Ծառայիր ազատություն տվող Աստծուն
«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 ՀՈՎՀ. 5։3)։
ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ինչպե՞ս է Սատանան փորձում այնպես անել, որ Աստծու օրենքները ծանրաբեռնող թվան։
Ինչո՞ւ պետք է ծայրաստիճան ուշադիր լինենք ընկերներ ընտրելու հարցում։
Ի՞նչը կօգնի մեզ հավատարիմ մնալու ազատություն տվող Աստծուն։
1. Ինչպե՞ս է Եհովան օգտագործում ազատությունը, և ինչպե՞ս նա ցույց տվեց դա Ադամի ու Եվայի պարագայում։
ԵՀՈՎԱՆ միակ Անձնավորությունն է, որը լիակատար ազատություն ունի։ Սակայն նա երբեք չի չարաշահում դա և չի վերահսկում իր ծառաների ամեն մի փոքր քայլը։ Ընդհակառակը՝ Եհովան ազատ կամք է տվել նրանց, ինչի շնորհիվ նրանք կարող են նախաձեռնություն վերցնել ու բավարարել իրենց բոլոր պատշաճ ցանկությունները։ Օրինակ՝ նա Ադամին ու Եվային միայն մեկ սահմանափակող պատվեր տվեց՝ արգելեց ուտել «բարին ու չարը գիտենալու ծառից» (Ծննդ. 2։17)։ Ինչպիսի՜ զարմանալի ազատություն էին նրանք վայելում՝ իրենց Արարչի կամքը կատարելով։
2. Ինչո՞ւ մեր նախածնողները կորցրին իրենց աստվածատուր ազատությունը։
2 Ինչո՞ւ Աստված մեր նախածնողներին այդքան շատ ազատություն տվեց։ Նա իր պատկերով էր ստեղծել նրանց ու տվել էր խիղճ։ Ուստի իրավացիորեն ակնկալում էր, որ նրանք, սիրելով իրեն որպես իրենց Արարչի, կանեին այն, ինչ ճիշտ է (Ծննդ. 1։27; Հռոմ. 2։15)։ Ցավոք, Ադամն ու Եվան չգնահատեցին իրենց հրաշալի Կենսատուին ու իրենց տրված ազատությունը։ Նրանք նախընտրեցին Սատանայի առաջարկած անօրեն ազատությունը՝ բարոյական անկախություն։ Սակայն մեր նախածնողները ավելի մեծ ազատություն չգտան. փոխարենը՝ թե՛ իրենց և թե՛ իրենց ապագա սերնդին վաճառեցին մեղքի ստրկության, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ (Հռոմ. 5։12)։
3, 4. Ինչպե՞ս է Սատանան փորձում խաբել մեզ Եհովայի չափանիշների հարցում։
3 Եթե Սատանան կարողացավ դրդել երկու կատարյալ մարդկանց, չհաշված բազմաթիվ ոգեղեն արարածների, մերժելու Աստծու գերիշխանությունը, կարող է նաև մեզ խաբել։ Նրա մարտավարությունը չի փոխվել։ Սատանան փորձում է մոլորեցնել մեզ, որ մտածենք, թե Աստծու չափանիշները ծանրաբեռնող են և մեզ զրկում են ուրախությունից ու հաճույքից (1 Հովհ. 5։3)։ Այդ մտածելակերպը կարող է զորեղ ազդեցություն ունենալ մեզ վրա, եթե անընդհատ ենթարկվենք դրա ազդեցությանը։ «Վատ ընկերակցությունները մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա հատկապես այն պատճառով, որ ես վախենում էի, որ իմ տեսակետը տարբերվի հասակակիցներիս տեսակետից»,— ասաց 24 տարեկան մի քույր, որը անբարոյություն էր գործել։ Թերևս դու էլ ես ենթարկվել նույն ճնշմանը։
4 Ցավոք, երբեմն քրիստոնեական ժողովում նույնպես հասակակիցները կարող են բացասական ազդեցություն գործել։ «Ես ճանաչում եմ որոշ երիտասարդների, ովքեր ժամադրվում էին ոչ Վկաների հետ,— ասում է մի Վկա երիտասարդ։— Ի վերջո, գիտակցեցի, որ ինչքան շատ եմ նրանց հետ ժամանակ անցկացնում, այնքան ավելի եմ նմանվում նրանց։ Իմ հոգևորը սկսեց վատանալ։ Ժողովի հանդիպումների ժամանակ այլևս հաճույք չէի ստանում հոգևոր կերակուրից ու հազվադեպ էի ծառայության գնում։ Դա նշան էր ինձ համար, որ պետք է վերջ դնեմ այդ ընկերությանը, ու այդպես էլ արեցի»։ Հասկանո՞ւմ ես, թե ընկերներդ ինչ զորեղ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա։ Նկատի առնենք մի ժամանակահարմար սուրբգրային օրինակ (Հռոմ. 15։4)։
ՆԱ ԳՈՂԱՑԱՎ ՆՐԱՆՑ ՍՐՏԵՐԸ
5, 6. Ինչպե՞ս Աբիսողոմը մոլորեցրեց մարդկանց, և արդյո՞ք նրա ծրագիրը հաջողվեց։
5 Աստվածաշունչը բազմաթիվ մարդկանց օրինակներ է պարունակում, ովքեր վատ ազդեցություն են ունեցել ուրիշների վրա։ Նրանցից մեկը Աբիսողոմն է՝ Դավիթ թագավորի որդին։ Աբիսողոմը առանձնահատուկ գեղեցիկ արտաքին ուներ։ Սակայն ժամանակի ընթացքում, Սատանայի նման, նա թույլ տվեց, որ փառասիրական ու ագահությամբ լի ցանկությունները լցնեն իր սիրտը, քանի որ սկսեց բաղձալ իր հոր գահին, ինչը ժառանգելու իրավունքը չուներa։ Նենգաբար փորձելով զավթել գահը՝ Աբիսողոմը ձևացրեց, թե խորապես մտահոգված է իր հայրենակիցների կարիքներով, ու խորամանկորեն զրպարտեց թագավորական արքունիքին, թե վերջինս չի հետաքրքրվում նրանցով։ Այո՛, ինչպես որ Եդեմի պարտեզում Բանսարկուն, այնպես էլ Աբիսողոմը ներկայացրեց իրեն որպես բարերար և միևնույն ժամանակ դաժանաբար չարախոսեց իր սեփական հորը (2 Սամ. 15։1–5)։
6 Արդյոք Աբիսողոմի խորամանկ ծրագիրը հաջողվե՞ց։ Որոշ չափով այո, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը» (2 Սամ. 15։6)։ Բայց, ի վերջո, նրա ամբարտավանությունը նրան կորստյան մատնեց։ Այն պատճառ եղավ թե՛ նրա և թե՛ նրա կողմից խաբված հազարավոր մարդկանց մահվան (2 Սամ. 18։7, 14–17)։
7. Ի՞նչ կարող ենք սովորել Աբիսողոմի մասին արձանագրությունից (տե՛ս 14-րդ էջի նկարը)։
7 Ինչո՞ւ իսրայելացիները այդքան հեշտությամբ խաբվեցին։ Գուցե նրանք ցանկանում էին ունենալ այն, ինչ խոստացավ իրենց Աբիսողոմը, կամ թերևս նրանց վրա ազդեցություն ունեցավ նրա արտաքինը։ Ինչ էլ որ եղած լինի պատճառը, կարող ենք վստահ լինել հետևյալում. նրանք հավատարիմ չեղան Եհովայի ու նրա օծյալ թագավորի հանդեպ։ Այսօր Սատանան շարունակում է «աբիսողոմներ» օգտագործել՝ փորձելով գողանալ Եհովայի ծառաների սրտերը։ Գուցե նրանք ասեն. «Եհովայի պահանջները չափազանց խիստ են։ Տես, բոլոր նրանք, ովքեր չեն ծառայում Եհովային, շատ ավելի ուրախ ու զվարթ են»։ Գիտակցո՞ւմ ես, որ դրանք ստոր ստեր են։ Հավատարիմ կմնա՞ս Աստծուն։ Հասկանո՞ւմ ես, որ միայն Եհովայի «կատարյալ օրենքը»՝ Քրիստոսի օրենքը, կարող է իրական ազատություն տալ քեզ (Հակ. 1։25)։ Եթե այո, ցույց տուր, որ թանկ ես համարում այդ օրենքը ու երբեք մի՛ փորձիր չարաշահել քո ազատությունը (կարդա՛ 1 Պետրոս 2։16)։
8. Իրական կյանքից վերցված ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովայի չափանիշները անտեսելը երջանկություն չի բերում։
8 Հատկապես երիտասարդներն են Սատանայի թիրախը։ Մի եղբայր, որն այժմ 30-ն անց է, իր պատանեկան տարիների մասին պատմում է. «Ես համարում էի, որ բարոյականության վերաբերյալ Եհովայի չափանիշները սահմանափակում են, ոչ թե պաշտպանում»։ Արդյունքում նա անբարոյություն գործեց։ Բայց դա երջանկություն չբերեց նրան։ «Երկար տարիներ տանջվել եմ մեղավորության խոր զգացումից ու խղճի խայթից»,— ասում է նա։ Իսկ մի քույր իր պատանեկան տարիների մասին գրում է. «Անբարոյություն գործելուց հետո քեզ դժբախտ ու դատարկ ես զգում։ Նույնիսկ հիմա, երբ արդեն 19 տարի է անցել, վատ հիշողությունները վերադառնում են»։ Մեկ ուրիշ քույր նշում է. «Այն միտքը, որ իմ վարքը կոտրել է ինձ համար անչափ սիրելի մարդկանց սիրտը, հոգեպես ու զգացապես տանջում է ինձ։ Սարսափելի է ապրել՝ չունենալով Եհովայի հավանությունը»։ Սատանան չի ուզում, որ մտածես մեղքի այս հետևանքների մասին։
9. ա) Ո՞ր հարցերը կարող են օգնել մեզ տեսնելու, թե ինչ տեսակետ ունենք Եհովայի և նրա օրենքների ու սկզբունքների վերաբերյալ։ բ) Ինչո՞ւ է կարևոր լավ ճանաչել Աստծուն։
9 Որքա՜ն ցավալի է, որ ճշմարտության մեջ եղող շատ երիտասարդներ և նույնիսկ բազմաթիվ չափահաս մարդիկ հաճախ ստիպված են եղել թանկ գին վճարել մեղսածին հաճույքների դիմաց (Գաղ. 6։7, 8)։ Հարցրու ինքդ քեզ. «Տեսնո՞ւմ եմ, թե Սատանան ինչ դաժան ու խորամանկ միջոցներ է օգտագործում ինձ խաբելու համար։ Եհովային համարո՞ւմ եմ իմ ամենամտերիմ Ընկերը, որը միշտ ճշմարտությունն է ասում ու իմ լավն է ուզում։ Լիովին համոզվա՞ծ եմ, որ նա երբեք չի զրկի ինձ բարիքից և այն բանից, ինչը իսկապես երջանկություն կբերի ինձ» (կարդա՛ Եսայիա 48։17, 18)։ Որպեսզի անկեղծորեն պատասխանես՝ այո, պետք է ոչ թե բավարարվես Եհովայի մասին մակերեսային գիտելիքներ ունենալով, այլ մոտիկից ճանաչես նրան և գիտակցես, որ աստվածաշնչյան օրենքներն ու սկզբունքները քո հանդեպ սիրո արտահայտումն են և ոչ թե քեզ կաղապարի մեջ դնելու միջոց (Սաղ. 25։14)։
ԱՂՈԹԻՐ, ՈՐ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՎ ՀՆԱԶԱՆԴ ՍԻՐՏ ՈՒՆԵՆԱՍ
10. Ինչո՞ւ պետք է ձգտենք ընդօրինակել երիտասարդ Սողոմոն թագավորին։
10 Դեռ երիտասարդ տարիքում Սողոմոնը խոնարհաբար հետևյալն ասաց աղոթքում. «Ես դեռ երեխա եմ և փորձ չունեմ»։ Հետո խնդրեց, որ իմաստուն ու հնազանդ սիրտ ունենա (1 Թագ. 3։7–9, 12)։ Եհովան պատասխանեց նրա անկեղծ խնդրանքին և նույնը կանի քեզ համար, անկախ նրանից՝ երիտասարդ ես, թե տարիքով։ Անշուշտ, Եհովան հրաշքով քեզ չի օժտի հասկացողությամբ ու իմաստությամբ։ Բայց նա քեզ իմաստություն կտա, եթե ջանադրաբար ուսումնասիրես իր Խոսքը, աղոթես սուրբ ոգի ունենալու համար ու լիարժեք կերպով օգտվես քրիստոնեական ժողովի միջոցով տրվող հոգևոր բաներից (Հակ. 1։5)։ Այս միջոցների շնորհիվ անգամ Եհովայի երիտասարդ ծառաները ավելի իմաստուն են դառնում, քան այն բոլոր մարդիկ, ովքեր անտեսում են նրա խորհուրդները, նույնիսկ այս աշխարհի «իմաստուններն ու գիտունները» (Ղուկ. 10։21; կարդա՛ Սաղմոս 119։98–100)։
11-13. ա) Ի՞նչ արժեքավոր բաներ կարող ենք սովորել Սաղմոս 26։4-ից, Առակներ 13։20-ից և 1 Կորնթացիներ 15։33-ից։ բ) Ինչպե՞ս կկիրառես սուրբգրային այս սկզբունքները քո կյանքում։
11 Հասկանալու համար, թե որքան արժեքավոր է Աստվածաշնչի ուսումնասիրությունն ու կարդացածի շուրջ խորհրդածելը, որպեսզի ավելի մոտիկից ճանաչենք Եհովային, նկատի առ հետևյալ սուրբգրային համարները։ Յուրաքանչյուրը կարևոր սկզբունք է պարունակում ընկերների ընտրության վերաբերյալ։ «Ստախոս մարդկանց հետ չեմ նստել և չեմ ընկերակցել իրենց էությունը թաքցնողների հետ» (Սաղ. 26։4)։ «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակ. 13։20)։ «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթ. 15։33)։
12 Ի՞նչ արժեքավոր բաներ ենք սովորում այս համարներից։ 1) Եհովան ցանկանում է, որ ամենայն ուշադրությամբ ընտրենք մեր ընկերներին։ Նա ուզում է բարոյապես ու հոգևորապես պաշտպանել մեզ։ 2) Մեր ընկերները կա՛մ լավ, կա՛մ վատ ազդեցություն են ունենում մեզ վրա։ Եվ դա փաստ է։ Վերոհիշյալ համարների շարադրանքը ցույց է տալիս, որ Եհովան մեր սրտին է դիմում։ Ինչպե՞ս։ Ուշադրություն դարձրու, որ այս համարներից և ոչ մեկը կանոնի տեսքով չի հնչում, ոչ մի համարում գրված չէ՝ «դու չպետք է...»։ Ընդհակառակը՝ դրանք հնչում են որպես պարզ ճշմարտություններ։ Եհովան ասես մեզ ասում է. «Սրանք փաստեր են։ Ինչպե՞ս կարձագանքես։ Ի՞նչ կա քո սրտում»։
13 Քանի որ այդ երեք համարները հիմնարար ճշմարտություններ են, այդ պատճառով ժամանակի ընթացքում չեն հնանում ու լայն կիրառություն ունեն։ Ինքդ քեզ հետևյալ հարցերը տուր. ինչպե՞ս կարող եմ խուսափել այն մարդկանց ընկերակցությունից, ովքեր թաքցնում են իրենց էությունը։ Ինչպիսի՞ իրավիճակներում գուցե առնչվեմ նրանց հետ (Առակ. 3։32; 6։12)։ Ովքե՞ր են «իմաստունները», որոնց հետ Եհովան ցանկանում է, որ ընկերակցեմ։ Ովքե՞ր են «հիմարները», որոնցից նա ցանկանում է՝ խուսափեմ (Սաղ. 111։10; 112։1; Առակ. 1։7)։ Վատ ընկերակցություններ նախընտրելով՝ ո՞ր «օգտակար սովորությունները» կապականեմ։ Միայն աշխարհո՞ւմ է հնարավոր վատ ընկերակցություններ ունենալ (2 Պետ. 2։1–3)։ Ինչպե՞ս կպատասխանես այս հարցերին։
14. Ինչպե՞ս կարող ես հարստացնել ընտանեկան երկրպագությունը։
14 Այդպես կարող ես տրամաբանել նաև սուրբգրային այլ համարների շուրջ, որոնք բացահայտում են Աստծու մտածելակերպը այն հարցերի առնչությամբ, որոնք մտահոգում են քեզ ու ընտանիքիդb։ Ծնողնե՛ր, գուցե որոշեք այդպիսի հարցերը քննարկել ընտանեկան երկրպագության ժամանակ։ Դա անելիս մի՛ մոռացեք, որ ձեր նպատակն է օգնել ընտանիքի յուրաքանչյուր անդամին լիարժեք կերպով գնահատելու մեր հանդեպ Աստծու սիրո խորությունը, որն արտահայտված է նրա օրենքներում ու սկզբունքներում (Սաղ. 119։72)։ Այսպիսի ուսումնասիրությունը կնպաստի, որ ընտանիքի բոլոր անդամները ավելի մոտենան Եհովային ու իրար։
15. Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք ձեռք բերում ես իմաստուն ու հնազանդ սիրտ։
15 Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք ձեռք բերում ես իմաստուն ու հնազանդ սիրտ։ Միջոցներից մեկը քո մտածելակերպը հնում ապրած հավատարիմների, օրինակ՝ Դավիթ թագավորի մտածելակերպի հետ համեմատելն է։ Նա գրեց. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղ. 40։8)։ Նմանապես, 119-րդ սաղմոսը գրողն ասաց. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը։ Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում» (Սաղ. 119։97)։ Այսպիսի սերը չի աճում «սաղր հողում»։ Այն արդյունք է խոր ուսումնասիրության, աղոթքների ու խորհրդածության։ Այս սերը խոր արմատներ է գցում նաև այն ժամանակ, երբ քո անձնական փորձով համոզվում ես, որ Աստծու չափանիշներին կառչած լինելը անթիվ-անհամար օրհնություններ է բերում (Սաղ. 34։8)։
ՊԱՅՔԱՐԻՐ ՀԱՆՈՒՆ ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
16. Ի՞նչ պետք է գիտակցենք, եթե ցանկանում ենք հաղթել իրական ազատության համար մղվող պայքարում։
16 Պատմության ընթացքում ազգերը հանուն ազատության դաժան պատերազմներ են մղել։ Որքա՜ն առավել դու պետք է ցանկանաս հոգևոր պատերազմ մղել հանուն իրական ազատության։ Գիտակցիր, որ քո թշնամիները միայն Սատանան, այս աշխարհն ու նրա թունավոր ոգին չեն։ Դու պետք է նաև պայքարես քո անկատարության, այդ թվում նենգավոր սրտիդ դեմ (Երեմ. 17։9; Եփես. 2։3)։ Սակայն Եհովայի օգնությամբ կարող ես հաղթանակած դուրս գալ այդ պայքարում։ Ավելին, յուրաքանչյուր հաղթանակ՝ մեծ թե փոքր, առնվազն երկու դրական արդյունք կունենա։ Առաջին՝ դու կուրախացնես Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։ Երկրորդ՝ զգալով «ազատության կատարյալ օրենքի» ազատարար զորությունը՝ ավելի մեծ վճռականությամբ կլցվես մնալու դեպի հավիտենական կյանք տանող նեղ ճանապարհի վրա։ Հետագայում կվայելես ավելի մեծ ազատություն, որը խոստացված է Եհովայի հավատարիմ ծառաներին (Հակ. 1։25; Մատթ. 7։13, 14)։
17. Ինչո՞ւ չպետք է վհատվենք մեր անկատարությունների պատճառով, և ի՞նչ օգնություն է տալիս Եհովան։
17 Ինչ խոսք, ժամանակ առ ժամանակ բոլորս սխալվում ենք (Ժող. 7։20)։ Նման դեպքերում մի՛ համակվիր անարժեքության զգացումով և չափից շատ մի՛ վհատվիր։ Եթե, այսպես ասած, ընկնես, վեր կաց ու առաջ գնա, նույնիսկ եթե դա նշանակում է, որ պետք է երեցներին օգնության դիմես։ Ինչպես գրեց Հակոբոսը, «հավատով արված [նրանց] աղոթքը կբուժի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվեն» (Հակ. 5։15)։ Երբեք մի՛ մոռացիր, որ Աստված իրոք ողորմած է ու նա է ձգել քեզ դեպի ժողով, քանի որ տեսել է քո պոտենցիալը (կարդա՛ Սաղմոս 103։8, 9)։ Ուստի քանի դեռ Եհովային ծառայում ես լիակատար սրտով, նա երբեք չի թողնի քեզ (1 Տար. 28։9)։
18. Ինչպե՞ս կարող ենք գործել Հովհաննես 17։15-ում արձանագրված Հիսուսի աղոթքի համաձայն։
18 Իր վերջին գիշերը 11 հավատարիմ առաքյալների հետ աղոթելիս Հիսուսը նրանց վերաբերյալ այս անմոռանալի խոսքերն ասաց. «Պահպանիր նրանց Չարից» (Հովհ. 17։15)։ Հիսուսը մտահոգված էր ոչ միայն առաքյալներով, այլև իր բոլոր հետևորդներով։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ Եհովան կպատասխանի նրա աղոթքին՝ պահպանելով մեզ այս դժվար ժամանակներում։ «[Եհովան] վահան է անարատությամբ քայլողների համար, նա.... կպահպանի իրեն նվիրվածների ճանապարհը» (Առակ. 2։7, 8)։ Այո՛, անարատության ճանապարհը զերծ չէ դժվարություններից, սակայն միայն դա է առաջնորդում հավիտենական կյանքի ու իրական ազատության (Հռոմ. 8։21)։ Թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը գայթակղեցնի ու շեղի քեզ այդ ճանապարհից։
[ծանոթագրություններ]
a Աստված Աբիսողոմի ծնվելուց հետո խոստացավ Դավթին, որ ապագայում «սերունդ» է տալու նրան, որը գահաժառանգ է լինելու։ Ուստի Աբիսողոմը պետք է իմացած լիներ, որ Եհովան իրեն չէր ընտրել լինելու Դավթի հաջորդը (2 Սամ. 3։3; 7։12)։
b Լավ օրինակ են 1 Կորնթացիներ 13։4–8 համարները, որտեղ Պողոսը բացատրում է, թե ինչ է սերը, և Սաղմոս 19։7–11 համարները, որտեղ բազմաթիվ օրհնություններ են նշվում նրանց համար, ովքեր հնազանդվում են Եհովայի օրենքներին։
[նկարներ 14-րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ես ճանաչել մեր օրերի «աբիսողոմներին» ու զգուշանալ նրանցից