Դասեր քաղենք իսրայելացիների սխալներից
ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ գիտեին, թե ինչ էր Եհովան ակնկալում իրենցից, երբ մտան Ավետյաց երկիր։ Աստված Մովսեսի միջոցով պատվիրել էր. «Այն ժամանակ այն երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջից քշէք եւ նորանց բոլոր պատկերաւոր կոթողները կործանէք եւ նորանց բոլոր թափծու կուռքերը կործանէք. եւ նորանց բոլոր բարձր տեղերը քանդէք» (Թուոց 33։52)։
Իսրայելացիները որևէ ուխտ չպետք է կապեին այդ երկրի բնակիչների հետ և չպետք է ամուսնանային նրանց հետ (Բ Օրին. 7։2, 3)։ Աստծու ընտրյալ ազգը այսպիսի նախազգուշացում էր ստացել. «Զգուշացիր, մի գուցէ քո գնալու երկրի բնակիչների հետ ուխտ դնես, որ նա քո մէջ որոգայթ չ’դառնայ» (Ելից 34։12)։ Սակայն իսրայելացիները չհնազանդվեցին Աստծուն և ծուղակն ընկան։ Ի՞նչը եղավ նրանց հոգևոր անկման պատճառը։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել նրանց օրինակից (1 Կորնթ. 10։11)։
Մտերմությունը բերեց կռապաշտության
Ավետյաց երկրին տիրանալիս իսրայելացիները մի շարք պատերազմներում հաղթեցին այդ երկրի բնակիչներին։ Սակայն ամբողջությամբ չհնազանդվեցին Աստծու պատվերներին։ Նրանք թշնամիներին դուրս չարեցին երկրից (Դատ. 1։1–2։10)։ Հակառակ դրան՝ բնակություն հաստատելով այդ երկրի «եօթը ազգերի» կողքին՝ իսրայելացիները մտերմացան նրանց հետ՝ կանոնավորաբար շփվելով (Բ Օրին. 7։1)։ Ի՞նչ ազդեցություն դա թողեց իսրայելացիների վրա։ Աստվածաշունչն ասում է. «Նորանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նորանց տղերանցը տուին, եւ նորանց աստուծներին պաշտեցին։ Եւ Իսրայելի որդիքն արին այս չարութիւնը Տիրոջ առաջին, եւ իրանց Տեր Աստծուն մոռացան եւ Բահաղիմը եւ Աստարովթը պաշտեցին» (Դատ. 3։5–7)։ Ավետյաց երկրի բնակիչների հետ մտերմություն անելով՝ իսրայելացիները ամուսնացան նրանց հետ և սկսեցին կռապաշտությամբ զբաղվել։ Հեթանոսների հետ ամուսնական կապեր հաստատելուց հետո նվազեց հավանականությունն այն բանի, որ իսրայելացիները այդ ազգերին դուրս կհանեին երկրից։ Ճշմարիտ երկրպագությունը ապականվել էր, և իսրայելացիները սկսեցին կեղծ աստվածների պաշտել։
Դառնալով իսրայելացիների մտերիմ ընկերները՝ Ավետյաց երկրի բնակիչներն այժմ ավելի մեծ վտանգ էին ներկայացնում նրանց հոգևոր վիճակի համար, քան այն ժամանակ, երբ թշնամի էին։ Քննենք մեկ ուրիշ հանգամանք, որը նրանց հոգևոր անկման պատճառը կարող էր լինել։
Հողագործությունը բերեց Բահաղի երկրպագությանը
Ավետյաց երկիր մտնելուց հետո Իսրայելի որդիները այլևս քոչվոր կյանքով չէին ապրում, ուստի նրանցից շատերը դարձան հողագործներ։ Հավանաբար նրանք հողը մշակում էին այն նույն մեթոդներով, որոնցով իրենցից առաջ բնակված մարդիկ էին մշակում։ Ակներևաբար, քանանացիների կողմից կիրառված միջոցները չէին միայն, որ իսրայելացիները ընդօրինակեցին։ Տեղացիների հետ շփումը նաև պատճառ եղավ, որ իսրայելացիները ընդունեին նրանց այն հավատալիքները, որոնք կապ ունեին հողագործության հետ։
Քանանացիները երկրպագում էին շատ Բահաղների՝ աստվածների, որոնց վերագրում էին հողի պտղաբերությունը։ Նրանց հետ հողը մշակելուց և բերքը հավաքելուց բացի՝ ժամանակի ընթացքում իսրայելացիները միացան նրանց երկրպագությանը՝ պաշտելով նրանց աստվածներին՝ որպես առատություն պարգևողների։ Այդպիսով՝ շատերն Իսրայելում ասում էին, թե Եհովային են երկրպագում, սակայն իրականում նրանք հավատուրաց ընթացք էին բռնել։
Զորեղ նախազգուշացում մեր օրերի համար
Քիչ հավանական է, որ իսրայելացիները առաջին անգամ Ավետյաց երկրի բնակիչների հետ առնչվելիս մտադրություն ունենային մասնակցելու Բահաղի երկրպագությանը և նրանում կատարվող գարշելի գործերին։ Սակայն այդ մարդկանց հետ շփումն էր պատճառը, որ նրանք միջամուխ եղան Բահաղի երկրպագությանը։ Արդյոք մենք էլ չպե՞տք է ակնկալենք, որ վատ հետևանքներ կարող է ունենալ այն անհատների հետ մտերմությունը, որոնք գուցե ընկերական են, բայց չեն ծառայում մեր Աստծուն, չունեն նույն բարոյական չափանիշները, որ մենք ունենք, ինչպես նաև նույն սկզբունքները։ Ինչ խոսք, մեր հավատը չընդունող անհատների հետ որոշ չափով հաղորդակցվելը գուցե անհրաժեշտ լինի աշխատավայրում, դպրոցում կամ նույնիսկ տանը։ Սակայն իսրայելացիների օրինակը նախազգուշացնում է մեզ, որ այդպիսի շփման ձգտելը հղի է վտանգներով։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ անհերքելի ճշմարտության մասին. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։
Այսօր մենք հանդիպում ենք փորձությունների, որոնք նման են իսրայելացիների փորձություններին։ Ժամանակակից հասարակությունը շատ կուռքերի է պաշտում։ Դրանք կարող են լինել հայտնի դերասաններ, մարզիկներ, ինչպես նաև փողը, քաղաքական համակարգերը, որոշ կրոնական առաջնորդներ և նույնիսկ ընտանիքի անդամները։ Հնարավոր է, որ նշվածներից որևէ մեկը մեր կյանքում կարևոր տեղ զբաղեցնի։ Եթե մտերմանաք նրանց հետ, ովքեր չեն սիրում Եհովային, կարող ենք կործանվել հոգևորապես։
Բահաղի երկրպագության կարևոր մաս էին անօրինական սեռական հարաբերությունները, որոնք գրավեցին շատ իսրայելացիների և մոլորեցրին նրանց։ Նույնանման ծուղակներ կան նաև այսօր, որոնց մեջ ընկնում են Աստծու ժողովրդից ոմանք։ Օրինակ՝ հետաքրքրասեր ու անզգույշ անհատը, իր տանն առանձնացած լինելով, ընդամենը մեկ անգամ սեղմելով համակարգչի մկնիկի կոճակը, կարող է դիտել բաներ, որոնք կապականեն իր մաքուր խիղճը։ Որքա՜ն տխրալի կլինի, եթե քրիստոնյան գայթակղության մեջ ընկնի՝ Ինտերնետում պոռնկագրություն դիտելով։
Երանելի են նրա հիշեցումները պահողները
Անհատն ինքն է որոշում՝ ընկերներ ընտրելու հարցում կհնազանդվի Եհովային, թե՝ ոչ (Բ Օրին. 30։19, 20)։ Հետևաբար, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ո՞ւմ հետ եմ շփվում հանգստի ժամերին։ Ի՞նչ արժեքներ և բարոյական չափանիշներ ունեն նրանք։ Երկրպագո՞ւմ են Եհովային։ Նրանց հետ ընկերակցելը կխրախուսի՞ ինձ ավելի լավ քրիստոնյա դառնալ»։
Սաղմոսերգուն գրեց. «Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրէնքումը։ Երանելի են նորա վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ] պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան» (Սաղ. 119։1, 2)։ Իսկապես, «երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում» (Սաղ. 128։1)։ Ընկերներ ընտրելիս եկեք դասեր քաղենք իսրայելացիների սխալներից և լիովին հնազանդվենք Եհովային (Առակ. 13։20)։
[նկար 26–րդ էջի վրա]
Մտերմանալով նրանց հետ, ովքեր չեն սիրում Եհովային՝ կարող ենք կռապաշտության ծուղակն ընկնել