«Թող.... բոլորը լինի ի շինութիւն»
1 Երբ որևէ գործով առնչվում ենք մեր հավատակիցների հետ, պետք է ձգտենք ամեն բան նրանց ‘շինության’ համար անել, այսինքն՝ հաշվի առնել նրանց հոգևոր շահերը։ Եթե կատարում ենք այնպիսի աշխատանք, որը կապված է որևէ արտադրանք կամ սպասարկում գովազդելու հետ, զգույշ լինենք, որպեսզի գայթակղության առիթ չտանք մեր եղբայրներին (Բ Կորնթ. 6։3; Փիլիպ. 1։9, 10)։
2 Քրիստոնյաներից ոմանք, ներգրավված լինելով զանազան գործարար ձեռնարկումներում, որոնք կապված են եղել մեծ ռիսկի հետ, հնարավոր գնորդներ են տեսել իրենց հավատակիցների մեջ։ Որոշ առևտրական կազմակերպություններ խրախուսում են իրենց ներկայացուցիչներին, որպեսզի ամեն մեկին, այդ թվում նաև իրենց հավատակիցներին, նկատեն որպես հնարավոր գնորդի։ Այդ կապակցությամբ եղբայրներից ոմանք դիմել են նման քայլի. կազմակերպել են մեծ հավաքույթներ և հրավիրել հավատակիցներին՝ նպատակ հետապնդելով խրախուսել վերջիններիս՝ մասնակցելու իրենց բիզնեսին։ Մի քանիսն էլ իրենց ձեռնարկումն առաջ են տարել՝ հավատակիցներին հետևողականորեն առաջարկելով այդ ուղղությամբ հոդվածներ, գրքույկներ, Ինտերնետ ցանցի վրա տեղեկություններ կամ ձայներիզներ ու տեսաերիզներ։ Վայե՞լ է արդյոք, որ քրիստոնյան հոգևոր եղբայրների հետ ունեցած իր փոխհարաբերությունները ծառայեցնի իր անձնական նպատակներին։ Անշուշտ, ո՛չ (Ա Կորնթ. 10։23, 24, 31—33)։
3 Զգույշ լինենք։ Իհարկե, դա չի նշանակում, որ քրիստոնյան ինչ–որ գործ ձեռնարկելիս չի կարող իր հավատակցին էլ ներգրավել։ Դա անձնական ընտրության հարց է։ Բայցևայնպես, ոմանք ագահության դրդող գործեր են ձեռնարկել, որոնցում որպես համագործակից կամ ավանդատու ներգրավել են նաև հավատակիցներին։ Իսկ երբ այդ ձեռնարկումներից շատերը ձախողվել են, մասնակիցները կորցրել են իրենց ներդրած հսկայական գումարները։ Նախաձեռնող անհատը չպետք է իրեն ազատ զգա պատասխանատվությունից գործը ձախողվելու դեպքում, նույնիսկ եթե մասնակիցների ցանկությունը եղել է կարճ ժամանակամիջոցում հարստանալը։ Ուստի, հարկավոր է նախապես քննարկել այն հարցը, թե գործի ձախողումը գործակից–եղբայրների համար հոգևոր և ֆիզիկական առումով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Աշխատանքի ընտրության հարցում հատկապես պետք է զգուշություն ցուցաբերեն պատասխանատվություն կրող եղբայրները, քանի որ նրանք ժողովում հարգված և վստահելի անձնավորություններ են։ Սխալ կլիներ այդ վստահությունը չարաշահել։ Կորցնելով ժողովի անդամների հարգանքը՝ եղբայրը կարող է զրկվել սուրբ ծառայության իր առանձնաշնորհումներից։
4 Մենք պետք է նպատակ դնենք մեր առջև, որպեսզի «բոլորը լինի ի շինութիւն» (Ա Կորնթ. 14։26)։ Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի որևէ ձեռնարկման պատճառով ոչ մի առևտրական գործունեություն ժողով չներթափանցի կամ էլ չծավալվի ժողովում, քանի որ մեր հավաքվելու շարժառիթները բոլորովին այլ են և ոչ մի կապ չունեն նման բաների հետ (Եբր. 10։24, 25)։