Հավատո՞ւմ ես Աստվածաշնչում գրված հրաշքներին
ԵԹԵ ինչ-որ մեկը զարմանալի դեպք պատմի քեզ, միանգամից կհավատա՞ս նրան։ Դա կախված է նրանից, թե արդյոք վստահելի անձնավորություն է նա։ Վստահությունը առաջանում է ոչ միայն նրանից, թե ինչպես է անհատը պատմում, այլև թե արդյոք նա ունի վստահելի մարդու համբավ։ Եթե տարիներ շարունակ նա միշտ ճշմարտությունն է խոսել և երբեք միտումնավոր սուտ չի ասել, ապա հիմնավոր պատճառ ունես հավատալու նրա խոսքերին։
Նույնը վերաբերում է Աստվածաշնչում գրված հրաշքներին։ Թեպետ մեզանից ոչ ոք դեռ չէր ծնվել այդ ժամանակ, սակայն մենք կարող ենք համոզվել, որ այդ պատմությունները վստահելի են և ճշմարիտ։ Ինչպե՞ս։ Քննենք մի քանի գործոններ։
Շատ հրաշքներ մարդկանց աչքի առաջ են կատարվել։ Երբեմն հրաշքներին ականատես էին լինում հազարավոր մարդիկ, երբեմն էլ միլիոնավոր (Ելք 14։21–31; 19։16–19)։ Դրանք ոչ թե գաղտնի, այլ հանրորեն էին արվում։
Հրաշքները պարզ ձևով էին արվում։ Դրանք չէին կատարվում հատուկ առարկաների, գրավիչ երևույթների կամ լուսային էֆեկտների միջոցով։ Աստվածաշունչն ընթերցելով՝ տեսնում ենք, որ հիմնականում հրաշքները նախապես ծրագրված չեն եղել, որոշներն էլ կատարվել են մարդկանց խնդրանքով (Մարկոս 5։25–29; Ղուկաս 7։11–16)։
Հրաշք գործողները նպատակ չեն ունեցել համբավ, փառք և հարստություն ձեռք բերելու։ Ընդհակառակը՝ նրանց նպատակն էր Աստծուն փառք բերել (Հովհաննես 11։1–4, 15, 40)։ Ցանկացած մարդ, ով ուզում էր շահ ստանալ հրաշքներից, պատժվում էր (2 Թագավորներ 5։15, 16, 20, 25–27; Գործեր 8։18–23)։
Աստվածաշնչում գրված հրաշքները ցույց են տալիս, որ մարդու զորությամբ չեն արվել։ Օրինակ՝ ծովն ու քամին հանդարտվեցին, ջուրը գինու վերածվեց, անձրևը դադարեց, մեկ այլ դեպքում սկսվեց, հիվանդները բուժվեցին, կույրերի աչքերը տեսան։ Այս և շատ ուրիշ հրաշքներ ցույց են տալիս, որ դրանց հետևում գերմարդկային զորություն կար, որը իշխանություն ունի ամեն ինչի վրա (1 Թագավորներ 17։1–7; 18։41–45; Մատթեոս 8։24–27; Ղուկաս 17։11–19; Հովհաննես 2։1–11; 9։1–7)։
Նույնիսկ հակառակորդները, ովքեր ականատես էին եղել հրաշքներին, չհերքեցին դրանք։ Երբ Հիսուսը հարություն տվեց իր ընկեր Ղազարոսին, հակառակորդները կասկածի տակ չդրեցին, որ Ղազարոսը մահացել էր։ Նրանք չէին կարող դա հերքել, քանի որ Ղազարոսը չորս օր գերեզմանում էր եղել (Հովհաննես 11։45–48; 12։9–11)։ Նույնիսկ Հիսուսի մահից դարեր անց Թալմուդը գրողները ընդունում էին, որ Հիսուսը հրաշքներ գործելու զորություն է ունեցել։ Նրանք պարզապես կասկածի տակ էին դնում զորության աղբյուրը, որով կատարվել են այդ հրաշքները։ Երբ Հիսուսի աշակերտներին հրեական ատյանի առաջ կանգնեցրին, չհարցրին՝ «ճի՞շտ է, որ դուք հրաշք եք գործել», այլ ասացին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով արեցիք այդ բանը» (Գործեր 4։1–13)։
Հավատո՞ւմ ես այն ամենին, ինչ Աստվածաշունչը հայտնում է մեզ հրաշքների մասին։ Հստակ է, որ այնտեղ գրված բոլոր հրաշքները վստահարժան են։ Սակայն գոյություն ունեն նաև այլ պատճառներ, որ կօգնեն մեզ հավատալու դրանց։ Օրինակ՝ երբ Աստվածաշնչում որևէ դեպք է նկարագրվում, հաճախ նշվում է ժամանակը, տեղը և դրա մեջ ներգրավված մարդկանց անունները։ Նույնիսկ քննադատները հաճախ ապշում են՝ տեսնելով Աստվածաշնչում նկարագրված պատմական դեպքերի ճշգրիտ մանրամասնությունները։ Հարյուրավոր մարգարեություններ կատարվել են ամենայն մանրամասնությամբ։ Բացի այդ, Աստվածաշնչում կան տարբեր խորհուրդներ այն մասին, թե ինչպես լավ փոխհարաբերություններ ունենալ մարդկանց հետ։ Այդ խորհուրդները օգտակար են եղել տարբեր տարիքի ու խավի մարդկանց համար։ Մարդկային փոխհարաբերություններին առնչվող խորհուրդների հարցում Աստվածաշունչն իր նմանը չունի։
Եթե դեռ կասկածներ ունես, ավելի խորությամբ ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Որքան շատ բան իմանաս Աստծու Խոսքից, այնքան վստահությունդ կաճի (Հովհաննես 17։17)։ Նաև կհամոզվես, որ այնտեղ գրի առնված հրաշքները իրականում տեղի են ունեցել։ Իսկ երբ սկսես հավատալ դրանց, ավելի շատ հիմքեր կունենաս վստահելու ապագայի հետ կապված Աստվածաշնչի խոստումներին։
[նկար 7-րդ էջի վրա]
Հիսուսի հակառակորդները չկասկածեցին, որ Ղազարոսը մահացել է