Կենսագրություն
Մտերմություն տարիքով մեծ իմաստուն անհատների հետ
Պատմում է Էլվա Ջերդին
Մոտ 70 տարի առաջ մեզ այցելած մի մարդ հորս այնպիսի բան առաջարկեց, որը լիովին փոխեց կյանքս։ Այդ նշանակալից օրվանից ի վեր այլ անհատներ ևս կարևոր դեր ունեցան իմ կյանքում։ Ժամանակի ընթացքում մտերմացա մի անձնավորության հետ, և այդ ընկերությունն ամենաթանկ բանը դարձավ ինձ համար։ Թույլ տվեք պատմել։
ԾՆՎԵԼ եմ 1932թ.-ին Սիդնեյում (Ավստրալիա)։ Ծնողներս հավատում էին Աստծուն, բայց չէին հաճախում եկեղեցի։ Մայրս սովորեցնում էր, որ Աստված միշտ ինձ հետևում է և կպատժի, եթե չարություն անեմ։ Այդ պատճառով սկսեցի վախենալ Աստծուց։ Սակայն ինձ հետաքրքիր էր Աստվածաշունչը։ Երբ մորաքույրս հանգստյան օրերին այցելում էր մեզ, բազմաթիվ հետաքրքիր աստվածաշնչյան պատմություններ էր պատմում ինձ։ Միշտ անհամբերությամբ էի սպասում նրա այցելություններին։
Երբ դեռահաս էի, մայրս Եհովայի վկա մի տարեց կնոջից որոշ գրքեր վերցրեց։ Հայրս, այդ գրքերն ընթերցելով, այնքան տպավորվեց, որ համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների օգնությամբ։ Մի երեկո՝ ուսումնասիրության ժամանակ, նա ինձ բռնացրեց թաքուն ականջ դնելիս։ Սակայն երբ պատրաստվում էր ինձ քնելու ուղարկել, նրա հետ ուսումնասիրողն ասաց. «Ինչո՞ւ թույլ չես տալիս, որ Էլվան էլ մեզ հետ նստի»։ Այդ առաջարկը լիովին փոխեց կյանքս, և այդ օրվանից սկսվեց ճշմարիտ Աստծու՝ Եհովայի հետ իմ ընկերությունը։
Կարճ ժամանակ հետո ես ու հայրս սկսեցինք հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Այն, ինչ հայրս սովորում էր, մղում էր նրան փոփոխություններ անելու կյանքում։ Նա նույնիսկ սովորեց զսպել զայրույթը։ Այդ ամենը տեսնելով՝ մայրս ու մեծ եղբայրս՝ Ֆրանկըa, նույնպես սկսեցին հաճախել հանդիպումներին։ Չորսս էլ առաջադիմեցինք և ի վերջո մկրտվեցինք՝ դառնալով Եհովայի վկա։ Այդ ժամանակվանից ի վեր տարիքով մեծ շատ անհատներ են դրական ազդեցություն թողել ինձ վրա կյանքիս տարբեր շրջաններում։
ԵՐԲ ԿԱՆԳՆԱԾ ԷԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Ժողովում մտերմացա տարիքով մեծ մի քանի անհատների հետ։ Նրանցից մեկը Ալիս Փլեյսն էր՝ այն տարեց քույրը, որն առաջին անգամ քարոզել էր մեր ընտանիքին։ Նա ինձ համար կարծես հարազատ տատիկ լիներ։ Ալիսն ինձ սովորեցրեց քարոզել և քաջալերեց, որ մկրտության նպատակ դնեմ։ Տասնհինգ տարեկանում մկրտվեցի։
Մտերմացա նաև տարեց ամուսիններ Փերսի և Մեդջ Դանամների հետ։ Նրանց ընկերակցությունը մեծապես ազդեց իմ ապագա կյանքի վրա։ Բանն այն է, որ ես սիրում էի մաթեմատիկան և որոշել էի դասավանդել այդ առարկան։ Փերսին ու Մեդջը 1930-ականներին ծառայել էին Լատվիայում որպես միսիոներներ։ Երբ Եվրոպայում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նրանց հրավիրեցին ծառայելու Ավստրալիայի Բեթելում, որը գտնվում է Սիդնեյի մոտակա արվարձաններից մեկում։ Այդ ամուսիններն անկեղծորեն հետաքրքրված էին ինձանով։ Նրանք բազում հետաքրքիր դեպքեր էին պատմում իրենց միսիոներական ծառայությունից, ու ես հասկացա, որ Աստվածաշնչի մասին սովորեցնելը շատ ավելի մեծ բավականություն կարող է պատճառել, քան մաթեմատիկա դասավանդելը։ Ուստի որոշեցի ուսուցիչ դառնալու փոխարեն՝ միսիոներ դառնալ։
Դանամները հորդորեցին, որ միսիոներական ծառայությանը նախապատրաստվելու համար ռահվիրայություն սկսեմ։ Հետևաբար, 1948թ.-ին, երբ 16 տարեկան էի, դարձա ռահվիրա՝ միանալով այն տասը երիտասարդներին, որոնք ուրախությամբ լիաժամ էին ծառայում Հարսթվիլի (Սիդնեյ) մեր ժողովում։
Հաջորդ չորս տարիներին ռահվիրա ծառայեցի Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի չորս տարբեր քաղաքներում։ Առաջին անհատներից մեկը, ում հետ Աստվածաշունչ ուսումնասիրեցի, Բեթի Լոուն էր (այժմ՝ Ռեմնանթ), որը մի հոգատար անձնավորություն է։ Նա երկու տարով մեծ է ինձանից։ Ավելի ուշ Բեթին ինձ հետ միասին ռահվիրա ծառայեց Կաուրա քաղաքում, որը գտնվում է Սիդնեյից մոտ 230 կիլոմետր դեպի արևմուտք։ Չնայած այդ համագործակցությունը կարճ տևեց, մեր ընկերությունը շարունակվում է մինչ օրս։
Երբ հատուկ ռահվիրայի նշանակում ստացա, տեղափոխվեցի Նարանդերա քաղաք, որը գտնվում է Կաուրայից 220 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Իմ նոր համագործակիցը Ջոյ Լենոքսն էր (այժմ՝ Հանթեր)՝ մի եռանդուն ռահվիրա, որը նույնպես երկու տարով մեծ է ինձանից։ Մենք այդ քաղաքում միակ Վկաներն էինք։ Ապրում էինք մի հյուրասեր ամուսնական զույգի՝ Ռեյ և Էսթեր Այրոնների տանը։ Ամուսինները, նրանց որդին ու երեք դուստրերը հետաքրքրված էին ճշմարտությամբ։ Շաբաթվա ընթացքում Ռեյը որդու հետ աշխատում էր քաղաքից դուրս գտնվող մի ֆերմայում, որտեղ ոչխար էին բուծում և ցորեն մշակում։ Իսկ Էսթերն ու աղջիկները մի իջևանատան գործերն էին տնօրինում։ Ամեն կիրակի ես ու Ջոյը մեծ քանակությամբ տապակա էինք պատրաստում Այրոնների և մոտ մեկ տասնյակ կենվորների համար։ Վերջիններս երկաթուղու աշխատողներ էին և շատ քաղցած էին լինում։ Մեր կատարած այդ աշխատանքով փակում էինք վարձի մի մասը։ Ամեն ինչ մաքրելուց հետո Այրոններին համեղ հոգևոր կերակուր էինք մատուցում՝ նրանց հետ ուսումնասիրելով «Դիտարանի» այդ շաբաթվա թեման։ Ռեյը, Էսթերը և նրանց չորս երեխաները ընդունեցին ճշմարտությունը և դարձան «Նարանդերա» ժողովի առաջին անդամները։
1951թ.-ին մասնակցեցի Եհովայի վկաների՝ Սիդնեյում անցկացվող համաժողովին։ Այնտեղ ներկա եղա մի հատուկ հանդիպման, որը կազմակերպվել էր միսիոներական ծառայությամբ հետաքրքրվող ռահվիրաների համար։ Այն անցկացվում էր մի մեծ վրանում, և ներկաների թիվը 300-ից ավել էր։ Բրուքլինի Բեթելի անդամ Նաթան Նորը, դիմելով հավաքվածներին, հստակորեն բացատրեց, թե որքան հրատապ է բարի լուրը քարոզել աշխարհի ամեն անկյունում։ Մենք կլանված լսում էինք՝ բաց չթողնելով և ոչ մի բառ։ Ռահվիրաներից շատերը, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը, հետագայում սկիզբ դրեցին Թագավորության քարոզչության գործին Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում և այլ տարածքներում։ Անչափ ուրախ էի, որ այն 17 ավստրալիացիներից մեկն էի, ում հրավիրեցին սովորելու 1952թ.-ին անցկացվող «Գաղաադ» դպրոցի 19-րդ դասարանում։ Ընդամենը 20 տարեկան էի, բայց արդեն իրականանում էր միսիոներ ծառայելու իմ երազանքը։
ԵՐԲ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱՐ
«Գաղաադի» կրթությունն ու այնտեղ ունեցած իմ ընկերակցությունը ոչ միայն ավելացրին աստվածաշնչյան գիտելիքներս ու զորացրին հավատս, այլև խոր ազդեցություն թողեցին ինձ վրա։ Ես երիտասարդ էի ու անիրատես և հակված էի կատարելություն պահանջելու թե՛ ինձանից, թե՛ ուրիշներից։ Որոշ հարցերում չափազանց խստապահանջ էի։ Օրինակ՝ մի անգամ ցնցվեցի՝ տեսնելով, որ եղբայր Նորը և մի խումբ երիտասարդ բեթելցիներ գնդակով խաղում են։
«Գաղաադի» ուսուցիչները, որոնք տարիների փորձ ունեցող խորաթափանց մարդիկ էին, հավանաբար նկատել էին, որ դժվարություններ ունեմ։ Նրանք իմ հանդեպ հոգատարություն դրսևորեցին և օգնեցին, որ ուղղեմ մտածելակերպս։ Հետզհետե սկսեցի հասկանալ, որ Եհովան սիրառատ և գնահատող Աստված է, ոչ թե խիստ ու պահանջկոտ։ Իմ դասարանցիներից ոմանք նույնպես օգնեցին ինձ։ Հիշում եմ, թե ինչպես նրանցից մեկն ասաց. «Է՛լվա, Եհովան չի հսկում մեզ՝ մտրակը ձեռքին։ Այդքան խիստ մի՛ եղիր ինքդ քո հանդեպ»։ Նրա անկեղծ խոսքերը սրտիս հասան։
Դպրոցն ավարտելուց հետո ես ու մեր դասարանից չորս հոգի նշանակվեցինք ծառայելու Նամիբիայում (Աֆրիկա)։ Շուտով մենք արդեն 80 հոգու հետ աստվածաշնչյան ուսումնասիրություն էինք անցկացնում։ Ես իսկապես սիրեցի Նամիբիան և միսիոներական կյանքը, բայց նաև սիրահարվել էի «Գաղաադի» դասընկերներիցս մեկին, որը նշանակվել էր ծառայելու Շվեյցարիայում։ Ուստի Նամիբիայում մեկ տարի անցկացնելուց հետո գնացի նշանածիս մոտ։ Ամուսնությունից հետո միացա նրան շրջանային ծառայության մեջ։
ԵՐԲ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՑՆՑՈՒՄ ԱՊՐԵՑԻ
Շրջանային ծառայության մեջ հինգ հիանալի տարիներ անցկացնելուց հետո հրավեր ստացանք ծառայելու Շվեյցարիայի Բեթելում։ Անչափ ուրախ էի, որ այնտեղ՝ Բեթելի ընտանիքում, ինձ շրջապատում էին տարիքով մեծ բազմաթիվ հասուն եղբայրներ ու քույրեր։
Սակայն շատ չանցած՝ սարսափելի ցնցում ապրեցի։ Պարզվեց, որ ամուսինս դավաճանել է ինձ ու Եհովային։ Երբ նա հեռացավ իմ կյանքից, սիրտս կոտրված էր։ Չգիտեմ, թե ինչպես դուրս կգայի այդ վիճակից առանց այն սիրո ու աջակցության, որ ցուցաբերեցին Բեթելում ծառայող իմ թանկագին տարիքով մեծ ընկերները։ Երբ ուզում էի խոսել, նրանք լսում էին, երբ ուզում էի մենակ մնալ, մենակ էին թողնում, իսկ երբ անասելի ցավ էի զգում, նրանց մխիթարական խոսքերն ու բարի գործերը ուժ էին տալիս և օգնում ավելի մոտենալու Եհովային։
Նաև հիշում էի այն խոսքերը, որ տարիներ առաջ ասել էին տարբեր դժվարություններ կրած իմաստուն տարեցները։ Նրանցից մեկը Մեդջ Դանամն էր, որը մի անգամ ասաց. «Է՛լվա, Եհովային ծառայելու տարիներին շատ փորձությունների կբախվես, սակայն ամենածանր փորձությունները գուցե գան քեզ մտերիմ մարդկանցից։ Այդ դժվարությունների ժամանակ ավելի մտերմացիր Եհովայի հետ։ Հիշիր, որ նրան ես ծառայում, ոչ թե անկատար մարդկանց»։ Այս խորհուրդն օգնեց ինձ կյանքիս բազում մռայլ պահերին։ Եվ ես վճռեցի երբեք թույլ չտալ, որ կողակցիս սխալները բաժանեն ինձ Եհովայից։
Որոշ ժամանակ անց որոշեցի վերադառնալ Ավստրալիա ու ռահվիրա ծառայել այնտեղ, որ ավելի մոտ լինեմ ընտանիքիս։ Նավով տուն վերադառնալիս հաճելի աստվածաշնչյան զրույցներ ունեցա մի քանի ուղևորների հետ։ Նրանցից էր Առնե Ջերդին՝ հանգիստ բնավորության տեր մի նորվեգացի։ Նրան դուր եկավ այն, ինչ իմացավ Աստվածաշնչից։ Հետագայում նա եկավ Սիդնեյ՝ այցելելու ինձ և ընտանիքիս։ Նա հոգևորապես արագ առաջադիմեց ու մկրտվեց։ 1963թ.-ին մենք ամուսնացանք, իսկ երկու տարի անց ծնվեց մեր որդին՝ Գերին։
ԵՐԲ ԿՐԿԻՆ ԱՊՐԵՑԻ ԿՈՐՍՏԻ ՑԱՎԸ
Մեր ընտանիքն ապրում էր երջանիկ ու բավարարված կյանքով։ Որոշ ժամանակ անց Առնեն մեծացրեց մեր տունը, որպեսզի իմ տարեց ծնողները մեզ հետ ապրեն։ Սակայն վեց տարվա համատեղ կյանքից հետո մեկ այլ հարված ցնցեց ինձ։ Առնեի մոտ գլխուղեղի քաղցկեղ հայտնաբերվեց։ Ամեն օր խնամում էի նրան հիվանդանոցում, մինչ նա երկարատև ճառագայթային բուժում էր ընդունում։ Սկզբում ամուսինս լավ էր զգում, բայց հետո վիճակը վատացավ, ու նա կաթված ստացավ։ Ինձ ասացին, որ ընդամենը մի քանի շաբաթ կապրի։ Բայց Առնեն ավելի երկար ապրեց և ի վերջո տուն վերադարձավ, որտեղ ես շարունակեցի խնամել նրան։ Նրա առողջությունը գնալով լավացավ, իսկ որոշ ժամանակ անց արդեն կարողանում էր քայլել և կրկին ստանձնեց իր պարտականությունները որպես ժողովի երեց։ Ապաքինմանը նպաստեց նաև նրա դրական տրամադրվածությունն ու հումորի զգացումը, ինչի շնորհիվ ինձ համար ավելի հեշտ էր խնամել նրան։
Մի քանի տարի անց՝ 1986թ.-ին, Առնեի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ծնողներս արդեն մահացել էին, ուստի տեղափոխվեցինք Կապույտ լեռներ, որը Սիդնեյից դուրս գտնվող գեղատեսիլ մի վայր է։ Այնտեղ մենք ավելի մոտ էինք մեր ընկերներին։ Ավելի ուշ Գերին ամուսնացավ մի համակրելի հոգևորապես հասուն քրոջ՝ Քերընի հետ, և նրանք առաջարկեցին, որ չորսով մի տան մեջ ապրենք։ Մի քանի ամսից բոլորս տեղափոխվեցինք նոր տուն, որը գտնվում էր իմ ու Առնեի նախկին տնից ընդամենը մի քանի փողոց այն կողմ։
Իր կյանքի վերջին 18 ամիսների ընթացքում Առնեն գամված էր անկողնուն և մշտական խնամքի կարիք էր զգում։ Քանի որ այդ ժամանակ հիմնականում տանն էի մնում, ամեն օր երկու ժամ տրամադրում էի Աստվածաշնչի և մեր հրատարակությունների ուսումնասիրությանը։ Ես շատ իմաստուն խորհուրդներ գտա այն մասին, թե ինչպես հաղթահարեմ իմ դժվարությունները։ Մեզ նաև այցելում էին մեր ժողովի տարեցները, որոնցից մի քանիսը նմանատիպ խնդիրների միջով էին անցել։ Այդ այցելությունները քաջալերում էին ինձ։ 2003թ. ապրիլին Առնեն մահացավ՝ հարության անխախտ հույսն իր սրտում։
ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՋԱԿԻՑԸ
Երբ երիտասարդ էի, անիրատես էի և ուզում էի, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Բայց հասկացա, որ կյանքում ամեն բան հազվադեպ է լինում այնպես, ինչպես ակնկալում ենք։ Անհամար օրհնություններ եմ վայելել, բայց նաև երկու մեծ ողբերգություն եմ ապրել. մի կողակցիս կորցրել եմ նրա անհավատարմության պատճառով, մյուսին՝ հիվանդության։ Այդ ընթացքում տարբեր կերպերով եմ առաջնորդություն ու մխիթարություն ստացել։ Սակայն իմ ամենամեծ աջակիցը «Հինավուրցն» է՝ Եհովա Աստված (Դան. 7։9)։ Նրա խորհուրդներն են ձևավորել անձնավորությունս, և դրանց շնորհիվ բազում ուրախալի պահեր եմ ապրել միսիոներական ծառայության ընթացքում։ Երբ խնդիրները գլուխ էին բարձրացնում, Եհովայի «սիրառատ բարությունը.... նեցուկ էր լինում ինձ.... [և նրա] մխիթարությունները սկսում էին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։18, 19)։ Նաև վայելել եմ ընտանիքիս և «նեղ օրվա համար ծնված» իսկական ընկերներիս սերն ու աջակցությունը (Առակ. 17։17)։ Իմ լավ և իմաստուն ընկերներից շատերը տարիքով մեծ էին։
Հոբ նահապետը այսպիսի հարց տվեց. «Մի՞թե տարեցները իմաստություն չունեն, և մի՞թե երկար օրեր ապրածները հասկացողություն չունեն» (Հոբ 12։12)։ Հետ նայելով իմ կյանքին՝ կարող եմ ասել, որ նրանք ունեն և՛ իմաստություն, և՛ հասկացողություն։ Տարիքով մեծ իմաստուն անհատների խորհուրդներն օգնել են ինձ, նրանց մխիթարական խոսքերը սփոփել են հոգիս, իսկ նրանց հետ ընկերությունը հարստացրել է կյանքս։ Ուրախ եմ, որ նրանց պես ընկերներ եմ ունեցել։
Հիմա ինքս եմ տարեց՝ 80 տարեկան։ Կյանքում կրած դժվարություններն օգնել են ինձ ավելի ուշադիր լինելու տարեց մարդկանց կարիքներին։ Մինչև հիմա էլ սիրում եմ այցելել ու օգնել նրանց։ Բայցև հաճույքով շփվում եմ երիտասարդների հետ։ Նրանց եռանդը ոգևորիչ է, իսկ խանդավառությունը՝ վարակիչ։ Երբ զգում եմ, որ երիտասարդները ցանկանում են ինձանից խորհուրդ և աջակցություն ստանալ, հաճույքով օգնում եմ նրանց։
[ծանոթագրություն]
a Էլվայի եղբայրը՝ Ֆրանկ Լեմբերտը, դարձավ եռանդուն ռահվիրա և ծառայում էր ավստրալիական հեռավոր գավառներում։ Նրա հետաքրքիր քարոզչական ճամփորդություններից մեկի մասին գրված է «Եհովայի վկաների 1983թ. տարեգրքում», էջ 110–112 (անգլ.)։
[նկար 14-րդ էջի վրա]
Ջոյ Լենոքսի հետ Նարանդերայում ռահվիրա ծառայելիս
[նկար 15-րդ էջի վրա]
Էլվան Շվեյցարիայի Բեթելի ընտանիքի անդամների հետ (1960թ.)
[նկար 16-րդ էջի վրա]
Առնեին խնամելիս, երբ նա հիվանդ էր