Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 3/1 էջ 18–21
  • «Մինչև մահը չբաժանի մեզ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Մինչև մահը չբաժանի մեզ»
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ անել
  • Մարդիկ, որոնք հաղթահարել են ծանր կորստի ցավը
  • Իմաստալից կյանք՝ չնայած վշտին
  • Այրիներ. ինչի՞ կարիք ունեն նրանք։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց
    2010 Դիտարան
  • Ինչպես դիմանալ կողակցի կորստին
    2013 Դիտարան
  • Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
  • Բնակա՞ն են արդյոք իմ ապրումները
    Երբ մահանում է քո սիրելիներից մեկը
Ավելին
2010 Դիտարան
w10 3/1 էջ 18–21

«Մինչև մահը չբաժանի մեզ»

ԻՆՉՔԱՆ զույգեր են իրենց հարսանիքի օրը ուրախությամբ կրկնել այս խոսքերը, նույնիսկ չեն էլ մտածել, որ մահը մի օր կարող է բաժանել իրենց։ Եվ իրոք, ծերությունը, հիվանդությունը կամ դժբախտ պատահարները կտրում են սիրելի մարդու կյանքի թելը՝ կողակցին թողնելով միայնության ու վշտի մեջ (Ժողովող 9։11; Հռոմեացիներ 5։12)։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 65 տարեկան և ավելի բարձր տարիքի կանանց գրեթե կեսն այրի է։ Քանի որ կանայք երեք անգամ ավելի շատ են այրիանում, քան տղամարդիկ, ոմանք ասում են, թե այս երևույթը պետք է կոչել «կանանց ֆենոմեն»։ Սակայն չի կարելի ասել, թե տղամարդիկ չեն տառապում։ Իրականությունն այն է, որ միլիոնավոր մարդիկ են հայտնվում նման վիճակում։ Գուցե դու էլ նրանցից մեկն ես։

Եթե կորցրել ես կողակցիդ, ապա մեծ վշտի մեջ ես։ Ի՞նչը կարող է մխիթարել քեզ։ Աստվածաշունչը կարո՞ղ է որևէ կերպ օգնել։ Իսկ ինչպե՞ս են որոշ այրի տղամարդիկ ու կանայք հաղթահարել ծանր կորստի ցավը։ Ճիշտ է, թեև չկա մեկ ընդհանուր լուծում բոլոր դեպքերի համար, սակայն կան սկզբունքներ և գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել։

Ի՞նչ անել

Թեև շատերն են կարծում, թե լացը թուլության նշան է և կարող է նույնիսկ ավելի վատացնել մարդու վիճակը, սակայն ըստ հոգեբան դոկտոր Ջոյիս Բրոդերսի, որը նույնպես այրի է՝ արցունքները էմոցիոնալ ցավը մեղմելու առաջին օգնությունն են։ Իրականում լացը վիշտն արտահայտելու բնական ձև է և թեթևացնում է ցավը։ Ուստի մի՛ ամաչիր քո արցունքներից։ Ի դեպ, Աստվածաշնչում էլ կան արձանագրված դեպքեր, երբ մարդիկ արտասվել են։ Օրինակ՝ Աբրահամը։ Նա առանձնահատուկ հավատ ուներ և արժանացել էր Աստծու ընկերը կոչվելու պատվին։ Սակայն երբ մահացավ նրա կինը, նա «եկաւ որ Սարրայի համար սուգ անէ եւ ողբայ» (Ծննդոց 23։2)։

Ինչ խոսք, բնական է, որ ցանկանում ես երբեմն մենակ մնալ, սակայն մի՛ մեկուսացիր։ Առակաց 18։1 համարը զգուշացնում է. «Ինքնահաճոյ [«մեկուսացող», ՆԱ] մարդը ցանկութիւն է որոնում»։ Հակառակը՝ օգնություն խնդրիր քո հարազատներից ու ընկերներից, որոնք կարեկից են։ Քեզ կարող է աջակցել նաև քրիստոնեական ժողովը, որտեղ հոգևոր հասուն տղամարդիկ անհրաժեշտության դեպքում կօգնեն ու խորհուրդ կտան քեզ (Եսայիա 32։1, 2)։

Ոմանք ասում են, որ թեթևություն են զգում, երբ պատասխանում են ցավակցական նամակներին ու բացիկներին։ Սա լավ առիթ է, որ գրես այն ջերմ հուշերի մասին, որոնք կապված են կողակցիդ հետ։ Գուցե ցանկանաս հուշագիրք պահել և դրա մեջ դնել ձեր նկարները, նամակները և գրառումները. դա նույնպես կարող է օգնել հաղթահարելու վիշտը։

Ճիշտ է, եթե կողակիցդ վերջերս է կյանքից հեռացել, հավանաբար դու շփոթված ես, այդուհանդերձ շարունակիր անել այն, ինչ անում էիր սովորաբար։ Օրինակ՝ եթե պառկելու, վեր կենալու, ճաշելու կամ էլ տնային որոշ գործեր անելու կոնկրետ ժամ ունեիր, փորձիր շարունակել ապրել այդ նույն գրաֆիկով։ Նախապես ծրագրիր, թե ինչ ես անելու հանգստյան օրերին և քեզ համար հատուկ օրերին, ինչպես օրինակ՝ ամուսնության օրն է, քանի որ այդ ժամանակ միայնության զգացումը ավելի ճնշող է լինում։ Հատկապես կարևոր է շարունակ զբաղված մնալ հոգևոր գործունեությամբ (1 Կորնթացիներ 15։58)։

Ուշ թե շուտ՝ մի օր պետք է որոշես, թե ինչ ես անելու կողակցիդ իրերը։ Հնարավոր է՝ մեծ ցավ զգաս, երբ նորից ձեռքդ վերցնես այդ իրերը, հատկապես եթե երկար տարիների ամուսիններ եք եղել։ Այդ օրը հետաձգելը վշտիդ թեթևացում չի բերի (Սաղմոս 6։6)։ Գուցե նախընտրես մենակ զբաղվել այդ հարցով կամ ցանկանաս, որ մտերիմներից մեկը օգնի քեզ։ Քո վիշտը կթեթևանա, երբ ընթացքում հիշողություններիդ մասին պատմես նրան։ Գուցե խնդրես, որ ընկերներիցդ կամ բարեկամներիցդ մեկը զբաղվի փաստաթղթերի հարցերով, օրինակ՝ ստանա մահվան վկայականը, գնա թաղման բյուրո, հոգ տանի սեփականության անվանափոխության, մահվան նպաստ ստանալու մասին, կատարի բժշկական վճարումները։

Էմոցիոնալ մեծ սթրեսի հետևանքով մարդու միտքը մթագնում է, և նա հաճախ սխալ որոշումներ է կայացնում։ Իսկ վատ մղումներ ունեցող մարդիկ անգամ կարող են օգտվել այն հանգամանքից, որ դու վատ վիճակում ես։ Ուստի լավ կլինի, որ խուսափես հապճեպ որոշումներ կայացնելուց, հատկապես եթե պիտի լուրջ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնես, օրինակ՝ տան վաճառքի, մեծ ներդրում անելու, տեղափոխվելու կամ վերամուսնանալու։ Մի իմաստուն առակ ասում է. «Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են. բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում» (Առակաց 21։5)։ Այսպիսի լուրջ որոշումները պետք է հետաձգել, մինչև որ էմոցիոնալ վիճակդ կայունանա։

Սակայն կա նաև մեկ ուրիշ վտանգ։ Քանի որ ապրում ենք անբարոյությամբ լի աշխարհում, և դու հիմա մենակ ես, պարկեշտ կյանք վարելու քո ջանքերը կարող են փորձության ենթարկվել։ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը ժամանակահարմար են նաև այսօր. «Ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է իր սեփական անոթը տիրապետի սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով, ինչպիսին որ ունեն այն ազգերը, որոնք չեն ճանաչում Աստծուն» (1 Թեսաղոնիկեցիներ 4։4, 5)։ Ուստի խելամիտ կլինի չդիտել այնպիսի ֆիլմեր, չկարդալ այնպիսի գրքեր և չլսել այնպիսի երաժշտություն, որոնք ռոմանտիկ հարաբերությունների կամ սեքսի մասին են։

Ամեն դեպքում, հասկանալի է, որ այրիացած անհատին ժամանակ է հարկավոր բնականոն կյանքին վերադառնալու համար։ Միացյալ Նահանգներում լույս տեսնող մի պարբերագրում նշվում էր, որ Միչիգանի հասարակական հետազոտությունների ինստիտուտը տեղեկացնում է, որ առնվազն մեկուկես տարի է անհրաժեշտ, որպեսզի այրի դարձած անհատի ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը սկսի բարելավվել։ Հետևաբար պիտի տոկաս։ Աղոթիր Աստծուն, և սուրբ ոգին կօգնի քեզ, որ տոկաս (Գաղատացիներ 5։22, 23)։ Գուցե դժվար է հիմա համակերպվել, սակայն ամեն անցնող օր քո վշտից մի փոքրիկ մասնիկ կտանի իր հետ։

Մարդիկ, որոնք հաղթահարել են ծանր կորստի ցավը

Աննան, որն իր ամուսնու՝ Դարիլի հետ ապրեց 40 տարի, վերջերս կորցրեց նրան։ Այդ վիշտը Աննային անասելի ցավ պատճառեց։ Նա հիշում է. «Մայրս մահացավ, երբ 13 տարեկան էի, հետո մահացան հայրս ու երկու մեծ եղբայրներս, կորցրի նաև քրոջս, սակայն, անկեղծ ասած, այս կորուստներից ոչ մեկն ինձ այնքան մեծ ցավ չպատճառեց, որքան ամուսնուս մահը։ Ես կոտրվել էի, ցավն անտանելի էր»։ Ի՞նչն օգնեց նրան դիմանալու։ «Ես մի հաստ հուշագիրք կազմեցի այն նամակներով և բացիկներով, որոնց մեջ մարդիկ արտահայտել էին իրենց սերն ու գնահատանքը Դարիլի հիանալի հատկությունների համար։ Դրանցից յուրաքանչյուրի մեջ նրանք գեղեցիկ խոսքերով բնութագրել էին ամուսնուս։ Վստահ եմ, որ Եհովան նույնպես հիշում է Դարիլին և կյանքի կբերի նրան հարության ժամանակ»։

88–ամյա էսթերը պատմում է, թե ինչն է օգնել իրեն. «46 տարի կյանքի ընկեր ունենալուց հետո ինձ համար շատ դժվար է մենակ լինել։ Բայց հոգևոր գործունեությամբ զբաղված լինելն ինձ շատ է օգնել։ Ես միշտ հաճախում եմ քրիստոնեական հանդիպումներին, ուրիշներին բարի լուրն եմ հայտնում և կարդում եմ Աստվածաշունչը։ Նաև չեմ մեկուսացել մարդկանցից, շարունակում եմ շփվել ընկերներիս հետ, որոնք սիրով լսում են ինձ։ Նրանք մխիթարելու համար երբեմն խոսքեր չեն գտնում, բայց ես անչափ շնորհակալ եմ նրանց, որ ժամանակ են տրամադրում ինձ»։

Ռոբերտը, որի կինը ամուսնությունից 48 տարի անց մահացավ քաղցկեղից, պատմում է. «Անչափ դժվար է, երբ կորցնում ես կողակցիդ, նրան, ում պատմում էիր, թե ինչպես է անցել օրդ, ում հետ որոշումներ էիր կայացնում, ում հետ անցկացնում էիր քո արձակուրդը կամ ճամփորդում էիր։ Ասես պայքարի մեջ լինեի, բայց վճռեցի չհանձնվել և շարունակել ապրել։ Նորից սկսեցի ակտիվ կյանք վարել և միտքս զբաղված պահել։ Աղոթքը նույնպես շատ օգնեց ինձ»։

Իմաստալից կյանք՝ չնայած վշտին

Թեև սիրելի կողակցի մահը ամենամեծ ողբերգությունն է, որ կարող է պատահել մարդու հետ, սակայն դու պիտի շարունակես ապրել։ Փորձիր դրական տրամադրվածություն պահպանել. գուցե հիմա կարող ես շատ ժամանակ տրամադրել այնպիսի զբաղմունքների, որոնց համար քիչ ժամանակ ունեիր առաջ։ Դա կօգնի քեզ լցնելու այն դատարկությունը, որ զգում ես։ Ոմանք սկսում են ավելի շատ մասնակցել քարոզչական գործին։ Ուրիշներին օգնելով՝ դու ուրախություն և բավարարվածություն կզգաս, քանի որ Հիսուսն ասել է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։

Մի՛ մտածիր, թե այլևս երբեք չես կարող երջանիկ լինել։ Վստահ եղիր, որ Եհովան հոգ կտանի քո մասին, եթե դիմես նրան։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «[Եհովան] նեցուկ է կանգնում.... այրուն» (Սաղմոս 146։9, ՆԱ)։ Մխիթարական է իմանալ, որ Աստվածաշունչը Եհովային միայն չի նկարագրում որպես «ջերմ կարեկցանքի Հայր և ամենայն մխիթարության Աստված»։ Սաղմոսերգուն, Եհովային դիմելով, ասում է. «Դու բաց ես անում քո ձեռքը, եւ կշտացնում ես ամեն կենդանին հաճութիւնով» (2 Կորնթացիներ 1։3; Սաղմոս 145։16)։ Կասկած չկա, որ սիրառատ Եհովա Աստված կարող է, ցանկանում է և պատրաստ է ձեռք մեկնելու նրանց, ովքեր դիմում են նրան օգնության համար։ Թող որ քո սիրտն էլ ջերմանա այն խոսքերից, որ երգում էին իսրայելացիները անցյալում. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դէպի սարերը. ո՞րտեղից կ’գայ իմ օգնութիւնը։ Իմ օգնութիւնը Տէրիցն է, որ երկինքն ու երկիրս արաւ» (Սաղմոս 121։1, 2)։

[Նկար 19–րդ էջի վրա]

Միլիոնավոր մարդիկ են զգացել այն ցավն ու միայնությունը, որ պատճառում է կողակցի մահը։ Գուցե դու էլ նրանցից մեկն ես։

[Շրջանակ 21–րդ էջի վրա]

Վերամուսնություն

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մահը վերջ է դնում ամուսնական կապին, և այրիացած կողակիցը կարող է նորից ամուսնանալ (1 Կորնթացիներ 7։39)։ Վերամուսնանալու որոշումը անձնական հարց է։ Սակայն կարևոր է, որ երեխաները տեղյակ լինեն իրենց ծնողի կայացրած որոշմանը և աջակցեն նրան (Փիլիպպեցիներ 2։4)։ Օրինակ՝ երբ Անդրեասի հայրը որոշեց վերամուսնանալ, նա սկզբում դեմ էր այդ որոշմանը, քանի որ շատ էր սիրում մորը և չէր ուզում, որ ուրիշ կին զբաղեցնի նրա տեղը։ Սակայն Անդրեասն ասում է. «Շատ չանցած՝ հասկացա, որ հայրս ճիշտ որոշում է կայացրել։ Ամուսնությունից հետո նա վերագտավ իր ուրախությունը։ Հայրս նորից սկսեց անել այնպիսի բաներ, որոնք չէր անում, օրինակ՝ սկսեց ճամփորդել։ Ես շնորհակալ եմ նրա կնոջը, որ հոգ է տանում հորս ֆիզիկական և էմոցիոնալ կարիքների մասին»։

[Նկարներ 20–րդ և 21–րդ էջերի վրա]

Զբաղված մնալով և Եհովայից տոկունություն խնդրելով՝ կկարողանաս հաղթահարել ծանր կորստի ցավը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը