Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 4
Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Քրիստոսը պետք է տառապեր ու մահանար
Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։
ԵՐԲ մոտ 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, գիտեր, որ մահանալու է դաժան մահով և իր թշնամիների ձեռքով։ Որտեղի՞ց։ Նա ամբողջությամբ գիտեր Եբրայերեն Գրություններում, կամ՝ Հին Կտակարանում իր մասին գրված բոլոր մարգարեությունները։ Կանխագուշակված այդ մարգարեություններից շատերը Եսայիա մարգարեն գրի էր առել Հիսուսի ծննդից ավելի քան 700 տարի առաջ։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ Եսայիայի խոսքերը գրի են առնվել դեպքերի կատարումից առաջ։
1947թ.-ին Հորդանանի արևմտյան ափին իր հոտը հովվող մի բեդվին Կումրանի քարանձավում՝ Մեռյալ ծովի հյուսիսարևմտյան կողմում, ձեռագրեր գտավ։ Այդ, ինչպես նաև մյուս ձեռագրերը, որոնք հայտնաբերվեցին մոտակայքում, հետագայում հայտնի դարձան որպես Մեռյալ ծովի ձեռագրեր։ Դրանք պարունակում էին ամբողջ «Եսայիա» գրքի օրինակըa։ Այդ օրինակը թվագրվում էր մոտ երկրորդ դարով Հիսուսի ծնունդից առաջ։ Հետևաբար այն, ինչ Եսայիան գրել էր, իրոք որ մարգարեություն էր։ Իսկ ի՞նչ էր նա կանխագուշակել Մեսիայի, կամ՝ Քրիստոսի տառապանքների մասինb։ Քննենք Եսայիայի մարգարեություններից երկուսը։
Կանխագուշակվել էր Քրիստոսի տառապանքների մասին
Մարգարեություն 1. «Թիկունքս տվեցի հարվածողներին» (Եսայիա 50։6)c։
Կատարում. Մ.թ. 33թ.-ին Հիսուսի թշնամիները նրան տարան հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի առաջ։ Հասկանալով, որ Հիսուսը անմեղ է՝ վերջինս փորձեց ազատել նրան։ Սակայն հրեաները անգթորեն պահանջեցին, որ Հիսուսին մահվան դատապարտի, ուստի Պիղատոսը «տեղի տվեց և վճիռ կայացրեց, որ նրանց պահանջը կատարվի» (Ղուկաս 23։13–24)։ Բայց նախևառաջ «Պիղատոսը հրամայեց, որ Հիսուսին խարազանեն», կամ՝ դաժանորեն մտրակեն (Հովհաննես 19։1)։ Ինչպես կանխագուշակել էր Եսայիան, Հիսուսը չհակառակվեց, այլ «իր թիկունքը տվեց հարվածողներին»։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Պատմությունը հաստատում է, որ հռոմեացիները սովորաբար նախքան իրենց զոհերին մահվան մատնելը խարազանում էին նրանց։ Մի աշխատության համաձայն՝ «խարազանում էին մտրակով, որն ուներ մի քանի կաշեփոկեր, որոնց վրա ամրացված էին արճճե կամ երկաթե սուր կտորներ։ Հարվածում էին.... զոհի մեջքին.... մինչև որ միսը սկսում էր երևալ։ Երբեմն դրա հետևանքով անհատը մահանում էր»։ Հիսուսը, սակայն, այդ դեպքում կենդանի մնաց։
Կանխագուշակվել էր Քրիստոսի մահվան մասին
Մարգարեություն 2. «Իր հոգին մահվան մատնեց» (Եսայիա 53։12)d։ Որպես լրացուցիչ տեղեկություն՝ Սաղմոս 22։16-ում նշվում է. «Չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին» (Արարատ)։
Կատարում. «[Պիղատոսը] Հիսուսին մտրակել տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն»,— գրված է Մարկոս 15։15-ում։ Հիսուսի պարագայում այս դաժան պատժամիջոցը ներառում էր ձեռքերն ու ոտքերը ցցին գամելը (Հովհաննես 20։25; Ղուկաս 24։39)։ Մի քանի ժամ հետո «Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու շունչը տվեց» (Մարկոս 15։37)։
Ինչ է պատմությունը բացահայտում
● Թեև Հիսուսի մահվան վերաբերյալ պատմական աղբյուրներում շատ տեղեկություններ չկան, սակայն հռոմեացի պատմագիր Տակիտոսը (ծնվել է մ.թ. մոտ 55թ.-ին) գրել է, որ «Քրիստուսը, որից առաջացել է [քրիստոնյաներ] անունը, ամենախիստ պատժի արժանացավ Տիբերիոսի կառավարման ժամանակաշրջանում մեր կուսակալներից մեկի՝ Պոնտացի Պիղատոսի ձեռքով»e։ Տակիտոսի խոսքերը լիովին ներդաշնակ են Ավետարանների արձանագրությանը, որոնցում նույնպես նշվում են Տիբերիոս կայսեր, Պոնտացի Պիղատոսի և այլ պաշտոնյաների անունները (Ղուկաս 3։1; 23։1–33; Հովհաննես 19։1–24)։
Պատմությունը նաև հաստատում է, որ հռոմեացիները գամում էին ցցին ստրուկներին և նրանց, ում համարում էին անարգված հանցագործներ։ Երբեմն հռոմեացիները իրենց զոհերին կապում էին ցցին։ Երբեմն էլ մեխեր էին օգտագործում։ Մի աշխատության մեջ գրված է. «Մեխում էին ձեռներն ու ոտքերը, և անհատը տանջանքների մեջ կախված էր մնում՝ անտանելի ծարավ զգալով և անասելի ցավ քաշելով»։
Ինչպես արդեն նշվեց, Հիսուսը նախօրոք գիտեր, որ դաժան մահով է մահանալու։ Այդ պատճառով էլ, երբ վերջը մոտենում էր, այս քաջ անձնավորությունը կարող էր ասել իր հավատարիմ հետևորդներին. «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան, ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց, որպեսզի նրան ծաղրեն, խարազանեն ու ցցին գամեն» (Մատթեոս 20։18, 19)։ Իսկ ինչո՞ւ են ոմանք հարցնում, թե արդյոք Հիսուսը պետք է մահանար։ Այդ հարցի պատասխանը առնչվում է բոլորիս, քանի որ այդպիսով մենք ստանում ենք ամենալավ լուրը, որ երբևէ կարող էինք լսել։
«Ջախջախվեց մեր հանցանքների համար»
Լինելով անկատար մարդիկ՝ մենք հաճախ ենք սխալներ գործում։ Աստվածաշունչը դա անվանում է մեղք։ Մեղքը կարող ենք նմանեցնել շարժիչի մեջ ընկած փոքրիկ քարի։ Ժամանակի ընթացքում այդ քարի պատճառով շարժիչը կվնասվի և չի աշխատի։ Նմանապես, մեղքի պատճառով մենք հիվանդանում ենք, ծերանում և մահանում։ «Մեղքի տված վարձը մահն է»,— գրված է Հռոմեացիներ 6։23-ում։ Սակայն Քրիստոսի մահը հնարավոր դարձրեց, որ մենք ազատվենք այս ողբալի վիճակից։ Ինչպե՞ս։ Մեկ ուրիշ մարգարեության մեջ Եսայիան Քրիստոսի վերաբերյալ գրեց, որ նա մահանալու էր «մեր անօրենությունների համար», կամ՝ «ջախջախվելու էր մեր հանցանքների համար», և որ «նրա վերքերի շնորհիվ բուժվեցինք»f (Եսայիա 53։5)։
Եսայիայի մարգարեությունը մեզ հիշեցնում է Հովհաննես 3։16-ում գրված Հիսուսի խոսքերը. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Իսկ ինչպե՞ս կարող ես հավատ զարգացնել Հիսուսի հանդեպ. նրա մասին գիտելիքներ ձեռք բերելով։ Իր աղոթքում Հիսուսը ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Այդ թանկագին գիտելիքները գտնվում են Աստվածաշնչում (2 Տիմոթեոս 3։16)։
Պարզ է, թե ինչու է Հիսուսը ուզում, որ հնարավորինս շատ մարդիկ ունենան հավիտենական կյանքի հեռանկար։ Իր մահից առաջ նա կանխագուշակեց. «Թագավորության [Աստծու կառավարությունը, որը կկիրառի Քրիստոսի զոհի օգուտները] այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։ Ինչպես կտեսնենք հոդվածաշարի հաջորդ երկու հոդվածներում, այս մարգարեությունը նույնպես ամենայն ճշգրտությամբ է կատարվում։
[ծանոթագրություններ]
a «Եսայիա» գրքի ձեռագիրը միակ ամբողջականն է։ Մնացածը պատառիկ ձեռագրեր են։
b Մեսիայի վերաբերյալ լրացուցիչ աստվածաշնչյան մարգարեություններին ծանոթանալու համար տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2012թ. հուլիսի համարը։
c Համատեքստը ցույց է տալիս, որ այս մարգարեության մեջ օգտագործված բայի առաջին դեմքի եզակի թիվը վերաբերում է Քրիստոսին։ Օրինակ՝ 8-րդ համարում գրված է. «Ինձ [Հիսուս Քրիստոսին] արդար հայտարարողը [Աստված] մոտ է»։ Երկրի վրա եղած ժամանակ միայն Հիսուսն էր արդար, կամ՝ առանց մեղքի Աստծու աչքում (Հռոմեացիներ 3։23; 1 Պետրոս 2։21, 22)։
d Եսայիա 52։13–53։12 համարները Մեսիայի վերաբերյալ շատ մանրամասներ են պարունակում։ Օրինակ՝ Եսայիա 53։7 համարում նշվում է. «Նրան մորթելու տարան, ինչպես ոչխարի.... նա չբացեց իր բերանը»։ Իսկ 10-րդ համարում գրված է, որ նա իր հոգին «հանցանքի ընծա» դարձրեց։
e Ուրիշ հին պատմագիրներ նույնպես նշել են Քրիստոսի մասին։ Օրինակ՝ հռոմեացի պատմիչ Սվետոնիոսը (առաջին դար), Բութանիայի կառավարիչ Պլինիոս Կրտսերը (երկրորդ դարի սկիզբ) և հրեա պատմագիր Հովսեպոսը (առաջին դար), որը խոսել է «Հակոբոսի՝ Քրիստոս կոչված Հիսուսի եղբոր մասին»։
f Հիսուսը «ոչ մի մեղք չգործեց», ուստի նա արժանի չէր մահվան (1 Պետրոս 2։22)։ Սակայն նա իր կյանքը տվեց հանուն մեզ՝ այդպիսով վճարելով մեր մեղքերի համար և ազատելով մեզ մահվան ճիրաններից։ Այդ պատճառով Հիսուսի մահը համարվեց «փրկանք» (Մատթեոս 20։28)։ Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որը առկա է www.pr418.com վեբ կայքում։
[շրջանակ/նկար 20-րդ էջի վրա]
ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՀԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՀԸ ՆԱԽԱՇՈՂ ՈՒՆԵՐ
Իսրայել ազգին տրված Աստծու Օրենքը մի շարք կանոններ էր պարունակում, որոնք նախաշողն էին այն բանի, ինչ Մեսիան անելու էր։ Օրինակ՝ երբ իսրայելացին մեղք էր գործում, կամ՝ չէր հնազանդվում Աստծուն, պետք է առողջ կենդանի զոհաբերեր (Ղևտական 17։11; 22։21)։ Սակայն կարո՞ղ էին արդյոք կենդանական զոհերը ամբողջովին քավել մեղքը։ Ո՛չ (Եբրայեցիներ 10։4)։ Դրանք նախաշողն էին այն զոհի, որը ծածկելու էր մեղքը՝ զոհաբերությունը «Աստծու Գառան, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհաննես 1։29; Եբրայեցիներ 10։1, 5–10)։ Բոլոր նրանք, ովքեր հավատ կդրսևորեն Գառան՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, հավիտենական կյանքի թանկագին հույս կունենան (Հովհաննես 6։40)։