Հարցերի արկղ
◼ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք Թագավորության քարոզչության գործի հրապարակային քննադատությանը։
Ժամանակ առ ժամանակ հավատուրացներն ու Թագավորության բարի լուրի հակառակորդները հեռուստատեսության, ռադիոյի ու մամուլի միջոցով հրապարակավ քննադատում են Եհովայի ժողովրդի գործունեությունն ու ուսուցումները։ Նման դեպքերում սովորաբար լավագույն վարվելաձևը այդ քննադատությունն անտեսելն է, ինչում Հիսուսը մեզ գերազանց օրինակ է թողել։ Նա «նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին» (Ա Պետ. 2։23)։
Ոմանք գուցե կարծեն, թե մենք պետք է պատասխանենք հրապարակային քննադատությանը ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով կամ գուցե խմբագիրներին նամակներ գրելով և այլ ձևերով։ Սակայն պատասխանելը հաճախ նպաստում է հակառակորդների կողմից քննադատության և սխալ տեղեկությունների հետագա ծավալմանը։ Եհովայի վկաները հայտնի են շատ երկրներում, և բազմաթիվ մարդիկ բարձր գնահատական են տալիս նրանց կողմից կատարվող ծառայությանը և տարածվող գրականությանը։ Հրապարակային քննադատության ժամանակ մեր համոզմունքների ու կազմակերպության վերաբերյալ շոշափվող ցանկացած հարցի սովորաբար կարող ենք պատասխանել տնետուն ծառայության ժամանակ մարդկանց հետ զրուցելիս։ Այս ձևով լավ շարժառիթներ ունեցող մարդիկ կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ մենք պատճառ չենք լինի, որ հակառակորդների քննադատությունը հետագա ծավալում ստանա։ Իսկ որ ամենակարևորն է, Թագավորության բարի լուրը կշարունակենք քարոզել նվազագույն շեղումներով, իսկ աշակերտներ պատրաստելու գործը, որ պատվիրել էր Հիսուսը, առաջ կընթանա (Մատթ. 28։19, 20)։
Եթե ինչ–որ վայրում տեղի երեցները անհրաժեշտություն են տեսնում պատասխանելու հրապարակային քննադատությանը՝ Եհովայի անունն ու նրա ժողովրդին պաշտպանելու նպատակով, լավ կլինի միշտ նախևառաջ կապ հաստատել մասնաճյուղի հետ՝ ներկայացնելով հարցին առնչվող բոլոր փաստերը և առաջարկվող առարկության ամբողջ բովանդակությունը՝ գրավոր թե այլ ձևի։ Այդպես մասնաճյուղը կկարողանա քննել հարցը ու համապատասխան առաջարկներ անել։
Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հոդվածներից՝ «Դիտարան», 1998, դեկտեմբերի 1, «Պաշտպանում ենք մեր հավատը»; «Դիտարան», 1995, ապրիլի 1, ռուս., «Ինչպես քրիստոնյաները պետք է արձագանքեն հրապարակային կշտամբանքին»; «Արթնացե՛ք», 2000, հունիսի 22, ռուս., «Տեղեկության մանիպուլյացիա»։