Նամակ Միացյալ Նահանգներից
Ժամանակը չէր փոխել նրանց
ՄԻ ՊԱՀ պատկերացրու, որ հնարավորություն ունես տեսնելու, թե ինչպես են ապրել քո պապերը։ Ինչ–որ առումով մեր առջև հենց այդպիսի հնարավորություն բացվեց, ուստի որոշեցինք Շվեյցարիայից մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Գուցե դա տարօրինակ թվա, քանի որ Ամերիկան համարվում է ամենազարգացած երկրներից մեկը։ Ուզում ենք պատմել, թե ինչպես կարողացանք 200 տարի հետ գնալ։
Հարյուրավոր ամիշներ մինչև օրս պահպանել են իրենց նախնիների բարբառը։ Նրանք սերել են անաբապտիստներից, որոնք ապրել են 17–րդ դարում։ Նրանց անունը ծագել է իրենց առաջնորդ Հակոբ Ամանից, որն ապրել է Շվեյցարիայում։ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ այս աստվածավախ մարդիկ դեռ շատ վաղուց հասկացել են, որ նորածինների մկրտությունը և զինվորական ծառայությունը սխալ են։ Իրենց համոզմունքների պատճառով կառավարությունը հալածել է նրանց։ Ոմանք անգամ մահվան են դատապարտվել։ Ի վերջո, նրանք ստիպված են եղել փախչելու Շվեյցարիայի այլ մասեր և Ֆրանսիա։ Իսկ 19–րդ դարի կեսերին հազարավոր ամիշներ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ իրենց հետ տանելով մշակույթն ու լեզուն։ Նրանք բնակություն են հաստատել Ինդիանա նահանգում։
Քանի որ գիտեինք գերմանա–շվեյցարական բարբառը, երեք ամսով հրավիրվեցինք այնտեղ՝ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու։
Ամեն անգամ, երբ քարոզում էինք տնետուն, ամիշները զարմանքով հարցնում էին.
— Որտեղի՞ց գիտեք մեր լեզուն։
— Մենք Շվեյցարիայից ենք,— պատասխանում էինք։
— Բայց դուք ամիշներ չեք,— շփոթված ասում էին նրանք։
Մարդիկ ջերմորեն ողջունում էին մեզ ու ներս հրավիրում։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են նրանք ապրում։ Թվում էր, թե տեղափոխվել ենք 18–րդ դար. էլեկտրական լամպի փոխարեն ճրագ էին վառում, մեքենայի փոխարեն՝ ձի և կառք էին քշում, իսկ քանի որ հոսող ջուր չունեին, ջուրը ջրհորից էին հանում։ Նրանք նույնիսկ ռադիո չունեին։
Մեզ շատ էր տպավորել այդ մարդկանց համեստությունն ու խոնարհությունը։ Շատ ամիշներ ամեն օր կարդում են Աստվածաշունչը։ Նրանք հաճույքով միասին խոսում են հոգևոր թեմաների շուրջ։ Այդ պատճառով էլ կարող էինք անվերջ զրուցել Աստծու նպատակների մասին։
Շուտով բոլորը իմացան, որ Շվեյցարիայից մարդիկ էին եկել։ Շատերն էին խնդրում մեզ, որ այցելենք իրենց հարազատներին։ Իսկ երբ հրավիրվեցինք տեղի դպրոց, անչափ ոգևորվեցինք։ Մեզ անակնկալ էր սպասվում։
Ուսուցիչը մեզ դասարան հրավիրեց։ 38 աշակերտներ պլշած նայում էին չորս օտարականներիս։ Ութ դասարան հավաքվել էր մեկ սենյակում։ Աշակերտները 7–15 տարեկան էին։ Աղջիկները կապույտ համազգեստ էին հագել և կրում էին սպիտակ գլխարկներ, իսկ տղաները՝ սև շալվար և մուգ կապույտ վերնաշապիկ։ Դասարանի առաստաղը բարձր էր։ Սենյակի երեք պատերը ներկված էին բաց կապույտ գույնով, իսկ առջևի պատին գրատախտակ էր փակցված։ Դասարանում կային գլոբուս և մի քանի փաթաթած քարտեզներ։ Անկյունում դրված էր երկաթյա մեծ վառարանը։
Նստեցինք առջևի նստարաններին։ Յուրաքանչյուր դասարան հերթով մոտենում էր ուսուցչին և ներկայացնում էր տնային աշխատանքը։ Հաճույքով լսում էինք, թե ինչպես է ուսուցիչը Ալպյան լեռների մասին հարցեր տալիս նրանց։ Դասագրքերը շատ հին էին, իսկ նկարները սև ու սպիտակ էին։ Ուսուցիչը հարցրեց մեզ, թե արդյոք Շվեյցարիան դեռ այնպիսին է, ինչպիսին նկարագրվում է իրենց գրքերում։ Ամռանը նախիրը բարձրանո՞ւմ է Ալպեր։ Լեռնագագաթներին դեռ ձյուն կա՞։ Երբ ցույց տվեցինք մեր գունավոր նկարները, որոնցում պատկերված էին Շվեյցարիայի ձյունածածկ գագաթները, նա հիացած ժպտաց։
Ուսուցչի կինը, որը նրա օգնականն էր, հարցրեց մեզ. «Կարո՞ղ եք յոդլ ժանրով երգել»։ Մենք անհարմար դրության մեջ ընկանք, քանի որ չէինք կարող։ Սակայն գիտեինք, որ ամիշները լավ են երգում յոդլ ժանրով, ուստի խնդրեցինք, որ նրանք երգեն մեզ համար։ 40 հոգուց բաղկացած երգչախմբի գեղեցիկ կատարումը անչափ տպավորեց մեզ։ Հետո ուսուցիչը թույլ տվեց երեխաներին գնալ խաղալու։
Ուսուցչի կինը նորից խնդրեց մեզ մի երգ երգել։ Այս անգամ համաձայնվեցինք, քանի որ գերմանա–շվեյցարական բարբառով մի քանի ժողովրդական երգ գիտեինք։ Աշակերտները իմացան, որ շուտով երգելու ենք և արագ վերադարձան դասարան։ Մենք կանգնեցինք դասարանի առաջ և փորձեցինք լավագույն ձևով կատարել մեր հանձնարարությունը։
Կեսօրին 12 հոգուց բաղկացած մի ընտանիք մեզ հրավիրել էր ճաշի։ Երկար փայտյա սեղանին դրված էին համեղ ուտելիքներ. կարտոֆիլի պյուրե, խոզի ապխտած միս, եգիպտացորեն, հաց, պանիր, բանջարեղեն, խմորեղեն և այլ քաղցրավենիքներ։ Ճաշից առաջ յուրաքանչյուրը լուռ աղոթեց։ Մինչ փոխանցվում էին ուտելիքները, մենք պատմում էինք Շվեյցարիայի մասին, որտեղ ապրել են նրանց նախնիները, այնուհետև սկսեցինք զրուցել գյուղի կյանքի մասին։ Երեխաները փսփսում էին ու կչկչում։ Երբ ճաշն ավարտվեց, բոլորը նորից աղոթեցին, ինչը նշանակում էր, որ երեխաներն ազատ են։ Սակայն նրանք ոչ թե խաղալու էին գնալու, այլ պետք է կատարեին իրենց հանձնարարությունը. հավաքեին սեղանը և լվանային ափսեները։ Նրանք նախ պետք է ջուր բերեին ջրհորից և տաքացնեին այն։
Այս ընթացքում ծնողներն առաջարկեցին գնալ հյուրասենյակ։ Թեև այնտեղ բազմոց չկար, բայց կային հարմարավետ փայտյա ճոճաթոռներ։ Նրանք պահարանից բերեցին իրենց հին գերմաներեն Աստվածաշունչը, և ամիշ ընտանիքներում ընդունված սովորության համաձայն՝ սկսեցինք զրուցել հոգևոր թեմաներից։ Ո՞րն է Եհովա Աստծու նպատակը երկրի ու մարդկության առնչությամբ, ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ հեզերը կժառանգեն երկիրը, արդյոք Աստված տանջո՞ւմ է չար մարդկանց դժոխքում, ովքե՞ր են կատարում Հիսուսի պատվերը՝ քարոզել բարի լուրը ամբողջ աշխարհում։ Հոգևոր տրամադրվածություն ունեցող մարդկանց հետ այս և այլ հարցեր քննարկելիս մեր սրտերը ուրախությամբ էին լցվում։
Այսօր կարոտով ենք հիշում մեր ճանապարհորդությունը, որը լի էր հաճելի անակնկալներով։ Հուսով ենք, որ մեր այցելությունը և զրույցները բացեցին ոչ միայն շատերի դռները, այլ նաև սրտերը, որպեսզի ընդունեն Աստծու Խոսքի ճշմարտությունը։