«Խորապես կարեկից» եղեք
ՄԵՆՔ ապրում ենք մի աշխարհում, որտեղ տարածված են սովը, աղքատությունը, հանցագործությունները, հիվանդությունները, և որտեղ քաղաքացիական ընդհարումներն ու բնական աղետները սովորական երևույթ են դարձել։ Ուստի զարմանալի չէ, որ այսօր մարդիկ կարոտ են կարեկցանքի։ Կարեկցել նշանակում է լինել վշտակից, մեղմել ուրիշի ցավը։ Կարեկցանքը պայծառ արևի շողերի պես ջերմացնում է դառնացած հոգին և մխիթարում վշտահար մարդուն։
Մենք կարող ենք կարեկցանք դրսևորել թե՛ խոսքերով, թե՛ գործերով, եթե հոգ տանենք ուրիշների մասին և անհրաժեշտության դեպքում նրանց կողքին լինենք։ Ըստ որում պետք է ցավակից լինենք ոչ միայն մեր հարազատներին, ընկերներին և ծանոթներին, այլև այն մարդկանց, որոնց անգամ չենք ճանաչում։ Իր Լեռան քարոզում Հիսուսը հարցրեց. «Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք»։ Լինելով կարեկից անձնավորություն՝ նա այսպիսի խորհուրդ տվեց. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 5։46, 47; 7։12)։
Այս խոսքերը, որ հայտնի են «Ոսկե կանոն» անվանումով, կարելի է գտնել Աստվածաշնչում. մի գիրք, որը շատերի կարծիքով՝ առաջնորդության աղբյուր է կարեկցանք դրսևորելու հարցում։ Գրություններում շարունակաբար նշվում է, որ մենք պարտավոր ենք աջակցել նրանց, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են անօգնական վիճակում։ Այս առումով լավագույն օրինակն է Աստվածաշնչի հեղինակը՝ մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված։
Աստվածաշնչում կարդում ենք. «[Աստված] որբին եւ որբեւայրիին իրաւունք է անում [«պաշտպանում է», ԷԹ], եւ պանդուխտին սիրում է՝ նորան հաց ու հանդերձ տալով» (Բ Օրինաց 10։18)։ Եհովա Աստված «իրաւունք է անում զրկուածներին. եւ հաց տալիս՝ սովածներին» (Սաղմոս 146։7)։ Օտարականների վերաբերյալ նա այսպիսի պատվեր է տալիս. «Օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան» (Ղեւտացոց 19։34)։
Սակայն մենք չենք կարող կարեկից լինել ինքնաբերաբար։ Այդ պատճառով Պողոս առաքյալը Կողոսայի քրիստոնյաներին գրեց. «Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով և նոր անձնավորությունը հագեք, որը նորոգվում է ճշգրիտ գիտությամբ՝ Նրա պատկերի համաձայն, ով ստեղծեց այն.... որպես Աստծու ընտրյալներ, սրբեր և սիրելիներ՝ ձեզ վրա հագեք կարեկցանքի ջերմ զգացմունքները» (Կողոսացիներ 3։9, 10, 12)։
Այստեղից երևում է, որ կարեկից լինելու համար ջանքեր են հարկավոր։ Կարեկցանքը բնորոշ է «նոր անձնավորությանը», որը քրիստոնյաները պետք է «հագնեն»։ Ուստի Պողոսը հռոմեական անողորմ հասարակության մեջ ապրող իր ժամանակակիցներին քաջալերում էր էական փոփոխություններ կատարել իրենց մեջ՝ կարեկից դառնալու համար։
Դրական արդյունքներ
Ոմանք կարծում են, թե կարեկից մարդիկ թույլ են և խոցելի։ Արդյոք սա ճի՞շտ տեսակետ է։
Ամենևի՛ն։ Իսկական կարեկցանքը բխում է սիրուց, որի աղբյուրը Աստված է։ Նա սիրո մարմնացումն է։ 1 Հովհաննես 4։16–ում կարդում ենք. «Աստված սեր է»։ Եհովան իրավամբ կոչվում է «ջերմ կարեկցանքի Հայր և ամենայն մխիթարության Աստված» (2 Կորնթացիներ 1։3)։ Ջերմորեն կարեկցել նշանակում է «գթալ, վշտակցել ուրիշի դժբախտությանը»։ Աստված բարի է նույնիսկ «ապերախտների և չարերի հանդեպ» (Ղուկաս 6։35)։
Ստեղծիչը պահանջում է, որ մենք նույնպես լինենք բարի և կարեկից։ Միքիա 6։8–ում կարդում ենք. «Քեզ յայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել»։ Առակաց 19։22 ասվում է. «Մարդիս զուարճանքն [«փառքն», ԱԱ] իր ողորմածութիւնն է»։ Նմանապես, Ղուկաս 6։36–ում Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որը կատարելապես արտացոլեց իր Հոր անձնավորությունը, այսպիսի հորդոր տվեց իր հետևորդներին. «Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն էլ ողորմած է»։ «Երուսաղեմի Աստվածաշնչում» (անգլ.) այս հորդորը թարգմանված է հետևյալ կերպ. «Կարեկից եղեք, ինչպես որ ձեր Հայրն էլ կարեկից է»։
Մենք կարեկից լինելու հիմնավոր պատճառ ունենք, քանի որ այդպիսի անհատները առատապես վարձատրվում են։ Թերևս բազմիցս համոզվել եք Առակաց 11։17–ում արձանագրած հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ»։ Երբ կարեկցանք ենք դրսևորում որևէ մեկի հանդեպ, Աստված դա համարում է իր նկատմամբ ցուցաբերված բարություն։ Նա իրեն պարտավորված է զգում փոխհատուցել իր երկրպագուներին ամեն անգամ, երբ նրանք ուրիշներին կարեկցանքով են վերաբերվում։ Սողոմոն թագավորը գրեց. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը» (Առակաց 19։17)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց. «Դուք գիտեք, որ յուրաքանչյուր անհատ, ինչ բարիք էլ որ գործի, նույնը ետ կստանա Եհովայից» (Եփեսացիներ 6։8)։
Կարեկցանքը օգնում է պահպանել խաղաղություն, հարթել տարաձայնությունները և ներողամիտ լինել։ Քանի որ մենք ոչ միշտ ենք մեր մտքերն ու զգացումներն արտահայտում այնպես, ինչպես կցանկանայինք, և մեր արարքները երբեմն սխալ են հասկացվում, հաճախ թյուրիմացություններ են առաջ գալիս։ Այսպիսի իրավիճակներում կարեկցանքը նպաստում է խաղաղությանը։ Կարեկից անհատին հեշտ է ներել։ Կարեկցանքն օգնում է մեզ կիրառել Պողոսի խորհուրդը. «Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար, եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի» (Կողոսացիներ 3։13)։
Ինչպես դրսևորենք
Ինչպես արդեն նկատեցինք, կարեկցանքը վիշտը մեղմելու զորություն ունի և մղում է ցավակից լինել նեղության մեջ գտնվողներին, այլ կերպ ասած՝ լացողի հետ լացել։ Այն արտահայտվում է ջերմ վերաբերմունքով և բարի գործերով։
Ուրիշներին ցավակից լինելով՝ քրիստոնյաներն ընդօրինակում են Հիսուսին։ Նա երբեք զբաղված չէր այնքան, որ ժամանակ չունենար մարդկանց օգնելու և՛ նյութապես, և՛ հոգևորապես։ Հիսուսը կարեկցաբար օգնում էր կարիքի մեջ գտնվողներին։
Տեսնելով հոգևոր առաջնորդների կողմից անտեսված մարդկանց՝ Հիսուսը «խղճաց նրանց, որովհետև կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթեոս 9։36)։ Ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, այս համատեքստում «խղճալ» թարգմանված բառը փոխանցում է «մինչև սրտի խորքը հուզվելու» միտք։ Կարծիք կա, որ «հունարենում դա կարեկցանք արտահայտող ամենազորեղ բառն է»։
Կարեկից քրիստոնյաները նույնպես չեն հապաղում նյութապես կամ հոգևորապես օգնելու ուրիշներին։ «Բոլորդ մեկ մտքի եղեք, ցավակից, եղբայրասեր, խորապես կարեկցող»,— գրեց Պետրոս առաքյալը (1 Պետրոս 3։8)։ Ահա մի օրինակ. կարիքի մեջ գտնվող քրիստոնյա մի ընտանիք առողջական խնդիրների պատճառով մեկ այլ վայր տեղափոխվեց։ Այնտեղ նրանք վեց ամիս ապրեցին հավատակիցների տանը՝ առանց վարձավճարի։ Վերջիններիս մասին ամուսինը պատմում է. «Ամեն օր նրանք գալիս էին՝ տեսնելու, թե ինչպես ենք։ Նրանց ջերմ հյուրընկալությունից մենք զգում էինք, ինչպես տանը»։
Ճշմարիտ քրիստոնյաները օգնության ձեռք են մեկնում նաև անծանոթներին։ Նրանք ուրախությամբ տրամադրում են իրենց ժամանակը, ուժերը և միջոցները՝ ծառայելով այն մարդկանց օգտին, ում չեն ճանաչում։ Նախորդ հոդվածում հիշատակվող կամավորները, որ օգնեցին անծանոթ մի ընտանիքի, Եհովայի վկաներ էին։
Նրանց քրիստոնեական ժողովում սիրո և կարեկցանքի մթնոլորտ է տիրում։ Սիրուց մղված՝ ժողովի անդամները ձգտում են ծառայել միմյանց։ Այնտեղ կան նաև որբեր ու այրիներ, որոնք տարբեր անձնական խնդիրներ ունեն և գուցե զգում են քո կարեկցանքի և ուշադրության կարիքը։ Օգնության ձեռք կմեկնե՞ս նրանց։ Թերևս ի վիճակի լինես նյութապես օժանդակելու այդպիսի ընտանիքներին։ Կամ գուցե կարողանաս նրանց աջակցել բավարար բժշկական օգնություն ստանալու, տան հետ կապված խնդիրները լուծելու և այլ անձնական դժվարություններ հաղթահարելու հարցում։
Հունաստանում ապրող մի ամուսնական զույգ հենց այսպիսի վերաբերմունքի արժանացավ։ Քանի որ տան գլուխը կաթված էր ստացել, նրանք տեղափոխվեցին մի հիվանդանոց, որը բավականին հեռու էր իրենց տնից։ Բայց այդ ամուսինների խղճուկ եկամուտը կախված էր նարնջի այգու բերքից, որը պետք էր հավաքել։ Ո՞վ էր հոգ տանելու այդ մասին։ Դա արեցին իրենց ժողովի անդամները։ Նրանք հավաքեցին և վաճառեցին բերքը, ինչի շնորհիվ կարիքավոր ամուսիններն առանց գումարի չմնացին։ Այդպիսով հավատակիցները նրանց ձերբազատեցին նաև ավելորդ մտահոգություններից։
Կարեկցանք կարելի է դրսևորել բազում այլ ձևերով։ Երբեմն հուսալքված մարդուն ընդամենը պետք է, որ իրեն այցելեն, բարյացակամորեն լսեն ու Գրությունների հիման վրա մխիթարեն (Հռոմեացիներ 12։15)։
Վայելեք կարեկից մարդկանց ընկերակցությունը
Համաշխարհային քրիստոնեական ժողովը խաղաղության և մխիթարության հանգրվան է, որտեղ բարություն և կարեկցանք է տիրում։ Ճշմարիտ քրիստոնյաները գիտակցում են, որ կարեկցանքը գրավում է մարդկանց, իսկ անգթությունը՝ վանում։ Ուստի նրանք ընդօրինակում են իրենց երկնային Հորը՝ ձգտելով «խորապես կարեկից» լինել կյանքում։
Եհովայի վկաները սրտանց հրավիրում են ընկերակցել իրենց հետ և վայելել կարեկցանքի, սիրո ու հոգատարության այն մթնոլորտը, որը տիրում է իրենց քրիստոնեական ժողովում։ Նրանք վստահ են, որ դուք կհայտնվեք ջերմ ու հաճելի միջավայրում (Հռոմեացիներ 15։7)։
[նկար 5–րդ էջի վրա]
Պողոսը Կողոսայի քրիստոնյաներին քաջալերեց հագնել «կարեկցանքի ջերմ զգացմունքները»
[նկար 7–րդ էջի վրա]
Հիսուսը կարեկցաբար օգնում էր կարիքի մեջ գտնվողներին