Ինչպիսի՞ն է իրականում մեր երկնային Հայրը
ՇԱՏԵՐԸ կարող են անգիր ասել «Հայր մեր»–ը՝ տիպար աղոթքը, որը Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին (Մատթեոս 6։9–13)։ Ամեն անգամ այդ աղոթքը ասելիս մարդիկ Աստծուն անվանում են «Մեր Հայր»։ Սակայն նրանցից քանի՞սը կարող են ասել, որ լավ են ճանաչում իրենց երկնային Հորը։
Իսկ դո՞ւք։ Որքա՞ն լավ եք ճանաչում Աստծուն։ Ունե՞ք մտերիմ փոխհարաբերություններ նրա հետ։ Պատմո՞ւմ եք նրան ձեր կյանքի ուրախ և տխուր իրադարձությունների մասին։ Իսկ ի՞նչ է նշանակում ճանաչել Աստծուն։
Նրա «անունը Եհովայ է»
Ի՞նչ գիտի իր հոր մասին առաջին քայլերն անող երեխան. փոքրիկը կարողանում է միայն «պապա» ասել։ Սակայն մեծանալով՝ երեխան իմանում է իր հոր անունը, տեսնում է, թե ինչ հեղինակություն ունի նա և սկսում է հպարտանալ նրանով։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեզ կյանք Պարգևողի մասին։ Գիտե՞ք, թե ինչ է նրա անունը, և թե ինչ է նշանակում այն։
Չնայած «Հայր մեր» աղոթքը ասելիս շատերը կրկնում են «սուրբ լինի քո անունը» արտահայտությունը, սակայն չեն կարողանում պատասխանել, երբ իրենց հարցնում են, թե՝ «ի՞նչ է նրա անունը»։ Ինչ խոսք, աստղազարդ երկինքը, վեհապանծ լեռները, գունազարդ կորալային խութերը վկայում են Աստծու գոյության մասին։ Սակայն նրանք չեն հայտնում նրա անունը։ Ուստի Աստծու անունն իմանալու համար մենք պետք է դիմենք Աստվածաշնչին։ Այնտեղ հստակ գրված է. «[Նրա] անունը Եհովայ է» (Ելից 15։3)։
Աստված ուզում է, որ իրեն ճանաչենք իր Եհովա անունով։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա անունը հայտնում է, թե ինչպիսի անձնավորություն է նա։ Այդ անունը բառացի նշանակում է «նա դարձնում է»։ Այլ կերպ ասած՝ Եհովան դառնում է կամ ինքն իրեն դարձնում է այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակներն իրականացնելու համար։ Խորհենք. իր ընտանիքի կարիքներից ելնելով՝ հայրը տարբեր հանգամանքներում դառնում է կերակրող, խորհրդատու, դատավոր, բարեխոս, պաշտպանող, ուսուցիչ։ Նմանապես, Եհովայի անունը վստահեցնում է մեզ, որ Աստված ամբողջությամբ կիրականացնի իր կամքը և կօրհնի բոլոր նրանց, ովքեր ծառայում են իրեն՝ անկախ այն բանից, թե ինչ կլինի ապագայում։
Եկեք քննենք, թե իր անվան նշանակության համաձայն՝ Եհովան ինչ տարբեր դերերում կարող է հանդես գալ։ Դա կօգնի ձեզ հասկանալու, թե ինչպիսի Աստված է Եհովան, ինչպես նաև կիմանաք, թե ինչ պետք է անեք նրան մոտենալու համար։
«Սիրո ու խաղաղության Աստված»
Պողոս առաքյալը մեր Արարչին անվանեց «սիրո ու խաղաղության Աստված» (2 Կորնթացիներ 13։11)։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուս Քրիստոսն ասել էր. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Մարդկության հանդեպ խոր սիրուց մղված՝ Աստված իր սիրելի Որդուն զոհեց մեզ համար, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատ ընծայեն նրան, կյանքը վայելեն հավիտյան՝ առանց ցավի ու տառապանքի, որոնք մեղքի արդյունքն են։ Ահա թե ինչու Պողոսը նաև ասաց. «Մեղքի վճարած վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմեացիներ 6։23)։ Մի՞թե դա չի մղում մեզ սիրելու Աստծուն և մոտենալու նրան։
Սակայն Աստված ոչ միայն ողջ մարդկությանն է սիրում, այլև հավատարիմ մարդկանց անհատապես։ Անհնազանդ իսրայելացիներին Մովսեսն ասաց. «Դա՞ է ձեր Եհովային արած հատուցումը, ով յիմար եւ անմիտ ժողովուրդ։ Նա չէ՞ քո հայրը, քեզ ստացողը. Նա քեզ ստեղծեց եւ քեզ հաստատեց» (Բ Օրինաց 32։6)։ Ի՞նչ էր ուզում ասել Մովսեսը։ Սիրող հոր նման՝ Եհովան հոգ էր տանում իր ժողովրդին, չնայած գիտեր, որ նրանք թերություններ ունեն։ Նա հոգում էր նրանց բոլոր անհրաժեշտ կարիքները՝ նյութական, էմոցիոնալ և հոգևոր։
Մենք բոլորս էլ տարբեր դժվարություններ ենք ունենում և երբեմն կարող ենք հիասթափվել, նույնիսկ վհատվել։ Նման պահերին ուզում ենք, որ ինչ–որ մեկը օգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալու մեր իրավիճակի կամ խնդրի մասին։ Ո՞վ կարող է օգնել մեզ։ Եհովան իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով ցույց է տալիս, որ սիրառատ Խորհրդատու է և Աջակցող։ Այդ Սուրբ Գիրքը բացատրում է, թե ինչու ենք այսքան շատ տառապում և ինչպես կարող ենք հաղթահարել մեր խնդիրները։ Ինչպես որ հայրն է սիրով օգնում իր տղային, որը ընկել է և վնասվել, այնպես էլ Եհովան ասես խոնարհվում է մեծ սիրով մեզ օգնելու համար։ Իսկապես, Եհովայի ձեռքը կարճ չէ. նա օգնում է նրանց, ովքեր հավատ են դրսևորում իր նկատմամբ (Եսայիա 59։1)։
Աստված ցույց է տալիս, որ սիրում է մեզ՝ մեր աղոթքները լսելով (Սաղմոս 65։2)։ Պողոս առաքյալը բացատրեց. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու ձեր մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Ձեր սիրտն Աստծու առաջ բացելով և հետևելով նրա Խոսքի միջոցով տրվող առաջնորդությանը՝ դուք նույնպես կարող եք զգալ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք»։
«Ամեն ինչ իմացող Աստված»
Աստվածաշնչում Եհովա Աստված նկարագրվում է որպես «կատարյալ գիտելիքներ ունեցող»։ Քանի որ նա «ամեն ինչ իմացող Աստված» է, բոլորից լավ է հասկանում մարդկային էությունը և գիտի մեր կարիքները (Յոբ 36։4, ՆԱ; Ա Թագաւորաց 2։3, ՆԱ)։ Իր ծառա Մովսեսի միջոցով նա ասաց, որ «ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ» (Բ Օրինաց 8։3; Մատթեոս 4։4)։ Սա նշանակում է, որ իրական երջանկությունը կախված չէ միայն նյութական բաներ ունենալուց։
Մեր Ստեղծիչը արժեքավոր առաջնորդություն և խորհուրդներ է տալիս իր Խոսքի միջոցով։ Եթե ուսումնասիրենք Աստվածաշունչը և կիրառենք այդ խորհուրդները մեր կյանքում, օգուտներ կքաղենք ամեն խոսքից, որ դուրս է գալիս Եհովայի բերանից։ Օրինակ՝ Զուզաննա անունով քրիստոնյա մի կին իր ընտանեկան կյանքի մասին ասում է. «Մեր ամուսնական միությունը ամրացավ, քանի որ ամուսնուս հետ Աստվածաշունչ էինք կարդում, հաճախում էինք ժողովների և ուրիշներին պատմում էինք մեր սովորածի մասին։ Աստծուց ստացած հոգևոր առաջնորդության շնորհիվ մենք այժմ նույն նպատակներն ունենք, իսկ մեր փոխհարաբերությունները ավելի են ամրացել»։
Իսկ դուք ինչպե՞ս կարող եք Աստծուց առաջնորդություն և խորհուրդներ ստանալ։ Եթե կանոնավոր ուսումնասիրեք Աստվածաշունչը և կիրառեք աստվածաշնչային խորհուրդները։ Այդպես անելով՝ դուք բազում օրհնություններ կունենաք (Եբրայեցիներ 12։9)։
«Փրկութեան Աստուածը»
Այսօր աշխարհը պայքարի մեջ է։ Մարդիկ չգիտեն, թե ինչ է սպասում իրենց վաղը։ Եթե դուք ապրում եք պատերազմական երկրում, հավանաբար շատ եք ցանկանում, որ խաղաղություն լինի։ Հիմա ավելի քան երբևէ մարդիկ պաշտպանության և փրկության կարիք ունեն։ Աշխարհի տարբեր մասերում մարդիկ ապրում են վախի մեջ, քանի որ ամենուրեք տարածված են հանցագործությունը, բռնությունը, ահաբեկչությունը, իսկ տնտեսական վիճակը անկայուն է։ Ո՞վ կփրկի մեզ այս ամենից։
«Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում»,— գրված է Աստվածաշնչում (Առակաց 18։10)։ Երբ հասկանում ենք Աստծու անվան նշանակությունը, սկսում ենք մտածել, թե ինչ է նա արել և ինչ է անելու ապագայում, որպեսզի փրկի նրանց, ովքեր հավատ են ցուցաբերում իր նկատմամբ։ Եհովա Աստված ապացուցել է, որ կարո՛ղ է փրկել իր ժողովրդին։ Օրինակ՝ նա ազատագրեց իսրայելացիներին՝ կործանելով Փարավոնի ռազմական կառքերը և զորքերին։ Եհովան ապացուցել է նաև, որ հավատարիմ Աստված է և հիշում է վշտահարներին ու ցանկանում է օգնել նրանց (Ելից 15։1–4)։
Մեր հավիտենական կյանքը կախված է Եհովա Աստծու՝ մեր Փրկչի հանդեպ հավատ դրսևորելուց։ Իսրայելի Դավիթ թագավորը, որը բազում դժվարություններ ունեցավ, այդպիսի հավատ դրսևորեց։ Նա գրեց. «Դու ես իմ փրկութեան Աստուածը» (Սաղմոս 25։5)։ Իսկ Պետրոս առաքյալը վստահությամբ ասաց. «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետրոս 2։9)։
Աստված իրեն վստահող մարդկանց խոստանում է. «Ես կ’փրկեմ նորան.... որ նա ճանաչում է իմ անունը» (Սաղմոս 91։14)։ Աստծու ներկայիս ծառաները զգացել են այս խոստման ճշմարտացիությունը։ Տեսնենք, թե ինչ է ասում Հենրիկը, որը, չնայած իր դժվարություններին ու հալածանքներին, 70 տարի հավատարմորեն ծառայում է Եհովային (Լեհաստան)։ Նա 16 տարեկան էր, երբ իր հորը ուղարկեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, իսկ իրեն ու եղբորը՝ երիտասարդների համար նախատեսված աշխատանքային ուղղիչ գաղութ։ Դրանից հետո Հենրիկին անընդհատ մի ճամբարից մյուսն էին տեղափոխում։ Նա պատմում է. «Իմ կյանքի դժվար օրերին Եհովան ինձ երբեք չի լքել։ Նա միշտ օգնել է ինձ և ուժ է տվել, որ հավատարիմ մնամ նույնիսկ այն ժամանակ, երբ մի քանի անգամ կանգնել եմ կյանքս կորցնելու վտանգի առաջ»։ Այո՛, Եհովան իր ծառաներին հավատ և ուժ է տալիս տոկալու համար։
Շուտով Աստված կփրկի բոլոր նրանց, ովքեր հավատում և վստահում են իրեն։ Նա ասում է. «Ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ» (Եսայիա 43։11)։ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի» ժամանակ երկրի վրայից կբնաջնջվեն ամբարիշտները, իսկ արդարները կփրկվեն (Հայտնություն 16։14, 16; Առակաց 2։21, 22)։ Եհովան հավաստիացնում է մեզ. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։
«Աստծու զավակներ»
Մաղաքիա մարգարեի օրերում իսրայելացիները պնդում էին, որ Եհովան իրենց Հայրն է։ Բայց նրանք Աստծու հանդեպ հարգանք ու նվիրվածություն չէին դրսևորում, մատուցում էին պղծված հաց և զոհաբերում էին կույր ու կաղ կենդանիներ։ Ահա թե ինչու Եհովան հարցրեց նրանց. «Եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը» (Մաղաքիա 1։6)։
Մի՛ կրկնեք այն նույն սխալները, որոնք արեցին անհավատարիմ իսրայելացիները։ Հորդորում ենք ձեզ սովորել Եհովա Աստծու մասին և մոտենալ նրան։ Հակոբոս աշակերտը խրախուսում է. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։
Ինչ խոսք, եթե ընդունում եք, որ Եհովան ձեր երկնային Հայրն է, ուրեմն որոշ պատասխանատվություններ կունենաք նրա առաջ։ Սակայն Աստված երբեք չի մոռանա ձեր ջանքերը, որ թափել եք իրեն պատվելու և իր սկզբունքների համաձայն ապրելու համար։ Ավելին, նա կօգնի ձեզ քայլելու այն ճանապարհով, որը տանում է դեպի խոստացյալ նոր աշխարհ, որտեղ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ Այդ ժամանակ բոլոր հնազանդ մարդիկ «ազատ կարձակվեն ապականության ծառայությունից և կունենան Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմեացիներ 8։21)։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Աստված ուզում է, որ իմանանք իր անունը, որը բառացի նշանակում է «նա դարձնում է»
[մեջբերում 6–րդ էջի վրա]
«Իմ կյանքի դժվար օրերին Եհովան ինձ երբեք չի լքել» (ՀԵՆՐԻԿ)
[մեջբերում 7–րդ էջի վրա]
«Մեր ամուսնական միությունը ամրացավ, քանի որ միասին Աստվածաշունչ էինք կարդում, հաճախում էինք ժողովների և ուրիշներին պատմում էինք մեր սովորածի մասին» (ԶՈՒԶԱՆՆԱ)