Գիտեի՞ք արդյոք
Բացի Աստվածաշնչից, ուրիշ ի՞նչ ապացույցներ կան, որ Հիսուսը իրական անձնավորություն է եղել
▪ Բազմաթիվ աշխարհիկ գրողներ, ովքեր ապրել են Հիսուսի ժամանակաշրջանում, իրենց աշխատություններում կոնկրետ հիշատակել են նրա մասին։ Այդ մարդկանցից է Կոռնելիոս Տակիտոսը, որը արձանագրել է Հռոմի կայսրերի պատմությունը։ Նա նշում է, որ որոշ կարծիքների համաձայն՝ մ.թ. 64–ին Հռոմը հրդեհելու մեջ Ներոն կայսրն է մեղավոր։ Վերջինս ուզում էր մեղադրել մի խումբ մարդկանց, որոնց հասարակությունը կոչում էր քրիստոնյաներ։ Իր՝ «Տարեգրություններ» աշխատության մեջ պատմաբանը գրում է. «Քրիստուսը, որի անունը նրանք կրում էին, ամենախիստ պատժին արժանացավ Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով» (Annals, XV, 44)։
Հրեա պատմաբան Փլավիոս Հովսեպոսը նույնպես գրել է Հիսուսի մասին։ Նա խոսել է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հրեաստանի հռոմեացի կառավարիչ Ֆեստոսի մահվան և նրա հաջորդի՝ Ալբինուսի ժամանակաշրջանում։ Հովսեպոսը նշում է, որ քահանայապետ Անանուսը (Աննա) «Սինեդրիոնի դատավորներին ժողով հրավիրեց և նրանց առաջ կանգնեցրեց Հակոբոս անունով մի մարդու, որը Քրիստոս կոչվող Հիսուսի եղբայրն էր, և ուրիշներին» (Jewish Antiquities, XX, 200 (ix, 1))։
Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում Քրիստոս
▪ Ավետարաններում նշվում է, որ Աստծու կողմից Գաբրիել հրեշտակը ուղարկվեց Մարիամի մոտ ու ասաց նրան, որ վերջինս շուտով հղիանալու է, մի որդի է ծնելու և նրա անունը Հիսուս է դնելու (Ղուկաս 1։31)։ Աստվածաշնչային ժամանակներում այս անունը շատ տարածված է եղել հրեաների մեջ։ Հրեա պատմաբան Հովսեպոսը հիշատակել է 12 մարդկանց, ովքեր նույնպես կրել են այս անունը, սակայն Սուրբ գրքում նրանց մասին չի նշվում։ Մարիամի որդուն անվանում էին «նազովրեցի», քանի որ Նազարեթից էր (Մարկոս 10։47)։ Հիսուսը կոչվել է նաև «Քրիստոս» (Մատթեոս 16։16)։ Ի՞նչ է այդ անունը նշանակում։
«Քրիստոս» բառը ծագում է եբրայերեն «մաշի՛ակ» (Մեսիա) և հունարեն «կրիստո՛ս» բառերից։ Այս երկու բառերն էլ նշանակում են «Օծյալ»։ Բացի Հիսուսից, ուրիշներն էլ են կոչվել «քրիստոս»։ Օրինակ՝ Մովսեսը, Ահարոնը և Դավիթ թագավորը օծյալ են համարվել այն իմաստով, որ Աստծու կողմից նշանակվել են մեծ դիրքի (Ղեւտացոց 4։3; 8։12; Բ Թագաւորաց 22։51; Եբրայեցիներ 11։24–26)։ Հիսուսը՝ նախագուշակված Մեսիան, Եհովայի ամենաակնառու ներկայացուցիչն էր։ Հետևաբար տեղին էր, որ նա կոչվի «Քրիստոս՝ կենդանի Աստծու Որդի» (Մատթեոս 16։16; Դանիէլ 9։25)։
[Նկար 15–րդ էջի վրա]
Փլավիոս հովսեպոսի դիմանկարը