Մեր ընթերցողները հարցնում են
Երկրագունդը միշտ կբավարարի՞ կյանքի համար անհրաժեշտ պահանջները
▪ Մեր զարմանահրաշ մոլորակը իր բնակիչներին կյանքի համար անհրաժեշտ բաներով ապահովելու անսահման կարողություն ունի։ Սակայն երկրագնդի առատ ռեսուրսները արագորեն սպառվում են, իսկ բնակչության թիվը գնալով մեծանում է։ Սրանք փաստեր են, որոնք կարող են վախեցնել քեզ։ Գուցե մտածես. «Մի՞թե երկրագնդի ռեսուրսները մի օր լրիվ կսպառվեն»։
Հետաքրքիր է, որ ավելի քան 4 000 տարի առաջ Աստված մի խոստում է տվել, որն առնչվում է այս հարցին ու մեզ համար կարող է մխիթարական լինել։ Ծննդոց 8։22 համարում կարդում ենք նրա խոսքերը. «Քանի ժամանակ որ երկիրը կ’մնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ»։ Ուստի ինչպես համոզված ենք, որ արևը ամեն առավոտ կծագի, այնպես էլ կարող ենք համոզված լինել, որ երկիրը միշտ կտա այն բոլոր բարիքները, որ անհրաժեշտ են կյանքի գոյության համար։
2004 թ.–ին Ալեքս Կիրբին, որը գրում է շրջակա միջավայրի մասին, «Կարո՞ղ է մեր մոլորակը կերակրել մեզ» հոդվածում նշում է. «Երկիր մոլորակը անշուշտ տալիս է բավարար քանակությամբ սնունդ բոլորի համար։ Պարզապես սնունդը կա՛մ սխալ վայրում է, կա՛մ հասանելի չէ, կա՛մ հնարավոր չէ պահեստավորել։ Ուստի յուրաքանչյուր բնակչի սննդով ապահովելու հարցը ավելի շատ վերաբերում է քաղաքագետներին, քան գիտնականներին»։ Եթե Երկիր մոլորակի բնական ռեսուրսները խելամտորեն օգտագործվեն, ապա կարիք չի լինի անհանգստանալու, թե մի օր ամեն ինչ լրիվ կսպառվի։ Օրինակ՝ հնում հողը ճիշտ օգտագործելու վերաբերյալ Աստված Իսրայել ազգին պատվիրել էր. «Եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ.... լինի. քո արտը պիտի չ’վարես, եւ քո այգին չ’յօտես» (Ղեւտացոց 25։4)։ Թեև նրանք ամեն յոթերորդ տարին չպետք է մշակեին իրենց հողը, սակայն անհանգստանալու պատճառ չէր լինի, քանի որ Աստված հոգ էր տանելու, որ նրանք ունենան բոլոր բարիքները (Ղեւտացոց 26։3–5)։
Այսօր ոմանք անկեղծորեն ջանում են «փոխհատուցել» երկրի էկոհամակարգին պատճառված վնասը և վերականգնել բնական ռեսուրսների պաշարները, սակայն շատերի կարծիքով՝ այդ ջանքերը ապարդյուն են և ուշացած։ Առաջացած խնդրի վերջնական լուծումը տալիս է Հայտնություն 11։18 համարը։ Աստվածաշնչի այս խոսքը հայտնում է, որ Եհովան «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Եհովա Աստված ոչ միայն վերջ կդնի երկրագնդի և նրա ռեսուրսների չարաշահմանը, այլև կհոգա, որ մեր մոլորակը առատորեն բավարարի իր բոլոր բնակիչների կարիքները։ Նրանք, ովքեր շարունակում են արհամարհել Աստծու կամքը և եսասիրաբար շահագործում են երկիրը, այլևս չեն լինի։ Իսկ ովքեր պատրաստակամորեն թիկունք են կանգնում Եհովայի գերիշխանությանը, իրենց աչքով կտեսնեն Սաղմոս 72։16 համարում գրված մարգարեության կատարումը. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ»։
Լինելով անսահման սիրո և իմաստության Աստված՝ Եհովան նպատակադրել էր, որ մարդը ապրի և հոգ տանի իր տան՝ դրախտ–երկրի մասին (Ծննդոց 1։28)։ Նրա իշխանության ներքո հնազանդ մարդիկ կսովորեն խելամտորեն օգտվել երկրագնդի շտեմարաններից, որպեսզի դրանք չդատարկվեն։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ ունենք հոգատար ու սիրառատ Արարիչ, որը կգոհացնի բոլոր կենդանի էակների փափագը (Սաղմոս 145։16)։
[Մեջբերում 22–րդ էջի վրա]
«Յուրաքանչյուրին սննդով ապահովելու հարցը ավելի շատ վերաբերում է քաղաքագետներին, քան գիտնականներին»