Մոտեցեք Աստծուն
«Ընդօրինակե՛ք Աստծուն»
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, կարեկցանք, ներողամտություն, սեր։ Ցավոք, այսօր մարդիկ հազվադեպ են դրսևորում այս հատկությունները։ Ոմանք միգուցե մտածեն. «Ինձ նման մարդը երբեք չի փոխվի»։ Թերևս նրանք վատ անցյալ կամ Աստծուն տհաճ սովորություններ ունեն և հակված են իրենք իրենց խստորեն քննադատելու։ Նրանք դժվարանում են հավատալ, որ երբևէ լավ անձնավորություն կդառնան։ Եթե դուք էլ եք այդպես կարծում, ձեզ համար մխիթարական կլինի իմանալ, որ մեր Արարիչը բոլորովին այլ տեսակետ ունի։ Իր Խոսքի միջոցով նա հավաստիացնում է, որ մենք ունակ ենք զարգացնելու լավ հատկություններ։
Աստվածաշունչը ճշմարիտ քրիստոնյաներին հորդորում է. «Ուստի, ընդօրինակե՛ք Աստծուն, ինչպես սիրելի զավակներ» (Եփեսացիներ 5։1)։ Այս խոսքերը ակնհայտորեն ցույց են տալիս, թե որքան է Եհովան վստահում իր ծառաներին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և իր նմանությամբ (Ծննդոց 1։26, 27)։ Այսինքն՝ մարդն օժտված է աստվածային հատկություններովa։ Ուստի երբ Աստվածաշնչում կարդում ենք «ընդօրինակեք Աստծուն» խոսքերը, կարծես այդ պահին Եհովան մեզ ասում է. «Ես վստահ եմ, որ չնայած քո անկատարությանը՝ դու կարող ես ընդօրինակել ինձ»։
Իսկ որո՞նք են Աստծու հատկություններից մի քանիսը, որ կարող ենք ընդօրինակել։ Եփեսացիներ 5։1–ին նախորդող և հաջորդող համարները պատասխանում են այս հարցին։ Հետաքըրքիր է, որ Պողոսը Աստծուն ընդօրինակելու հորդորը սկսեց «ուստի» բառով։ Այս բառը կապվում է նախորդ համարի հետ, որտեղ խոսվում է այնպիսի հատկությունների մասին, ինչպիսիք են՝ բարությունը, կարեկցանքը և ներողամտությունը (Եփեսացիներ 4։32; 5։1)։ Հետո Պողոսը քրիստոնյաներին հորդորում է անշահախնդիր սեր ցուցաբերել (Եփեսացիներ 5։2)։ Ինչ խոսք, բարություն, կարեկցանք, ներողամտություն և սեր ցուցաբերելու հարցում մենք ընդօրինակման լավ օրինակ ունենք՝ Եհովա Աստծուն։
Իսկ ինչո՞ւ պետք է նմանվենք Աստծուն։ Պողոս առաքյալը մի հիմնավոր պատճառ է բերում. «Ընդօրինակե՛ք Աստծուն, ինչպես սիրելի զավակներ»։ Պատկերացնո՞ւմ եք, Եհովան իր ծառաներին հարազատ երեխայի պես է սիրում։ Ինչպես փոքրիկ տղան է փորձում նմանվել իր հորը, այդպես էլ ճշմարիտ քրիստոնյաները ջանքեր են թափում նմանվելու իրենց երկնային Հորը։
Եհովան չի ստիպում մարդկանց նմանվել իրեն։ Նա մեզ ստեղծել է ազատ կամքով։ Հետևաբար դուք եք որոշում՝ ընդօրինակե՞լ Աստծուն, թե՞ ոչ (Բ Օրինաց 30։19, 20)։ Սակայն երբեք մի՛ մոռացեք, որ դուք ունակ եք դրսևորելու աստվածային հատկություններ։ Ինչ խոսք, Աստծուն ընդօրինակելու համար նախ պետք է լավ ճանաչեք նրան։ Աստվածաշունչը կարող է օգնել ձեզ, որ սովորեք Աստծու ճանապարհների մասին և այն անզուգական հատկությունների, որոնք միլիոնավոր մարդկանց մղել են ընդօրինակելու նրան։
[ծանոթագրություն]
a Կողոսացիներ 3։9, 10–ից երևում է, որ Աստծու պատկերով ստեղծված լինել նշանակում է արտացոլել նրա հատկությունները։ Ըստ այդ խոսքերի՝ նրանք, ովքեր ուզում են արժանանալ Աստծու հավանությանը, պետք է հագնեն «նոր անձնավորությունը», որը ստեղծված է «Նրա [Աստծու] պատկերի համաձայն»։