Բարի լուրի քարոզչությունը գեղատեսիլ Հաիթիում
ՀԱԻԹԻՆ և Դոմինիկյան Հանրապետությունը գտնվում են Հաիթի (նախկինում՝ Էսպանյոլա) արևադարձային կղզու վրա։ Այս կղզու լեռներն ամենաբարձրն են Կարիբյան ծովում եղած լեռներից։ Դրանցից մի քանիսի բարձրությունն ավելի քան 2 400 մետր է։ Համեմատաբար ցուրտ ամիսներին լեռնային լճակները ծածկվում են սառցի բարակ շերտով։
Հաիթիի հարավային մասում լեռներն ու հովիտները ծածկված են փարթամ արևադարձային անտառներով։ Իսկ այլ տեղերում լեռները հիմնականում մերկ են, ինչը անտառահատության հետևանք է։ Եթե ճանապարհորդեք Հաիթիով, կնկատեք, որ այն գեղատեսիլ է թե՛ հյուսիսում և թե՛ հարավում։ Լեռների նեղ և քամոտ ճանապարհներով անցնելիս ականատես կլինեք ցամաքի և ծովի հափշտակիչ, անընդհատ փոփոխվող տեսարանների։ Ամենուրեք կտեսնեք զանազան և երփներանգ ծաղիկներ։
Այս գեղատեսիլ երկրում ապրում է 8,3 միլիոն մարդ, որոնք հիմնականում ծագումով Աֆրիկայի գյուղական շրջաններից են։ Թեև այստեղ մարդիկ հիմնականում աղքատ են, սակայն նրանք բարի են և հյուրասեր։ Մոտ 60 տարի է, ինչ Եհովայի վկաներն Աստծու Թագավորության բարի լուրը ուրախությամբ քարոզում են հաիթցիներին և ջերմ ընդունելություն ստանում (Մատթէոս 24։14)։
Ինչպես բարի լուրը քարոզվեց մի գյուղաքաղաքում
Շատերն են ունենում այն զգացումները, որ ունեցավ մի միսիոներ քույր, երբ առաջին անգամ այցելեց գյուղաքաղաքներից մեկը։ Նա գրում է.
«2003 թ. մարտին մենք գնացինք քարոզելու Քազալում։ Դա մի փոքր քաղաք է, ուր Քաբարեից՝ այն քաղաքից, որտեղ մենք այժմ ծառայում ենք որպես միսիոներ, կարելի է հասնել կես ժամում։ Քազալը գտնվում է մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 30 կիլոմետր դեպի հյուսիս։ Քանի որ Վկաները վերջին անգամ Քազալում քարոզել էին 1999 թ.–ին, ուստի մենք մեծ ակնկալիքներով ճանապարհ ընկանք առավոտյան ժամը 7։00–ին։ Քսաներկու հոգով, որ գրեթե մեր ողջ ժողովն էր, տեղավորվեցինք երկու քառանիվ ֆուրգոններում։ Բոլորս ոգևորված խոսում ու ծիծաղում էինք, մինչ անցնում էինք զառիվայր ու կեղտոտ փողոցներով։ Շուտով հասանք մի հովիտ, որտեղ բազմաթիվ մեծ ծառեր կային։ Հովտի միջով մի գետ է անցնում, իսկ Քազալը գտնվում է նրա երկու կողմերում։
Այս հանգիստ քաղաքի պատմությունը սկսվում է 1800–ականների սկզբին, երբ մի քանի լեհ զինվորներ եկան Հաիթի՝ օգնելու նախկին ստրուկներին անկախություն ձեռք բերել, և բնակություն հաստատեցին այս բերրի հովտում իրենց հաիթցի կանանց հետ։ Արդյունքում գեղեցիկ խառնածին սերունդներ առաջ եկան։ Հաճելի է տեսնել այստեղ սպիտակամորթ, թուխ և մուգ մաշկ ունեցող մարդկանց, որոնք կանաչ կամ մուգ շագանակագույն աչքեր ունեն։
Առաջին մարդը, որի դուռը թակեցինք, հետաքրքրություն ցույց չտվեց։ Երբ այդտեղից հեռացանք, տեսանք մեկ ուրիշի, որը գալիս էր մեզ ընդառաջ՝ զրուցելու մեզ հետ։ Նա ցանկանում էր իմանալ, թե ըստ մեզ՝ կա տարբերություն Հիսուսի և Աստծու միջև։ Մեր խնդրանքով՝ նա բերեց իր Աստվածաշունչը, ապա Գրությունների հիման վրա մենք զրույց ունեցանք, որի ընթացքում նա համոզվեց, որ Հիսուսն Աստծու Որդին է, և որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է (Յովհաննէս 17։3)։ Շատ մարդիկ հրավիրում էին մեզ նստել և զրուցել իրենց հետ։ Ոմանք հարցնում էին. «Ե՞րբ եք վերադառնալու և մեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու»։
Կեսօրին մի գեղեցիկ, հով տեղ գտանք և պատրաստվեցինք ճաշի։ Երկու քույր մեծ կաթսայով ձուկ էին եփել։ Այն շատ համեղ էր։ Մեր ճաշը փոքր–ինչ երկար տևեց. մենք ուտում էինք, զրուցում, ինչպես նաև քարոզում էինք անցորդներին։ Այնուհետև անցանք գետը և գնացինք քաղաքի մյուս կողմը։ Հաճելի էր զրուցել այս հրաշալի մարդկանց հետ, որոնք սովորաբար նստում են ծառերի տակ՝ իրենց համեստ տների մոտ։ Որքան հաճելի էր լսել խաղացող երեխաների ձայները, դիտել, թե ինչպես են կանայք գետում լվացք անում, և թե ինչպես են ծեր կանայք սրճի հատիկներ աղում։
Արդեն ժամը չորսն էր, և մեր ուրախ խումբը շարժվեց դեպի ֆուրգոնները՝ Քաբարե վերադառնալու համար։ Ես և ամուսինս իսկապես հաճույք ստացանք մեր առաջին այցելությունից Քազալ, որտեղ բնակվում են հյուրընկալ և բարեհամբույր մարդիկ»։
1945 թ.–ից ի վեր, երբ առաջին Վկա միսիոներները ժամանեցին Հաիթի, Թագավորության քարոզիչների թիվը անընդհատ աճել է, այնպես որ այստեղ այժմ կա մոտ 14 000 քարոզիչ, որոնք մասնակցում են քարոզչական գործին և ավելի քան 22 000 Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն են անցկացնում։ Նրանց շնորհիվ 2005 թ. մարտին Հիշատակի երեկոյին ներկա եղավ 59 372 մարդ։ Այդ քարոզիչները շարունակում են հռչակել Աստծու Թագավորության բարի լուրը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Եհովայի վկաների կատարած գործն իր ազդեցությունն ունեցել մարդկանց կյանքերի վրա։
Բարի լուրը՝ գույներով հարուստ արվեստում
Հաիթցիների մեծ մասը սիրում է վառ գույներ։ Դա երևում է նրանց հագուստից, ներկված տներից, պարտեզների գույնզգույն ծաղիկներից, ինչպես նաև արվեստի գործերից։ Պորտ-օ-Պրենսի շատ փողոցներում ցուցադրվում են վառ գույներով կտավներ՝ նկարված այս տեղանքում հայտնի «լար աիսյեն» կոչվող ոճով։ Աշխարհի տարբեր մասերից մարդիկ գալիս են այստեղ՝ գնելու այդ կտավները։
Սակայն վառ գույներ կարելի է տեսնել ոչ միայն կտավների վրա։ Պորտ-օ-Պրենսի փողոցները լեցուն են մարդատար մեքենաներով, որոնց անվանում են «կամիոնետ», կամ՝ «թափ–թափ»։ Դրանց վրա նկարված են գեղեցիկ պատկերներ, որոնք հաճախ հիմնված են Աստվածաշնչի վրա։
Փողոցում քայլելիս հանկարծ տեսնում եք ծանոթ պատկեր. օրինակ՝ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում։ Եվ դա տեսնում եք հենց նոր ձեր կողքով անցած կամիոնետի հետևի պատուհանի վրա։ Հաճախ այս փոխադրամիջոցների վրա գրված են լինում սուրբգրային համարներ կամ էլ լոզունգներ, որոնք պարունակում են Եհովայի անունը։ Այն նաև հանդիպում է որոշ առևտրական ձեռնարկությունների անվանումներում։
Բարի լուրի մասին դպրոցում քարոզելը
Հաիթիի պատանի Վկաները լավ առիթներ են ունենում իրենց համադասարանցիներին Աստվածաշնչի մասին պատմելու։ Ահա թե ինչ է ասում 17–ամյա մի Վկա աղջիկ.
«Մի օր իմ համադասարանցիներից մեկը մոտեցավ ինձ և հարցրեց, թե ինչ է նշանակում «պոռնկություն» բառը։ Կարծելով, թե նա մտերմություն անելու առիթ է փնտրում՝ ես արհամարհեցի նրան։ Սակայն երբ նա միևնույն հարցը տվեց մի տղա աշակերտի, այդ հարցը հետաքրքրեց ամբողջ դասարանին։ Ուստի այդ թեմայի շուրջ որոշ փնտրտուքներ կատարելուց հետո հաջորդ շաբաթ ելույթ ունեցա դասարանի առջև և բացատրեցի, թե ինչու են Եհովայի վկաները ջանում բարոյապես, հոգևորապես և ֆիզիկապես մաքուր մնալ։
Համադասարանցիներս շատ հարցեր էին տալիս և համաձայնվում Աստվածաշնչի հիման վրա տրված իմ պատասխանների հետ։ Նույնիսկ տնօրենը, որը սկզբում կասկածանքով էր վերաբերվում, շատ հարցեր տվեց և միջոցներ ձեռնարկեց, որ ուրիշ դասարանների առջև էլ ելույթ ունենամ։ Ես նրանց ցույց տվեցի «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը,a որը շատերին հետաքրքրեց։ Հաջորդ օրը 45 գիրք տարածեցի դպրոցում։ Շատերը կարճ ժամանակում կարդացին գիրքը, և մի քանիսն այժմ Աստվածաշունչ են ուսումնասիրում իրենց մոտակայքում բնակվող Վկաների հետ։ Աշակերտներից մեկը, որն ապրում է մեր հարևանությամբ, հաճախում է ժողովի բոլոր հանդիպումներին»։
Կրեոլերեն լեզուն գործածելը
Թե՛ երկիրը և թե՛ նրա բնակիչները գեղեցիկ ու հետաքրքիր են, այդպիսին է նաև հաիթյան կրեոլերենը, որը ֆրանսերեն բառերի գործածությունն է Արևմտյան Աֆրիկայի քերականությամբ։ Հաիթյան կրեոլերենը հաիթցիների մայրենի լեզուն է և շատ հարազատ է նրանց սրտին։ Եհովայի վկաները գլխավորապես քարոզում են հաիթյան կրեոլերենով, և միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի աստվածաշնչյան ավելի շատ գրականություն հրատարակվի այդ լեզվով։
1987 թ.–ին հաիթյան կրեոլերենով թարգմանվեց «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկը, այնուհետև «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը և «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը։ Այս հրատարակությունները մեծ օգնություն են Աստվածաշունչ ուսումնասիրողների համար, որոնք ցանկանում են հասկանալ Աստծու Խոսքի հիմնական ուսմունքները։ Սկսած 2002 թ. սեպտեմբերի 1–ից՝ «Դիտարան» պարբերագիրը նույնպես թողարկվում է հաիթյան կրեոլերենով։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը դեռևս գործածվում է այստեղ, սակայն շատերը նախընտրում են կարդալ իրենց մայրենի լեզվով։
Բարի լուրը քարոզվում է բանտարկյալներին
Վերջերս Եհովայի վկաները սկսել են բարի լուրը քարոզել բանտարկյալներին։ Վկաներն ուրախությամբ են մխիթարության այս լուրը հաղորդում նրանց, ովքեր գտնվում են այդ անմխիթար վիճակում։ Մի եղբայր պատմում է.
«Երբ առաջին անգամ այցելեցինք բանտ, կալանավորներին բերեցին մի մեծ սենյակ, որտեղ կարող էինք զրուցել նրանց հետ։ Մեզ հետաքրքրում էր, թե ինչպես նրանք կարձագանքեին։ Երբ բացատրեցինք, որ եկել ենք օգնելու նրանց հասկանալ Աստվածաշունչը, բոլոր 50 ներկաները սիրով ընդունեցին մեզ։ Մենք ցույց տվեցինք «Վարժվիր գրել–կարդալու մեջ» և «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկները կրեոլերեն լեզվով և նրանցից 26–ի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք։ Ներկաներից տասը գրաճանաչ չէին, սակայն նրանց մեջ հետաքրքրություն առաջացավ, երբ ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է գրքույկներում տեղ գտած նկարների օգնությամբ հասկանալ բառերը։
Երբ Վկաները կրկին այցելեցին նրանց, կալանավորներից մեկն ասաց. «Ես երկու անգամ կարդացել եմ այս գրքույկը։ Անընդհատ մտածում եմ այնտեղ գրվածի մասին և անհամբերությամբ սպասում էի, թե երբ եք գալու»։ Մեկ ուրիշը, որին բանտարկել էին զինված կողոպուտի համար, ասաց, որ ցանկանում է փոխվել, և խնդրեց, որ որևէ մեկն այցելի իր կնոջը և նրա հետ ուսումնասիրի Աստվածաշունչը։ Մեկ այլ բանտարկյալ, որը երկու երեխաների հայր էր, նույն խնդրանքով դիմեց մեզ։ Նա ցանկանում էր, որ իր կինը տեսներ ճշմարիտ և կեղծ ուսմունքների միջև եղած տարբերությունը։ Իսկ մի բողոքական քահանա, որին բանտարկել էին իր եկեղեցու անդամներից խաբեությամբ մեծ գումար վերցնելու պատճառով, ասաց, որ այժմ գտել է ճշմարտությունը և որ պատիժը կրելուց հետո կօգնի իր եկեղեցու անդամներին դառնալ Եհովայի վկա։
Մեկ այլ բանտարկյալ, չունենալով կրեոլերեն լեզվով «Աստված պահանջում է» գրքույկի իր անձնական օրինակը, արտագրեց այն ամբողջությամբ բանտակիցներից մեկի գրքույկից և անգիր սովորեց։ Իսկ մի բանտարկյալ կին իր հետ միևնույն բանտախցում եղող ինը կանանց պատմեց իր սովորածի մասին և նույնիսկ ուսումնասիրություն սկսեց նրանց հետ։ Մեկ ուրիշ բանտարկյալ, երբ ավարտեց գրքույկի ուսումնասիրությունը և պետք է անցներ «Գիտություն» գրքին, սկսեց քարոզել մյուս բանտարկյալներին։ Շուտով նրանցից չորսի հետ նա Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում։
Մերկոնինb նախկինում ուսումնասիրել է Աստվածաշունչը և ունի հարազատներ, որոնք Եհովայի վկա են։ Նա խրախուսում էր մյուս բանտարկյալներին կարդալ աստվածաշնչյան գրականությունը, որ բերում էին իր հարազատները։ Նա ասում է. «Երբ ես բանտարկյալներին գրականություն եմ առաջարկում, նրանք կարծում են, թե ես Եհովայի վկա եմ։ Ես նրանց ասում եմ, որ Վկա չեմ, քանի որ գիտեմ, թե ինչ է նշանակում Վկա լինել։ Այժմ ես ցանկանում եմ լրջորեն ուսումնասիրել Աստվածաշունչը և մկրտվել։ Եթե երիտասարդ ժամանակ հետևեի եղբայրներիս օրինակին, հիմա բանտում չէի լինի»։
Բանտարկյալներից մեկը, որին Մերկոնին գրականություն էր տվել, ասաց իրեն այցելած Վկային. «Նախքան ձեր գալը՝ անցած երկուշաբթի, ես շատ ճնշված էի և պատրաստվում էի ինքնասպանություն գործել։ Բայց պարբերագրերը կարդալուց հետո աղոթեցի Աստծուն, որ նա ների իմ սխալները և ուղարկի ինչ–որ մեկին՝ ինձ ճիշտ ուղին ցույց տալու համար։ Որքա՜ն ուրախացա, երբ հաջորդ օրը դուք եկաք և առաջարկեցիք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ես կուզեի, որ սովորեցնեիք ինձ, թե ինչպես կարող եմ ծառայել Եհովային»։
«Արթնացե՛ք»–ի շնորհիվ շատերը լսում են բարի լուրը
2000 թ. նոյեմբերի 8–ի «Արթնացե՛ք»–ում քննարկվում էր բուժքույրերի մասին։ Մի կին վերցրեց այդ պարբերագրի 2 000 օրինակ և բաժանեց Պորտ-օ-Պրենսում տեղի ունեցած սեմինարին ներկա եղող բուժքույրերին։ Իսկ «Արթնացե՛ք»–ի 2002 թ. հուլիսի 8–ի համարը, որտեղ խոսվում էր ոստիկանների և նրանց աշխատանքի մասին, բաժանվեց Պորտ-օ-Պրենսի շատ ոստիկանների։ Այն անչափ դուր եկավ ոստիկաններին, և նույնիսկ հիմա նրանցից ոմանք փողոցում կանգնեցնում են Վկաներին և խնդրում այդ պարբերագրի օրինակներ։
Վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներից մեկը մի ծրագիր էր կազմակերպել, որի նպատակն էր մարդկանց տեղեկություններ տալ ՁԻԱՀ–ի հետևանքով առաջացած խնդիրների մասին։ Այդ պաշտոնյային հրավիրեցին Եհովայի վկաների մասնաճյուղ, որտեղ նրան ցույց տվեցին «Արթնացե՛ք»–ի այն համարը, որում քննարկվում էր այդ հարցը։ Նա անչափ տպավորվեց՝ տեսնելով, որ պարբերագրի հոդվածներում Աստվածաշնչից խորհուրդներ են տրվում, թե ինչպես կարելի է լավագույնս կանխել ՁԻԱՀ–ը, և թե ինչպես կարելի է օգնել վարակվածներին այդ իրավիճակում։ Նա ասաց, որ «Արթնացե՛ք»–ը առաջինն է այս թեմայի մասին այդպիսի տեղեկություններ հայտնում։
Այո՛, Եհովայի վկաները Թագավորության բարի լուրը բազմաթիվ կերպերով են քարոզում գեղատեսիլ Հաիթիում, ինչպես որ դա անում են աշխարհի 234 երկրներում։ Շատերն արձագանքում են հուսադրող այս լուրին, և նրանց հաջողվում է չկենտրոնանալ ներկայիս կյանքի դժվարությունների վրա։ Նրանք տեսնում են նոր աշխարհը, որտեղ բոլոր այն մարդիկ, ովքեր երկրպագում են ճշմարիտ Աստված Եհովային, կատարյալ կյանք կվայելեն (Յայտնութիւն 21։4)։
[ծանոթագրություններ]
a Այն հրատարակությունները, որոնց վերնագրերը բերվում են այս հոդվածում, հրատարակված են Եհովայի վկաների կողմից։
b Անունը փոխված է։
[նկարի շնորհակալագիր 9-րդ էջի վրա]
Background։ ©Adalberto Rios Szalay/photodisc/age fotostock