Նամակ Նիկարագուայից
«Կոկո գետից թեքվիր աջ»
«ՔԵԶ այնպիսի մեքենա է պետք, որ կարողանաս վարել խորդուբորդ ճանապարհներով։ Կանեստրներով բենզին վերցրու, նաև մետաղյա հաստ պարան. դա պետք կգա քեզ, երբ մեքենադ խրվի ցեխի մեջ։ Երբ Կոկո գետը հասնես, թեքվիր աջ»։
Անկեղծ ասած՝ տրամադրությունս ընկավ, երբ լսեցի միսիոների այս խոսքերը։ Այդուհանդերձ, երեքշաբթի օրը առավոտյան ճանապարհ ընկա, որպեսզի ներկա լինեմ համաժողովին։ Այն պետք է տեղի ունենար Վամբլանում՝ Նիկարագուայի հյուսիսային մասում գտնվող մի փոքրիկ քաղաքում։
Լուսաբացին իմ հին, բայց ամուր մեքենայով Պան–ամերիկյան մայրուղով սկսեցի ճանապարհորդությունս։ Կարճ ժամանակ անց հասա Հինոտեգա։ Ճանապարհը ասֆալտապատ չէր։ Տեղացիները այդպիսի ճանապարհը կոչում են «ֆաո», այսինքն՝ տգեղ։ Այդ քաղաքից դուրս գալիս երկու խանութ տեսա. մեկը կոչվում էր «Աստծու Հրաշք», իսկ մյուսը՝ «Հարություն»։
Իրոք որ ճանապարհին դարուփոսեր շատ կային։ Դրա համար էլ շատ դանդաղ էի քշում։ Հանկարծ մի գեղեցիկ տեսարան բացվեց իմ առաջ. ես անցնում էի մի երկար լճի մոտով, որը գտնվում էր ամպերով ծածկված բարձրադիր լեռան ստորոտին։ Մշուշի միջից ծառեր էին երևում՝ զարդարված օրխիդեայով և իսպանական մամուռով։
Ճանապարհին շատ դժվարություններ ունեցա։ Կտրուկ շրջադարձ կատարելիս քիչ էր մնում մի ավտոբուսի բախվեի։ Վարորդը այնպես էր քշում, կարծես ճանապարհը միայն իրենն էր։ Ավտոբուսից սև ծուխ էր դուրս գալիս, իսկ անվադողերի արանքից քարերը այս ու այն կողմ էին նետվում։ Նիկարագուայում հաճախ կարելի է հանդիպել ավտոբուսների, որոնց առջևի ապակու վրա գրված են ագրեսիվ վարորդների մականունները, ինչպես օրինակ՝ Հաղթող, Կարիճ, Պիթոն, Որսորդ և այլն։
Կեսօրին հասա Պանտասմա հարթավայրը։ Ճանապարհին մի փայտյա տուն տեսա, որի բակը հողոտ էր, բայց մաքուր ավլած։ Տան մոտ՝ նստարանի վրա, մի ալևոր մարդ էր նստած, ծառի տակ շուն էր պառկած, իսկ մի զույգ լծած եզ կապված էր փայտե սայլին։ Դա ինձ շատ տպավորեց, քանի որ նման տեսարաններ ես տեսել էի հին գրքերի նկարներում։ Անցնելով հարթավայրը՝ հասա մի փոքր քաղաքի։ Քաղաքի միջով անցնելիս նկատեցի երեխաների, որոնք խմբովին դուրս էին վազում դպրոցից։ Նրանց հագին մուգ կապույտ համազգեստ կար։ Հետաքրքիր էր, որ երբ նրանք քայլում էին գլխավոր փողոցով, այնպիսի պատկեր էր ստեղծվում, ասես ծովափին հարվածող ծովի ալիքներ լինեին։
Արևը այրում էր։ Վերջապես հասա Վիվիլի և առաջին անգամ տեսա Կոկո գետը։ Այդ հսկա, ջրառատ գետը զբաղեցնում էր քաղաքի մեծ մասը։ Հիշելով միսիոների ասածները՝ թեքվեցի դեպի աջ, որպեսզի անցնեմ 37 կիլոմետր երկարություն ունեցող այն սարսափելի ճանապարհով, որի մասին նա ինձ զգուշացրել էր։
Դարուփոսերը շատ էին։ Բացի այդ, պետք է անցնեի ութ կամ ինը վտակների միջով։ Քանի որ ճանապարհը շատ կեղտոտ էր, երբ այդտեղով անցա, փոշու մի մեծ ամպ առաջացավ։ Ինչպես կասեին տեղացիները՝ «ես փոշի կերա»։ Վերջապես, ծառապատ հովտում երևաց Վամբլանը՝ իմ նպատակակետը։
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, աքլորների անդադար կանչերից շատ շուտ արթնացա, ուստի վեր կացա և սկսեցի քայլել գլխավոր փողոցով։ Ժամը 4 անց էր 30 րոպե, և թվում էր, թե մարդիկ հենց այդ ժամին են արթնանում։ Օդում տարածվել էր տորտիլյայի հոտը, որը թխում էին փռում (այդպես է կոչվում տեղացիների հացը, որ պատրաստում են եգիպտացորենից)։
Ամենուրեք կարելի էր տեսնել դրախտային պատկերներով գունագեղ նկարներ, որոնք նկարված էին պատերի վրա։ Կրպակներին փակցված էին կոլայի գովազդներ։ Իսկ հին պլակատները մարդկանց հիշեցնում էին վերջին երեք կառավարությունների խոստումները։ Ինձ շատ զարմացրին նաև փողոցների գյուղական զուգարանները, որոնք բետոնի վրա պատրաստված էին փայլուն թիթեղից։
Մոտեցա մարդկանց և այնտեղ ընդունված ձևով ողջունեցի նրանց՝ ասելով՝ «ադիոս»։ Նրանք ժպտում էին ու սկսում էին ջերմորեն խոսել ինձ հետ։ Մենք բարձր էինք խոսում, քանի որ «տեղի երթևեկության»՝ ձիերի և ջորիների սմբակների ձայնը մեծ աղմուկ էր բարձրացնում։
Շատ ընտանիքներ տեղ էին հասել ուրբաթ երեկոյան։ Ոմանք եկել էին ոտքով, մյուսները՝ ձիով կամ մեքենայով։ Որոշ երեխաներ էլ վեց ժամ շարունակ քայլել էին՝ ոտքերին պլաստմասսայե սանդալներ հագած։ Գետի անցումներում ականներ կային, իսկ ջրում՝ տզրուկներ, սակայն նրանք համարձակորեն հաղթահարել էին այդ դժվարությունները և եկել էին համաժողովի։ Ոմանք էլ եկել էին հեռավոր վայրերից և իրենց հետ խոզի ճարպով պատրաստված բրինձ էին բերել։ Ի՞նչ նպատակով էին եկել այդ մարդիկ։
Նրանք եկել էին մասնակցելու երկօրյա համաժողովին՝ ապագայի հանդեպ իրենց հույսը ամրացնելու, Աստծու Խոսքը լսելու և Աստծուն հաճեցնելու նպատակով։
Շաբաթ օր էր։ Թիթեղյա կտուրի տակ՝ փայտե նստարաններին և պլաստմասսայե աթոռներին, 300–ից ավելի մարդ էր նստած։ Մայրերը կերակրում էին իրենց երեխաներին։ Հարևան ֆերմայից լսվում էին խոզերի խռնչոցը և աքլորների կանչը։
Օդի ջերմաստիճանը գնալով բարձրանում էր, և շոգը անտանելի էր դառնում։ Բայց դա չէր խանգարում ներկաներին մեծ ուշադրությամբ լսել ելույթները։ Նրանք հետևում էին ընթերցանությանը, երբ հռետորը կարդում էր աստվածաշնչային համարները, երգում էին համաժողովի ժամանակ հնչող բոլոր երգերը և հարգանքով լսում էին իրենց համար մատուցվող աղոթքները։
Ծրագրից հետո ես միացա երեխաներին և նրանց հետ «բռնոցի» խաղացի։ Հետո միասին համաժողովից որոշ մտքեր քննարկեցինք. հաճելի էր տեսնել, որ պատանիները գրառումներ էին արել։ Այնուհետև իմ համակարգչով նրանց ցույց տվեցի աստղերի և գալակտիկաների պատկերները։ Երեխաները ժպտում էին, իսկ ծնողները ուրախ էին։
Ափսո՜ս, որ այդ երկու օրերը շատ շուտ անցան։ Համաժողովը ավարտվեց, և բոլորը պետք է տուն վերադառնային։ Ես մեկնեցի հաջորդ առավոտյան՝ ինձ հետ տանելով բազում հաճելի հիշողություններ։ Անչափ ուրախ էի, որ նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Այնքան էի տպավորվել, որ վճռեցի ընդօրինակել նրանց և սովորել, թե ինչպես կարելի է գոհ լինել ու վստահել Աստծուն։
[նկար 17–րդ էջի վրա]
Մարդիկ ընտանիքներով երկար ճանապարհ են կտրում–անցնում, որպեսզի ներկա լինեն համաժողովին