինեն կրոնական խոր մտածության և ընտանեկան առողջ շփման օրեր։ Ոմանք նույնիսկ ակտիվորեն ջանքեր են թափում ինչ–որ փոփոխություն անելու՝ ասելով, որ «Հիսուսն է այդ տոնի պատճառը»։ Բայց կարելի՞ է արդյոք որևէ փոփոխություն ակնկալել։ Իսկ եթե լինի այդպիսի փոփոխություն, այն իսկապե՞ս պատիվ կբերի Քրիստոսին։ Հիմքեր կա՞ն այլ տեսակետ ունենալու Նոր տարվա տոնական օրերի վերաբերյալ։
Գոհացուցիչ պատասխաններ գտնելու համար եկեք իրերին նայենք մի երկրի բնակիչների աչքերով, որոնք պետք է որ հատուկ հիմքեր ունենան բարձր գնահատելու տարվա այդ ժամանակը։