Աբրահամ. խոնարհ մարդ
Աբրահամը նստած է իր վրանում։ Դրսում շատ շոգ է. արևը պարզապես խանձում է։ Աբրահամի հայացքն ուղղված է հորիզոնի կողմը։ Հեռվում նկատում է երեք մարդուa։ Առանց երկար-բարակ մտածելու՝ նա վազում է նրանց ընդառաջ։՝ Աբրահամն այդ մարդկանց հրավիրում է իր մոտ մի քիչ հանգստանալու և մի բան ուտելու։ Նա առաջարկում է «մի կտոր հաց», բայց հետո հյուրասիրում է թարմ թխված հաց, կարագ, կաթ և ընտիր, փափուկ միս։ Այս ամենն անելով՝ Աբրահամը ցույց է տալիս ոչ միայն արտակարգ հյուրասիրություն, այլև, ինչպես կտեսնենք, իսկական խոնարհություն (Ծննդոց 18։1–8)։
Ի՞ՆՉ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ։ Խոնարհությունը հպարտությանը և ամբարտավանությանը հակառակ հատկություն է։ Խոնարհ մարդը ընդունում է, որ ամեն մարդ այս կամ այն հարցում գերազանցում է իրեն (Փիլիպպեցիներ 2։3)։ Նա լուրջ է վերաբերվում ուրիշների առաջարկներին, պատրաստ է կատարելու աչքի չընկնող գործեր նրանց համար։
ԻՆՉՊԵ՞Ս ԱԲՐԱՀԱՄԸ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑ։ Աբրահամը ուրախ էր ծառայելու ուրիշներին։ Ինչպես նշվեց վերևում, նա երեք եկվորներին տեսնելուն պես քայլեր ձեռնարկեց նրանց կարիքները բավարարելու համար։ Նրա կինը՝ Սառան, արագորեն սկսեց ուտելիք պատրաստել։ Բայց նկատենք, թե ով էր գործի մեծ մասն անում. Աբրահամը վազեց եկվորներին ընդառաջ, Աբրահամը նրանց ուտելու բան առաջարկեց, Աբրահամը վազեց նախրի կողմը, անասուն ընտրեց, որ մորթեն, Աբրահամը բոլոր կերակուրները դրեց եկվորների առաջ։ Նա ինքն արեց գրեթե բոլոր այն գործերը, որ սովորաբար ծառաները պետք է անեին։ Նա իր պատվից ցածր չհամարեց ուրիշներին ծառայելը։
Աբրահամը լուրջ էր վերաբերվում իր իշխանության տակ եղողների առաջարկներին։ Աստվածաշունչը սուղ տեղեկություններ է պարունակում նրա ու Սառայի միջև տեղի ունեցած խոսակցությունների մասին։ Բայց երկու անգամ արձանագրված է, որ Աբրահամը լսեց իր կնոջ առաջարկը և վարվեց նրա խնդրանքի համաձայն (Ծննդոց 16։2; 21։8–14)։ Այդ դեպքերից մեկում Սառայի առաջարկը սկզբում «Աբրահամին հաճելի չէր»։ Բայց երբ Եհովան Աբրահամի հետ խոսեց՝ ասելով, որ կնոջ առաջարկը լավն է, Աբրահամը խոնարհաբար հնազանդվեց և Սառայի ասածը արեց։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։ Եթե իսկապես խոնարհ ենք, ապա ուրախ կլինենք ծառայելու ուրիշներին։ Մենք ուրախությամբ կանենք մեր ուժերից եկածը՝ նրանց կյանքը ավելի հաճելի դարձնելու համար։
Այն, թե ինչպես ենք արձագանքում ուրիշների կարծիքներին, նույնպես ցույց է տալիս՝ խոնարհ ենք, թե ոչ։ Գուցե դիմացինի տեսակետը մերժենք զուտ այն պատճառով, որ ինքներս այդպես չենք մտածում։ Բայց մենք իմաստնորեն վարված կլինենք, եթե ուրիշներին ցույց տանք, որ հաճույքով կլսենք նրանց առաջարկները (Առակներ 15։22)։ Այսպիսի տրամադրվածություն ունենալը կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր իշխանություն ունեն։ Ջոն անունով մի փորձառու ղեկավար ասում է. «Ես հասկացել եմ, որ լավ ղեկավարը ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդիկ կարողանում են անկաշկանդ արտահայտվել»։ Հետո ավելացնում է. «Խոնարհություն է պահանջվում ընդունելու համար, որ քո ղեկավարությամբ աշխատողներից որևէ մեկը կարող է գործը քեզնից ավելի լավ անել։ Ոչ ոք, այդ թվում նաև ղեկավարը չի կարող լինել միակ անձնավորությունը, ով լավ գաղափարներ է առաջ քաշում»։
Երբ Աբրահամի պես լուրջ ենք վերաբերվում ուրիշների առաջարկներին և աչքի չընկնող գործեր ենք անում նրանց համար, մենք ձեռք ենք բերում Եհովայի հավանությունը։ Միշտ հիշենք, որ «Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (1 Պետրոս 5։5)։
[ծանոթագրություն]
a Այդ եկվորները Աստծու կողմից ուղարկված հրեշտակներ էին, ինչը Աբրահամը սկզբում, հավանաբար, գլխի չընկավ (Եբրայեցիներ 13։2)։