Հավատալ տեսածին
«Ագնոստիկը նա է, ով կարծում է, թե հնարավոր չէ իմանալ ճշմարտությունը, օրինակ, Աստծու և ապագա կյանքի մասին, հարցեր, որոնք հետաքրքրում են քրիստոնեությանը և այլ կրոններին։ Կամ եթե դա հնարավոր է իմանալ, ապա ոչ հիմա» (ՓԻԼԻՍՈՓԱ ԲԵՐՏՐԱՆ ՌԱՍԵԼ, 1953)։
ԱՅՆ մարդը, որը ստեղծել է «ագնոստիկ» բառը, կենդանաբան Թոմաս Հաքսլին է։ Նա ծնվել է 1825–ին, եղել է Դարվինի ժամանակակիցը և թիկունք է կանգնել էվոլյուցիոն ուսմունքին։ 1863–ին Հաքսլին գրեց, որ որևէ ապացույց չկա, որ գոյություն ունի Աստված, որը «սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին, ինչպես քրիստոնեությունն է սովորեցնում»։
Շատերն այսօր կհամաձայնեն այն հեղինակավոր մարդկանց հետ, որոնք ասում են, թե հավատում են միայն այն բաներին, որ տեսնում են։ Նրանք գուցե ասեն, որ հավատալ ինչ–որ մեկին կամ ինչ–որ բանի, որի համար չկա ապացույց, պարզապես կուրություն է։
Արդյոք Աստվածաշունչը պահանջո՞ւմ է, որ կուրորեն հավատանք Աստծուն։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ միամտություն, նույնիսկ անմտություն կլինի հավատալ այնպիսի բաների, որոնց համար ապացույցներ չկան։ «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 14։15)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծուն հավատալու մասին։ Արդյոք կա՞ ապացույց, որ Աստված գոյություն ունի կամ որ սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։
Ինչպես ենք տեսնում Աստծու հատկությունները
Աստվածաշունչը գրողներից մեկը՝ Պողոսը, մի խումբ կրթված աթենացիների դիմելիս ասաց, որ Աստված «ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան»։ Պողոսն իր ունկնդիրներին ասաց, որ Աստված հետաքրքրված է մարդկանցով, և իրականում «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17։24–27)։
Ինչո՞ւ էր Պողոսը համոզված, որ Աստված գոյություն ունի և հետաքրքրվում է մարդկանցով։ Պատճառներից մեկի մասին նա գրեց Հռոմի իր հավատակիցներին ուղղած նամակում։ Նա Աստծու մասին ասաց. «Նրա անտեսանելի հատկությունները.... հստակ կերպով երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (Հռոմեացիներ 1։20)։
Հաջորդ հոդվածներում քննարկվում են Աստծու երեք հատկությունները, որոնք հստակ կերպով երևում են նրա ստեղծագործության մեջ։ Այդ հատկությունները քննելիս կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Աստծու այս հատկությունների մասին իմանալը ի՞նչ ազդեցություն է թողնում ինձ վրա»։
[մեջբերում 3–րդ էջի վրա]
Աստվածաշունչը չի պահանջում, որ մենք կուրորեն հավատանք Աստծուն